Հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվի ՀՀ նախագահ. Գեղամյանի հետընտրական տեղը՝ իր պատկերացմամբ
29.03.2012, tert.am
Tert.am–ը փոքրիկ հարցախույզ է արել, պարզելու՝ քաղաքական դաշտի ո՞ր հատվածում կամ պետական կառավարման համակարգի ի՞նչ տեղերում են իրենց պատկերացնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված, բայց ոչ ՀՀԿ–ական մի քանի քաղաքական գործիչներ ընտրություններից հետո։ Մասնավորապես, փորձել ենք ստանալ կուսակցապետեր Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի և Հայկ Բաբուխանյանի պատկերացումներն այս կապակցությամբ։
«Ազգային միաբություն» կուսակցության 6 անդամ ընդգրկված են Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, և կուսակցության հետ միասնական ճակատով մասնակցելու են ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
«Ես պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն քարոզարշավի ժամանակ միասնական ճակատով է հանդես գալու, և մենք մեր կուսակցության հետ մասնակից կդառնանք ՀՀԿ քարոզարշավին: Մենք կկարողանանք մտավոր մեր կարողություններով ամեն կերպ աջակցել ՀՀԿ-ին և առաջիկա ընտրությունների ժամանակ նպաստել ՀՀԿ-ի հաղթանակին»,- ասաց Գեղամյանը:
Հարցին, թե ինչ պաշտոնում է իրեն պատկերացնում ԱՄ նախագահը ընտրություններից հետո, հաշվի առնելով նաև իր քաղաքական գործունեության նախկին փորձը, Գեղամյանն ասաց. «Այնտեղ, որտեղ կկարողանամ օգուտ բերել հայ ժողովրդին, և որտեղ կկարողանամ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվի ՀՀ նախագահ»:
ՀՀԿ համամասնական ցուցակում Արտաշես Գեղամյանին հաջորդող Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած ՝ «Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցությունից», 3 քաղաքական գործիչ է ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, և իրենք էլ կուսակցության քարոզարշավին կմասնակցեն ՀՀԿ-ի հետ՝ միասնական ճակատով:
Խոսրով Հարությունյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ Վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, նաև ասաց, որ այլ պաշտոններ չի ցանկանում և կբարարավի միայն պատգամավորի մանդատով։
ՀՀԿ համամասնական ցուցակում պատվավոր տեղ է զբաղեցնում նաև «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Tert.am-ի հարցին, թե ինչ ձևաչափով է նա պատրաստվում մասնակցել նախընտրական քարոզարշավին, Հայկ Բաբուխանյանն ասաց. «Դե, ժողովրդի, լրագրողների հետ հանդիպումների, մամուլի ասուլիսների, բոլոր ծրագրերին էլ մասնակցելու ենք, միասնական ճակատով»:
Հարցին, թե ինքը ընտրություններից հետո որտեղ է իրեն պատկերացնում ՝ օրենսդի՞ր, թե գործադիր մարմնու՞մ, Հայկ Բաբուխանյանն ասաց. «Սկզբում բոլորս միայն գնում ենք ընտրությունների, բոլորս էլ ընտրվելու ենք պատգամավոր, հետագան արդեն չեմ կարող ասել»:
Բաբուխանյանը նշեց նաև, որ իր ղեկավարած ՍԻՄ կուսակցությունից ՀՀԿ համամասնական ցուցակում կա 3 քաղաքական գործիչ:
Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, և Հայկ Բաբուխանյանը զբաղեցնում են ՀՀԿ համամասնական ցուցակի 17, 18 և 19-րդ տեղերը։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենա խորհրդարանական ընտրություններ, իսկ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից: