«Բալասանյան» դաշինքին սատարող Արտաշես Գեղամյանի կուսակիցները «նպատակահարմար չեն գտել» ընդգրկվել դաշինքում
31.08.2016, tert.am
Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Բալասանյան» դաշինքին սատարում է ինչպես իշխող Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն ու Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը»:
Ուշագրավն այն է, որ եթե Խոսրով Հարությունյանի կուսակցության 19 անդամներ որպես ավագանի առաջադրվել են «Բալասանյան» 99 հոգանոց դաշինքում, ճիշտ է, հիմնականում վերջին տեղերում, ապա Արտաշես Գեղամյանի կուսակցությունից որևէ թեկնածու չկա «Բալասանյան» դաշինքում: Այս առթիվ Tert.am-ը մի քանի հարց ուղղեց Արտաշես Գեղամյանին։
-Պարոն Գեղամյան, ի՞նչն է պատճառը, որ Ձեր կուսակցության որևէ անդամ ներգրավված չէ «Բալասանյան» դաշինքում: Նպատակահարմար չե՞ն գտել Ձեր կուսակցության անդամներին ևս ընդգրկել դաշինքում:
-Մենք գտել ենք ոչ նպատակահարմար: Աջակցելու ենք, ինչպես որ հայտարարել էինք, իսկ ավագանու կազմում գտել ենք ոչ նպատակահարմար երաշխավորել մեր կուսակցության ակտիվիստներին:
-Սա նշանակո՞ւմ է, որ Ձեր կուսակցությունը Գյումրում անելիք չի տեսնում, դա է պատճառը, որ ավագանու թեկնածու չի առաջադրել:
-Մեր կուսակցությունը ոչ միայն Գյումրիում, այլևս Հայաստանում և Հայաստանից դուրս բավական լուրջ անելիքներ ունի և իր առաքելությունը սրբորեն կատարում է՝ չաղաղակելով արդյունքների մասին: Այո, մենք սատարելու ենք «Բալասանյան» դաշինքին մեր բոլոր կադրային ուժերով:
-Փաստորեն Ձեզ համար ընդունելի է, որ Խոսրով Հարությունյանի կուսակցության ներկայացուցիչները ներգրավվել են ցուցակում, Ձերը՝ ոչ:
- Ոչ միայն ընդունելի է, այլև ողջունելի, որովհետև կարծում եմ դա շատ մեծ ներուժ կլինի ընտրություններում հաղթանակի հասնելու համար:
-Ի՞նչ ձևով եք սատարելու «Բալասանյան» դաշինքին:
-Զինվեք համբերությամբ, ընտրապայքարը երբ կմեկնարկի, ականատեսը կլինեք այն բոլոր զինանոցի, որը կիրառվելու է Սամվել Բալասանյանի գլխավորած դաշինքը Գյումրիում հաղթանակի հասցնելու համար:
-Իսկ Սամվել Բալասանյանի կատարած աշխատանքից հատկապես ի՞նչն է Ձեզ դուր եկել, որ Դուք որոշեցիք նրան սատարել և ինչպե՞ս եք գնահատում Բալասանյանի շանսերը:
-Շատ գերադասելի: Վերջին հաշվով մարդը համ քաղաքական փորձ ունի, համ աշխատատեղեր է ստեղծել: Իր հիմնարկ-ձեռնարկությունները խոշոր հարկատուներ են, կարծում եմ Գյումրիում հենց նման անձնավորություն է պետք, որը կկարողանա քաղաքի զարգացմանը նոր թափ հաղորդել:
-Քաղաքական փորձ ասելով նկատի ունեք այն, որ Բալասանյանը տարբեր կուսակցություններո՞ւմ է եղել:
-Եթե ԱԺ պատգամավոր է եղել, դա մեծ քաղաքական փորձ է հաղորդում տվյալ մարդուն, թերևս ամենամեծ քաղաքական փորձը, որ այսօր առկա է ՀՀ-ում: