ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից ընդունված հայանպաստ հռչակագիրը մեկ քայլ առաջ էր, բայց քառօրյա պատերազմից հետո ավելին էր պետք. Արտաշես Գեղամյան
07.07.2016, Tert.am
Թբիլիսիում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին ընդունված հռչակագիրն իր հայանպաստ կետերով, ինչ խոսք, մեկ քայլ առաջ է, քան նախորդ տարվա ընդունված Հելսինկյան բանաձևը, բայց հայկական պատվիրակության սպասելիքներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ավելին էին: Tert.am-ի հետ զրույցում ասաց հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ բացատրելով, թե ինչու է ինքը 6 դեմ քվեարկողներից մեկը եղել:
«Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից հետո հայկական կողմը, բնականաբար, պետք է պահանջատեր լիներ: Բնականաբար, մեր գերխնդիրը պետք է հանդիսանար, որ ԵԱՀԿ անդամ 55 երկրներին (Թուրքիան և Ադրբեջանը չեմ հաշվում) պարզ դառնար, որ ԼՂ-ում էսկալացիայի և լարման հետևում կանգնած են Թուրքիան և Ադրբեջանը, և նրանց խղճի վրա են 500-800 զոհերը, այդ թվում՝ 103 հայ զինվորի զոհը»,- ասաց նա:
Արտաշես Գեղամյանը նշեց, որ այդքան զոհերից հետո, երբ ԵԱՀԿ ԽՎ-ն ընդամենը բանաձևում գրում է մտահոգություն է հայտնում, բնականաբար, հայկական կողմի համար անընդունելի է: «Ես ձայն եմ բարձրացրել և ասել, որ եթե Եվրոպայում ահաբեկչական ակտ է կատարվում և 5-7 հոգի է զոհվում, ամբողջ աշխարհը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, խստագույնս դատապարտում և մեղադրում է, իսկ այս դեպքում 500-800 զոհ է եղել, և մենք միայն անհանգստություն ենք ցույց տալիս և պնդել եմ, որ պետք է գրել՝ «դատապարտում է ուժի կիրառումը»»,- ասաց նա:
Հայկական պատվիրակության ղեկավարը մեկ դրվագ էլ ներկայացրեց, թե իր միջնորդությունից հետո երբ հարցրել են՝ «ով է դեմ», միայն ադրբեջանցին է խառնված ձեռքը բարձրացրել:
«Ասացի ըհը՜, տեսնում եք, ես էլ ուզում էի ապացուցել, որ իրենք են կիրառել, իրենք են նախահարձակ եղել և պատերազմի թիկունքում կանգնած է Ադրբեջանը: Հիմա պատերազմ սանձազերծողին չեն մատնանշում, մինչդեռ բոլորի համար ակնհայտ էր, որ մեզ իրենք դեմ եղան»,- ասաց նա:
Արտաշես Գեղամյանը նշեց, որ ցանկացած բանաձև հաջողված կարող է լինել, երբ երկրի քաղաքական ղեկավարության (ՀՀ-ի դեպքում` նախագահի) հարցադրումները տեղ են գտնում միջազգային կառույցի բանաձևում: Ըստ այդմ էլ, նրա խոսքով՝ հայկական կողմը միշտ կարող է հղում անել թբիլիսյան դեկլարացիայի կետերի վրա, մասնավորապես՝ 35, 47, 48, 49 կետերի վրա:
Նշենք, որ ըստ այդմ՝ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորները մտահոգություն են հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ և վերահաստատել ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը: Նաև կողմերին կոչ է արվել քաղաքական կամք ցուցաբերել, լուրջ ջանքեր գործադրել վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ՝ նվազեցնելու ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռիսկը և ՄԽ շրջանակում հասնելու կարգավորման համընդգրկուն համաձայնագրի:
Բացի այդ, ըստ Գեղամյանի, բանաձև է ընդունվել, որ ԵԱՀԿ անդամ երկրների պատգամավորները կարող են ցանկացած կոնֆլիկտային տարածաշրջան անարգել գնալ: «Սա չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև որևէ երկրի պատգամավոր, երբ ՀՀ-ով գնում է ԼՂՀ, Բաքուն սև ցուցակի մեջ է գցում և հետագայում արգելում է նրանց մուտքը Ադրբեջան»,- ասաց Գեղամյանը: