Կտպագրվի Ա. Գեղամյանի նոր գիրքը՝ «Կրակում են Հայաստանի վրա՝ նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը» ու կուղարկվի Պուտինի աշխատակազմին

21.05.2016, tert.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն առաջիկայում նոր գիրք կտպագրի՝ «Կրակում են Հայաստանի վրա՝  նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը» վերնագրով:

Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ գիրքը բաղկացած կլինի 4 հոդվածներից, որոնք տպագրվել են հայկական ու ռուսական մամուլում:

«Շատ կուզեմ, որ գրքի շնորհանդես լինի: Ավանդույթ է եղել, միշտ խնդրել եմ, որ երկրի նախագահը մասնակցի շնորհանդեսին, այս անգամ էլ՝ չեմ ուզի ավանդույթը խախտվի: Իսկ նախագահի զբաղվածության աստիճանը բոլորս էլ գիտենք, տեսնում ենք: Բայց ամեն դեպքում գրքի առաջին օրինակը ես միշտ Հանրապետության նախագահին ուղարկել եմ, այս մեկն էլ կուղարկեմ: Նպատակահարմար կգտնի՝ շնորհանդեսը կանցկացնենք, նպատակահարմար չի գտնի, գիրքը կծառայի իր նպատակին, այն է՝ անպայմանորեն կբաժանվի ԵԱՀԿ 56 երկրների պատվիրակությունների ղեկավարներին, պատվիրակներին»,- նշեց Արտաշես Գեղամյանը:

Պատգամավորն ասաց, որ նախորդ գիրքը, որը 2016 թ.-ի հունվարին էր տպագրվել շուրջ 750 էջից է կազմված, թարգմանված է ռուսերեն, որտեղ բոլոր այն հարցադրումներն են, որոնք «հնչեցրել էր նախագահ Սերժ Ազատին, խոսքը երեք նախապայմանների մասին են, որոնք ընդունվեցին օրերս Վիեննայում: Ասել կուզեմ՝ պարապ զբաղմունք չէր, իր նպատակին ծառայեց: Գիրքը միտումնավոր թուրքերենով ևս տպագրվեց, որ վաղը մյուս օրը չասեն, թե մեզ համար անհասկանալի է»:

Հարցին՝ Ձեր գրքերը փաստորեն ազդում են ԼՂ հակամարտության կարգավորման կամ այն մարդկանց վրա, ովքեր զբաղվում են հակամարտության կարգավորմամբ, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Չգերագնահատեմ ինձ, բայց հետևյալ փաստն ասեմ՝ խորհեք: Երբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական նստաշրջանում հստակ ձևակերպում են ԼՂ և մի շարք այլ հակամարտությունների խաղաղ կարգավորման երեք սկզբունքների միաժամանակյա կիրառման մասին, ստորակետից հետո գրում են՝ դա չի վերաբերում Ղրիմին, Ուկրաինային, այդ մարդկանց գիտակցության մեջ նշանակում է մտել է գաղափարը, որն ամեն հանդիպման ժամանակ մեր երկրի նախագահը շեշտում է: Ուզում եմ հավատալ, որ գրքերս իրենց ազդեցությունն ունեցել են: Համենայնդեպս խիղճս հանգիստ է, որ ինձնից կախվածն ամեն ինչ անում եմ» :

Իսկ հարցին՝ նոր գիրքը նվիրելո՞ւ եք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես վարվել էիք նախորդ գրքի պարագայում, պատգամավորը պատասխանեց, որ իր բոլոր գրքերը նաև «Կրակում են Հայաստանի վրա՝  նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը» կուղարկի ՌԴ պետական դումա, ՌԴ արտաքին գործերի նախարարություն, ՌԴ կառավարության աշխատակազմ, նախագահի աշխատակազմ:

«Անձամբ Պուտինին չեմ ուղարկում, բայց Սերգեյ Բորիսի Իվանովին՝ աշխատակազմի ղեկավարին, ուղարկում եմ: Երբեմն շատ ջերմ գրավոր արձագանքեր են լինում, որ ծանոթացանք, շնորհակալություն, սա կօգնի մեզ նոր տեսանկյունից մոտենալ խնդրո առարկային»,- նշեց Արտաշես Գեղամյանը՝ հավելելով, որ էլեկտրոնային տարբերակը ուղարկում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շուրջ 560 պատվիրակներին, իսկ տպագիր տարբերակը պատվիրակության 56 ղեկավարիներին:
 

 

Последние видеоматериалы

Новые книги