«Իմ ճակատին չի գրված` պատգամավոր կամ ո՛չ պատգամավոր»

16.02.2016 , Իրատես de facto

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Գեղամյան, ասել էիք` ժամանակին բիզնեսո՜վ եք զբաղվել, մոնոպոլի՜ստ եք եղել. ո՞ւմ մտքով կանցներ։

-Այո, եղել է նման բան. «Հայէլեկտրո» գործարանի մետաղի մատակարարումը կազմակերպում էր իմ հիմնած «21-րդ դար» ՍՊԸ-ն։ Բացի այդ, էներգետիկ ճգնաժամի ժամանակ, շրջափակման պայմաններում, երբ բացարձակապես չէին թողնում գոնե մեկ ցիստեռն տրանսֆորմատորի յուղ գա Հայաստանի Հանրապետություն, ձեր խոնարհ ծառան Ռուսաստանի ռազմաօդային ուժերի միջոցով տրանսպորտային-ռազմական ինքնաթիռներով բերում էր տրանսֆորմատորի յուղ. դա շատ վտանգավոր բիզնես էր, որովհետև 1991-92 թվականներին երկրորդ այդպիսի խենթը չկար ¥ցանկացած կայծից կարող էր օդում պայթել էդ ինքնաթիռը, Աստծո նախախնամությունը կար, որ չպայթեց¤: Բնականաբար, երբ դու մոնոպոլիստ-մատակարար ես, պետք է երբեմն էլ նման դժվարություններ անցնես:

 

-Բա ի՞նչ եղավ Ձեր մոնոպոլիան, պարոն Գեղամյան, Լևոն Ակոպի՞չը, թե՞ Ռոբերտ Սեդրակիչն առան Ձեր ձեռքից:

-Ոչ, ոչ: Բացարձակապես: Պարզապես, ես հասկացա, որ իմ տարերքը քաղաքականությունն է, ոչ թե բիզնեսը: Մարդ մի գործով պետք է զբաղվի։

-Տվել եք կառավարմա՞ն այդ բիզնեսը:

-Ոչ թե կառավարման, այլ իմ ընկերները շարունակեցին միառժամանակ, հետո կամա՜ց-կամաց գնաց մարման:

-Բա ո՞նց եք հիմա ապրում. փո՞ղ եք հետ գցել:

-Աշխատավարձով. պատգամավորները բարձր են վարձատրվում:

-Ի դեպ, թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչի մասին Արևմուտքը օրերս ֆիլմ էր նկարել, որ նա բիզնեսներ ունի, որ աշխարհի ամենահարուստ մարդն է, որ կոռումպացված է. ինչպե՞ս եք այդ փաստերին վերաբերվում։

-Դուք շատ հեղինակավոր թերթ եք ներկայացնում, որը, կարծում եմ, արհամարհանքով է մոտենում բոլոր տեսակի բամբասանքներին: Ի դեմս ՌԴ նախագահ Պուտինի, աշխարհում կա բացառիկ հեղինակավոր անձավորություն, ով որերորդ տարին, ըստ «Ֆորբս» ամսագրի, աշխարհի ամենաազդեցիկ մարդն է: Եվ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը նույն Պուտինի շնորհիվ դարձել է աշխարհի նոր կենտրոնների առանցքներից մեկը:

-Մի խոսքով, չեք հավատում:

-Ոչ թե չեմ հավատում, այլ ուզում եմ Ձեզ հիշեցնել երկու հանգամանք. ԱՄՆ-ը մտել է նախագահական ընտրությունների փուլ, երկու հիմնական թեկնածուներից մեկը` հանրապետական Թրամփը, երկու անգամ անդրադարձել է Վլադիմիր Պուտինին և ասել, որ կհամագործակցի նրա հետ, և կվերաբեռնավորի ռուս-ամերիկյան հարաբերությունները: Եվ հիմա Միացյալ Նահանգների որոշակի շրջանակներ հակապուտինյան արշավանք են սկսել` «խփելով» նաև Դոնալդ Թրամփին: Եվ երկրորդ հանգամանքը. դեռ սրանից ամիսներ առաջ Վլադիմիր Պուտինն ասել է, որ 2016-ից սկսած ամեն ինչ արվելու է, որպեսզի շիկանա իրավիճակը Ռուսաստանի ներսում, որպեսզի Պետդումայի ընտրությունների ժամանակ անհաջողության մատնվի «Եդինայա Ռոսիան»: Սա է ընդամենը:

-Իսկ ՀՀ հաջորդ խորհրդարանում Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք։ Նկատենք, որ եթե պատգամավոր չդառնաք, բարձր աշխատավարձ չստանաք, երևի լա՜վ չլինի, չէ՞:

-Հաջորդ խորհրդարանում ինձ պետք է տեսնի մեր ընտրողը, իսկ ընտրողի կարծիքն այս պահին ես դեռ չեմ ուսումնասիրել:

-Եթե` ո՞չ:

-Եթե` ոչ, ապա խնդիրը հետևյալն է. յուրաքանչյուր մարդ, եթե ձգտում ունի ծառայելու իր հայրենիքին, կգտնի ծառայելու տեղն ու ձևը: Իմ ճակատին չի գրված` պատգամավոր կամ ո՛չ պատգամավոր: Գրված է` հայրենասեր հայ մարդ:

Ճեպազրուցեց

Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

 

Последние видеоматериалы

Новые книги