Ունենք դուխով ոստիկանապետ. Գեղամյան
31.10.2012, slaq.am
Վլադիմիր Գասպարյանին ես ճանաչում եմ շատ վաղուց, ուստի կարող եմ ասել, որ նա մշտապես հանդես է եկել որպես ինքնուրույն և պետության համար ոչ մի վտանգի առջև չկանգնող հայ սպա: ՀՀ ոստիկանապետի մասին նման տեսակետ slaq.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Ասածս պատահական չէ, որովհետև Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո նա այն եզակի բարձրաստիճան հայ սպաներից էր, ով իր կյանքը վտանգելով` իր հնարավորությունների շրջանակներում ապահովեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանկարծ ցնցումների մեջ չընկնի: Իսկ սպայի մարդկային ու քաղաքացիական որակումներն առավել ցայտուն են դրսևորվում հենց նման ճգնաժամային և պետության համար խիստ վտանգավոր իրավիճակներում:
Արտաշես Գեղամյանի կարծիքով Վլադիմիր Գասպարյանը շատ սրտացավորեն է վերաբերում իր ղեկավարած ոլորտին, որն իր համար հոգեհարազատ է:
«Նա ուզում է հայ ոստիկանից կերտել այնպիսի մարդկային կերպար, որով հպարտանա ժողովուրդը, որի մեջ տեսնի թև, թիկունք, հենարան: Շատ ողջունում եմ Վլադիմիր Գասպարկանին, որի հետ, ավաղ, շատ վաղուց առիթ չեմ ունեցել հանդիպելու: Վստահ եմ, որ նա բոլոր ծրագրերն ի կատար կածի: Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ լինելու պարագայում մենք կարող ենք շատ ավելի հանգիստ լինել` իմանալով, որ ունենք ազնիվ, անձնազոհ և ժողովրդական լեզվով ասած ֆանտաստիկ դուխով ոստիկանապետ: Ողջունում եմ իրեն, շնորհավորում եմ և ցանկանում, որ իր բոլոր նպատակները կյանքի կոչվեն»,- նշեց Գեղամյանը: