Գեղամյանը սատարում է Հանրապետության նախագահին
30.01.2012թ., Slaq.am
Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային Միաբանություն» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություներին: Այս մասին Slaq.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Վերջինս շեշտեց, որ «Ազգային միաբանություն»-ը ընտրապայքարին մասնակցելու է «խանդավառված»:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցության ձևաչափին, ապա, ըստ Ա. Գեղամյանի, սույն հարցերը կուսակցության կողմից կքննարկեն փետրվարի վերջին մարտի սկզբին:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ միայն ինքը մեծամասնական ընտրակարգով առաջադրվի, Գեղամյանը պատասխանեց. «Հարցը դեռ քննարկման փուլում է և պարզ կդառնա մինչ սահմանված ժամկետի ավարտը»:
-Գալիք ընտրությունները ՀՀ զարգացման համար լինելու են շատ բախտորոշ, քանի որ ընտրությունների թափանցիկ և ժողովրդավարական հիմունքների վրա անցկացումը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի Հանրապետության համար թե' միջազգային հարաբերությունների ոլորտում և թե' սոցիալ-տնտեսական զարգացման տեսակետից` առավել ևս Հանրապետության նախագահի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը նախորդ տարի տվեց իր վառ շոշափելի պտուղները: ՀՀ-ն արդեն իսկ դարձավ միջազգային հարաբերությունների զորեղ սուբյեկտ, որի ձայնը լսելի է աշխարհի ուժի կենտրոններում: Դրա վառ ապացույցը վերջերս բոլորիս ցնցություն պարգևած Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն էր:
Այս ընտրություններին ես մեծ կարևորություն եմ տալիս: Անշուշտ կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին և դրան ընդառաջ մենք մեր ծրագրային հարցադրումները կներկայացնենք ընտրողների դատին, առաջին հերթին կներկայացնենք ԱԺ ներգրավված կուսակցությունների դատին` խնդիր ունենալով որ այն դառնա մեր ժողովրդի սեփականությունը:
-Իսկ մեծամասնական ընտրակարգով կուսակցությունը պատրաստվու՞մ է թեկնածու առաջադրել և որտե՞ղ:
-Այդ բոլոր հարցերը առաջիկայում քննության կառնվեն մեր կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում:
-Հնարավո՞ր է, որ «Ազգային միաբանություն» կուսակցությունը միանա ՀՀԿ-ին:
-Դեռևս 2008-ին նախագահական ընտրությունների ժամանակ մենք միարժեքորեն պաշտպանել ենք Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային հիմնադրույթները, և դրանից հետո ընկած ժամանակահատվածում այդ դրույթները վերանայելու ուղղությամբ ոչինչ չի փոխվել, հակառակը` որոշակի տեղաշարժեր են ի հայտ եկել: Մենք ոչ մի քաղաքական հիմք չունենք ընդհատելու մեր իսկ կողմից որդեգրված` Հանրապետության նախագահին սատարելու քաղաքականությունը, իսկ կյանքի կոչելու հարցում կարևորագույն գործիքներից մեկը հանդիսանում է ԱԺ-ում մեծամասնության հասնելը, որը հնարավորություն կընձեռնի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, ընդունել համապատասխան օրենքներ:
-Այսինքն Դուք հնարավո՞ր եք համարում առաջիկա խորհրդարանական ընտրություններում տեղ զբաղեցնել ՀՀԿ համամասնական ցուցակում:
-Դա իմ հնարավոր կամ ոչ հնարավոր համարելու խնդիրը չէ, այդ հարցը լուծում է Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև «Ազգային միաբանությունը»: Երկուստեք համաձայնության պարագայում ինչ խոսք ես պատիվ կհամարեմ ավելի առարկայորեն նպաստել նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ:
-Իսկ Հանրապետական կուսակցությունը կընդունի՞ Ձեզ:
-Խնդիրը կայանում է նրանում, որ Հանրապետության առջև ծառացած են լրջագույն խնդիրներ, այդ խնդիրների լուծման հիմնական դերակատարը Հանրապետության նախագահն է, և իրեն սատարող Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև այն կուսակցությունները, ովքեր համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել, իսկ թե ո՞վ, ի՞նչ դերակատարություն կունենա այդ գործընթացում դա արդեն Հանրապետության նախագահի և Հանրապետության կուսակցության որոշելիք խնդիրն է, այստեղ ջուրը չտեսած բոբիկանալու անհրաժեշտություն ես չեմ տեսնում, մնացածը թողնենք ժամանակի և պետական այրերի քննությանը: Իսկ մնացած կուսակցությունների հնարավորության մասին խոսել ես կոռեկտ չեմ համարում: Եզրակացություններ անելը դեռ վաղ է:
Անի Մարկոսյան