Ալեքսան Կարապետյանի ելույթը
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում
30.08.2005թ.
Առավել հատկանշական է, այսպես կոչված, բարեփոխված տարբերակի 56/1 հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունները, որոնք համապատասխանաբար շարադրված են հետևյալ կերպ.
«Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և, դրանից հետո, չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել, իր կարգավիճակից բխող գործողությունների համար»: Եվ, ապա, «Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո, բացառությամբ 57-րդ հոդվածում սահմանված դեպքերի»: Կարելի է արձանագրել, որ եթե Ռ.Քոչարյանն իր իշխանավարության ընթացքում կատարել է և շարունակի կատարել տարբեր տեսակի կենցաղային ու այլ բնույթի իրավախախտումներ և հանցագործություններ, ապա նա արդեն կոալիցիայից կունենա «անձեռնմխելիության բարաթ», երևանցիների լեզվով ասած` «գժի» թուղթ, դրանով իսկ հասկացնելով բոլորին, որ ինչ արել եմ, և ինչ էլ անեմ` «ատվիչա» չեմ, հետո չնեղանաք:
Իսկ ի՞նչ է արել որ: Երկրի ստրատեգիական ունեցվածքը, շան մսի գնով վաճառեց և շարունակում է վաճառել ի օգուտ իր յուրայինների, իրեն հարող օլիգարխներին հովանավորել է և շարունակում է հովանավորել, վարկաբեկելով ազատ բիզնեսի գաղափարը, Երևանի կենտրոնը ապականել է և շարունակում է ապականել, ի օգուտ իր պնակալեզների և համախոհների, իր նշանակած նախարարները ժողովրդից գողացած փողերը վատնել են և շարունակում են վատնել աշխարհի հայտնի կազինոներում և այսպես շարունակ: Ուզում եք ասեք հենց Սահմանադրության այս կետը ուժի մեջ մտնի այս երևույթներն էլ կվերանան: Այդ դեպքում խորհուրդ կտամ շուտ-շուտ ասեք, որ չմոռանաք, որովհետև հենց այդ ժամանակ է սկսելու հայտնի ասացվածքի գործողությունները:
Եկեք շարունակենք բարեփումների ենթարկված Սահմանադրության որոշ հոդվածների պարզաբանումները: Այսպես, հոդված 57-ի (վերջին պարբերություն). «Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային Ժողովի քննարկումից»:
Պարզվում է, որ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի 131 պատգամավորների նկատմամբ վստահությունն ավելի քիչ է, քան ՀՀ Նախագահի և ԱԺ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի նշանակված 9-ը անդամի:
Նույն դրույթը մտցված է նաև 59-րդ հոդվածում, որտեղ նույն ձևով վերոհիշյալ պահանջից զրկում են նաև Կառավարությանը, եթե վերջինս համարձակվի դիմել Ազգային ժողովին` ՀՀ Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության պահանջով:
Եկեք շարունակենք: 97-րդ հոդվածում նոր պարբերություն է մտցվել, ըստ որի դատավորին և ՍԴ-ի անդամին չեն կարող կալանավորել, ներգրավել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրա նկատմամբ չեն կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել առանց արդարադատության խորհրդի և ՍԴ-ի համաձայնության:
Վերն ասվածից բխող եզրակացությունը հետևյալն է. սահմանադրական նոր փոփոխություններով ժողովրդի կողմից Ազգային ժողովի 131 ընտրված պատգամավորի, ՍԴ-ի նշանակված 9 անդամի և ընդհանուր առմամբ բոլոր դատավորների կարգավիճակը նույնացվում է: Ես առաջարկել եմ, որ Սահմանադրությունից դուրս գա, 66-րդ հոդվածը, բայց բավական չէ, որ անձեռնմխելիության միշտ վիճարկվող, նորմերը պահպանվում են ընտրված պատգամավորների համար, այժմ էլ այդ նորմերը տրվում են նշանակովի, և իրենց, կասկածելի, հեղինակությամբ հայտնի դատավորներին:
Մենք արդեն տեսանք, որ առանց ՍԴ-ի համաձայնության ՀՀ Նախագահին չենք կարող պաշտոնանկ անել: Առանց ՍԴ-ի եզրակացության, հետևապես համաձայնության, ԱԺ-ն չի կարող ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ դադարեցնել ՍԴ-ի իր նշանակած անդամի լիազորությունները, և համաձայնություն տալ` որպես մեղադրյալ նրան ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ (հոդված 83/3 կետ):
100-րդ հոդվածի 8-րդ կետի և 109-րդ հոդվածի հիման վրա ՍԴ-ն եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարներին պաշտոնանկ անելու հիմքերի մասին: Այսինքն` ՀՀ Նախագահն անուղղակի կարգավորում է նաև այս բնագավառը, որպեսզի Կառավարությունն էլ շատ չոգևորվի, թե իրենից անկախ է: Իսկ ուշագրավը, դա Քոչարյանի հենարանին` ՍԴ անդամներին, նախատեսվող Սահմանադրության 9-րդ գլխում` ավելացված 117-րդ հոդվածի 14-րդ կետն է, ըստ որի Սահմանադրական դատարանի գործող անդամներին թույլատրվել է շարունակել պաշտոնավարել, մինչև 70 տարին լրանալը 65-ի փոխարեն: Այսինքն այդ մարդիկ դեռ Քոչարյանին, ապագա խախտումների համար պետք են գալու:
Այս բոլոր փոփոխություններին ծանոթանալիս` գալիս ես մի եզրակացության. ի՞նչ բարեփոխումների մասին կարելի է խոսել, երբ Սահմանադրության և սահմանադրական կարգի երաշխավոր ինստիտուտն օժտվելու է ոչ ժողովրդավարական, ավտորիտար լծակներով, չնայած նրան, որ ՍԴ-ն արդեն բազմիցս ապացուցել է մարդու իրավունքների, Սահմանադրության խախտման փաստերի և ժողովրդավարության պահպանման հարցում իր մասնակցության զրոյական ներդրումը: Սրա՞նք են, այսպես կոչված, իշխանական թևերի միջև նախատեսվող հակակշիռների ձևերը:
Իսկ ես, կարծում եմ, որ Ռ.Քոչարյանը վերջապես վարձահատույց եղավ Սահմանադրական դատարանին ու նրա նախագահին 1998 և 2003 թվականներին ՀՀ Նախագահ ընտրվելիս գործող Սահմանադրության 50-րդ հոդվածի երկրորդ պարբերության կոպիտ խախտման համար, 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությանն ու ժողովրդին լկտիաբար խաբելու և վստահության «հանրաքվեի անցկացման» անհրաժեշտության պատրվակով ժողովրդի արդարացի ընդվզումը ճնշելու և կանխելու համար: Այնպես որ «հարգելիներս», ժողովուրդը դեռ իր վերջին խոսքը ձեր մասին չի ասել:
Սահմանադրական դատարանն իր ստեղծման օրից` 1996թ. փետրվարից, պետք է հետևեր, որպեսզի Սահմանադրությունն ապահովեր իշխանափոխության էվոլյուցիոն գործընթացը, որպեսզի իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունենար ոչ թե վերևից` բանդիտիզմի և վոլյունտարիզմի սկզբունքով (ինչպես դա արվեց 1996թ. սեպտեմբերի 26-ին և 1998թ. փետրվարի 4-ին), այլ ներքևից` ժողովրդավարական սկզբունքով` ընտրական իրավունքի գործադրմամբ: Մեր ժողովուրդը դեժավյու չունի, Սահմանադրական դատարանն էլ երկրում քաղաքական բոլոր կատակլիզմների ժամանակ կամ դիտորդի կամ էլ եղել է ժողովրդին և ընդդիմությանը խաբելու ու նրանց արդարացի պայքարից շեղելու կարգավիճակում (մարտ 2003թ.):
Ես համոզված եմ, որ Սահմանադրության մեջ ավելացված այս լրացուցիչ հոդվածներով ՍԴ-ն չի դառնա ավելի ինքնուրույն և ազատ, այլ նմանվելով իրեն նշանակողներին, կարող է վերածվել կոռումպացված և հակաժողովրդավարական օրգանի: Եվ դրա արդյունքը կլինի այն, որ հաջորդ ընտրությունները Հայաստանում կլինեն ոչ թե քվեաթերթիկներով, այլ միայն փողերով կամ էլ տանկերով:
Այս ամենը ցավով եմ ասում, երևի ես այն շատ քիչ մարդկանց թվում եմ, որոնք չեն ուզում, որ ՍԴ-ն էլ ավելի վարկաբեկվի:
Հարգելի գործընկերներ պատահական չէ, որ առաջարկեցի պատգամավորի անձեռմխելիությունը ապահովող 66-րդ հոդվածը ևս հանել Սահմանադրությունից: Այդ հոդվածը պետք է ոչ թե ընդդիմադիրներին, այլ միայն իշխանություններին և նրա կամակատարներին, կատարած և դեռ չկատարած հանցագործությունների համար արդարադատությունից խուսափելու և մեր ժողովրդի դատաստանից իրենց պաշտպանելու համար: Օրինակ 2004թ. ապրիլի 12-ի գիշերը ոչ ինձ, ոչ Գեղամյանին, որը միաժամանակ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի և ԵԱՀԿ-ի պատգամավոր է, այդ հոդվածը չօգնեց, որ իր ներկայությամբ, մեր չափահաս երեխաների աչքերի առջև մեր բնակարանները և կուսակցության գրասենյակը, Սահմանադրությամբ օրինականության երաշխավորը` ՀՀ դատախազությունը, 1937 թվականի ստալինյան բոլոր ավանդույթները պահպանած մեթոդներով, խուզարկեն կարծես թե իրենց իսկ թալանածը մեր մոտ էին փորձում գտնել: Իսկ չէ որ եղան նաև այսպես կոչված «կոլեգաներ» ում աչքերի առաջ ոտնահարվում էր գործող Սահմանադրությունը, և նրանք շատ բաձր գնահատական տվեցին պատժիչ ջոկատների այդ գիշերվա գործունեությանը, նույնիսկ ականտես եղան ջարդերին և ձերբակալություններին, մեր համար պարզ էր Քոչարյանին դուր գալու խնդիր ունեին, մարդը վարչապետ էր ուզում դառնալ: Հիմա ի՞նչ ժողովուրդը նման մարդկանց խորհուրդը լսելո՞վ պիտի այո ասի Սահմանադրության փոփոխություններին:
Այժմ եթե իշխանությունների սանձազերծածը ահաբեկչությո՞ւն-տեռոր չէր, ապա ի՞նչ էր: Այո, 2003 թ. փետրվարին և մայիսին, 2004 թ-ի ապրիլի 5-ին և 12-ին մենք պահանջում էինք վստահության հանրաքվե, ազատ, արդար ընտրություններ, երթերի և ցույցերի ազատություն, մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի պահանջների իրագործում և ընդհանուր առմամբ միայն գործող Սահմանադրության դրույթների կատարում: Իսկ ավելի պարզ ասած ժողովրդավարություն, որն էլ միջազգային կառույցների լուռ համաձայնության պայմաններում իշխանությունների կողմից դաժանորեն ճնշվեց:
Պարոն իշխանավորներ, չփորձեք հիմա էլ ասել, որ ժողովրդավար դառնալու համար ձեզ գործող Սահմանադրությունն էր խանգարում: Եվ, վերջապես, համակերպվեք այն մտքի հետ, որ եթե ժողովուրդը ձեզ չի սիրում դա միայն ձեր մեղքն է: Եթե կարծում եք, որ իրոք արդարացի եք, ընդունեք «Ազգային Միաբանություն կուսակցության» առաջարկությունները, և մի փորձեք ապականել բոլորիս ապագան, որովհետև մենք բոլորս միասին ապրելու ենք այդ ապագայում:
Հարգելի գործընկերներ, սահմանադրական բոլոր «բարեփոխումներին» 10 րոպեում անդրադառնալը շատ դժվար է, սակայն եթե կարճ գնահատական տանք այդ փոփոխություններին, ապա կարելի է ասել. «Ամեն ինչից` քիչ-քիչ, արդյունքը` ոչինչ»:
Վերջում առաջարկում եմ սահմանադրական փոփոխությունների ներկայացվող փաթեթից հանել ելույթումս նշված բոլոր վիճահարույց հոդվածները և պարբերությունները:
Ալեքսան Կարապետյանի ելույթը
Ազգային Ժողովի եռօրյան նիստերի հայտարարությունների ժամանակ
24.05.2005թ.
Պարարվեստի մեծ գիտակ Ռ.Քոչարյանը քաջատեղյակ է լավ պարելու նախապայմանին, ուստի վստահ ենք, որ մինչև շուրջպարի հայտարարված օրը կվերացվեն պարողներին խանգարող հիմնական հանգամանքները: Իսկ փաստն այն է, որ նա` ձեր նախագահը, իրեն սատարողների հետ, արդեն ութ տարի է այդ «Գյովնդին» պարում է «մի քայլ առաջ, մի քայլ ետ»` դոփելով տեղում, թոզ է փչում ժողովրդի և արտասահմանյան երկրների աչքերին:
Հիմա էլ տղերքն ասում են միասնություն պարի ենք բռնվելու: Բայց ինչպե՞ս կարող է միասնություն և համերաշխություն լինել` կրիմինալ օլիգարխների ու հալածված, թալանված, վիրավորված և արհամարհված ժողովրդի միջև: Ես շատ կուզենայի հասկանալ շուրջպարի մասնակից այն մարդկանց հոգեբանությունը ում հարևան-բարեկամին ծեծուջարդի ենթարկեցին ապրիլի 5-ին և 12-ին: Ես շատ կուզենայի, տարրական իրավուքներից զրկված, շուրջպարի բռնված այն քաղաքացիների մտքերը կարդալ, ում իրավունքները չինովնիկները և շուրջպարի մի շարք կազմակերպիչներ ամեն քայլափոխի ոտնահարում ու արհամարհում են: Ի՞նչ գիտակցությամբ եք դուք մասնակցելու այդ շուրջպարին: Եթե չսթափվեք, չսպանեք ձեր մեջ արթնացող ստրկամտությունը, ապա այսպիսի հոգեբանությամբ առաջնորդվող ժողովուրդը 21-րդ դարում պետականության կորուստ է արձանագրելու, որովհետև այդ տոհմային և համայնքային մտածողությամբ 21-րդ դարը շեմ չունի նման ժողովրդի համար: Ժողովրդավարության ու քաղաքակրթության փոխարեն մեզ տարբեր «հայրենակցականների» անվան տակ մղում են դեպի քարանձավներն ու միջնադար: Այ սա է խնդիրը: Խնդիրը շուրջպարի մեջ չէ: Հոկտեմբերի 27-ին նույն Նաիրին իր «մաուզերով» պարեցրեց Ազգային ժողովը: Նա ստիպեց, որ պատգամավորները և կառավարությունը «Գյովնդի» պարեն` պառկեին, նստեին, պառկեին, կանգնեին: Հիմա էլ դուք, տապալված իշխանավորներ և պնակալեզներ, ստիպում եք, որ պարեն ձեր դուդուկի տակ 160 հազար մարդ: Լավ ուտելուց հետո Ձեզ պետք են տեսարաններ: Չէ որ նույն Ներոնը հրդեհեց Հռոմը, որ մուսան գա տեղը: Սրանք էլ են մուսա ուզում, ավելի շատ լափելու, կողոպտելու և ժողովրդին ճնշելու համար: Շուրջպարին մասնակից դարձնելով էլ` հանցագործ կլաններին երաշխիքներ են տալիս, որ ձեր պարով, ձեր իսկ կատարած հանցանքները կմոռացվեն: Իզուր տեղը չի, որ այս հեթանոսական միջոցառման բոլոր ֆինանսավորողները` հազարապետներն ու որոշակի իքսապետերը, հիմնականում օլիգարխներ են, ապրիլի 5-ի և 12-ի «հերոսները»:
Չի կարելի մի ամբողջ ազգի թմրամոլացնել «աբորիգեն շամանների» նման շուրջպարերով` նրանք խարույկների, իսկ մերոնք սարերի շուրջը: Ի՞նչ առիթով, ո՞ր ուրախության, ո՞ր հաջողության համար ենք պարում: Ղարաբաղի հա՞րցն է ազգանպաստ լուծվել, ցեղասպանությո՞ւնն են թուրքերը ճանաչել, շրջափակո՞ւմն է վերացել, արտագա՞ղթն է կասեցվել, թե՞ մեր գիտնականները, մշակույթի գործիչները, մանկավարժները և թոշակառուները, մեղա քեզ տեր աստված, սկսել են կուշտ փորով հաց ուտել: Միթե՞ համազգային խելագարություն չէ ձեր այս նախաձեռնությունը: Ավետիք Իսահակյանը զգուշացնում էր. «Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ…»:
Կորյուն Առաքելյանի ելույթը
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում
30.08.2005թ.
Սահմանադրական փոփոխությունների ներպալատական աժիոտաժի շրջանում մի շարք բնակավայրերում զրուցեցինք ամենատարբեր խավերի ու զբաղմունքների մարդկանց հետ: Նրանցից և ոչ մեկն իր անապահով ու թշվառ վիճակից դուրս գալը, բազում հոգսերի լուծումը չկապեց Սահմանադրության հետ, նույնիսկ հեգնեցին, թե ժողովուրդի հալը թողած Քոչարյանը հիմա էլ Սահմանադրություն է խաղացնում:
Թումանյանական օրերին Դսեղ գյուղում Գիքորի դերակատարին հարցրի` ո՞նց ես, պատասխանեց` ո՞նց պիտի լինեմ, Գիքոր էի, Համբո եմ դարձել: Մի տուն երեխեք ունեմ, չգիտեմ, ո՞ր Բազազ Արտեմի մոտ տանեմ, որ գոյություններս պահենք:
Սա է իրար հաջորդած նույն ռեժիմի երկու թևերի ամենամեծ ձեռքբերումը: Փաստորեն, իշխանությունը առանց ժողովրդի մասնակցության վերջինիս անունից ու նրա փոխարեն նախապատրաստել է, այսպես կոչված, բարեփոխումներ, իսկ ժողովուրդը ո՜չ տեղյակ է դրան, ո՜չ կարևորում է այն, ո՜չ էլ հավատում է, թե Քոչարյանի Սահմանադրությունը որևէ բարեփոխում կարող է մտցնել իր կյանքում:
Ակամայից հիշեցի Հարություն Ճուղուրյանի «Քահանայի ընտրությունը գյուղում» երգիծական պատմվածքը. աղոթք կարդացող մի անարժան քահանա ծիծաղելի կարող է դարձնել, վարկաբեկել աղոթքը:
Արված փոփոխություններից արդյո՞ք երևաց, թե ինչ խնդիր է լուծում Սահմանադրությունը և ինչպես: Արդյո՞ք երևում է, որ ճգնաժամի մեջ հայտնված, սակայն հարուստ մշակույթ, կրթություն ու գիտություն ունեցող ժողովրդի Սահմանադրություն է, զգո՞ւմ ես, որ կոռուպցիայի, կաշառակերության, աղքատության, անօրինականությունների մեջ թաղված կամ այս ամենի դեմ պայքարելու ցանկություն ունեցող երկրի Սահմանադրություն է. դժբախտաբար, ո՜չ: Ազնվություն ունեցեք ասել ժողովրդին, թե իշխանությունը ձեռի հետ ի՞նչ հարցեր է ուզում լուծել: Ի նկատի ունեմ ժամանակ շահելը, ապօրինի իշխանավարության հաշված օրերը երկարաձգելը, Եվրոպայի աչքին ժողովրդավար երևալն ու նրանց դժգոհությունները մեղմելը, ժողովրդի աչքին դարձյալ թոզ փչելը, կատարած մեղքերը գործող Սահմանադրության վրա բարդելը և այլն:
Իսկ ժողովուրդն այնքան միամիտ չէ չհասկանալու համար
1. որ իշխանությունն իրենից բռնազավթած, իրեն կողոպտած իշխանությունը գրչի մի հարվածով հանկարծ այնքան ժողովրդավար դառնա, որ աշխատի ինքն իր դեմ:
Մի՞թե ներկա կառավարիչները գործող արժեքային համակարգը կարող են այնպես փոխել, որ մանկավարժը, բժիշկը, արվեստագետը, գիտնականը, գրողը, ինժեները իրենց չպահանջված, չհասկացված չզգան, որ նրանք, իրոք, իրենց այս երկրի տերը զգան: Մի քանի անգամ խոշոր պլանով խաբվածը կարո՞ղ է հույս ունենալ, որ քննարկվող «բարեփոխումներ» կոչվածը լույս կսփռի մեր իրականության մութ ու անմեկնելի խութերի վրա և կբացվեն աշխարհահռչակ գիտնական Գրիգոր Գյուլզադյանի ղեկավարած ինստիտուտի դռները, որ դարերի փորձությանը դիմացած հայ մշակույթը շնչահեղձ չի լինի միջակների ներկայիս գաղջ միջավայրում, որ մի օր կփակվի ընչաքաղցության անկուշտ այն երախը, որը լափում է հայրենի ճարտարապետության ու քաղաքաշինության ավանդույթներն ու թողած ժառանգությունը, կանաչ գոտիները, անտառն ու բնությունը: Որ սոցիալապես անապահով հիվանդը, ծերը, կենսաթոշակառուն կարող են անհրաժեշտ բուժօգնություն ստանալ: Որ Դալմայի այգու տերերը, հիմա էլ Նորքի, Բերդաձորի ու Կաքավաձորի այգեգործները, Հյուսիսային պողոտայի, Օղակաձև այգու և Կոնդի հնաբնակները համոզված լինեն, որ մի օր դարձյալ մեկը չի գա ու բռնի ուժով իրենց վտարի սեփական տնից, իր ձեռքից չի խլի շալակով հող բերած, աղի քրտինքով հիմնած ու աճեցրած այգիները ու ջրի գնով որպես փոխհատուցում չի վաճառվի ճոխ դղյակներ ու ամառանոցներ ունեցողներին, փորձառու ընտրակեղծարարներին ու նրանց յուրայիններին, ովքեր կարող են ծեծուջարդի ենթարկել սեփական ժողովրդին, լրագրողներին, ովքեր կարող են ահաբեկել, շառով տալ իրենց համար անցանկալի մարդկանց:
Ո՞ւմ հայտնի չէ, թե վերջին շրջանում դրսի պարտադրանքի քողի տակ, ի՞նչ բերվեց կրթության, գիտության, մշակույթի գլխին, քանի տեղից ու քանի անգամ ծռվեց ու կոտրվեց նրանց ողնաշարը: Ինչի՞ հասցվեց բուհական համակարգը, ինչպե՞ս ծամածռվեցին դպրոցական ծրագրերն ու դասագրքերը, անհասկանալի օպտիմալացման ապազգային ծրագրի իրականացման հետևանքով ինչպե՞ս 1000-ավոր փորձառու մանկավարժներ օտարվեցին դպրոցից, որովհետև հիմնականում նրանք էին այդ ծրագրերի անաղմուկ իրագործման հիմնական խոչընդոտը: Գիտեք ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ հսկայական ներդրումների գնով, այսպես ասած, բարեփոխում ենք կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սոցիալական ծառայությունը, մյուս բնագավառները, սակայն, Պարոնյանի լեզվով ասած, «Հառաջ կպոռանք, բայց ետ-ետ կերթանք»:
Ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, չափանիշներն ու պահանջները այդպես էլ ի զորու չեղան մեզանում ճանապարհ հարթելու: Հանրապետության չընտրված Նախագահի կողմից արգելված թեմաների դաշտ չմտնելու կոալիցիայի հնազանդությունը ու անդեմությունը հասցրին նրան, որ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները դարձյալ դուրս են մնացել հիմնական օրենքից:
Բժշկին հարցնում են` ինչպե՞ս է վիրավորի վիճակը, պատասխանում է` ոչինչ, վերքերից միայն երկուսն են մահացու: Պետության համար հույժ կարևոր հարցերը հանրաքվեների միջոցով լուծելու, ինչպիսիք են իշխանության թևերի տարանջատման ու հակաշիռների մեխանիզմների իրագործման, դատական համակարգի անկախության, ազատ մամուլի, տեղական ինքնակառավարման մարմինների գործընթացի բարելավման հարցերը դարձյալ մնում են չլուծված: Իշխանության թևերը դարձյալ գործելու են լղոզված համակարգով, Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էլ` ով ոնց ուզում է թող հասկանա:
Օրեր առաջ տեղի ունեցան տարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը: Առաջին անգամ ընդդիմությունից և ոչ մի անդամ չընտրվեց հանձնաժողովների նախագահ, տեղակալ կամ քարտուղար: Հիմա զավեշտի մասին. Արթիկի 36 ընտրատարածքում պատահականորեն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվում «Ազգային Միաբանություն կուսակցության» անդամ Արամ Հակոբյանը: Արձանագրությունը կազմվում է, հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրում են արձանագրության տակ, բաժակ են բարձրացնում շնորհավորում միմյանց: Որոշ ժամանակ անց, սակայն, կենտրոնում խառնվում են իրար, որովհետև դրանով պայմանավորվածությունը խախտվել է: Անց է կացվում նոր ընտրություն, և «սխալն» ուղղվում է: «Ազգային Միաբանությունից» ընտրված հանձնաժողովի նախագահի տեղակալի փոխարեն նշանակվում կամ ընտրվում է նախապես պայմանավորված անձը: Մեկ այլ արտառոց երևույթ. հանձնաժողովի առաջին նիստից հետո Արագածոտնի մարզպետը հանձնաժողովի անդամներին հրավիրում է իր մոտ և ասում, որ հանձնաժողովն առանց իր գիտության տարածաշրջանում որևէ քայլ չպետք է անի:
Երբ դեռ թանաքը չչորացած Ընտրական օրենսգիրքն են փորձում դարձնել թղթի կտոր, պարզ չէ, թե իշխանության ձեռքով գրված Սահմանադրությունն իրենց իշխանավարությամբ ինչպես է ծառայելու ժողովրդին, նամանավանդ, որ ինչպես գործող, այնպես էլ բարեփոխումների տարբերակն այնքան մութ ու գաղտնի լաբիրինթներ ունի, իշխանություններին այնքան մանևրելու, օրենքը շրջանցելու հնարավորություններ է տրված, որ կբավարարի ներկա իշխանությունների գործելակերպի մի քանի սերունդների:
Իսկ ազատ ու անկախ մամուլ ունենալու գործում մեր ձեռքբերումները հասել են ֆանտաստիկ չափերի: Եթե Եվրոպայում գործողության մեջ է դրվում «Հեռուստատեսություն` առանց սահմանների» դիրեկտիվը, ապա մեզ մոտ հեռուստատեսություններ են փակվում, 2 տարուց ավելի է արգելք է դրված Արտաշես Գեղամյանի հեռուստաելույթների վրա: Կամայականությունը հասել է այնտեղ, որ Եվրոպային ինտեգրվող Հայաստանի Հանրապետության հեռուստատեսությունը ոչ միայն չի ցուցադրում Եվրոպայի ամենաբարձր ամբիոններից Արտաշես Գեղամյանի հնչեցրած ամենաարդիական ու հայանպաստ ելույթները, այլև նույնիսկ հաղորդագրություն չեն տալիս այդ մասին: Այս պարագայում ի՞նչ տարբերություն, թե ինչ Սահմանադրություն է գործում Հայաստանում: Հիմա էլ հույսներն ինչի՞ վրա են դրել. ուզում են Սահմանադրության հանրաքվեի օրը համաժողովրդական տոնի պատրանք ստեղծել, շուրջպարի օրինակով ոչխար ու եզ մորթել, զուռնա փչել: Պարզապես ամոթ է: Աղքատության ճիրաններում տառապող շուրջ 500.000 կենսաթոշակառունե՞րն են ոգևորված ընտրությունների գնալու, երիցս խաբված ավանդատունե՞րը, հոգսի մեջ թաղված գյուղացինե՞րը, թե տներից, հողերից վտարվածնե՞րը:
Ինչևէ, ներկա փոփոխություններով հանդերձ` այս Սահմանադրությունն ինձ հիշեցնում է եվրոռեմոնտի ենթարկված մի ամառանոցի, որտեղ շարքային մարդիկ անելիք չունեն և որի իրական տերն ինքը պետք է որոշի նրա ծառայություններից օգտվելու պայմաններն ու ռեժիմը:
Պարոնայք իշխանավորնե՜ր, եթե դարձյալ չեք խաբում ու մոլորեցնում ժողովրդին, եթե ամեն ինչ, իրոք, արվում է հանուն ժողովրդի, հանուն պետականության, պարտավոր եք ընդունել «Ազգային Միաբանության» առաջարկությունը: Ո՞րն է այն:
Բոլորս վայր ենք դնում մեր պատգամավորական մանդատները, արդար ընտրությունների արդյունքում ընտրվում է նոր Ազգային ժողով, որը ձևավորում է Կառավարություն, նրա կազմավորումից հետո 50-րդ օրը Հանրապետության Նախագահի լիազորությունները համարվում են ավարտված, և Սահմանադրությամբ նախատեսված կարգով անց է կացվում ՀՀ Նախագահի արտահերթ ընտրություններ: Սահմանադրության մեջ պարտադիր պետք է ամրագրվի, որ գործող Նախագահը 3-րդ անգամ առաջադրվելու իրավունք չունի: Արդյունքում ժողովրդի կողմից ձևավորվում են օրինական իշխանություններ, ընտրվում է Հանրապետության նոր Նախագահ: Անցումային դրույթներում այս սկզբունքներն ամրագրելու դեպքում նոր միայն «Ազգային Միաբանությունը» ժողովրդին կոչ կանի քվեարկել Սահմանադրության փոփոխությունների օգտին: Հայաստանի Հանրապետության համար այսօր սա է ամենահիմնարար ու կենսական օրենքը, առանց որի հենց այս գլխից որոշված է Հիմնական օրենքի, և որ ամենակարևորն է` երկրի ճակատագիրը:
Կորյուն Առաքելյանի ելույթը
Ազգային Ժողովի եռօրյան նիստերի հայտարարությունների ժամանակ
24.05.2005թ.
Փորձենք միասին հասկանալ, թե ինչ է կատարվում մեզանում: Երկրի տնտեսությունը, բառիս բուն իմաստով, կրախ է ապրում, սակայն իշխանություններն ու նրանց լրատվամիջոցներն ամպագոռգոռ հայտարարում են երկանիշ տնտեսական աճի մասին: Ժողովուրդը սովի է մատնված, կիլոմետրերով խաշլամահոտ ճոխ սեղաններ են բացում, իսկ կառավարության Աղքատության հաղթահարման ծրագրի վրա արդեն փոշի է նստած: Արցախի հիմնահարցը ձախողել են, տարածաշրջանում մեր ամենազոր բանակի լեգենդն են պտտեցնում: Թմբկահարում են, իբր, պայքարում են կոռուպցիայի դեմ, նույնիսկ կառույցներ են ստեղծել և այս ամենը նորից թաղում են կոռուպցիայի մեջ: Միայն դոլարի ու դրամի կուրսի վայրիվերումներից ավելի քան 200 միլիոն դոլար գրպանեցին ժողովրդից: Որպես մեղավոր մի քանի սլաքավարներ հայտնաբերեցին, փակեցին նրանց չենջերը և վերջ: Գործը հասել է այնտեղ, որ հուսահատությունից հարյուրավոր մարդիկ ինքնասպան են լինում և, որքան էլ ցավալի է, մեծ թվով նաև անչափահասներ: Սա է մեր իշխանությունների իրական դեմքը, սրանք են նրանց իշխանավարման պտուղները: Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան դուետը վաղուց անելիք չունի Հայաստանում: Նրանց իշխանությունը հիշեցնում է Անդերսենի թագավորին, որը մերկ է, բոլորը տեսնում են, սակայն չտեսնելու են տալիս: Հիմա էլ նոր գործընթաց է սկսվել: Վարչակազմը, կոալիցիան Եվրոպային են փորձում գցել մոլորության մեջ` ձև անելով, թե իրականացնում են ժողովրդավարական բարեփոխումներ: Տասներեք պատգամավորով հապշտապ քննարկեցին Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և այլ նախագծեր: Հեռուստաեթերներ կազմակերպեցին, թմբկահարեցին գործ է արվում: Իսկ ի՞նչ է` այդ աստիճան միամիտի տեղ եք դրել մեր ժողովրդին և փորձում եք հավատացնել, որ Ռոբերտ Քոչարյանի պատվերով գրված «Սահմանադրական», «Ընտրական օրենսգրքի», «Երթեր, ցույցեր, ժողովներ, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքների կոսմետիկ փոփոխությունները Հայաստանում կհաստատեն ժողովրդավարություն, ազատ, արդար ընտրություններ: Մանավանդ, որ դրանց նախաձեռնողներ են դարձել մարդիկ, որոնց թեթև ձեռքով խայտառակ ձևով կեղծվեցին նախագահական, Ազգային ժողովի ընտրությունները, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը կազմակերպեցին անզեն ժողովրդի ծեծուջարդը: Դուք էլ չեք հավատում, պարոնայք, այս ամենին, սակայն ձև եք անում, թե հավատում եք և անթաքույց նախապատրաստվում եք արտահերթ ընտրությունների: Իսկ ժողովուրդին ի՞նչ են տալիս այս աչքակապությունները. միայն հիասթափություն, միայն ատելություն և ցանկություն` օր առաջ քշել այս ապիկար իշխանություններին: Հիմա էլ ձև եք անում, թե ընդդիմության դարդն եք անում:
Սիրելի ժողովուրդ, «Ազգային Միաբանությունը» այսօր ավելի ուժեղ է, քան երբեք: Իշխանությունները գիտակցում և սարսափում են դրանից: Մենք ունենք և կամք, և վճռականություն, և փորձ և խարիզմատիկ առաջնորդ: Արտաշես Գեղամյանի հեռուստաելույթների վրա արգելք դնելը, պարոնայք, ձեզ չի փրկի: Ինչ վերաբերվում է ժողովրդի ծով համբերությանը, ապա մի մոռացեք, որ ժողովուրդն ունի նաև ծովի ուժ ու ցասում, որի դեմն արդեն իսկ առնել չեք կարող` կսրբի, կտանի: Օգտագործեք ձեր վերջին շանսը, ինքնակամ հեռացեք:
Գագիկ Կոստանդյանի ելույթը
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում
30.08.2005թ.
Այն, որ ներկայացված բարեփոխումները որակական նոր տեսք են տվել մեր Սահմանադրությանը, դա փաստ է, ասել, թե կես քայլ առաջ է նախորդ Սահմանադրությունից, ես կասեի` ավելին, այն մեկուկես քայլ է բարեփոխվել, իհարկե, ի շնորհիվ Վենետիկի հանձնաժողովի կատարած առաջարկությունների և դիտողությունների: Ցավալին այն է, որ ժամանակին այդ նույն դիտողությունները և առաջարկություններն արվում էր մեր` «Ազգային Միաբանության» կողմից, բայց քանի որ դա արվում էր ընդդիմության կողմից, այն հիվանդագին էր ընդունվում: Ինչևիցե, բավարարվեք, որ գոնե բավականին դրական տեղաշարժեր եղան: Մենք հասկանում ենք, որ ոչ մի երկիր իդեալական Սահմանադրություն չունի և չի էլ կարող ունենալ, ժամանակի ընթացքում նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում և դարձյալ կարող է անհրաժեշտություն առաջանալ Սահմանադրության բարեփոխման: Հիմնական հարցն այստեղ այն է` Սահմանադրությունն ինչքա՞ն է մեր իրականության մեջ գործում:
Ասածս ավելի հավաստի դարձնելու համար` սկսենք հենց 1-ին հոդվածից. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Բայց չէ՞ որ իրականության մեջ մենք լավ գիտենք, որ ո՜չ ժողովրդավարական է, ո՜չ սոցիալական է, ո՜չ էլ իրավական:
2-րդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Խնդրում ենք ասել մեկ ընտրություն, որ եղել է ազատ և արդար, առանց կեղծիքների: Կամ ցույց տվեք մի պաշտոնյայի, որ ժողովրդի ծառան է և ժողովրդին չի շորթում. եթե կա այդպիսի գոնե մեկ պաշտոնյա, գնանք առաջը մոմ վառենք որպես սրբի:
Հոդված 31. «Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Այս հոդվածը Երևանի քաղաքացիներին, հատկապես Հյուսիսային պողոտայի, Կոնդի և իրացվող մյուս թաղամասերի բնակիչների համար անհասկանալի է: Օրինակ` ի՞նչ ասել է` «պետության կարիքներ» կամ «գերակա հանրային շահեր». դա ա՞յն է, որ իրենց պապենական սեփականությունը խլում են, տալիս, ասենք, ինչ-որ մաքսատան պետի կամ իշխանությունների գովքն անող հեռուստատեսության տնօրենի` իրենց խղճուկ աշխատավարձերով միլիոնավոր դոլարների արժողության խրախճանքի օբյեկտներ կառուցելու համար: Անհասկանալի է նաև` ի՞նչ է նշանակում «նախնական համարժեք փոխհատուցում». դա, հավանաբար, վերը նշված բնակիչներին իրենց սեփական տան դիմաց տրվող այն գումարն է, որ կարողանան ընդամենը ինքնաթիռի տոմս գնեն և ընտանիքներով հեռանան Հայաստանից: Չեմ ուզում շարունակել Սահմանադրությունից այն բոլոր շեղումները, որ մեր իրականության մեջ ամեն քայլի կհանդիպենք:
Մենք երկու ձեռքով կողմ ենք, իհարկե, մեր առաջարկություններն ընդունելու պայմանում, որ հանրաքվեով բարեփոխված Սահմանադրությունն անցնի, սակայն մեծ մտավախություն ունենք, որ ժողովուրդն այն չի ընդունի: Բայց ոչ թե այն բանի համար, որ բարեփոխված Սահմանադրությունը վատն է, այլ նրա համար, որ ժողովրդի հավատն է կորել իշխանությունների նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ լավ բան գրեթե չի տեսել. տեսել է կեղծ ընտրություններ, տեսել է բռնություններ, անօրինականություններ և, ինչքան էլ լավ Սահմանադրություն լինի, ժողովուրդը կասկածանքով է նայելու դրան, մտածելով, որ հերթական խաբեությունն է: Կա նաև մեկ այլ հանգամանք ևս, որ ժողովուրդը չի ընդունի այս Սահմանադրությունը. դա այն է, որ բարեփոխման աշխատանքներին մասնակցող մի քանի մասնագետների դեմքերը, երբ ժողովուրդը հեռուստացույցով տեսնում է, որ նրանք են քարոզում Սահմանադրության լավ լինելը, դա արդեն իսկ հակաքարոզ է, քանի որ մեր քաղաքացիները և, հատկապես, իրավաբանները նրանց գիտեն որպես բուհերում ուսանողներից 50-100 դոլար վերցնող անազնիվ մարդկանց, և նրանք դժվար թե ազնիվ գործ անեն, անկախ նրանից` ինչ պաշտոն են այսօր զբաղեցնում: Նրանց մասնակցությունը Սահմանադրության բարեփոխումներին արդեն իսկ կասկածելի է, քանի որ հանձնարարություն են կատարում:
Բայց նույնիսկ այս պարագայում «Ազգային Միաբանությունը» պատրաստ է աջակցելու և օգնելու բարեփոխված Սահմանադրությունը հանրաքվեով ընդունման հարցում: Մենք պատրաստ ենք քաղաքե քաղաք, գյուղե գյուղ, եթե անհրաժեշտություն լինի` տուն առ տուն մտնել, մարդկանց բացատրել, թե այս բարեփոխված Սահմանադրությունն իր թերություններով հանդերձ դրական տեղաշարժ է համեմատած գործող Սահմանադրությանը: Այս անելու համար, սակայն, մենք պետք է ժողովրդին վստահություն ներշնչենք, որ բարեփոխված Սահմանադրության ընդունումից հետո տեղի է ունենալու ազատ և անկախ Ազգային ժողովի ընտրություններ, ձևավորելու է նոր Կառավարություն և տեղի է ունենալու նախագահական նոր ընտրություններ, որոնք մենք առաջարկում էինք իրավական հետևյալ ձևակերպումով. Սահմանադրության մեջ ավելացնել 111-րդ հոդվածի 1-ին կետ. «Պետական նշանակության ու կարևորության տարբեր հարցեր դրվում են համաժողովրդական հանրաքվեի ՀՀ Նախագահի կամ ԱԺ նախաձեռնությամբ, ՀՀ առնվազն 150 հազար քաղաքացիների ստորագրության առկայությամբ»:
Ինչպես նաև իշխանությունների նկատմամբ ժողովրդի վտահությունը վերակենդանացնելու նպատակով առաջարկում ենք տալ իրավական ձևակերպում հետևյալին.
«Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից`
Ազգային ժողովի լիազորությունները վաղակետ դադարեցվում են և անցկացվում է արտահերթ ընտրություններ:
Սահմանադրությամբ նախատեսված կարգով կազմավորվում է նոր Կառավարություն:
Կառավարության կազմավորումից հետո կազմակերպվում է նախագահական ընտրություններ համաձայն Սահմանադրության»:
Այս կետերն ընդունելով` ժողովրդի մեջ հույս կարթնացնենք, որ սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են ընձեռում իրենց Ազգային ժողովում ճիշտ ներկայացնելու երկրի քաղաքական դաշտը, քանի որ այս Ազգային ժողովի մասին դա չի կարելի ասել, և հնարավորություն է ընձեռվում իրական քաղաքական դաշտի առկայության պայմաններում նոր Կառավարություն ստեղծելու: Այս պայմաններում նաև պարզ կլինի, որ սահմանադրական բարեփոխումներն իշխանությունների ավանտյուրան չեն, այն է` հանրության աչքերին թոզ փչելով ցույց տալ, որ մեր երկրում բարեփոխումներ են կատարվում: Այս քայլերով իշխանությունները ցույց կտան, որ իրենք կառչած չեն անձնական շահերից:
Մենք գտնում ենք, որ երկրի շահերը և երկրի ապագան դա են պահանջում:
Իմ կողմից հարգված ընկերը` կոալիցիայից, այստեղ հայտարարեց, որ Սահմանադրությամբ իրենք մարդավարի ապրելու հնարավորություն են ստեղծում, բայց ինչո՞վ էր խանգարում գործող Սահմանադրությունը մարդավարի ապրելու համար: Կներեք, բայց կյանքը ցույց է տվել, որ ոչ թե ժողովրդի մասին են մտածում, այլ ընդամենը յուրայինների:
Եթե որևէ մեկը ցանկանում է այս դահլիճի քաղաքական բանավեճերը քաղաքական դաշտից տանել խուլիգանական դաշտ, խորհուրդ կտայի չփորձել. խուլիգաններին ծնկի բերելը, համենայն դեպս, ինձ մոտ լավ է ստացվում: Եվ երկրորդ` ես լավ գիտեմ, թե ո՞վ` ով է, ով` որտե՞ղ է նստել, ո՞ր բարաքում, ո՞ւմ գործակալն է եղել, ո՞ր ծածկանունով են գործել, ինչպե՞ս են մեղայականով հանդես եկել: Եվ երրորդը. կյանքի ճանապարհ անցել` դա բերդ նստել չէ, այդ մասին նույնիսկ ամոթ է խոսել: Նստած-ելած մարդիկ հանցագործ աշխարհում են հարգի, բայց ոչ քաղաքական դաշտում: Երբ այս դահլիճում Գեղամյանը խոսք է ասում, ոչ թե խանգարել է պետք, այլ խելոք մարդն այն գրի կառներ:
P.S. Ռաֆիկ Պետրոսյանի անունը ելույթում չէր հնչել, բայց նա, լինելով փորձված կաշառակեր, լավ էլ կռահել էր, որ խոսքն իր մասին է:
Աղասի Արշակյանի ելույթը
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում
30.08.2005թ.
Հարգելի գործընկերներ, հեռուստադիտողներ, հարգելի հասարակություն:
Սահմանադրական փոփոխությունները, կարծում եմ, չեն ընդունվի և ահա թե ինչու. հատուկ ուշադրություն եմ խնդրում դասատուի ոճով մեզ դիմած վենետիկցի մեր աղջկանից, ով կամովին ստանձնել է քաղաքական դատախազի դեր:
ա) Հայաստանում ներկայումս չկա, չի տիրում բարոյահոգեբանական և հասարակական համաձայնության այն մթնոլորտը, որի ժամանակ հնարավոր կլիներ 1,2 մլն մարդու ընտրատեղամասեր տանել, միևնույն ժամանակ ապահովել, որ նրանցից 800 հազարն էլ «այո» ասի հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխություններին: Ընդհակառակը, Հայաստանում առկա է տոտալ անվստահության մթնոլորտ և ժողովրդի ճնշող մեծամասնությունն այսօր զբաղված է օրհասական հացի խնդիր լուծելով և նրանց անիծելով, ովքեր իրեն դրեցին այդ վիճակի մեջ:
բ) Սահմանադրական փոփոխությունները չեն ընդունվի, որովհետև հասարակության աչքի առաջ 10 տարեկան Սահմանադրությանը մեր իշխանություններն առնվազն 5-6 անգամ «բռնաբարել» են, ի դեպ, քաղաքակիրթ համարվող աշխարհի հիմնականում լուռ համաձայնության պայմաններում: Ժողովուրդն իրականում ապրում է այդ գործընթացներից դուրս` հույս չկապելով իրենից օտարված ոչ իշխանությունների, ոչ էլ Սահմանադրության հետ:
գ) Հաջորդը. Սահմանադրությունը չի ընդունվի, որովհետև տեխնիկապես անհնար է, համաձայն հանրաքվեի օրենքի, 2,4 միլիոնանոց ընտրողների կեսին բերել քվեարկության, մանավանդ` դրա առնվազն 1/3-ին համոզել, որ «այո» ասեն, այն դեպքում, երբ Հայաստանում փաստացի գտնվող ընտրողների թվաքանակը չի անցնում 1,6 մլն-ից: Այս թվերն «անցողիկ» դարձնելու համար անհրաժեշտ կլիներ իրական ցուցակներ կազմել, որն էլ իր հերթին իրատեսական չէ, քանի որ ուղղակի մեկ անգամ էլ կճչան 2003թ. ընտրական կեղծիքները:
դ) Սահմանադրական փոփոխությունները չընդունելու գլխավոր պատճառներից մյուսն էլ այն է, որ իշխանություններն են ներկայացնում դրանք, և հենց այդ հանգամանքը, որ իշխանություններն են ներկայացնում` արդեն բավական է, որ դրանց «այո» չասվի, նամանավանդ, որ բոլորն էլ հասկանում են` ներկայացվող փոփոխությունների կողմնակիցներն իրենց հայտարարություններում անկեղծ չեն:
ե) Եվս մեկ պատճառ կա այս փոփոխությունները մերժելու համար: Դա, այսպես ասած, մեր եվրոպացի գործընկերների այս ամենի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքն է, երբ իրենց մոտեցումներում դահիճին ու զոհին նույն հարթության վրա են դնում, երկուսին էլ հավասարաչափ ու մեկտեղ են հաթաթա տալիս` թե, իբր, Հայաստանի համար ծանր հետևանքներ կլինեն, եթե չընդունվեն հիշյալ փոփոխությունները:
զ) Կարևոր մեկ փաստարկ ևս. վստահ եմ, նախագահ Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ համապետական ցանկացած քվեարկություն, լինի դա ընտրություն, թե հանրաքվե, առավել ևս կեղծված ելքով, ինչպես եղավ Վրաստանում և Ուկրաինայում` բերելու է ժողովրդական ամենալայն զանգվածների քաղաքական պահանջներով փողոց դուրս գալուն, իսկ դա ամենից քիչ հենց Ռ.Քոչարյանին է պետք: Այսինքն, ակնհայտ է, որ պրն Քոչարյանը շահագրգռված չէ այս փոփոխությունների ընդունման մեջ: Հետևաբար, երբ նա եվրոպացիների ճնշման տակ հրապարակայնորեն կողմ է արտահայտվում փոփոխություններին, մեղմ ասած, անկեղծ չէ, և որպեսզի չստացվելու դեպքում ապահովագրվի, կարդարանա ասելով` տեսեք, թե մենք ինչ վատ ընդդիմություն ունենք, լավ գործերն էլ են տապալում:
է) Եվ վերջինը. սահմանադրական փոփոխությունները չեն ընդունվի, քանի որ դժվար է, եթե չասեմ` անհնարին, համաձայնություն ձեռք բերել խաբողի և խաբվածների միջև, ավարառուի և թալանվածների միջև, ասպատակողի և կեղեքվածների միջև: Այստեղից էլ` հեղափոխության մասին չդադարող կոչեր, որի անհրաժեշտության մասին այդքան խոսում են:
Այնպես որ սահմանադրական փոփոխություններում մեր անկեղծությունն ապացուցելու մեկ իրական և ազնիվ միջոց ունենք` համաձայնվենք «Ազգային Միաբանություն» խմբակցության առաջարկների հետ, համաձայնվենք մեր լիազորությունները վայր դնելու և խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրությունների գնալու դրույթների հետ, ինչպես նաև վերադարձնենք ժողովրդին հանրաքվե նախաձեռնելու իր բնական իրավունքը, ինչը հենց գործող Սահմանադրությամբ նրանից խլվել է: Շնորհակալություն: