ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ
(Վիեննա, 24 փետրվարի, 2006 թ.)
Հարգելի գործընկերներ, ցավում եմ, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորն այնքան ցածրացավ, որ այստեղ, այս հեղինակավոր լսարանում, Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի 55 երկրների ներկայացուցիչների ու մահմեդական երկրներից հրավիրված բազմաթիվ հյուրերի ներկայությամբ վիրավորեց Եվրամիությանը և Եվրախորհրդարանին ըստ էության մեղադրելով նրանց զրպարտության մեջ: Կարծում եմ, որ Եվրամիության երկրների պատվիրակները պատշաճ ձևով կարձագանքեն այդ ծանր, բայցև անհիմն մեղադրանքին, ըստ որի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարների ոչնչացումը (որի մասին իր ելույթում անդրադարձավ հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը) հայկական քարոզչության հորինվածք է: Փաստորեն ադրբեջանցի խորհրդարանականը կշտամբեց Եվրախորհրդարանին 2006 թ. փետրվարի 16-ին «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա բանաձև ընդունելու համար:
Այժմ շարունակեմ ելույթս ըստ քննարկվող հարցի էության:
Հարգելի գործընկերներ: Այսօր խնդրո առարկա հարցը հույժ արդիական է աշխարհի ճակատագրի համար, և դա չափազանցություն չէ: Կարևոր է գտնել հետևյալ հարցի անկողմնակալ պատասխանը. ինչպիսի՞ արմատներ ունեն իրենց տակ իրադարձությունները, որոնք ցնցեցին մահմեդական աշխարհը դանիական օրաթերթում պատվելի Մուհամեդ մարգարեի հասցեին ծաղրանկարների տպագրումից երեք ամիս անց, ինչպիսի՞ երևույթի հետ մենք գործ ունենք:
Ի՞նչ է դա. խոսքի ազատության և կրոնական համոզմունքների նկատմամբ առկա համաշխարհային ճգնաժամ, թե՞ միջքաղաքակրթական բնույթի խոր հակասությունների արտացոլում: Միգուցե դա քրիստոնեական, հրեական և մահմեդական դավանանք կրող երկրների միջև խաղաղ համագործակցության ճգնաժամի հետևա՞նք է: Փորձենք համակողմանի վերլուծել ստեղծված իրավիճակը:
Այսպես, 1993 թ. «Foreign Affairs» ամսագիրը տպագրեց Սեմյուել Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» («The clash of civilizations») հոդվածը: Կարճ ժամանակ անց այն հրատարակվում է առանձին գրքով և դառնում քաղաքական բեսթսելլեր: 10 տարի անց, 2002 թ. նախագահներ Նիքսոնի և Ռեյգանի խորհրդական, 1992 և 1996 թթ. Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Պատրիկ Բյուքենենը հրատարակում է «Արևմուտքի մահը» («The Death of the West») գիրքը: Արդեն 1 տարի անց այն վերահրատարակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Եվս մեկ տարի անց ֆրանսիացի հեղինակ Էմանուել Թոդդը հրատարակում է «Կայսրությունից հետո. Pax Americana - վերջի սկիզբը» աշխատությունը, որը Եվրոպայում և ԱՄՆ-ում ամենաքննարկվող գրքերից մեկը դարձավ: Ճիշտ այդ նույն ժամանակ, Իրանի արդեն նախկին նախագահ Մոհամադ Խաթամին ելույթ է ունենում «Քաղաքակրթությունների երկխոսություն» բանավիճային մտահոգիչ հոդվածով:
Տարբեր աշխարհընկալումներ ունեցող տարբեր հեղինակներ իրենց վերլուծություններում աշխարհում վտանգավոր զարգացումներ են կանխատեսում:
Այս խորիմաստ վերլուծություններում արծարծվում են խոսքի ազատության և կրոնական համոզմունքների նկատմամբ հարգանքի ճգնաժամի, ինչպես նաև արևմտյան ժողովրդավարության ու մահմեդական աշխարհի միջև օրեցօր խորացող հակասությունները: Այսօր մենք ականատես ենք, երբ խոսքի ազատությունն իր ժամանակակից դրսևորումներով անհաշտ բախման մեջ է մտել մահմեդական մեկնաբանմամբ արդարության գաղափարի հետ:
Մեր կարծիքով, ի հայտ եկած խոսքի ազատության համաշխարհային ճգնաժամը պայմանավորել դանիական օրաթերթում զետեղված ծաղրանկարների հանգամանքով խիստ միակողմանի բնույթ կկրի: Ակնհայտ է, որ այստեղ դիտարկվող երևույթը ոչ այնքան խոսքի ազատության ճգնաժամի մասին է վկայակոչում, որքան դրա դրսևորման ոչ ազատ, այլ ընտրողական բնույթ ունենալու մասին: Դա ակներև է դառնում անգամ համաշխարհային հեռուստալրատվական ծանրակշիռ և առաջատար գործակալությունների հաղորդումներից:
Այսպես, տեղեկատվական առաջատար գործակալությունները լայնորեն լուսաբանում էին նախանցյալ տարվա ամռանը Ուզբեկստանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: Նրանց ուշադրությունից չվրիպեց նաև ղըրղզական վարդակակաչների հեղափոխությունը: Ցավոք, այդ նույն հեռուստաալիքները բացարձակապես չարձագանքեցին, երբ 2005 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավերվում էին Նախիջևանի Հին Ջուղայի հայկական քրիստոնեական գերեզմանատան IX-XVII դդ. ճարտարապետաշինության փոքր հուշարձանները:
Քիչ չեն խոսքի ազատության դրսևորման հանդեպ ընտրողական մոտեցման և այլ օրինակները: Այսպես, համաշխարհային հեռուստաալիքները լայնորեն լուսաբանում էին վարդերի և նարնջագույն հեղափոխությունները Վրաստանում և Ուկրաինայում: Մինչդեռ նրանք բացարձակ անուշադրության մատնեցին Երևանում տեղի ունեցող և շուրջ մեկ շաբաթ չդադարող 150 հազարանոց բողոքի ցույցերը: Ցույցեր, որոնք 2003 թ. փետրվարին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ կատարված զանգվածային ընտրակեղծիքների հետևանք էին: Արդեն այն ժամանակ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության գիտակցության մեջ լուրջ կասկածներ ծնվեցին ԵԱՀԿ անդամ պետություններում խոսքի ազատության հանդեպ ընտրողական մոտեցումների վերաբերյալ: Ակնառու էին երկակի ստանդարտները խոսքի ազատության իրականացման հարցում:
Միգուցե Հայաստանի քաղաքացիների ընկալումները չլինեին այդքան ցավոտ, եթե նրանք վկաները չդառնային նախագահական և Ազգային ժողովի ընտրություններից առաջ միակ, իրականում անկախ «Ա1+» հեռուստաալիքի փակմանը: Հեռուստաալիք, որը պարիտետային սկզբունքով եթերային ժամանակ էր տրամադրում ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը և անկախ փորձագետներին: Լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Հայաստանի իշխանություններն արհամարհեցին ԵԱՀԿ և ԵԽԽՎ կողմից ընդունված մի շարք բանաձևերն ու պարտավորեցնող հանձնարարականները «Ա1+» հեռուստաալիքի աշխատանքների վերականգնման մասին:
Ավելին, վերջերս Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին Հանրապետությունում հյուրընկալվեցին ԵԱՀԿ ԽՎ հարգելի նախագահ Էլսի Հաստինգսը և ԵԽԽՎ հարգելի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը: Բարձրաստիճան երկու հյուրերն էլ գտնվելով Հայաստանում, բազմիցս նշեցին հեռուստատեսային եթերաժամերի տրամադրման հավասար հնարավորությունների ապահովման պարտադիր լինելը ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության համար: Ավա՜ղ, նույնիսկ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարություններից հետո էլ հայաստանյան ոչ մի հեռուստաալիք այդպես էլ ոչ մի րոպե եթերաժամ (այդ թվում նաև` վճարովի) չտրամադրեց Հայաստանի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խմբակցության` «Ազգային Միաբանության» պատգամավորներին:
Հայաստանի ժողովուրդը, ինչպես «Բորիս Գոդունով»-ում կասեր Պուշկինը, լռում է: Միևնույն ժամանակ, մարդիկ սկսեցին լրջորեն մտորել առ այն, որ Հայաստանի իշխանությունները ցուցադրաբար արհամարհեցին ԵԱՀԿ և Եվրախորհրդի ղեկավարության համառ հորդորները: Այո, մենք իրավասու ենք այստեղ խոսել ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շրջանակներում խոսքի ազատության լուրջ ճգնաժամի մասին:
Ավելին. Հայաստանի իշխանությունները խոսքի ազատության ճնշման գործում այն աստիճան իրենք իրենց գերազանցեցին, որ ժամանակ առ ժամանակ նրանց գործողությունները հասնում էին անհեթեթության: Այսպես, Հայաստանի Հանրային և այլ խոշոր հեռուստաընկերություններին արգելված է ցուցադրել ԵԽ ԽՎ լիագումար նիստերում ունեցած իմ ելույթները, ինչպես դա տեղի էր ունեցել 2004-2005 թթ. և այնպես էլ վերջերս` 2006 թ. հունվարի 26-ին (ԵԽ ԽՎ-ի վերջին նստաշրջանում):
Կարծում եմ, որ ԵԱՀԿ և Եվրախորհրդի կողմից ընդունած սեփական բանաձևերի ու հանձնարարականների իրագործման հարցում դրսևորած անհետևողականությունը վերջին դերը չի խաղում առանձին վերցրած պետությունում խոսքի ազատության ճգնաժամի խորացման գործում: Իսկ առանձին երկրներում առկա ճգնաժամերը իրենց ամբողջության մեջ, իհարկե, հանգեցնում են խոսքի ազատության նկատմամբ համաշխարհային ճգնաժամի:
Խոսքի ազատության և կրոնական արժեքների նկատմամբ հարգանքի ճգնաժամի ակունքները, պատճառները կրոնական տարբերությունների մեջ չեն: Դրանց արմատները, կարծում եմ, այլ տեղ են. մահմեդական աշխարհը չի ընկալում ժողովրդավարության արևմտյան այն չափանիշները, որոնք, իրենց առօրյա արտահայտչաձևերով, մեր պարագայում մերժելի ծաղրանկարների տպագրությամբ, սուր հակասության մեջ են մտել Իսլամի մեկնաբանությամբ Արդարության գաղափարի հետ:
Մեր խնդիրն է միավորել, մոտեցնել հակամարտության վտանգավոր անդունդ սողացող քաղաքակրթությունների համար առանցքային հանդիսացող Արդարություն և Ազատություն փիլիսոփայական հիմնախնդիրները: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է մշտապես դատապարտել խոսքի ազատության իրական էությունը գործնականում նենգափոխողներին: Կարևոր եմ համարում նաև մերկացնել այն մարդկանց, ովքեր «Արդարության» դրոշի ներքո շահադիտորեն և կանխակալ ձևով են կյանքում գործում:
Այս ամենը խիստ կարևոր ենք համարում, որպեսզի ի սկզբանե բացառենք ցինիկության այնպիսի գործելակերպը, երբ, օրինակ, ադրբեջանական հեռուստատեսությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հերոսացվում է ակնհայտ մարդասպան Ռամիլ Սաֆարովը կամ էլ որպեսզի անհնար դարձնենք հայկական քրիստոնեական Նեկրոպոլի անարգման փաստերի լռության մատնելը ոչ միայն Ադրբեջանում, միջազգային տեղեկատվական առաջատար հեռուստաալիքների կողմից, հանգամանք, որը համարում ենք խիստ սկզբունքային: Կարծում եմ, եկել է ժամանակը խորհելու, ինչպիսի՞ աշխարհում ենք մենք ապրում և ո՞րն է մեր անձնական պատասխանատվությունը մարդկանց ճակատագրերի հանդեպ: Մենք պարտավոր ենք, անկողմնակալ և ինքննա:
Խորհենք միասին, ինչպիսի՞ աշխարհում ենք մենք ապրում և ո՞րն է մեր անձնական պատասխանատվությունը մարդկանց ճակատագրերի հանդեպ: Ինքնաքննադատաբար, անկողմնակալ վերլուծենք մեր գործողությունները և ԵԱՀԿ շրջանակներում անհապաղ համարժեք միջոցներ ձեռնարկենք գլոբալիզացիայի մարտահրավերները դիմակայելու համար: Հակառակ դեպքում գալիք սերունդները մեր դարաշրջանը բնութագրելիս կասեն. աշխարհը ղեկավարում էին ամենևին ոչ հերոսներ, առավել ևս ոչ իմաստուններ: Հիրավի, ցավալի է դրա գիտակցումը…