ԵՎՐՈՊԱՅԻ ՀԻՎԱՆԴ ՄԱՐԴԸ
16.03.2010
Հարցազրույց «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ
- Պարոն Գեղամյան, խնդրում եմ Ձեր գնահատականը տալ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների կոմիտեի թիվ 252 բանաձևի ընդունման վերաբերյալ:
- Աշխարհաքաղաքական և ֆինանսատնտեսական այս բարդ իրավիճակում, որում հայտնվել են թե՛ աշխարհիս հզորները, թե՛ ընդհանուր առմամբ բոլոր երկրները, դժվար է գերագնահատել ընդունված բանաձևի նշանակությունը: Այո՛, տրված գնահատականը չափազանցություն չէ, քանի որ հանրահայտ ճշմարտություն է այն, որ միջազգային քաղաքականությունը, ինչպես և քաղաքականությունն ամբողջությամբ ոչ այլ ինչ է, քան պայքար իշխանության համար: Ինչպիսին էլ լինեն միջազգային քաղաքականության վերջնական նպատակները, իշխանություն հաստատելը շարունակում է մնալ դրա գերագույն խնդիրը: Ինչո՞վ է ընդունված բանաձևի նշանակությունը բացառիկ: Գաղտնիք չէ, որ 20-րդ դարի 2-րդ կեսից աշխարհի առավել հզոր պետությունները իրենց արտաքին հարաբերությունների հիմքում դրել էին քաղաքագիտության մեջ հայտնի քաղաքական իրապաշտության (Real politic) տեսության սկզբունքները: Ըստ որում, ուշագրավ է, որ դրա հիմնադիրներից է ծագումով Բավարիայից ամերիկացի հայտնի քաղաքագետ Իոահիմ Հանս Մորգենթաուն: Նա դեռ 1948 թ. քաղաքական բեսթսելլեր դարձած իր «Քաղաքականությունը ազգերի միջև» (Politics Among Nations) գրքում առաջարկել էր վեց, ներկայումս համընդհանուր ճանաչման արժանացած, անվիճարկելի դարձած սկզբունք, որոնք կազմում են այդ տեսության առանցքը և որոնցով առաջնորդվել են իրար փոխարինող ԱՄՆ-ի հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող 11 նախագահները: Հետաքրքիր է, որ Մորգենթաուի այս աշխատությունը վերահրատարակվել է ավելի քան 20 անգամ:
Նա իր գրքում քննադատության էր ենթարկել ամերիկյան քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը ներհատուկ լավատեսությունը մարդու բնության հանդեպ: Նրա կողմից մերժվել էր նաև արտաքին քաղաքականություն իրականացնելիս ապավինելը գիտակցության ամենազորությանը, ինչպես նաև ամերիկյան արժեքների ու հետաքրքրությունների ունիվերսալության բացարձականությանը: Ըստ Մորգենթաուի, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ դա հանգեցրել էր գաղափարապաշտության, բարոյախրատականության, սենտիմենտալականության և մեկուսականության արմատավորմանը: Կրկին փաստենք, որ անցած 60 տարիների ընթացքում իրար հաջորդող ԱՄՆ-ի վարչակազմերը հաշվի էին առել մեծ քաղաքագետի այդ դիտարկումը և իրենց երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրել էին պրագմատիկ սկզբունքներ, որոնք բխում էին ԱՄՆի պետական շահերից և միշտ չէ, որ ընդունելի են բարոյականության տեսանկյունից: Ավելին, նրանք հաշվի էին առնում անխուսափելի հակասությունները բարոյական կարգադրագրերի և քաղաքական գործողություն կատարելու պահանջից բխող գործառույթների միջև: Քաղաքական իրապաշտության հիմնական հատկանիշներից է պետական շահի հայեցակարգի սահմանումը, որը հիմնվում է իշխանության ուժի վրա` ներկայացնելով արտաքին քաղաքականության բուն առարկան:
Այդ տեսությունը բացատրում է, որ բարոյական համապարփակ սկզբունքները միշտ չէ, որ գործադրելի են պետական գործունեության համար և պետք է կիրառվեն տեղի ու ժամանակի ճշգրիտ որոշմամբ: Մասնավորապես, Մորգենթաուն թևավոր դարձած օրինակ է բերում` նշելով, որ անհատը կարող է ասել` «Թող կործանվի աշխարհը, բայց հաղթանակի օրենքը» (“Fiat justitia, pereat munds”), մինչդեռ պետությունը նման կերպ վարվելու իրավունք չունի: Վերլուծելով ամերիկյան Կոնգրեսում ս/թ մարտի 4-ին կայացած քննարկումները Հանս Մորգենթաուի քաղաքականության իրապաշտության տեսության լույսի ներքո` կարելի է գալ հետևյալ եզրակացության: Դրանք վկայեցին, որ նախագահ Բարաք Օբամայի, Պետքարտուղար Հիլարի Քլինտոնի, ինչպես նաև կոնգրեսականների դիրքորոշումները իրենց ամբողջականության մեջ տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ: Բավական է ասել, որ հարցի քննարկման նախօրեին ո՛չ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ո՛չ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այդպես էլ հրապարկավ հանդես չեկան կոչով` ուղղված ԱՄՆ կոնգրեսականներին, առ այն, որ թիվ 252 բանաձևի ընդունումը հակասում է իրենց երկրի պետական շահերին: Ավելին, Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայքլ Համմերը մարտի 2-ին հայտարարել էր, որ խնդրո առարկայի վերաբերյալ Բարաք Օբաման իր տեսակետը չի փոխել: Մինչդեռ մենք ականատեսը դարձանք, երբ բանաձևի ընդունմանը դեմ արտահայտվող յուրաքանչյուր կոնգրեսական ասես իր պարտքն էր համարում հավատարիմ մնալ հարցի բարոյական կողմին` չժխտելով Օսմանյան կայսրության տարեմուտին իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ավելին, ընդունելով ու դատապարտելով այն, դրա հետ մեկտեղ կոնգրեսականները հայտարարում էին, որ դեմ են բանաձևի ընդունմանը, քանի որ դա իրենց համոզմամբ հակասում է ԱՄՆ-ի պետական շահերին: Թե ինչո՞վ է հակասում ԱՄՆ պետական շահերին, քանիցս այդ տեսակետի կողմնակիցների կողմից դա մանրամասն ասվել է` լինի դա թուրքական կողմի մասնակցությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ Աֆղանստանում ահաբեկչության դեմ մղվող պայքարին կամ Թուրքիայի օժանդակությունը ԱՄՆ-ի ջանքերին` ուղղված Իրաքում տևական խաղաղության հաստատման, էլ չասենք Թուրքիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: Թերևս, բանաձևին դեմ քվեարկողների եզակի հիմնավորումն այն էր, որ նրանք առաջ էին քաշում ԱՄՆ-ի պետական շահից բխող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի արդիականությունը:
Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների կոմիտեի քննարկման ժամանակ բանաձևի ընդունմանը դեմ արտահայտվողների ճնշող մեծամասնության կողմից փորձ էր արվում դա մատուցել որպես առավել կարևորություն ներկայացնող հարց: Այստեղ չէի ցանկանա խորանալ այն հարցերի մեջ, թե արդյոք Հայոց ցեղասպանության դատապարտումը հակասո՞ւմ է ԱՄՆ-ի պետական շահին, արդյոք դա հակասո՞ւմ է նաև հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգմանը: Դա լուրջ քննարկումների մեկ այլ թեմա է, ինչին առաջիկայում կարելի է անդրադառնալ: Անցած քննարկումները փաստեցին մի շարք նոր իրողությունների երևան գալը:
Առաջին. Բարաք Օբաման ԱՄՆ-ի հետպատերազմյան շրջանի 12 նախագահներից միակն է, ով լինելով, անշուշտ, պրագմատիկ քաղաքական գործիչ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը փորձում է հաղորդել նաև բարոյական ուղղվածություն: Եվ ոչ միայն փորձում է, այլ նաև այդ ուղղությամբ իրականացնում է գործնական քայլեր, ինչը ցայտուն երևաց 2009 թ. ապրիլի սկզբին, երբ, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, Օբաման հրապարակավ հայտարարեց, որ իր տեսակետները Հայոց ցեղասպանության վերաբերյալ մնացել են անփոփոխ: Թերևս, հավատարիմ մնաց իր խոստմանը նաև ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով դեռ սենատոր եղած ժամանակ նույնպես արտահայտվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Երկրորդ. ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին քաղաքական հարցերի կոմիտեի նիստում ընդունված թիվ 252 բանաձևը և դրա շուրջ ծավալված քննարկումները վերստին ապացուցեցին, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս դարձել է աշխարհաքաղաքական զարգացումների մեջ լրջագույն սուբյեկտ, գործոն, որին առնչվող հարցերն ունեն ոչ միայն բարոյական ուղղվածություն, այլ նաև մեծապես կարող են իրենց ազդեցությունը թողնել աշխարհի առավել ազդեցիկ երկրների փոխհարաբերությունների վրա: Գաղտնիք թող չլինի, որ 2007 թ. հոկտեմբերի 10-ին այդ նույն ատյանի կողմից ընդունված նույնաբովանդակ թիվ 106 բանաձևի քննարկումների ժամանակ գրեթե չէր շոշափվում Հայաստանի Հանրապետության գործոնը, այլ խնդիրը քննարկվում էր զուտ բարոյականության, պատմական արդարության հաստատման հարթության վրա:
Երրորդ. թիվ 252 բանաձևի ընդունման փաստը, դրան նախորդող քննարկումները Կոնգրեսում, դրանց բովանդակությունը գալիս են հաստատելու այն կարևորագույն նշանակությունը, որը ԱՄՆ-ի քաղաքական ընտրանին հատկացնում է Հարավային Կովկասի տարածաշրջանին, այդ երկրների հետ իր հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը: Չորրորդ. բանաձևի ընդունումը, անշուշտ, կարելի էր դասել որպես ԱՄՆ-ի կողմից հռչակված մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին աներկբա նվիրվածության վերահաստատումը: Նվիրվածություն, որը, թերևս, վերջին տարիներին որոշակիորեն սասանվել էր Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկվող ռազմական գործողությունների փաստով` լինեն դրանք Իրաքում, թե Բալկաններում:
- Այնուամենայնիվ, պարոն Գեղամյան, ըստ Ձեզ թիվ 252 բանաձևի ընդունումը կարելի՞ է համարել հայկական դիվանագիտության հաղթանակ և թուրքական դիվանագիտության պարտություն:
- Կարծում եմ, երբեք ու երբեք չի կարելի հարցին նման տեսանկյունից մոտենալ: Նախ, նման հարցադրումը վիրավորական է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում նահատակված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակի և նրանց ժառանգների համար: Ինչո՞ւ չէ, վիրավորական է նաև Ամերիկայի նման առաջատար ժողովրդավարական երկրի համար: Երկիր, որը, լինելով աշխարհի գերհզոր պետություններից մեկը, եթե ոչ ամենահզորը, իր բնությամբ կոչված լինելով ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության հաստատման գործում առաջամարտիկի առաքելություն ստանձնած պետություն, բանաձևի չընդունման փաստով կդադարեր աշխարհի կողմից ընկալվել որպես այդպիսին: Բանաձևի մերժմամբ նա սեփական երկրի բարի համբավը, ասես, որպես մանրադրամ կփոխանակեր մի իրողության հետ, որը պետական շահերի տեսակետից խիստ վիճարկելի կլիներ: Որը, սակայն, միջազգային հանրության աչքին ԱՄՆ-ն կներկայացներ որպես անբարոյականությունը որպես արտաքին քաղաքականության միջոց դրսևորած երկիր:
Այնպես որ, եթե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը կարելի է հաղթանակ համարել, ապա դա, այո՛, ամերիկյան Կոնգրեսի, ինչու չէ, ամերիկացի ժողովրդի բարոյական մեծ հաղթանակն է: Եվ, իհարկե, դա արդյունք է Հայոց պետականության աշխարհաքաղաքական հարաբերություններում լուրջ գործոն դառնալու իրողության, և, անշուշտ, շուրջ 1,5 մլն ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների բացառիկ պարկեշտ, իրենց նոր Հայրենիքին անսահման նվիրվածության փաստի գնահատանք: Իրոք, առանց հուզմունքի չէր կարելի ընկալել այն կոնգրեսականների անկեղծ խոսքը, մեջբերումները, որ արվում էին` հղում կատարելով իրենց երիտասարդական տարիների հիշողություններին կապված հայազգի բարեկամ-հարևանների հետ, ովքեր ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն էին: Եվ ում կերպարը և պահվածքը բացի պատկառանքից ու հարգանքից, և բացառիկ ազնիվ լինելու իրողությունից բացասական ոչ մի երանգ չէին թողել ԱՄՆ կոնգրեսականների շրջանում: Եվ, վերջապես, բանաձևի ընդունումը կարելի է ընկալել որպես ժամանակակից թուրք առաջադեմ մտավորականների հաղթանակ: Մտավորականներ, ովքեր Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկի օրինակով, նաև 2008 թ. դեկտեմբերի 15-ից պրոֆեսորներ Ահմեդ Ինսելի, Բաշկիմ Օրանի, լրագրողներ Չենգիզ Աքտարի, Ալի Բայրամողլու և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, լրագրողների, հասարակական 200 գործիչների հետ ինտերնետային կայք-էջում տեղադրել էին Հանրագիր, որտեղ գրված էր. «Իմ խիղճը չի կարող հաշտվել, որ Մեծ աղետը, որին 1915թ. Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին հայերը, բախվում է անտարբերության և ժխտման: Ես չեմ կարող հաշտվել նման անարդարության հետ: Ես կարեկցում եմ իմ հայ եղբայների և քույրերի ապրումներն ու դժբախտությանը և նրանցից էլ եմ խնդրում ներողություն»:
Այո, դա այս խոսքերի ներքո ստորագրած ավելի քան 30 հազար Թուրքիայի շարքային քաղաքացիների, մտավորականների հաղթանակն է: Թուրքիայի քաղաքացիներ, ում համար պատմական արդարության հաստատումը և համամարդկային արժեքների ամրագրումը լոկ խոսքեր չեն, այլ ուղեցուցային սկզբունքներ: Սկզբունքներ, որոնք, եթե ընդունվեն որպես պետական քաղաքականություն, ապա Թուրքիայի Հանրապետությունը, իրավամբ, կարող է ընկալվել որպես ոչ միայն Եվրոպայի, այլև քաղաքակիրթ աշխարհի հավասարազոր անդամ:
- Արդյո՞ք հնարավոր եք համարում, որ ամերիկա-թուքական հարաբերությունները թիվ 252 բանաձևի ընդունումից հետո շատ կսրվեն:
- Այն, որ թուրքական իշխանություններն ամեն կերպ շահարկելու են բանաձևի ընդունումը որպես ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի Հանրապետության նկատմամբ կատարված «թշնամական» գործողություն, ակնհայտ է: Թուրքական կողմը, դեռ մինչև հարցի քննարկումը, քանիցս, ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի և արտգործնարարար Ահմեդ Դավութօղլուի առիթը բաց չեն թողել նշելով, որ նման բովանդակության բանաձևի ընդունումը լուրջ հարված կհասցնի երկու երկրների, ռազմաքաղաքական դաշնակիցների միջև հարաբերությունների սառեցմանը, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տապալմանը: Հետաքրքրական է, որ ժողովրդավարության առումով, մեղմ ասած, աչքի չընկնող Թուրքիան վերջին շրջանում որդեգրել էր ԱՄՆ քաղաքական ընտրանուն բարոյախրատական դասեր տալու գործելաոճը: Ավելին, երբ փորձում էր ԱՄՆ-ի նկատմամբ կիրառել մտրակի և բլիթի քաղաքականություն, դրանով իսկ ծիծաղ առաջացնելով ցանկացած լուրջ միջազգայնագետ վերլուծբանի մոտ: Եվ պետք է ասել, որ նման գործելաոճը կարճատև ժամանակահատվածում կարող է թուրքերին թվացյալ հաջողություններ խոստանալ: Մասնավորապես, փորձելով մեղմել դառը հաբի ազդեցությունը (խոսքը բանաձևի հաստատման մասին է), չի կարելի բացառել, որ առաջիկայում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները փոքր-ինչ «քաղցրացնեն» իրենց հռետորաբանությունը` կատարված փաստը մեկնաբանելիս:
Ինչքան էլ սրվեն այդ հարաբերությունները, չէր խանգարի թուրքական կողմին հիշեցնել, որ հարևան Իրաքի հյուսիսում բնակվող քրդական համայնքը վաղուց ի վեր պատրաստ է անկախ պետականություն հաստատելուն և, թերևս, ԱՄՆ-ի գործող իշխանությունների ջանքերի շնորհիվ է միայն, որ քրդերի անկախ պետություն հիմնելու գործընթացը զսպվում է, պահվում հսկողության ներքո: Կարծում եմ, թուրքական իշխանությունները պետք է, որ հաշվարկած լինեն, թե ինչպիսի՞ հետևանքներ կունենա հենց իրենց համար, Թուրքիայի հարավային սահմանում անկախ Քրդստանի պետության հռչակումը: Կան նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնց հիշատակումը նույնպես չի խոսի հօգուտ թուրքական իշխանությունների, եթե վերջիններս շարունակեն կատարված փաստի վերաբերյալ (խոսքը թիվ 252 բանաձևի ընդունման մասին է) իրենց կոշտ դիրքորոշումը: Ակնհայտ է, որ առաջիկայում ինչպես ամերիկա-թուրքական հարաբերություններում, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններում սպասվում են շատ հետաքրքրական զարգացումներ: Սակայն պարզ է, որ անգամ իսկ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված թիվ 252 բանաձևը ի լուր աշխարհի արձանագրեց այն իրողությունը, որ թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական կուսակցության կոնգրեսականները, կրկնեմ, միարժեքորեն ընդունում են 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության փաստը, որի վառ վկայությունն էր բանաձևի ընդունմանը թե՛ կողմ, թե՛ դեմ արտահայտվողների ելույթները:
- Այնուամենայնիվ, բանաձևի ընդունումը կարո՞ղ է փակուղի մտցնել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը:
- Որքանով էլ պատասխանս անսպասելի լինի, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մինչ հայ-թուրքական հարաբերությունների կանոնավորման գործընթացը փակուղի մտցնելը թուրքական իշխանությունները կխորհեն մի պարզ իրողության շուրջ: Այսպես. բոլորս լավ հիշում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրելու արարողությանը մասնակցում էին Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև եվրահանձնաժողովի գերագույն հանձնակատարը: Չէր խանգարի, որ թուրքական կողմը վերստին հիշեր, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է (բացառությամբ ԱՄՆ-ից) վերը հիշատակված բոլոր երկրների, ինչպես նաև Եվրամիության կողմից: Ստացվում է, որ թուրքերը դեմ չեն ՌԴ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Եվրամիության դիրքորոշմանը, սակայն կտրականապես դեմ են, որ այդ հարցում նմանատիպ դիրքորոշում որդեգրեն նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Արդյո՞ք թուրքական իշխանությունների նման վարվելակերպը լրջմիտ պետական այրերի, միջազգային կառույցների, ինչու չէ, աշխարհիս հզոր պետությունների կողմից չի՞ ընկալվի որպես մահանա` շինծու պատրվակով ձախողել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Իսկ եթե չվավերացման պատճառը դա չէ, ապա դա կընկալվի ոչ այլ կերպ, քան տղայական գործելակերպի տարրերի կիրառում միջպետական հարաբերությունների կարգավորման պատասխանատու գործում: Եվ, հիրավի, ճշմարիտ և արդարացված կլինի այն բնութագրումը, որին արժանացել էին Օսմանյան կայսրության իշխանությունները Մեծ Բրիտանիայի պետական ականավոր գործիչներից մեկի` Ուլյամ Պալմերստոնի կողմից, երբ նա մեր հարևաններին բնութագրել էր որպես «Եվրոպայի հիվանդ մարդ»: Ստեղծված այս բարդ, սակայն հետաքրքրական նոր իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը, կարծում եմ, պետք է լինի միջազգային հանրության հետ համատեղ օգնել Թուրքիայի իշխանություններին թոթափել 21-րդ դարի համար այլևս ժամանակավրեպ, հնօրյական դարձած կայսերապաշտական հիվանդության լուծը:
Արտաշես Գեղամյան
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ