ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է` ՕԳՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՆԵՈՕՍՄԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

26-27.01.2010

Վերջին տասնօրյակում թուրքական, ադրբեջանական և հայկական լրատվամիջոցները հեղեղված են վերլուծություններով, զանազան մեկնաբանություններով` պայմանավորված ս.թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից ընդունված որոշմամբ` 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխ քաղաքում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև այդ կապակցությամբ հունվարի 18-ին Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խնդրո առարկայի կապակցությամբ տարածած հայտարարությամբ: Երբ ուշադրությամբ վերլուծում ես այդ հրապարակումները, ապա գալիս ես այն եզրակացության, որ դրանք, այդ թվում և Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունը, ի սկզբանե դատապարտված են կամ հեգնական վերաբերմունքի, կամ էլ խիստ պահանջ էին առաջացրել դրանց հեղինակների շրջանում բացատրական լուրջ աշխատանք կատարելու համար: Զավեշտ է, անշուշտ, երբ ՍԴ-ի իրավասությունների շրջանակում ընդունված զուտ իրավաբանական որոշմանը տրվում են գնահատականներ, արվում հայտարարություններ, որոնք, իրենց ճնշող մեծամասնությամբ քաղաքական են և ոչ մի աղերս չունեն Միջազգային իրավունքի նորմերի հետ: Այլ խոսքով` մենք ականատեսն ենք, երբ Միջազգային իրավունքի նորմերին չհակասող, ավելին, դրանց գերակայության մասին հիշատակող ՍԴ-ի որոշումը շահարկելով` Թուրքիայի «Արդարություն և զարգացումե իշխող կուսակցությունը, Ազգային Մեծ ժողովում գործող ընդդիմադիր կուսակցությունները խնդրո առարկայի շուրջ հանդես են գալիս (անգամ իսկ այս հարցում միմյանց դաժանորեն քննադատելով) նույն ուղղվածությունն ունեցող ելույթներով և հայտարարություններով: Դրանց առանցքը հետևյալն է` վիժեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը` դրա մեղքը բարդելով պաշտոնական Երևանի վրա: Այս ֆոնին ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում իր անսահման գոհունակությունը, ընդ որում, այս հարցում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը ցուցաբերում են անթաքույց համերաշխություն: Պակաս ուշագրավ չեն մեր ընդդիմության դիրքորոշումները:

Այսպես` Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ), արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շտապեց մեր ժողովրդին հայտնել իր «հեղինակավոր» կարծիքը ՍԴ-ի որոշման վերաբերյալ: Խնդրո առարկայի շուրջ ՀԱԿ-ի կողմից ընդունված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ Սահմանադրական դատարանը թանկարժեք նվեր մատուցեց Թուրքիային, որքան էլ նրա որոշման ներածական մասը` հեքիաթ, իրավական ուժից զուրկ մի շարադրանք է, Թուրքիան, Հայաստանի իշխանությանը նմանակելով ու նույն մակարդակին լինելով, այն լրջի է տալիս»: Կարծում եմ, ՀԱԿ-ի հայտարարությունը կարդալիս առավել ծանր ապրումների մեջ կընկնեն Թուրքիայի իշխանությունները` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կոնգրեսի կողմից իրենց հասցեին արած ծանր քննադատությունից: Պետք է ակնկալել, որ մոտ ժամանակներում Թուրքիայի վարչապետը Հուլիոս Կեսարի նմանակությամբ հուսահատ կբացականչի` Եվ դու, Լևո՛ն… Հետաքրքրական է նաև Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) արձագանքը: Նրանք նույնպես հավատարիմ մնացին վերջին շրջանում իրենց որդեգրած, առավել ցայտուն արտահայտվող գործելակերպին և ՍԴ-ի որոշմանը, ինչպես նաև դրա շուրջ ընթացող զարգացումներին տվեցին գնահատականներ, որոնք կարելի է ամփոփել «Համ նալին, համ մեխին» խորագրի ներքո: Արդարության առաջ չմեղանչելու համար նշենք, որ այս պարագայում, Հայաստանի պետական շահերի տեսանկյունից դատելով, Դաշնակցության կողմից վարվող քաղաքականությունն արդարացված է, որը հնարավորություն է ընձեռում մեր իշխանություններին անհրաժեշտության դեպքում օգտվել նրանց նման դիրքավորումից: Ինչ վերաբերում է «Ժառանգության» կողմից որդեգրված մոտեցումներին, փաստենք, որ նրանք նույնպես հավատարիմ մնացին սեփական գործելակերպին, այն է` հուշել, օգնել միջազգային ամենատարբեր կառույցներին առավել խիստ պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ` իրենց նման պարզունակ, օտարի շահերը պաշտպանող մոտեցումները քողարկելով Հայաստանի ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության ծխածածկույթով:

Այս անգամ «Ժառանգություն»-ը գերազանցեց ինքն իրեն: Այսպես` հունվարի 20-ի «Առավոտ»-ում տպագրված «Հերթական ծուղակը. ինչո՞ւ ժամանակից ու սպասվածից շուտ արձակվեց ՍԴ որոշումը» վերնագրով հոդվածում Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը գրում է. «Ավելին, Սերժ Սարգսյանը չհասավ նրան, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների շուտափույթ վավերացումով վատթարանային Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները և ղարաբաղյան առանցքով ուժեղանար Հայաստանը ու թուլանար Ադրբեջանը»: Ակամայից ուզում ես գոչել` պարոններ Գյուլ, Էրդողան, Դավութօղլու, ականջ դրեք մեր Ստեփանի ահազանգին և մի վավերացրեք արձանագրությունները, հայ պատգամավորը տագնապահար զգուշացնում է ձեզ, որ դա կվատթարացնի ձեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, իսկ «ղարաբաղյան առանցքով կուժեղանա Հայաստանը ու կթուլանա Ադրբեջանը»: Պարոն Ալիև, դու էլ կարող ես դրվատանքի խոսքեր հղել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի քո գործընկեր «Բրիթիշ պետրոլեում»-ին, առ այն, որ 2009 թ. Ստեփանի` Լոնդոնում անցկացրած երկամսյա դասընթացները, նրա վրա արված ծախսերը զուր չեն եղել, երիտասարդը քրտնաջանորեն աշխատելով Ադրբեջանի օգտին` փոխհատուցում է դրանք: Երևանյան բարբառով ասած` ՍԴ-ի որոշումը «լազաթ տվեց» թուրքերին, ազերիներին, ինչպես նաև «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին: Իսկ այժմ անդրադառնանք, թ» որո՞նք են ՍԴ-ի որոշման կապակցությամբ թուրքական կողմի բուռն արձագանքի պատճառները: Նախ հիշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից (խոսքը 2009 թ. ապրիլի 23-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի մասին է) դեռ մեկ ամիս չանցած` մայիսի 12-ին, Բաքու կատարած իր պաշտոնական այցի շրջանակում ելույթ ունենալով Ադրբեջանի Միլի Մեջլիսում հայտարարել էր. «Թուրքիան Հայաստանի հետ սահմանները չի բացի մինչև հակամարտության (նկատի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. - Ա.Գ.) կարգավորումը: Կարո՞ղ է դրան կան ավելի մեծ երաշխիքներ, քան Թուրքիայի վարչապետի խոսքերը»: Էրդողանն իր ելույթն ավարտել է Ադրբեջանի օրհներգի բառերով, որից հետո Միլի Մեջլիսի պատգամավորները հոտնկայս, բուռն ծափողջույններով քաջալերել են նրան: Ուշագրավ է, որ Ադրբեջանի պառլամենտում Թուրքիայի վարչապետի այս ելույթը գրեթե ամբողջությամբ հեռարձակվել է թուրքական հեռուստատեսությամբ:

Հիշատակելի է նաև, որ նա 2009 թ. հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հաջորդ իսկ օրը հայտարարել էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է: Նշենք, որ նույնաբովանդակ հայտարարություններով Էրդողանը հանդես է եկել քանիցս: Նման մոտեցում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման առնչությամբ բազմիցս հնչեցվել է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ելույթներում: Ճիշտ վերջերս, Դավութօղլուն Մեծ Բրիտանիայում, ելույթ ունենալով Լոնդոնի «King’s College»-ում կազմակերպված համաժողովում ի պատասխան իրեն ուղղված հարցին` «Կստորագրի՞ արդյոք Թուրքիան արձանագրությունները Հայաստանի հետ առանց որևէ պայմաններ առաջադրելու», պատասխանել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, արձանագրությունների ստորագրումն իմաստ չունի, երբ «Ադրբեջանի տարածքների 20%-ը բռնազավթված է Հայաստանի կողմից»: Թուրքական պառլամենտում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին այս պայմաններում խոսք լինել չի կարող. «Իմաստ չունի ձգտել տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատմանը, երբ առկա է նման ագրեսիա Հայաստանի կողմից»: Ասել կուզի, որ Թուրքիայի իշխանությունները, ցանկացած առիթ օգտագործելով, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը մշտապես պայմանավորել են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, այն էլ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Ավելի ծայրահեղական դիրքերից է հանդես եկել Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում գործող ընդդիմությունը:

Այսպես, Դևլեթ Բախչելիի գլխավորած «Ազգային գործողություն կուսակցությունը» (2007 թ. հուլիսի 22-ի Թուրքիայի պառլամենտական ընտրություններում ստացել է ընտրողների 14,3% քվե և Ազգային Մեծ Ժողովում ներկայացված է 71 պատգամավորով) կառավարությանը կոչ է արել պառլամենտից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները: «Այդ որոշմամբ (նկատի ունի ՀՀ ՍԴ-ի հունվարի 12-ի որոշումը.- Ա.Գ.) մեկ անգամ ևս ընդգծվում է, որ Հայաստանը չի փոխելու Միջազգային իրավունքին հակասող իր դիրքորոշումը և Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունքը: Այդ իրադրությունը Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության համար ամոթալի պարտություն է և ֆիասկո: …Կառավարությունը շուտափույթ պետք է հետ կանչի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները», - ասել է Բախչելին: Ըստ նրա, հակառակ դեպքում, Թուրքիայի գործող կառավարությունը պատմության մեջ կմտնի որպես «Կառավարություն, որը ոտնահարել է Թուրքիայի հպարտությունը, հույսը, պատիվը և ազգային շահը»: Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են: Եվ ահա այս իրավիճակում թուրքական իշխանությունների համար սառը ցնցուղի ազդեցություն ունեցան նախ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը (Էրդողանի 2009 թ. դեկտեմբերի 6- 8-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցից անմիջապես հետո) առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը տարբեր, առանձին գործընթացներ են, ապա ս.թ. հունվարի 13-ին ՌԴ-ի վարչապետ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի վարչապետի արած հայտարարությունը: Վլադիմիր Պուտինն ասել էր. «Ի նկատի ունեմ, որ և՛ ղարաբաղյան պրոբլեմը, և՛ հայ-թուրքականը իրենք իրենցով լուրջ պրոբլեմներ են:

Դրանք փոխշաղկապել մի փաթեթում իրար հետ, ես չեմ գտնում ճիշտ: Այդ պրոբլեմներից անգամ իսկ յուրաքանչյուրն առանձին լուծելն ինքնին շատ բարդ է: Եվ եթե մենք այդ ամենը մի խուրձի մեջ գցենք, ապա հարցերի լուծման հեռանկարն ավտոմատ կերպով կունենա շատ հեռավոր հեռանկար: Դրա համար էլ այդ խնդիրները շաղկապելը գտնում եմ մարտավարական և ռազմավարական տեսակետից ոչ նպատակահարմար»: ՌԴ-ի վարչապետի այս հայտարարությամբ, ըստ էության, վերջ դրվեց թուրքական կողմի ճամարտակություններին: Ճամարտակություններ, որոնց հիմնական նպատակն էր հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումն ամեն գնով պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ադրբեջանանպաստ կարգավորման հետ: Թուրքիայի իշխանությունները համոզվելով, որ իրենց ձեռնարկած այդ հնարքը բացահայտորեն մերժվում է, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ թե Եվրամիության կողմից, մնացին շիվար (նշենք, որ Եվրամիությունը խնդրո առարկայի կապակցությամբ իր նույնաբովանդակ մոտեցումները Դավութողլուին հայտնել էր 2009 թ. նոյեմբերի վերջին - դեկտեմբերի սկզբին Բրյուսել կատարած նրա աշխատանքային այցի օրերին): Ահա այստեղ է, որ թուրքական կողմը, ասես թե, իր համար որպես փրկօղակ ընկալեց ՀՀ ՍԴ-ի ընդունած որոշումը: Նրանք այն աստիճան էին ոգևորվել, որ իրենց առաջին իսկ պաշտոնական հայտարարություններով հիմնավորեցին մի պարզ ճշմարտություն: Այն է` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որը բաղկացած է ընդամենը երկու կետից (առաջին կետով փաստվում է, որ հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իսկ երկրորդ կետով հայտարարվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից) Միջազգային իրավունքի տեսակետից թուրքերին բացարձակապես չի հետաքրքրում: Ասվածի ապացույցը կարող է լինել դիցուք այն, որ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մարջանը օրերս հայտարարել էր. «Մինչև հայկական զորքերը դուրս չբերվեն Ադրբեջանի բոլոր զավթված հողերից, Անկարայի և Երևանի կողմից ստորագրված արձանագրությունները պառլամենտում չեն քննարկվելու…

Այդ որոշումը (նկատի ունի ՀՀ ՍԴ-ի հունվարի 12-ի որոշումը.- Ա.Գ.) արգելակել է գործընթացը: Սկզբում կստանանք Արտաքին գործերի նախարարության իրավաբանների եզրակացությունը, հետո հարցը կքննարկենք և որոշում կընդունենք»: Ուշադրություն դարձնենք հետևյալ իրողության վրա. Թուրքիայի քաղաքական վերնախավը դեռևս ձեռքի տակ չունենալով իրենց իրավաբանների մասնագիտական եզրակացությունը ՀՀ ՍԴ-ի որոշման վերաբերյալ` արդեն իսկ աղաղակում է հայ-թուրքական արձանագրությունների անընդունելիության մասին` մատնանշելով, որ, իբր, ՍԴ-ի որոշումն իր մեջ պարունակում է Թուրքիայի համար անընդունելի նախապայմաններ: Ակամայից մտաբերում ես Նապոլեոնի հայտնի արտահայտությունը. «Մտնենք մարտի մեջ, իսկ այնտեղ կերևա»: Թուրքական կողմը պարզապես մի մանրուք հաշվի չի առել. Մուրաթ Մարջանը Նապոլեոնի բանակի փառապանծ մարշալը` Մյուրատը չէ, Էրդողանն էլ` ոչ մի պարագայում Բոնապարտին նմանվելու շանս չունի: Իսկ հիմա պարզություն մտցնենք, թե ինչո՞ւ է ՀՀ ՍԴ-ի որոշումը սվիններով ընդունվել թուրքական իստեբլիշմենտի կողմից: Առաջին եզրակացությունը, որն աներկբա կարելի է անել, հետևյալն է. ՍԴ-ի որոշումը մի կողմից բացահայտեց, մյուս կողմից էլ չեզոքացրեց պաշտոնական Անկարայի ջանադրաբար քողարկվող նկրտումները, մտադրությունները, որոնք նա տասնամյակներ շարունակ փայփայել է: Ներկա փուլում թուրքերին թվացել էր, որ եկել է դրանք իրականացնելու պատեհ առիթը` պայմանավորված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ: Ողջամտության շրջանակից դուրս է Թուրքիայի իշխանությունների նյարդային պոռթկումն առ այն, որ Սահմանադրական դատարանն իր որոշման նախաբանում գրել է. «ՀՀ Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները ՀՀ օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»: Հիշեցնենք, որ Անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Սահմանադրական և Միջազգային իրավունքի ցանկացած արհեստավարժ մասնագետի համար ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի այս պահանջը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նկատմամբ մոտեցումներ սահմանելու համար խիստ անհրաժեշտ քայլ է: Զավեշտ չէ՞ արդյոք, որ թուրքական կողմին վրդովեցնում է ՍԴ-ի պահանջը` հավատարիմ մնալ Հայաստանի Երրորդ Հանրապետության մայր փաստաթղթին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին: Ավելին, Թուրքիան փորձ է կատարում միջազգային հանրությանը համոզել, որ ՀՀ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործին սատարելը մեծապես վտանգում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը թուրքական պառլամենտում: Այս հարցում մեր Արտաքին գործերի նախարարությանը չէր խանգարի պաշտոնական Անկարային գլխի գցել, որ դեռ 1987 թ. հունիսի 18-ին Եվրոպառլամենտն ընդունել էր «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև, որտեղ, մասնավորապես, գրված է. «Ներկայիս թուրքական կառավարության մերժումը ճանաչել երիտթուրքերի կառավարության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանությունը հանդիսանում է Ընկերակցությանը (նկատի ունեն Եվրոպական տնտեսական ընկերակցության խորհուրդը – Ա.Գ.) Թուրքիայի անդամակցության հարցի քննարկման համար անհաղթահարելի արգելք»: Ավելին, եթե թուրքական իշխանությունների համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այդքան մերժելի է, ապա թող դրսևորեին սկզբունքայնություն և ընդվզեին, երբ 2000 թ. նոյեմբերի 15-ին Եվրոպառլամենտն ընդունեց հայտնի բանաձև, որտեղ 10-րդ կետում արձանագրված է. «Ուստիև կոչ է անում Թուրքիայի կառավարությանը ու Ազգային Մեծ ժողովին ցուցաբերել լրացուցիչ աջակցություն հայկական փոքրամասնությանը, որպես թուրքական հասարակության կարևոր հատվածի, մասնավորապես Ցեղասպանության հրապարակավ ճանաչմամբ, որին ենթարկվել էր այդ փոքրամասնությունը ժամանակակից թուրքական պետության կազմավորումից առաջ»:

Եթե պարոններ Գյուլը, Էրդողանը, Դավութօղլուն խնդրո առարկայի հարցում իրոք սկզբունքային են, ապա թող պաշտոնապես հայտարարեն, որ դադարեցնում են Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ողջ գործընթացը մինչև Եվրամիությունը Հայոց ցեղասպանության պահանջ պարունակող Եվրոպառլամենտի բոլոր փաստաթղթերն այդ մասով առ ոչինչ ճանաչի: Ավելորդ չէ հիշատակել և այն, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման դեռ 1995 թ. ապրիլի 14-ին և Ֆրանսիայի Ազգային Ժողովը 2001թ. հունվարի 18-ին ընդունել էին 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ որոշումներ: Նշենք նաև, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Միջազգային հարաբերությունների կոմիտեն 2000 թ. հոկտեմբերի 4-ին ընդունել էր N 596 բանաձևը և 2007 թ. հոկտեմբերի 10-ին` N 106 բանաձևը, որոնցում 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի կործանումը որակում էր որպես Ցեղասպանություն: Արձանագրենք, որ ԱՄՆ-ը 50 նահանգներից 42-ը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս ամենի մասին թուրքական կողմը, անշուշտ, քաջատեղյակ է, պարզապես փորձում է տնտղել, թե իր անթաքույց միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին աշխարհի ուժի միջազգային կենտրոնների կողմից արդյոք համարժեք գնահատականի կարժանանա, թե՞ ոչ: Գտնում եմ, ճիշտ կլիներ, որ այս հարցերի պարզաբանումները հայկական կողմն աներ Թուրքիա-Եվրամիություն բանակցություններում Թուրքիայի կողմից լիազորված Պետնախարար Էգեմեն Բաղիշի հետ: Չէր խանգարի նրան հիշեցնել, որ 2007 թ. Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դոգու Պերինչեկին դատապարտել էր 90 օր պայմանական ազատազրկման և ենթարել 3000 շվեյցարական ֆրանկ տուգանքի: Թուրք կուսակցապետը քրեորեն պատժվել էր` դրսևորած անհանդուրժողականության և Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությունների համար: Հակառակ պարագայում տպավորություն է ստեղծվում, որ Բաղիշը վերջերս պարապ է մնացել: Փոխանակ սեփական իշխանություններին զերծ պահի Եվրամիության անդամակցության ճանապարհին անհեթեթ քայլեր կատարելու գայթակղությունից, շարունակում է մեր երկրի դեմ ուղղված կոչերով հանդես գալու իր գեշ խասյաթը: Այսպես, NTV հեռուստաալիքին տված իր հարցազրույցում նա կոչ էր արել Հայաստանին «մտածված քայլեր իրականացնել», ինչպես նաև ասել էր. «ՀՀ ՍԴ-ի որոշումը գտնում եմ տագնապահարույց: Կարծում եմ, հայկական կողմը պետք է հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացում մտածված քայլեր կատարի»: Թուրքական իշխանությունների նման ապակառուցողական գործելաոճը արդյո՞ք մեր իշխանությունների կողմից դրսևորած չափից դուրս զուսպ կեցվածքի հետևանքը չէ:

Չէր խանգարի, որ հայկական կողմը մերթ ընդ մերթ Թուրքիայի համար առավել ըմբռնելի և ընդունելի հայ «գործիչների» շուրթերով հիշեցներ, քաղաքակիրթ աշխարհի համար շատ հասկանալի պահանջներ: Մասնավորապես, հարց բարձրացվեր, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը զուգընթաց ակնկալում ենք, որ Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածից հանվեն Քեմալ Աթաթուրքի խոսքերը. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»: Չէ՞ որ բազմազգ ժողովուրդներով բնակեցված Թուրքիայում Սահմանադրության մեջ տեղ գտած այս ձևակերպումը ոչ այլ ինչ է, քան ռասայական խտրականությունն օրինականացնող դրույթ: Թող Ամերիկայի, Եվրոպայի մեր բարեկամները խորհեն, որ 21-րդ դարում կա երկիր, որտեղ միլիոնավոր այլազգիներ` քրդեր, լազեր, չերքեսներ, հրեաներ, այդ երկրում, համաձայն նրա հիմնական օրենքի, կարող են երջանիկ լինել միայն այն դեպքում, եթե իրենց թուրք համարեն: Զարմանք է հարուցում այն, որ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ` «Human Rights Watch», «Freedom House», «Amnisty International», չգիտես ինչու, չեն դրսևորում հետևողականություն և անհրաժեշտ համառություն մարդու իրավունքներն ոտնահարող Թուրքիայի Սահմանադրության այդ դրույթի վերացման ուղղությամբ: Եկեք մի պահ պատկերացնենք, որ եթե հանկարծ նման մի ձևակերպում սպրդած լիներ բազմազգ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունում` պայմանավորված ռուս ազգի դերակատարության հետ, ապա վերոհիշյալ իրավապաշտպանները տիեզերական ինչ հարայ-հրոց կբարձրացնեին: Տարակուսելի է նաև, որ «International Crisis Group»-ը նույնպես իր հաճախակի արվող վերլուծություններում չի անդրադառնում առկա հայ-թուրքական և քուրդ-թուրքական հարաբերություններում լարվածությանն ու ճգնաժամին` Թուրքիայի Սահմանադրության մեջ տեղ գտած այդ անհեթեթ ձևակերպման լույսի ներքո: Ուշագրավ է, որ Աթաթուրքի խոսքերը ամրագրված են Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության խորհրդավոր իմաստ ունեցող ճիշտ 66-րդ հոդվածում:

Կարծում եմ, տեղին կլիներ, որ հայկական կողմը մշտապես բարձրաձայներ` հայ-թուրքական արձանագրությունների «տառին ու ոգուն համահունչ չէե (Դավութօղլուի բառերով ասած) նաև այդ երկրի Քրեական օրենսգրքի թիվ 301 հոդվածը, որը թեև Եվրամիության խստագույն պահանջների ներքո 2008 թ. ապրիլի 30-ին թուրքական պառլամենտի կողմից ենթարկվեց մասնակի խմբագրման, սակայն շարունակում է մնալ խիստ տագնապահարույց: Հիշեցնենք, որ Թուրքիայի ՔՕ-ի 301 հոդվածի առաջին կետում ասվում է. «Թուրքական ազգին հասցված վիրավորանքը հանցագործություն է համարվում»: Այդ հոդվածով նախկինում սահմանված պատիժը երեք տարվա ազատազրկումից կրճատվել է մինչև երկու տարվա: Եթե մենք շարունակենք անկողմնակալ վերլուծել թուրք իշխանավորների և ընդդիմադիր գործիչների արձագանքները ՀՀ ՍԴ-ի որոշման առնչությամբ, ապա վերստին կհամոզվենք, որ դրանք իրավական առումով և ոչ մի հիմքեր չեն պարունակում, մեծապես ունեն զգացմունքային երանգներ և չհիմնավորված ազգային վիրավորվածության նշաններ: Այլ կերպ ասած` իրավակիրառական տեսակետից հարկ եմ համարում զգուշացնել, որ ՀՀ ՍԴ-ի մեր հարգարժան դատավորներն այսուհետ հնարավորինս ձեռնպահ մնան Թուրքիա մեկնելուց` լինի դա պաշտոնական գործուղում, թե` հանգիստ Անթալիայում: Հակառակ պարագայում նրանք կարող են դատապարտվել այդ երկրի ՔՕ-ի 301 հոդվածի հատկանիշներով: Կարելի է բերել նաև ուրիշ փաստարկներ հիմնավորելու, որ Թուրքիայի կողմից ՀՀ ՍԴ-ի որոշման շուրջ բարձրացրած աղմուկը բովանդակային առումով Միջազգային իրավունքի տեսակետից կարող է միայն ժպիտ առաջացնել, սակայն դա չպետք է հանգստացնի մեր իշխանություններին:

Եթե մենք, իրոք, ցանկանում ենք բնականոն դարձնել հայ-թուրքական հարաբերությունները, իսկ մենք դրան կողմ ենք, ապա պետք է օգնենք Թուրքերի իշխանություններին 21-րդ դարում իրականացնել ավելի իրատեսական արտաքին քաղաքականություն, ձերբազատվել նեոօսմանականության, կայսերապաշտության ճիրաններից: Նեոօսմանականությունը, ինչպեսև կայսերապաշտական ցանկացած քաղաքականություն, ներկայիս աշխարհում այլևս ժամանակավրեպ են և պարզապես կարող են ընդունվել լոկ որպես պատմական անախրոնիզմ: Եվ համոզված եմ, որ այս հարցում Հայաստանի Հանրապետությանն իրենց օգնության ձեռքը կմեկնեն առաջին հերթին ՌԴ-ը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը և, ինչու չէ, աշխարհի առաջադեմ բոլոր երկրները: Երկրներ, որոնք 20-րդ դարի պատմությունից շատ լավ գիտեն, թե արյունալի ինչ հետևանքների կարող է հանգեցնել առանձին պետության (պետությունների) կողմից իրականացվող ռասայական խտրականությունը և կայսերապաշտական քաղաքականությունը, եթե դրանք ժամանակին խստագույնս չեն դատապարտվում:

Արտաշես Գեղամյան

Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги