ԱԶԳՈՎԻ ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ

«Հայոց Աշխարհ», 24.IV.2008:

Ըստ Արտաշես Գեղամյանի, «Իրապես եկել է ազգովի լրջանալու պահը: Բայց լրջանալու՝ ոչ ըստ Լևոնի ու նրա վկաների պատկերացումների, որ հհշական թերթերի էջերում անթաքույց ցնծություն են ապրում: Հիացած են, որ «օգտագործելով իրենց անձնական կապերը» կարողացան Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետությունը խոցելի վիճակի մեջ դնել: Այդպիսով հնարավորություն ընձեռել, որ ադրբեջանական պատվիրակության անդամները՝ սեիդովները, գյուլթակինները, փաշաևաները և նրանց թուրք գործընկերները հանդես գան Հայաստանում ժողովրդավարության «հետընթացը» դատապարտողի դիրքերից՝ մեղադրողի կարգավիճակում, այն էլ՝ Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի նախաշեմին:

Ավա՜ղ, այդ օրին էլ հասանք, և դա հնարավոր դարձավ, որովհետև հայաստանյան պատվիրակությունը վախվորած գործելակերպ էր որդեգրել՝ ի սկզբանե մեղավորի կեցվածք ընդունելով և փորձելով Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ»:

ՈՉ ԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների «անմխիթար վիճակի» մասին Եվրախորհրդի 1609 բանաձևին անդրադառնում է «Ազգային Միաբանություն կուսակցության՚ նախագահ Արտաշես Գեղամյանը:

- Ուշադրությամբ հետևելով այն իրարանցմանը, որ ծավալվել էր հանրապետության լրատվամիջոցներում ԵԽ ԽՎ բանաձևի շուրջ, առաջին զգացումը, որ ունեցա, խորին հիասթափությունն էր: Մի՞թե կարելի է մեր երկրի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում սեփական իսկ կամքով հայտնվել ստրուկի կարգավիճակում, երբ պետությանդ ճակատագիրը կամ բախտը կրկին ու կրկին կապում ես օտարի, իսկ ավելի ճիշտ` մեր տարածաշրջանում նրանց շահերի հետ: Ուղղակի անհարմար ես զգում, երբ ականատես ես դառնում, թե ինչպես մերօրյա քաղաքական այրերը «թղթի շերեփը» ձեռքներին հիմա էլ Ստրասբուրգից են ուզում «հարիսայի» մեզ հասանելիք բաժնին արժանանալ:

Ավելին՝ իրենց գործողություններով այդ մարդիկ հիշեցնում են Գոգոլի հերոսներին, ովքեր ձայնի և մարմնի դողէրոցքով սարսափահար բացականչում էին՝ «К нам едет ревизор»: Ժամանակակից տերմինաբանությամբ՝ գալիս է ինքը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, Վենետիկի հանձնաժողովը, Ագոյի խումբը, Եվրամիության Հարավային Կովկասի պատասխանատու Պիտեր Սեմնեբին, էլի շատ-շատերը:

Թող ընթերցողի մեջ թյուր տպավորություն չստեղծվի, թե դեմ եմ երկրիս հետագա ժողովրդավարացմանը, Եվրախորհրդին անդամակցելիս մեր հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը: Քավ լիցի, երիցս՝ ո՛չ: Ես դեմ եմ մեր հանդեպ երկակի ստանդարտների կիրառմանը, երբ մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես են գալիս կառույցներ, որոնք տարիներ շարունակ իրենց լռելյայն համաձայնությամբ, ըստ էության, խրախուսել են մի ամբողջ ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության իրավունքների ոտնահարումը: Այսպես, 1993 թ. մինչ օրս Եվրախորհրդի անդամ երկրներ Թուրքիան իր հովանավորյալ Ադրբեջանի հետ միասին (վերջինս՝ 1988-ից) շրջափակման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունը՝ ծայր աստիճան ծանր կացության մեջ դնելով տասնյակ հազարավոր ձեռներեցների, Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ:

 

Իսկ ինչպե՞ս են սրան արձագանքում աշխարհիս ժողովրդավարները: ԵԽ ԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Մեթյու Բրայզան, Պիտեր Սեմնեբին, Ագոյի խումբն ու Վենետիկի հանձնաժողովը, էլի շատ ու շատ եկող-գնացողներ, մեզ «խելք սովորեցնող» մեծ ու փոքր տրամաչափի գործիչներ, ձեն ձենի տված,  բերանները ջուր առած տարիներ շարունակ լռում են: Ավելին՝ աջակցում են Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու ջանքերին, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովներում, ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովներում արտահերթ քննարկումներ չեն կազմակերպում` Հայաստանը շրջափակումից ազատելու օրակարգով, էլ չասեմ, որ  Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահների օգնականներին էլ մերոնց նման գժի պիտակ չեն հանդգնում կպցնել:

- Բանաձևը, ի շարս ԵԽԽՎ այլ հանձնարարականների, իշխանություններին հորդորում է պայմաններ ստեղծել երկրում ընթացող գործառույթներում ընդդիմության, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերի ավելի լայն ընդգրկումն ապահովելու համար: Սա ինչպե՞ս հասկանալ. իշխանությունը պետք է «դայակությո՞ւն» անի ընդդիմությանը:

- Առաջնային եմ համարում երկրի զարգացման գերակայության ապահովումը մնացած բոլոր գաղափարների և մոտեցումների նկատմամբ: Նախևառաջ բոլորս պետք է գիտակցենք, որ նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած զարգացումները խստագույնս վտանգեցին Հայոց պետականությունը: Եվ սա բնավ էլ չափազանցություն չէ:

Եկեք անկողմնակալ բնութագրենք երկրում ստեղծված իրավիճակը. հհշական քարոզչամեքենան ամեն ինչ անում է, որ խորացնի մարդկանց անվստահությունը իշխանությունների և վաղվա օրվա նկատմամբ՝ թշնամություն սերմանելով մեր հիասթափված, հուսահատված ժողովրդի` ահելի, թե ջահելի, բոլոր խավերի մեջ: Իշխանատենչության մոլուցքը հասել է այն աստիճանի, որ ամենաանբարո ձևերով խարխլում են մեր հավատը, մեր դավանանքը՝ ստվեր գցելով անգամ իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի վրա: Լևոնը և նրա վկաները չեն կարողանում ներել Վեհափառ հայրապետի գիտակցված քայլը, երբ Հայոց Աստծո սպասավորը գնաց Նեռի դուռը, արյունահեղությունը կանխելու համար գնաց երկխոսության, ինչը մերժվեց. բանակցությունների «մուտքը» փակ մնաց նրա առջև:

Այդժամ արդեն իսկ ազդարարվեց, որ Սև տանը պատրաստվում են սատանայական արյունալի խրախճանքի: Երբ համադրում ես մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա ողբերգական դեպքերը, միաժամանակ վերհիշում ամիսներ շարունակ լևոնականների կողմից ազգը պառակտող դավադիր գործողությունների շարքը և այդ տեսանկյունից մոտենում ԵԽԽՎ-ում, ամերիկյան Կոնգրեսում օրերս տեղի ունեցած քննարկումներին, ակնհայտ է դառնում, որ Լևոնի թիկունքում կանգնած միջազգային ուժի կենտրոններն ամենևին էլ չեն հաշտվել երկիրն ապակայունացնելու իրենց նպատակների ձախողման, 2008 թ. փետրվարի 19-ին կրած պարտության հետ:

Նրանք շատ լավ գիտակցում են, որ խաղասեղանին դրված են ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրներ, այլև աշխարհաքաղաքական, չափազանցություն չի լինի ասել՝ նոր աշխարհակարգի ձևավորման հեռահար հարցեր (սա, սակայն առանձին վերլուծության նյութ է): Եթե այս դիտանկյունից ես գնահատում ԵԽ ԽՎ բանաձևի, մասնավորապես ընդդիմության համար «հատուկ պայմաններ» ստեղծելու վերաբերյալ հատվածը, կամա-ակամա ուզում ես քյավառցու պես բացականչել՝ «մեր խալ, քո խավես»:

- Իշխանություն-ընդդիմություն երկխոսության հեռանկարն ինչպե՞ս եք գնահատում:

- Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ այսօր Հայաստանում քաղաքական յուրաքանչյուր ուժի հասունության վկայությունը պայմանավորված է ոչ թե եվրոպացիներին, ամերիկացիներին դուր գալու համար դիմություն-ընդդիմություն ձևական երկխոսության ծավալմամբ, այլ հետևյալ պարզ ճշմարտության գիտակցմամբ: Եթե երկրի ներսում պառակտվածության աստիճանը հասել է այնտեղ, որ մեզանում գտնվում են տարրեր, որոնք հայերիս համար ապրիլի 24-ի սուրբ օրն անգամ փորձում են օգտագործել դրսից թելադրված, Հայոց պետականության խարխլմանն ուղղված նպատակների իրագործման համար, ապա թե՛ իշխանությունները, թե՛ բոլոր լրջմիտ քաղաքական այրերը պետք է գնան ստեղծված իրավիճակում պահանջված զոհողության:

Հիմա ժամանակը չէ եվրոպաներին, միջազգային զանազան կառույցներին գոհացնելու համար վտանգել Հայոց պետականությունը: Ո՞րն է իմ պատկերացմամբ զոհաբերության հիմնական տրամաբանությունը: Այն, ինչը զոհաբերում ես, հասկանալի է, որ պետք է ավելի ցածր լինի նրանից, հանուն ինչի զոհաբերվում ես: Ես գիտակցում եմ, որ հիմա ժողովրդավարությունից այս թվացյալ հետնահանջը կարող է միայն և միայն ժամանակավոր բնույթ ունենալ: Մենք պարտավոր ենք մեր ժողովրդին հնարավորություն ընձեռել առանց ավելորդ կրքերի, անկողմնակալ վերլուծել երկրի առաջ ծառացած մարտահրավերների վտանգավորության աստիճանը, հասկանալ, որ, նախ, անհրաժեշտ է պահպանել և ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, որ հետո հնարավոր լինի այն ժողովրդավարացնել: Եվ հիմա մենք կանգնած ենք ճիշտ նման իրավիճակի առաջ:

Последние видеоматериалы

Новые книги