«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՈԳՈՒ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱՇԵՍ  ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻ ԺՈՂՈՎՈՒՄ (09.09. 2008 թ.)

Հարգելի գործընկերներ: Չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնը: Կարծում եմ, արդեն հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ, վերլուծել կատարված աշխատանքը, պարզել, թե որքանո՞վ է կոալիցիոն  կառավարության գործունեությունը նպաստում պարոն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում հայտարարված խնդիրների լուծմանը:

Ես դրական եմ գնահատում ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ իրականացված գործառույթները, որոնք զգալիորեն առողջացրեցին վիճակը մաքսային ծառայության ոլորտում, ձեռնարկված քայլերը, որ իրականացվում են հարկային բնագավառում: Կարծում եմ, իմաստավորված է, որ բարեշրջումները երկրում մեկնարկեցին հենց հարկային և մաքսային ոլորտներում: Գաղտնիք չէ, որ հարկայինի և մաքսայինի հետ շփվում է մեր ազգաբնակչության զգալի մասը, գաղտնիք չէ նաև այն, որ այս ոլորտները առավել կոռումպացված են համարվում: Ուստի, պետք է քաջալերել իշխանությունների բոլոր այն քայլերը, որոնք նպատակ ունեն մաքսային և հարկային ընթացող գործառույթները դարձնել անշրջելի, առավել թափանցիկ, լայնորեն կիրառել կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնող միջոցառումներ:

Դրական տեսանելի միտումներ են նկատվում պետավտոտեսչության աշխատանքներում: Նվազել է վզի հաստությամբ աչքի ընկնող, թանկարժեք մեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնները աջ ու ձախ խախտող, լիքը քսակ ունեցող վարորդների թիվը: Հատկանշականն այն է, որ դեռ ոչ վաղ անցյալում ամենազոր այս օրինախախտները, ասես թե, մի քիչ հանգստացել են: Գերխնդիր է, որ նշված գործառույթները դառնան անշրջելի, հակառակ դեպքում ժողովրդի հերթական հիասթափությունը կվերածվի անգամ իսկ հուսահատության և արդյունքում դա կարող է անցանկալի հարված հասցնել մեր պետականությանը:

Անցած ժամանակաշրջանը հագեցած է եղել նաև արտաքին քաղաքական ոլորտում մեկնարկած և հատուկ ուշադրության արժանի նախաձեռնություններով: Դա, նախևառաջ, ՀՀ նորընտիր Նախագահի պաշտոնական այցն էր Ռուսաստանի Դաշնություն, ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի և վարչապետ Վ. Պուտինի հետ վարած բանակցությունները, ընդունված հայ-ռուսական համատեղ Հայտարարությունը, որը վերահաստատեց երկու երկրների միջև ստեղծված ռազմավարական, բարեկամական հարաբերությունների շարունակականությունը, հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ:

Ես դրական եմ գնահատում նաև Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` այցելելու Երևան: Թուրքիայի նախագահի կողմից հրավերի ընդունումը և Հայաստանի մայրաքաղաք ժամանումը կարող են սկիզբ դնել Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ միայն դիվանագիտական  կապերի հաստատմանը, այլև կարող են նպաստել մեր տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը: Ուշագրավ էր, որ հրավերը հնչեց, երբ պարոն Սարգսյանը հյուրընկալում էր Մոսկվայում և ելույթ էր ունենում Ռուսաստանի հայազգի մշակութային ու գործարար շրջանակների առաջ: Նման գրագետ և ճիշտ հաշվարկված, համարձակ նախաձեռնությունը, ըստ էության, փլուզեց մեզանում տևական ժամանակ լյարդացած կարծրատիպերը, որոնք տեղավորվում էին աշխարհը սևի և սպիտակի բաժանման տիրույթում: Մինչ վերջերս մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունում, ասես թե, մերժվում էին «ռեալ պոլիտիկ» քաղաքականությանը ներհատուկ սկզբունքները, որոնց հիմնարար բնութագրիչներից մեկը խիստ համահունչ է դեռ XIX դարի բրիտանական կայսրության հայտնի վարչապետներից մեկի թևավոր դարձած խոսքերին. «Չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական բարեկամներ: Կան հավերժական շահեր»: Այստեղ հարկ եմ համարում հայտնել իմ անձնական կարծիքը, տալ իմ գնահատականը: Հայ ժողովուրդը, որ 1915-23 թվականներին ունեցավ մեկուկես միլիոն անմեղ զոհեր, ինը տասնամյակ հետո դրսևորեց կամք, իր մեջ գտավ ուժ ու վստահություն, քրիստոնեական վեհություն և առաջինը մեկնեց հաշտության ձեռք: Եվ դա արեց արժանապատվորեն, առանց պարտադրանքի, սեփական պետության ինքնիշխանության անսասանության գիտակցումով, ապացուցելով քաղաքակիրթ աշխարհին, որ 1915-23 թվականների եղեռնագործությունից հետո մնացել է հավատարիմ իր հումանիստական, քրիստոնեական դավանանքին, որ նա փյունիկի պես հառնել է կորսված հայրենիքի մոխիրներից, ստեղծել ինքնիշխան երկիր, ազատագրել Արցախը… Մի խոսքով, արտաքին քաղաքականության ոլորտում վիճակը նետված է, Հայաստանն անցավ իրեն մեկուսացման պարտադրված Ռուբիկոնը և այսօր աշխարհին  է ներկայանում նորովի, վեհաշուք, քաղաքակիրթ այցեքարտով:

Հիշատակման է արժանի նաև այն հանգամանքը, որ գործնական արձագանքի արժանացավ Հանրապետության Նախագահի կոչն ուղղված հայ գործարարներին` համատեղ ջանքերով, միավորելով մեր ուժերը շենացնելու բոլոր հայերիս հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը: Ուշագրավ է, որ մեկ-երկու շաբաթների ընթացքում Նախագահի կոչին արձագանքեցին մեր գործարար հայրենակիցները` հայտ ներկայացնելով առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ավելի քան 700 մլն դոլարի ներդրումներ: Նշենք, որ հիմնական ներդրողները ռուսաստանաբնակ մեր եղբայրներն են լինելու: Մեր հայրենակիցների նման սրտացավ վերաբերմունքը փաստեց, որ որտեղ էլ ապրի հայ մարդը, արյունատար անոթներով կապված է Մայր Հայաստանի հետ և պատրաստակամ է առանց որևէ նախապայմանի օգնել հայրենիքին: Փաստորեն, մենք ականատեսն ենք աշխարհում Իսրայելից հետո ծնունդ առած երկրորդ պետության` Հայաստանի Հանրապետության, որի աշխարհասփյուռ ժողովուրդը հայտարարում և գործնական քայլեր է կատարում հայրենիքի շենացման ճանապարհին: Եվ դա անում է մերժելով և չպայմանավորելով Հայաստանին օգնություն ցուցաբերելու սեփական հաստատակամությունը երկրում ստեղծված ոչ միարժեք վիճակով: Սա առանձնահատուկ կարևորում եմ` հաշվի առնելով այն, որ, ավա՛ղ, «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիան, որը ստանձնել էր մեր երկրի համար խիստ անհրաժեշտ առաքելություն, այն է` հանրապետության մարզերում իրականացնել շուրջ 236 մլն դոլարի ներդրումներ, առայժմ սառեցրել է դրա կատարումը: Կարծում եմ, որ այդ ծրագրերի իրականացումը, ուղղակիորեն կապված լինելով հարյուր հազարավոր գյուղաբնակ մեր հայրենակիցների հոգսերի թեթևացման հետ, չպետք է պայմանավորել ո՜չ հայաստանյան

հետընտրական զարգացումների, ո՜չ էլ ՀՀ կառավարության` երկրում օրենքի գերիշխանություն հաստատելու գործում ձեռնարկած քայլերի դանդաղկոտության և ո՜չ էլ տեր-պետրոսյանական սև քարոզչության հետ: Քարոզչություն, որի նշանաբանն է` որքան երկրին վատ, այնքան իրենք պահանջված:

Հանրապետությունում կատարված դրական գործերից նշեմ նաև այն, որ, մեր դիտարկումներով, Հայաստանի ազգաբնակչությունը, ընդհանուր առմամբ, բարիացակամ վերաբերմունք դրսևորեց Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ և կոալիցիոն կառավարությունում նախարարների նշանակումների հանդեպ: Լավ ընդունվեցին Սեյրան Օհանյանին պաշտպանության և Էդվարդ Նալբանդյանին արտաքին գործերի նախարարներ նշանակելու որոշումները: Տպավորիչ էին Տիգրան Սարգսյանի մեկնարկային ելույթները, մեջբերումները Ներսես Շնորհալուց և Մաղաքիա Օրմանյանից: Շատ տեղին էր նաև հարցադրումը` Հայաստանի Հանրապետությունում հաստատել գիտելիքի գերիշխանություն: Հաճելի էր արձանագրել, որ Հայաստանի նորանշանակ վարչապետը ոչ միայն ծանոթ է ամերիկացի հայտնի սոցիոլոգ-ֆուտուրոլոգ Էլվին Տոֆլերի դեռ XX դարի 80-90-ականներին գրած հայտնի աշխատություններին, մասնավորապես «The Third Wave» («Третья волна») և «Power Shift. Knowledge, Wealth and Violence at the edge of the 21st century» («Метаморфозы власти. Знание, Богатство и Сила на пороге XXI века»), այլև իր ոչ քիչ հրապարակային ելույթներում օգտվում էր այդ հեղինակավոր գիտնականի եզրահանգումներից: Ողջունելի է, որ վարչապետը հարցադրումներ անելիս, նախարարների առաջ խնդիրներ դնելիս ուղղակիորեն կրկնում է Էլվին Տոֆլերի ժամանակակից աշխարհին, աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներին տված մեկնաբանությունները: Իհարկե, կառավարության անդամների ուղեղները չծանրաբեռնելու համար պարոն վարչապետը  այս դեպքում հղումներ չի անում հեղինակի վրա: Ընդհանուր առմամբ, ոգևորիչ էին նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից 2008 թ. ապրիլի 29-ին Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի դրույթները, կառավարության հռչակած իր գործունեության համազգային հինգ նախագծերը և հինգ գերակայությունները: Այդ նախագծերն են լինելու. դառնալ` բիզնես միջավայրի «գերազանցության կենտրոն», կրթական կենտրոն, առողջապահական կենտրոն, կազմակերպված հանգստի կենտրոն, ֆինանսական կենտրոն:  Կառավարության հիմնական գերակայություններն են լինելու` առաջին. Հայաստանը դարձնել բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Երկրորդ կարևորագույն գերակայությունը` սոցիալական ինտեգրումը և համերաշխությունն է: Երրորդ գերակայությունը` մարդկային կապիտալի զարգացումն է: Չորրորդ գերակայությունն է` արդյունավետ պետական տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձևավորումը ու կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորումը: Հինգերորդ գերակայությունը` տարածքային համաչափ զարգացումն է:

Հանրապետության զարգացման վարդագույն հեռանկարներ խոստացող, լսողությունը շոյող այս և բազմաթիվ այլ դրույթների մասին բարձրաձայնելիս, Ձեզ հետ փորձենք պարզել` արդյո՞ք արդարացի են նոր իշխանությունների, հատկապես վարչապետի հասցեին տերպետրոսյանական մամուլում արդեն իսկ հնչած հեգնանքն ու մեղադրանքները: Լևոնականները կառավարության հռչակած բարեշրջումները համեմատում են Օստապ Իբրահիմովիչ Բենդերի երազած «Նյու Վասյուկիի» հետ: Այս կապակցությամբ, խոստովանեմ, որ կառավարության գործունեության բացասական կողմերին անդրադառնալ-չանդրադառնալու հարցի վերաբերյալ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունում լուրջ քննարկումներ էինք կազմակերպել: Մտավախություն կար, որ եթե բոլոր թերությունները ցցուն վեր հանենք, ապա, անտարակույս, դա կարող է լևոնականների կողմից օգտագործվել որպես քարոզչական զենք` ուղղված ոչ թե կառավարության աշխատանքների համակողմանի գնահատմանը, այլ մեր ժողովրդի մոտ հուսահատություն, հոռետեսություն սերմանելու արմատականների կողմից դրված նպատակի կատարման ապահովմանը: Մյուս կողմից` ստեղծված պայմաններում լռել և թողնել, որ առկա խնդիրներն էլ ավելի խորանան ու ժամանակի ընթացքում երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակի հասցնեն, նման դիրքորոշումը «Ազգային Միաբանության» կողմից կլիներ անազնիվ, եթե չասենք դավաճանական Հայոց պետականության հանդեպ: Կուսակցության մոտեցումները հստակեցնելիս մեզ օգնության եկավ բոլոր ժամանակների մեծն փիլիսոփա Սոկրատեսը. քաղաքացուն, ով իրեն դիմել էր խորհուրդ ստանալու ակնկալիքով` ամուսնանա, թե՞ ոչ, փիլիսոփան անվրդով կարճ պատասխանել էր. «Արա ինչ ուզում ես, միևնույնն է, վերջում զղջալու ես»: Այս կապակցությամբ քնարական մի փոքր շեղում էլ անեմ, որ մեր մոտեցումն այս հարցում ավելի պատկերավոր լինի: XIX դարասկզբին դիվանագիտության հանճար Թալեյրանն ասել էր. «Մարդուն լեզուն տրված է նրա համար, որ նա թաքցնի իր մտքերը»: Արտաբերելով այս միտքը` մեծ դիվանագետը, անշուշտ, նկատի է ունեցել իր մասնագիտության տեր մարդկանց: Հազիվ թե նա համարեր, որ Եսայի Մարգարեին, Հոմերոսին, Եզովպոսին, Ցիցերոնին, Դանթեին լեզուն տրված էր մտքերը թաքցնելու համար: Էլ չեմ խոսում բոլոր ժամանակների քաղաքական գործիչների մասին: Իհարկե, բացառություն են կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայիս պատգամավորների ճնշող մեծամասնությունը, որոնք սրբորեն հետևում են նապոլեոնական Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խորհրդին և գերի ընկած բելոռուսական պարտիզանի օրինակով արդեն տարիուկես է ինչ շարունակում են լռել: Այս պատմական ակնարկներից հետո, շարունակեմ վերլուծությունը:

Եվ, այսպես, կառավարությունը և 1 գերակայություն է հռչակել Հայաստանը դարձնել բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Այո, շատ հնչեղ հարցադրում է: Տարածաշրջանային «գերազանցության կենտրոն» դառնալուց առաջ փորձենք միասին վերլուծել, թե մեր հայրենական բիզնեսմենները, հատկապես փոքր և միջին ձեռներեցները արդյո՞ք պաշտպանված են իրենց զգում իրենց սեփական երկրում: Պետական վիճակագրությունը վկայում է ճիշտ հակառակի մասին: Այսպես, 2000 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակաշրջանում դատական մարմինները կատարողական վարույթ են վերցրել 365 հազար 124 գործ: Այլ կերպ ասած` 365 հազար 124 իրավաբանական անձինք (հիմնականում մանր ու միջին ձեռներեցներ), ժողովրդական լեզվով ասած, դատվել են պետության հետ: Միայն

2008 թ. առաջին կիսամյակում կատարողական վարույթ է ստացվել 18894 գործ: Այսինքն` 2008 թ. հունվար - հունիսին հանրապետությունում գրանցված 57903 առևտրային իրավաբանական անձանցից 18894-ը կամ էլ գրանցվածների 32,6%-ը դատվել են պետության հետ: Ամեն երրորդ իրավաբանական անձը այս տարվա առաջին կիսամյակում գործ է ունեցել դատարանների հետ: Բա էս հալներիս ինչպե՞ս ենք Հայաստանը դարձնելու բիզնեսի և ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Տարածաշրջանի ողջամիտ ո՞ր բիզնեսմենը կգա Հայաստան ու այստեղ լուրջ ներդրումներ կանի, եթե ծանոթանա այս թվերի հետ: Չմոռանամ նշել, որ բերված վիճակագրական բոլոր տվյալները բացառապես վերցված են Ազգային վիճակագրական ծառայության և Կենտրոնական բանկի պաշտոնական հաշվետվություններից: Դե հիմա պատկերացրեք, որ ութուկես տարում ՀՀ կառավարության (հարկային կամ մաքսային ծառայությունների) հետ, ինչպես վերը նշեցի, դատվել է 365124 իրավաբանական անձ: Միջին հաշվով համարենք, որ այդտեղ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների թիվը 10 հոգուց է բաղկացած, և արդյունքում կստացվի, որ նշված տարիներին 3 մլն 651 հազար մարդ դատվել է հայրենի կառավարության հետ: Բա այսքանից հետո ինչո՞ւ եք զարմանում, որ անգամ իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում: Դատվելը հարցի մի երեսն է: Եկեք տեսնենք, թե դատելուց հետո պետության համար ի՞նչ արդյունք է արձանագրվել: Այսպես, 2000 թ. - 2008 թ. հունվար-հունիսին բոլոր դատական ակտերի հարկադիր կատարման արդյունքում բռնագանձման ենթակա 348 մլրդ 568 մլն 993 հազար դրամից բռնագանձվել է ընդամենը 52 մլրդ 206 մլն 572,7 հազար դրամ կամ 14,97%, իսկ չվերականգնված գումարը կազմել է 296 մլրդ 362 մլն 410,3 հազար դրամ: Մեր հարգարժան կառավարությունը ինչո՞ւ այս երևույթը պատշաճ չի վերլուծում: Մի՞թե նրանց չի հասնում ժողովրդի, հատկապես ձեռներեցների շրջանում, որպես չգրված օրենք, շրջող այն գանգատ-բողոքը, որ դատարաններում բյուջեին, Սոցիալական ապահովության հիմնադրամին հասանելիք գումարների մուծումից խուսափելու համար անհրաժեշտ է բռնագանձման ենթակա գումարի չափի 10%-ը «նաղդով» դատավորին «վազվրատ» անել: Կա հարցի ևս մի երանգ: Երբ հարյուր հազարավոր իրավաբանական անձինք դատվում են պետության հետ, արդյո՞ք սա չի հուշում իշխանություններին, որ տնտեսական այս ողջ շղթան` ձեռներեց - մաքսային - հարկային մարմին - դատարան, մեղմ ասած, մեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գոտի է. արդյո՞ք ակնհայտ չէ, որ այդ հարցերը կարգավորող օրենսդրությունը խայտառակ վիճակում է գտնվում: Մտածեք այս փաստերի մասին, ո՞վ է ձեզ խանգարում: Այսքանից հետո փիլիսոփայորեն ընդունեք, որ այս արատավոր համակարգի հիմնադիր-հայրերը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա հին գվարդիայի, այսօր էլ իրենց իրավունք են վերապահում Ձեզ «ավազակապետություն» բառակապակցությամբ բնութագրել:

Ներդրումների համար խիստ անբարենպաստ պայմանների մասին ես հպանցիկ խոսեցի: Այստեղ չէի ցանկանա տերմինախեղդ անել և խոսել ներդրումային միջավայրի (инвестиционная среда) գրեթե իսպառ  բացակայության մասին, արժեքթղթերի առաջնային (первичный рынок ценных бумаг) և երկրորդային (вторичный рынок ценных бумаг) շուկաների սաղմնային վիճակում գտնվելու մասին, մասնավոր և հանրային սեփականության կապիտալիզացիայի մակարդակի անգամ իսկ տարրական պահանջներին չհամապատասխանելու մասին: Չխոսեցի նաև պետականորեն մինչ օրս չընդունված ներդրումային քաղաքականության մասին: Պարզապես այդ ամենի բացակայության արդյունքները թվերով ներկայացնեմ: Այսպես, օտարերկրյա ներդրումների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ կազմել է. 1999 թ.` 7.96%, 2000 թ.` 9.93%, 2001 թ.` 5.88%, 2002 թ.` 9.37%,   2003 թ.` 13.8%, 2004 թ.` 11.98%, 2005 թ.` 10.25%, 2006 թ.` 10.53%, 2007 թ.` 12.95%: Իսկ 2008 թվականի հունվար-հունիսին օտարերկրյա ներդրումները կազմել են կիսամյակային ՀՆԱ-ի 3.63%-ը: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար

2007 թ. լինելով վերջին տասնամյակում ամենաբարենպաստը (այդ տարի օտարերկրյա ներդրումները կազմել են 1 մլրդ 337 մլն դոլար)` ավելի քան չորս անգամ պակաս են եղել, քան Ադրբեջանում, ուր դրանք կազմել են 6.05 մլրդ դոլար: Այս ոլորտում մեր երկրի համար  ավելի մտահոգիչ վիճակ պատկերացնել հնարավոր չէ: Նշենք միայն, որ մակրոէկոնոմիկայի ժամանակակից բոլոր դպրոցների հեղինակավոր գիտնականները միակարծիք են, որ ազատական շուկայական տնտեսության պայմաններում համախառն ներքին արդյունքի երկնիշ աճ ապահովելու համար անհրաժեշտ է, որ տարեկան կտրվածքով ներդրումները լինեն ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 25 %-ն է: Իսկ մեզ մոտ այդ ցուցանիշն ավելի քան 2 անգամ պակաս է, մինչդեռ շինարարության, իբր, «բուռն» զարգացման հաշվին ցույց են տալիս տնտեսության ՀՆԱ-ի երկնիշ աճ: Այդ  երևույթին դեռ կանդրադառնանք, սակայն այստեղ արձանագրենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի և ներդրումների համար ոչ միայն ստեղծված չեն տարածաշրջանային «գերազանցության կենտրոն» դառնալու համար բարենպաստ ներդրումային պայմաններ, այլ, ընդհակառակը, առ այսօր կառավարության կողմից չենք արձանագրել շոշափելի որևէ գործողություն այս ոլորտներում ստեղծված մտահոգիչ վիճակը շտկելու ուղղությամբ:

Այժմ անդրադառնանք կառավարության գործունեության հռչակած երկրորդ գերակայությանը` սոցիալական ինտեգրում ու համերաշխություն: Գաղափարն ինքնին առողջ է ու ողջունելի: Դեռ 1960-ականների սկզբին այս գաղափարը դրված էր գերմանական տնտեսական հրաշքի ճարտարապետներից մեկի` Լյուդվիգ Էրհարդի ղեկավարած Դաշնային Գերմանիայի կառավարության գործունեության հիմքում և մինչ օրս էլ այս գաղափարը կազմում է Գերմանիայի իշխող Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ծրագրի հիմքը` սոցիալական շուկայական տնտեսության առանցքը: Թող ամպագոռգոռ չհնչի, սակայն, արդարության առաջ չմեղանչելու համար նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական շուկայական տնտեսության կայացման հարցը «Ազգային Միաբանություն կուսակցության» ծրագրային հիմնադրույթներից է:

Կրկնեմ, կառավարության կողմից ընդունված այդ գերակայությունը,  ինչ խոսք, ողջունելի է: Դրան հասնելու համար, նախ, անհրաժեշտ է արդարացիորեն վերլուծել մեր ժողովրդի առկա սոցիալական իրավիճակը, բազմակողմանիորեն ուսումնասիրել դրա իրական պատկերը: Իսկ պատկերը, ավա՛ղ, տագնապահարույց է: Այսպես, վերջին տարիներին, չնայած Կենտրոնական բանկի անընդհատ հնչեցրած հայտարարություններին, որ նրան հաջողվում է զսպել սղաճը և տեղավորվել օրենքներում ամրագրված սանդղակի մեջ, իրականում պատկերն միանգամայն այլ է:

Պարզենք, թե ինչպիսի՞ն է իրական պատկերը սոցիալական ոլորտում: Տալով այս հարցի պատասխանը` կկարողանանք նաև պատասխանել` ի՞նչ փուլում է հայտնվել կառավարության կողմից հռչակված սոցիալական ինտեգրում և համերաշխություն հաստատելու երկրորդ գերակայության ճակատագիրը: Այսպես, վերջին չորս տարիների և 2008 թ. հունվար-հունիսին ունենք հետևյալ պատկերը. 2004 թ. տվյալներով նվազագույն պարենային զամբյուղի արժեքի աճի տեմպը 2003 թ. նկատմամբ կազմել է 108.93 %: Դա էլ այն դեպքում, երբ այդ նույն ժամանակաշրջանում դրամի արժևորման աճի տեմպը դոլարի նկատմամբ կազմել է 108.91%, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի աճի տեմպը` 108.93%: Հաշվի առնելով այն, որ պրակտիկայում սղաճը սովորաբար չափվում է սպառողական գների ինդեքսի փոփոխմամբ (ապրանքների և ծառայությունների «զամբյուղի» միջին գների), ապա 2004 թ. պաշտոնապես հայտարարված սպառողական գների ինդեքսի 107%-ը իրականությանը չի համապատասխանում. փաստացի ցուցանիշից շուրջ 2 անգամ պակաս է: Նույն պատկերն է 2005, 2006, 2007 թվականներին: Օրինակ, 2007 թ. նվազագույն թե՜ պարենային և թե՜ սպառողական զամբյուղների աճի տեմպը 2006 թ. նկատմամբ կազմել է 113.24%, դա էլ այն դեպքում, երբ հայտարարվել էր, որ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նկատմամբ կազմել է ընդամենը 104.4%: Սա, իհարկե, իրականության հետ և ոչ մի աղես չունի, առավել ևս եթե նշենք, որ 2007 թ. դրամի արժևորման աճի տեմպը դոլարի նկատմամբ կազմել էր 107.33%: 2007 թ. նույնպես ունեցել ենք երկնիշ սղաճ: Պատկերը մնացել է անփոփոխ նաև 2008 թ. առաջին կիսամյակում: Թեև պարենային և սպառողական նվազագույն զամբյուղների արժեքների աճի տեմպերը նախորդ տարվա համեմատ մնացել են գրեթե նույնը (99.45%), սակայն սպառողական գների ինդեքսը 2008 թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 109% և դա էլ այն պարագայում, երբ դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կազմել է 115.97%: Այլ կերպ ասած` վերջին տարիներին գործ ունենք «թաքնված» և իշխանությունների կողմից թաքցվող երկնիշ բարձր սղաճի հետ, որն ամբողջությամբ կլանում է թե՜ թոշակների, թե՜ միջին աշխատավարձի, թե՜ նպաստների բարձրացումը: Ավելին, ի չիք է դարձնում սոցիալական ինտեգրում գաղափարը: Իսկ եթե  հաշվի առնենք այն, որ իշխանությունները տարեցտարի համառորեն պնդում են ժողովրդկական լայն զանգվածների կյանքի բարելավման մասին, դա էլ այն դեպքում, երբ նույն ժողովուրդը սեփական ապրուստի վրա դրական միտում ամենևին էլ չի զգում: Այս պայմաններում խոսել հասարակությունում համերաշխություն հաստատելու մասին, կարծում եմ, տեղին չէ: Ավելին, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ հանրապետության պարենային զամբյուղում 50%-ից ավելին բաժին է ընկնում դրսից ներմուծվող պարենի վրա, որի գները դոլարի արժեզրկման և դրամի արժևորման պայմաններում փոխանակ նվազեն, շարունակում են աճել` հարստացնելով փոքրաթիվ ներկրողներին, խորացնելով ազգաբնակչության բևեռացումը, ապա դա նույնպես չի նպաստում համերաշխության հաստատմանը:

Հռչակված երրորդ գերակայությունը մարդկային կապիտալի զարգացումն է: Այստեղ նույնպես գործնական որևէ քայլ չի նշմարվում: Բավական է փաստել, որ այսօր էլ տասնյակ, անգամ հարյուր հազարավոր մարդիկ, հատկապես գյուղական վայրերից, մեկնում են Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքների: Դրա հետ նշենք, որ անգամ իսկ աշխատանքով ապահովված մարդկանց ամսական միջին աշխատավարձը (2008 թ. հունվար-հունիսին կազմել է 86615 դրամ) եթե բաժանում ես իր և իր խնամքի տակ գտնվող մարդկանց միջև (տնտեսության մեջ զբաղվածների թիվը 2008 թ. հունվար-հունիսին կազմել է 1 մլն 102.8 հազար մարդ, իսկ հուլիսի 1-ի դրությամբ ամբողջ բնակչությունը կազմել է 3 մլն 223.7 հազար մարդ), ապա մեկ մարդուն ընկնող եկամուտները նույնիսկ հավասարապես բաշխման պայմաններում չեն ապահովում սպառողական նվազագույն զամբյուղի ծախսերը հոգալու համար անհրաժեշտ գումարը:

Ինչ վերաբերում է կառավարության չորրորդ և հինգերորդ գերակայությունների կենսագործման ուղղությամբ ձեռնարկված քայլերին, այն է` արդյունավետ պետական տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձևավորման ու կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորման, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացման հարցերի կենսագործմանը միտված աշխատանքներին, ապա խոսակցությունից զատ այստեղ գործնական և ոչ մի քայլ դեռ չի ձեռնարկվել:

Երկրի առանձին ոլորտներում տիրող այս համառոտ վերլուծությունից բխում է տրամաբանական մի հարց. ո՞վ և ի՞նչն է խոչընդոտում, խանգարում հայրենի կառավարությանը գործնական հունի վրա դնել սեփական խոստումների կատարումը: Փորձեմ տալ նաև այս հարցի պատասխանը:

Հարգելի գործընկերներ, երբ վերլուծում ես կառավարության հռչակած կարգախոսերը, դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և զուգակցում դրանք երկրի տնտեսությունում ստեղծված փաստացի իրավիճակի հետ, ապա ակամայից հիշում, մտաբերում ես մի առակ: Անտառում գայլերը անխնա հոշոտում էին նապաստակներին: Վերջիններս պատվիրակություն են ուղարկում անտառում ապրող ամենաիմաստուն արարածի` մեծն բվեճի (филин) մոտ: Բվեճը լսում է պատվիրակներին և խորհուրդ է տալիս, որ նապիկները կերպարանափոխվեն և դառնան ոզնիներ: Այդ դեպքում գայլերը չեն կարողանա հոշոտել նրանց` ոզնի դարձած նապաստակներին: Լսելով բվեճի խորհուրդը` նապաստակները ոգևորված ետ են վերադառնում և այդ խորհրդի մասին պատմում սարսափահար եղած ցեղակիցներին: Նապիկները ուշադրությամբ լսում են պատվիրակներին, միաձայն տալիս են իրենց համաձայնությունը, սակայն միաժամանակ տարակուսած հարցնում են. իսկ բվեճը չասա՞ց, թե ինչպե՞ս պետք է դառնան ոզնի, տեխնոլոգիապես դա ինչպե՞ս պետք է իրագործվի: Նապաստակների պատվիրակները կրկին վերադառնում են բվեճի մոտ և դիմում նրան իրենց հուզող հարցով: Բվեճը լսում է հարցը և հանդարտ պատասխանում` ասելով, որ ինքը ստրատեգ է, ռազմագետ և տեխնոլոգիաներով չի զբաղվում:

Հիմա մեր դեպքում էլ կառավարությունը հռչակել է իր ռազմավարական գերակայությունները, սակայն, ինչպես ցույց տվեցին վերը հիշատակած վերլուծությունները, դրանք կենսագործման համապատասխան տեխնոլոգիաներով ամենևին էլ ապահովված չեն: Իսկ ի՞նչով է պայմանավորված կառավարության` խոսքի և գործնականում դա կյանքի կոչելու միջև առաջացած խզումը: Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են:

Առաջին, ամենակարևոր պատճառը, թերևս, այն է, որ կառավարության կողմից այդպես էլ չտրվեցին մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես, այդպես էլ անհայտ մնաց` մինչև 2008 թ. ինչո՞վ էին պայմանավորված տնտեսությունում արձանագրված որոշ հաջողությունները, որո՞նք էին ձախողումները և դրանց պատճառները, ինչպիսի՞ նախադրյալներ էին ստեղծվել տնտեսությունում արագընթաց զարգացում ապահովելու համար, ի՞նչն է անհրաժեշտ փոխել և ինչպե՞ս, ինչի՞ց հրաժարվել և ի՞նչը զարգացնել: Արդեն ակնհայտ է, որ նախորդ տարիներին կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության բացակայությունը մեծապես վտանգում է կառավարության ծրագրերի իրագործումը:

Երկրորդ կարևոր բացթողումն այն էր, որ այդպես էլ չներկայացվեց երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրական վիճակի վերլուծությունը: Չներկայացվեց իրական այն պատկերը, այն ելակետը, որից էլ պետք է մեկնարկեր կառավարության ծրագրի իրագործումը:

Երրորդ. այդպես էլ լուրջ քննարկման առարկա չդարձան Հայաստանի Հանրապետության հեռանկարային հնարավոր զարգացումների սցենարները: Սցենարներ, որոնցում պետք է հաշվի առնեին տարածաշրջանային և համաշխարհային սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ռազմաքաղաքական զարգացումները: Եվ ոչ միայն հաշվի առնեին, այլ նաև պայմանավորված լինեին դրանցով: Այս բացթողումների հետևանքները մենք սրությամբ զգացինք վրաց - հարավ - օսեթական պատերազմի հետևանքներին բախվելիս: Ակնհայտ է, որ նման վերլուծությունը պետք է առանձնահատուկ կարևորվեր կառավարության ծրագիրը կազմելիս, դրա գերակայությունները որոշելիս: Առանձնահատուկ վերլուծության առարկա պետք է դառնար նաև արտաքին գործոնների ազդեցության չափը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա:

Նման խիստ անհրաժեշտ վերլուծությունների թվարկումը, որոնք հաշվի չեն առնվել կառավարության ծրագիրը կազմելիս, կարելի է շարունակել, սակայն բավարավենք ասվածով: Եզրակացությունը մեկն է. Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության գործունեության անցած 130 օրը հրամայական են դարձնում ընդունված ծրագրի կատարման ուղիների վերաիմաստավորման հարցը: Հակառակ դեպքում շատ կարճ ժամանակ անց ստիպված կլինենք արձանագրել, որ վտանգված է Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի իրագործումը: Իսկ այդ պարագայում թե ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, կարծում եմ, բոլորն են հասկանում: Բավական է ուշադիր ընթերցել լևոնական թերթերում երբեմն-երբեմն տպագրվող լրջմիտ վերլուծությունները, լսել հանրահավաքներում առանձին դեպքերում հնչած և տնտեսությանը տրված ողջամիտ գնահատականները:

Հարգելի գործընկերներ, այս ամենի հետ հարկ եմ համարում համառոտ անդրադառնալ երկրի տնտեսության մեջ նկատվող մի շարք մտահոգիչ միտումների վրա ևս: Որո՞նք են դրանք: Արդեն երրորդ տարին է, ինչ մեր տնտեսությունում արձանագրվում է արտահանման աճի տեմպի նվազում: Այսպես, 2006 թ. արտահանումը կազմել է 412 մլրդ 207.2 մլն դրամ, որը նախորդ տարվա արտահանման ծավալի 95.1%-ն է, 2007 թ. արտահանումը կազմել է 394 մլրդ 200 մլն դրամ, որը կազմում է նախորդ տարվա արտահանման ծավալի 95.6%-ը, 2008 թ. հունվար-հունիսին արտահանումը կազմել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 85.2%-ը: Մեր երկրի արտադրանքը կորցնում է միջազգային շուկաները, չի դիմանում մրցակցությանը: Եթե հաշվի առնենք 2009 թ. բնական գազի գների թանկացումը, դրանից բխող էլեկտրաէներգիայի թանկացումը, որը, անշուշտ, կանդրադառնա տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացման վրա, իսկ դա էլ իր հերթին կհանգեցնի հայրենական արտադրանքի մրցունակության անկմանը, ապա ինքնին հասկանալի է դառնում երկրի տնտեսության համար այս վտանգների չեզոքության արդիականությունը:

Դրա հետ մեկտեղ մեզ չի կարող չմտահոգել այն, որ վերջին տարիներին արձանագրվել են ներմուծման աննախադեպ բարձր աճի տեմպեր: 2006 թ., դոլարային արտահայտությամբ, ներմուծման աճի տեմպը նախորդ տարվա համեմատ կազմել է 121.8%, 2007 թ. համապատասխանաբար` 149.7%, 2008 թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ` 140.3%: Խիստ մտահոգիչ է նաև այն, որ ներմուծման տեսկարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ 2006-ին կազմել է` 33.85%, 2007-ին` 35.43%, 2008-ի հունվար-հունիսին` 44.38%: Հաշվի առնելով, որ արտահանման ծավալներն այդ նույն ժամանակաշրջանում տատանվել են 15.46%, 12.56% և 12.1% սանդղակում, ապա դա համադրելով ներմուծման ծավալների ՀՆԱ-ում առկա տեսակարար կշռի հետ գալիս ենք տխուր եզարակացության: Երկրում  սպառվող ապրանքների և ծառայությունների ընդհանուր ծավալների մեկ երրորդը բաժին է ընկնում ներմուծվող ապրանքներին ու ծառայություններին: Նկատի ունենալով տարածաշրջանում ստեղծված բարդ դրությունը, ակնհայտ է, որ ներմուծման նման բարձր տեսակարար կշիռը խիստ արդիական է դարձնում պարենային անվտանգության ապահովության խնդիրը: Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում խիստ մտահոգիչ է նաև տարեցտարի շեշտակի աճող բացասական առևտրային հաշվեկշիռը: Այսպես, 2005 թ. ՀՀ-ում առևտրային հաշվեկշիռը եղել է բացասական և կազմել է 817.6 մլն դոլար, 2006 թ. նույնպես եղել է բացասական և կազմել է 1 մլրդ 206.5 մլն դոլար, 2007-ին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է` կազմելով 2 մլրդ 124.4 մլն դոլար, 2008 թ. հունվար-հունիսին առևտրային հաշվեկշիռը նույնպես եղել է բացասական և կազմել է 1 մլրդ 387.2 մլն դոլար:

Տագնապահարույց այս վիճակի պայմաններում զարմանք են առաջացնում վարչապետ Տ. Սարգսյանի` Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման ժամանակ արտահայտած որոշ մտքեր: Վարչապետը, մասնավորապես ասել է. «ժամանակակից տնտեսությունն ամենևին էլ չի ենթադրում, որ ապրանքների արտահանումը պետք է գերազանցի ապրանքների ներմուծումը: Այսօր ժամանակակից գիտությունը հիմնականում կենտրոնացած է ԱՄՆ-ում, և ԱՄՆ-ն առաջատարն է գիտության բնագավառում, բայց 1980 թվականից մինչ այսօր ԱՄՆ-ն ավելի շատ ներմուծում է ապրանքներ, քան արտահանում, և դա նրանց չի խանգարում, որ աշխարհում առաջատար լինեն գիտության ոլորտում»: Պարոն վարչապետը միանգամայն ճիշտ է իր եզրակացության մեջ, երբ խոսքը վերաբերում է ժամանակակից տնտեսություններին, որոնց շարքին դասվելու համար Հայաստանի տնտեսությունը, ավա՛ղ, շատ հեռու է: Եվ, կարծում եմ, պետք է գիտակցել, որ 120 հազար առավել աղքատ ընտանիքներին կերակրելու համար առաջնային կարգով պետք է աշխատատեղեր ստեղծվի, նախևառաջ պետք է պայմաններ ստեղծվեն այդ ընտանիքների երեխաներին սնելու և կրթելու համար, երիտասարդներին սովորելու հնարավորություն ստեղծելու համար, որ կարողանանք ժամանակակից տնտեսություն ստեղծել հիմնված գիտելիքի վրա, որ կարողանանք գիտելիք արտահանող երկիր դառնալ և արտահանումն էլ լինի այն ծավալի, որ հնարավորություն ընձեռվի մեղմել մեր երկրում հրատապ լուծում պահանջող սոցիական բազում խնդիրները: Գիտնականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը այնուհետև շարունակել է. «Եթե մենք առաջնորդվենք այն սկզբունքով, որ գիտությունը Հայաստանում կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ մենք ավելի շատ ապրանքներ արտահանենք, գիտությունը չի զարգանա»: Զարմանք է առաջացնում նաև այս պնդումը: Չէ՞ որ ժամանակակից աշխարհում արտահանման ծավալների աճը վկայում է նախևառաջ միջազգային  շուկաներում դրանց բարձր մրցունակության մասին, ինչն էլ իր հերթին անհնարին է ապահովել առանց գիտատար, բարձր տեխնոլոգիաների կիրառության: Այդ տեխնոլոգիաների պահանջվածությունը, անշուշտ, խնդիրներ է դնելու մեր գիտնականների առաջ, իսկ դրանց լուծումներին ուղղված ջանքերը իրենց հերթին կխթանեն գիտության զարգացումը Հայաստանում:

Այստեղ մտահոգիչն այն է, որ կառավարության մակարդակով դեռ չեն պարզել, թե Հայաստանի Հանրապետության տնտեսությունը որակական ի՞նչ մակարդակի վրա է գտնվում և այդ մակարդակը օբյեկտիվորեն ինչպիսի՞ խնդիրների լուծում է ի զորու ապահովել: Միտքս պարզ լինելու համար հնչեցնեմ որոշ պարզաբանումներ: Այսօր ձևավորվում է նոր տնտեսական աշխարհակարգ: Գնահատելով ժամանակակից աշխարհը` տրամաբանական կլիներ խոսել գոյություն ունեցող երեք տեսակի էկոնոմիկաների մասին:

Էկոնոմիկայի զարգացման առաջին տեսակը` կողմնորոշված է ամենաավանդական, առաջնային սեկտորի վրա, որի տակ տնտեսագետները հասկանում են գյուղատնտեսությունը և արդյունահանող ճյուղերը: Հայաստանն այսօր դասվում է ճիշտ նման էկոնոմիկա ունեցող երկրների շարքին:

Էկոնոմիկայի զարգացման երկրորդ տեսակը` ինդուստրիալ էկոնոմիկայի տեսակն է: Խոսքն այն մասին է, որ նման տեսակի էկոնոմիկա ունեցող երկրները իրականացնում են տնտեսական քաղաքականություն` ուղղված արդյունաբերական առանձին ճյուղերի զարգացմանը, որպես կանոն, սերտ կապված համաշխարհային շուկայի որոշակի պահանջարկի հետ: Այդ ճյուղերում երկրները հասնում են հմտության բարձր մակարդակի, համապատասխան ոլորտներում բարձր էֆեկտիվության: Տվյալ ազգերի ինտենսիվ աշխատանքի արդյունքում, արդյունավետ արտադրության պայմաններում ստեղծվում է մրցունակ արտադրանք: Օրինակ, հարավկորեական ավտոմեքենաներ, չինական էլեկտրոնային սարքեր, որոնք արտահանվում են արտաքին շուկա` դրանով իսկ հնարավորություն ընձեռելով արտահանող երկրներին գտնել իրենց տեղը աշխատանքի համաշխարհային բաժանման շուկայում, ստանձնելով աշխարհի խոշորագույն էկոնոմիկաներ ունեցող երկրների գործընկեր լինելու դերակատարությունը: Սա զարգացման առավելագույն նպաստավոր ճանապարհն է: Արտահանվող ապրանքների պահանջարկի աճին համաչափ և արտադրության նոր ճյուղերի բացման արդյունքում ստեղծվում է  հնարավորություն ավելացնելու արտադրանքի ծավալները, կառուցելու նոր գործարաններ, վերապատրաստելու իրենց բանվորներին` դրանով իսկ առաջ մղելով այդ արտադրությունը: Այս տիպի էկոնոմիկա ունեցող երկրների միակ խնդիրն այն է, որ այդ երկրները, որոնք մուտք են գործում համաշխարհային շուկա (օրինակ` նույն Հարավային Կորեան, Սինգապուրը, Թայլանդը, Թայվանը…), չեն կարող շուկային առաջարկել սկզբունքորեն նոր ապրանքներ: Նույն Կորեան կոմպյուտերների ստեղծման գյուտի հեղինակը չէ, տիեզերանավ տիեզերք չի ուղարկել, ավտոմեքենայի ստեղծման հեղինակը չէ: Ստեղծված իրավիճակում նման տեսակի էկոնոմիկա ունեցող երկրները մուտք են գործում արդեն գոյություն ունեցող ապրանքների շուկա, կատարում են նույն գործը, որ անում են ավանդական այդ ապրանքատեսակների արտադրողները, սակայն այդ աշխատանքը կատարում են ավելի էժան և ավելի որակով: Զարգացման այդ ճանապարհը լավն է, բայց դրա շրջանակում սկզբունքորեն նոր ապրանքների ստեղծում, որպես կանոն, չի իրականացվում: Պարզապես լավացվում, արդիականացվում են գործող արտադրության տեխնոլոգիաները, դրանք հասցվում կատարելության: Էկոնոմիկաների այս տեսակն ունի որոշակի ապագա, բայց չի բերում ինտելեկտուալ, ստեղծագործական լուրջ հեղափոխական ճեղքումների և, ըստ էության, երկիրը չի հասցնում առավել զարգացած երկրների մակարդակին: Դա գերզարգացած երկրներին մշտապես հասնելու էկոնոմիկա է, որը դատապարտված է վերջիններիս մակարդակին այդպես էլ չհասնել, որովհետև շատ աշխատելով մարդիկ չեն սկսում ավելի շատ մտածել:

Եվ, վերջապես, էկոնոմիկայի երրորդ տեսակը հիմնված է  զարգացման առավել առաջադեմ հենքի` տեղեկատվական էկոնոմիկայի վրա: Դրան առանձնահատուկ է երկու հատկություն: Առաջին. էկոնոմիկայի այդ տեսակի համար առավել նշանակություն ունեն մարդկանց ինտելեկտուալ կարողությունները, նոր տեխնոլոգիաների հայտնագործության հնարավորությունները, ինովացիաները: Այս էկոնոմիկայի տարբերությունը նախորդ երկու տեսակներից այն է, որ երբ ստեղծվում է տեղեկատվական, ինովացիոն նոր արտադրանք և վաճառվում այդ արտադրանքը, ապա նոր արտադրանքի ստեղծողը վաճառքից ստանալով գումար` չի կորցնում այդ ապրանքն արտադրելու ու վաճառելու իրավունքը: Օրինակ, ունենալով դեղ արտադրելու արտոնագիր (պատենտ), մենք արտադրում ենք դեղը, վաճառում աշխարհով մեկ, բայց չենք կորցնում դրա ստեղծման տեխնոլոգիան:

Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե էկոնոմիկան նպատակամղված է տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտելիքի հենքի վրա զարգացմանը, ապա այս հանգամանքն իր հերթին պահանջում է մարդկային ինտելեկտի զարգացում: Այսօր ստեղծված է որակապես մի նոր իրավիճակ. հետինդուստրիալ էկոնոմիկա ունեցող տնտեսապես գերզարգացած արևմտյան աշխարհում ամենամեծ ներդրումը դառնում է սպառումը: Որքան շատ ծառայություններ է սպառում մարդը, այնքան ինտելեկտուալ առումով նա հարստանում է և ավելի արժեքավոր դառնում հասարակության համար: Այսպիսով, ինչքան մեծ է սպառումը, այդքան հարուստ է երկիրը (ձևակերպում, որը երբեք ներդաշնակ չի եղել տնտեսագիտական որևէ տեսության հետ):

Եվ այսպես կարելի է արձանագրել, որ աշխարհում կան երեք խմբի տնտեսություն ունեցող երկրներ: Առաջին. նպատակային, ավանդական տնտեսություն ունեցող երկրներ, որոնք հիմնված են գյուղատնտեսության և արդյունահանող արտադրության վրա: Երկրորդ. ինդուստրիալ էկոնոմիկա ունեցող երկրներ: Երրորդ. հետինդուստրիալ, տեղեկատվական էկոնոմիկայով երկրներ: Անցումն առաջին խմբից երկրորդ տեսակի տնտեսություն ունեցող երկրի շարքը միանգամայն հնարավոր է: Մինչդեռ անցած 50 տարիների ընթացքում երկրորդ խմբից առաջին խումբ անցում որևէ երկրի կողմից դեռևս չի արձանագրվել: Միայն Արևմտյան Եվրոպայի երկրներին, ԱՄՆ-ին և որոշ չափով էլ Ճապոնիային է հաջողվել կատարել անցում ինդուստրիալ էկոնոմիկայից հետինդուստրիալին: Առանձնահատուկ իրավիճակում է հայտնվել ժամանակակից Ռուսաստանի տնտեսությունը, բայց դա այլ խոսակցության թեմա է: Եվ եթե մենք կառավարության մակարդակով  խնդիր ենք դնում, որ Հայաստանը առաջին խմբին պատկանող էկոնոմիկա ունեցող երկրից միանգամից պետք է թռիչք կատարի երրորդ` հետինդուստրիալ էկոնոմիկա ունեցող երկրների ընտանիք, ապա, խոստովանենք, որ դա անիրատեսական խնդիր է: Եվ այդ տեսլականին հասնելու ճանապարհին վտանգ կա, որ կկորցնենք այսօր դեռ եղած հնարավորությունները` անցում կատարել ինդուստրիալ էկոնոմիկա ունեցող երկրների շարքը, ինչը պարտադիր պայման է տեղեկատվական, ինովացիոն, հետինդուստրիալ էկոնոմիկա ունեցող երկիր դառնալու հավակնությունները բավարարելու համար:

Ստացվում է, որ մեր կառավարությունը, ի սկզբանե, իր առաջ դնելով անիրատեսական խնդիրներ, վտանգում է երկրի էկոնոմիկան կենսունակ վիճակում պահող ճյուղերի բնականոն զարգացումը: Արդյունքում` արդյունաբերական արտադրանքի ծավալը առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման, վերջին տարիներին առաջընթաց չի արձանագրում: Այսպես, 2006 թ. այդ ցուցանիշը 2005 թ. համեմատ կազմել է 99.3%, 2007 թ. նախորդ տարվա համեմատ` 101.7%, իսկ 2008 թ. հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման 2007 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցել է 98.9% աճի տեմպ: Եթե սրան ավելացնենք վերջին տարիներին արտահանման ծավալների կրճատման միտումները ևս, ապա կգանք մի պարզ եզրակացության. արդեն հրատապ է դարձել այս խնդրի համակողմանի ուսումնասիրության և համակարգված ծրագրերի մշակումը ու այդ գործառույթները պետք է դառնան կառավարության գործունեության կարևոր ուղղություններից մեկը:

Հանրապետության էկոնոմիկայում վերջին տարիներին տեղ են գտել մտահոգիչ մի շարք այլ երևույթներ նույնպես: Բերեմ մի քանի օրինակ: 2005 թ. շինարարության ծավալի աճի տեմպը 2004 թ. նկատմամբ կազմել է ընդամենը 134.2%, դրա հետ մեկտեղ արձանագրվել է, որ շահույթով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռը կազմել է ընդամենը 65.5%,  2006 թ. արձանագրվել է շինարարության ծավալի աճի տեմպ 137.1%, մինչդեռ այս դեպքում էլ շահույթով աշխատող շինարարական կազմակերպությունների տեսակարար կշիռը կազմել է ընդամենը 66.2%, 2007 թ. համապատասխանաբար` 119.7% աճի տեմպ է արձանագրվել, դա էլ 82.6% շահույթով աշխատող շինկազմակերպությունների պայմաններում: Խորհենք այս թվերի շուրջ: Ստացվում է, որ աննախադեպ աճ արձանագրած շինարարական կազմակերպությունների միայն երկու երրորդն է շահույթով աշխատում: Բայց չէ՞ որ մենք քաջատեղյակ ենք, որ շինարարության ոլորտում աննախադեպ աճի տեմպը մեծիմասամբ պայմանավորված է, այսպես կոչված, էլիտար շենքերի շինարարությամբ, որոնց վաճառքից ստացված շահույթները գերազանցում են ծախսված գումարները նվազագույնը երկու անգամ: Խնդրեմ, հարկային դաշտը մեծացնելու փայլուն հնարավորություն: Նույն երևույթները կարելի է արձանագրել տնտեսության մի քանի այլ ճյուղերում նույնպես: Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության ու բաշխման ոլորտներում աշխատանքի ընդունվելու համար, բոլորս գիտենք, որ պետք է բավականին բարձր պաշտոնյա կամ օլիգարխ միջնորդներ ունենաս թիկունքիդ: Սակայն եկեք տեսեք, որ այդ ոլորտում շահույթով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռն ընդամենի նկատմամբ 2005 թ. կազմել է միայն 40.6%, 2006 թ.` 38.7%, իսկ ահա 2007 թ.` 60%: Բա լավ, եղա՞վ:

Բերենք այլ օրինակներ ևս: 2005 թ. հանքագործական արդյունաբերության ձեռնարկությունների միայն 50%-ն է շահույթով աշխատել, 2006 թ.` 70%-ը, 2007 թ.` 50%-ը: Ավելի զավեշտալի վիճակ է արձանագրված անշարժ գույքի հետ կապված գործունեություններ, վարձակալում և սպառողներին  ծառայությունների մատուցում իրականացնող  կազմակերպությունների ոլորտում: 2005 թ. այստեղ միայն 63.1%-ն է շահույթով աշխատել, 2006 թ.` 64.3%-ը, 2007թ.` 72.0%-ը:

Հարգելի գործընկերներ, երկրի տնտեսությունում ստեղծված նման պատկերը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաև իրականացվող դրամավարկային ոչ ճիշտ քաղաքականությամբ: Արդեն վերն ասացի, որ անցած առնվազն 4-5 տարիներին իրական սղաճը արտահայտվել է երկնիշ թվերով: Այլ կերպ ասած` դրամավարկային վարվող քաղաքականությունը չի հանգեցրել բարձր սղաճի զսպմանը: Պատահական չէր, որ վերը հիշատակեցի տնտեսության առանձին ոլորտների շահութաբերությունը բնութագրող ցուցանիշներ: Համեմատենք, թե անցած տարիներին ի՞նչ շահութաբերությամբ է աշխատել մեր բանկային համակարգը: Եթե 2000 թ. բանկային համակարգի զուտ շահույթները եղել են բացասական և համակարգն ունեցել է վնասներ 4 մլրդ 89 մլն 815 հազար դրամի չափով, ապա հինգ տարի անց` 2004 թ., բանկային համակարգի զուտ շահույթները կազմել են 4 մլրդ 320 մլն 180 հազար դրամ, 2005 թ. աճել են ավելի քան 2.7 անգամ` կազմելով 11 մլրդ 978 մլն դրամ, 2006 թ. զուտ շահույթները կազմել են 16 մլրդ 870 մլն 499 դրամ, իսկ 2007 թ. դրանք կազմել են 20 մլրդ 848 մլն դրամ: Ըստ էության, 4 տարվա ընթացքում բանկային համակարգի զուտ շահույթների աճի տեմպը կազմել է 482.5%: Ինչո՞վ է պայմանավորված զուտ շահույթների նման աննախադեպ աճի տեմպը: Ի՞նչ, առևտրային բանկերը ճիշտ հաշվարկված ներդրումային քաղաքականությո՞ւն են իրականացրել: Ամենևին: Այդ դեպքում, որտե՞ղ պետք է փնտրել բանալին: Այսպես, 2004 թ. դոլարի նկատմամբ դրամի արժևորման աճի տեմպը կազմել է 116.24%, ճիշտ այդ նույն տարում ֆինանսական շուկայում բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքները տարեկան կտրվածքով տեղավորվել են 17.67% - 19.24% սանդղակում:  2005 թ. դրամի արժևորման աճի տեմպը կազմել է 108.21%, իսկ վարկավորման բանկային տոկոսադրույքները 16.28 %-ից - 18.19 %: 2006 թ. դրամի արժևորումը կազմել է 123.23%, իսկ վարկավորման տոկոսադրույքները տատանվել են 11.73%-ից 15.71%-ի սահմանում: Եվ, վերջապես, 2007 թ. դրամի արժևորման աճի տեմպը կազմել է 119.9% և այդ պարագայում վարկավորման տոկոսադրույքները տատանվել են 12%-ի և 14.38%-ի սահմանում: Ահա այս հանգամանքով է պայմանավորված 4 տարում բանկային համակարգի զուտ շահույթների 482.5% աճի տեմպի արձանագրումը: Բարձր տոկոսադրույքներով է պայմանավորված նաև այն, որ տնտեսության իրական հատվածում բանկային համակարգի ներդրումային մասնակցությունը չնչին է: Այսպես, բանկային  համակարգում վարկային ներդրումներ (համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը մեր տնտեսությունում շատ ցածր է. 2004 թ. այն կազմել է 8.2%, 2005 թ.` 9.3%, 2006 թ.` 7.0% և

2007 թ. վարկային ներդրումներ) ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 14.3%: Ադրբեջանում այն գերազանցում է 15%-ը (ցավով նշեմ, որ Ադրբեջանի ՀՆԱ-ն ավելի քան երեք անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն), Վրաստանում` 20%-ը, Ռուսաստանի Դաշնությունում` 30%-ը: Սրան ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկան թեև գործում է, սակայն այնտեղ իրականացվող գործարքների գրեթե 100%-ը բաժին է ընկնում պետական արժեթղթերով կատարվող գործարքներին: Նշենք նաև, որ ՀՀ-ում չունենք զարգացած ֆոնդային բորսա, ինչպես նաև տեղական կազմակերպությունների, ընկերությունների բաժնետոմսերի տեղաբաշխում միջազգային բորսաներում: Ավելացնենք, որ ֆինանսական ոլորտի ընդհանուր  կապիտալի 90%-ից ավելին բաժին է ընկնում բանկային համակարգին: Ավելին, ՀՀ-ում բացակայում են մասնավոր կուտակային կենսաթոշակային ընկերությունները,  որոնք ամբողջ աշխարհում համարվում են ֆինանսական կարևոր միջնորդներ, չկան կյանքի ապահովագրական ընկերություններ, չի գործում նաև պարտադիր ապահովագրական համակարգը: Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չձևավորելով ամբողջական ֆինանսական համակարգ` խոսել հանրապետությունը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու շուրջ, մեղմ ասած, ժամանակավրեպ է: Իմ այս պարզաբանումները ֆինանսական շուկայում գործող ուսյալ մասնագետների համար հայտնի ճշմարտություններ են, բայց, ավա՛ղ, ոչ մերոնց համար:

Ավարտելով միտքս նշեմ, որ մասամբ բարձր տոկոսադրույքներով է պայմանավորված նաև այն երևույթը, երբ հանրապետություն ապրանք ներմուծողները դրամի արժևորման պայմաններում գները չեն իջեցնում անգամ իսկ այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում արձանագրվում է գների իջեցում: Իրենց այդ քայլը նրանք մասամբ բացատրում են վերցրած վարկերի բարձր տոկոսադրույքներով: Այստեղ, իհարկե, բացասական որոշակի դեր է խաղում նաև վերջիններիս սահման չունեցող ագահությունը:

Հարգելի գործընկերներ, տնտեսական այս համառոտ վերլուծությունից հետո անցնեմ երկրի ներքաղաքական վիճակի բնութագրմանը: 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ընթացող զարգացումները հանգեցնում են հետևյալ եզրակացության. Լևոն Տեր-Պետրոսյանը և նրան սատարող ուժերն ընտրել են ոչ թե իշխանական բուրգի, այլ Հայոց պետականության կազմաքանդման գործընթաց: Եվ այդ գործն անում են խիստ համակարգված և նպատակասլաց:

Հայտնի է, որ պետական մեքենայի, պետականության քայքայումը ենթադրում է պետականության հիմք հանդիսացող բոլոր բաղադրիչների նշավակում, վարկաբեկում և խայտառակում. Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, արդարադատության համակարգի, եկեղեցու, ազգային ավանդույթների: Նրանք խնդիր են դրել անել ամենը, որ մարդիկ գան այն եզրակացության, որ բացի  արմատական ընդդիմություն իրեն հորջորջած ուժից Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքական որևէ այլ ուժ, որում համախմբված լինեն երկրի ճակատագրով մտահոգ, մտածող, հայրենասեր գործիչներ, քաղաքական այրեր, որոնք ի զորու կլինեն հոգալ ժողովրդի հոգսերը: Այդ նպատակին հասնելու համար նրանք և ոչ մի բանից չեն խորշում: Մենք Ձեզ հետ ականատեսն ենք լևոնականների կողմից ծավալված տեղեկատվական-քարոզչական պատերազմի: Զրպարտչական, անձը վիրավորող, պետական ցանկացած կառույցի աշխատանքները նշավակող  հոդվածների հեղեղը ամեն Աստծո օր թափվում է մեր հասարակության գլխին: Եվ քարոզչական այս պատերազմում իշխանություններն անտաղանդորեն կրում են պարտությունը պարտության հետևից: Սև քարոզով ամլացվում է պետական մեքենան, երևույթ, որը խիստ բացասական ազդեցություն է ունենում պետական ապարատում աշխատողների վրա: Նման մարտավարությունն ընտրված է ոչ պատահական: Թուլացնելով իշխանություններին, թերթերի էջերում օրեցօր տպագրելով ռուսատյաց բովանդակությամբ հոդվածներ` արմատականները խնդիր են դրել խարխլելով իշխանություններին` նրանց ենթարկեցնել դրսից պարտադրվող պահանջին, պայմաններին: Պայմաններ, որոնց վերջնական նպատակն է` կազմալուծել հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, հնարավորինս չեզոքացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Հարավային Կովկասում ընդհանրապես: Նույն հետևողականությամբ այս գործընթացները շարունակվելու դեպքում շատ վտանգավոր զարգացումներ կարող ենք ունենալ հատկապես առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Ինքնին հասկանալի է, որ դա մեծապես պայմանավորված է վրաց - հարավ-օսեթական հնգօրյա պատերազմով և Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման փաստով:

Հարկ է նշել, որ լևոնականների կողմից վարվող քարոզչական պատերազմը չի սահմանափակվում միայն նրանց շահերը սպասարկող մամուլում տպագրվող նյութերով կամ էլ հանրահավաքներով, նստացույցերով, երթերով, հացադուլներով և այլն: Պատերազմի արմատները շատ և շատ խորն են: Ես հեռու եմ այն մտքից, որ վերջին տարիներին առանձին հեռուստաալիքներով եթեր արձակվող գեղարվեստական կասկածելի արժեք ունեցող, իսկ ավելի ճիշտ բացարձակ արժեզուրկ  հեռուստասերիալները սոսկ պատահականություն են: Չէ՞ որ մենք տեսել ենք այդ հեռուստաալիքների պատրաստած բարձրաճաշակ հաղորդումները, լավ ծանոթ ենք դրանց ստեղծագործական կոլեկտիվների պրոֆեսիոնալ հնարավորությունների հետ: Ոչ, ամենևին էլ պատահական չէ, որ այսօրվա որոշ հեռուստաալիքների էկրաններն ողողված են «Վերվարածները ընտանիքում», «Դժբախտ երջանկություն», «Հարևանները» սերիալներով: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս անմեղ, երբեմն ծիծաղաշարժ  բեմադրությունները ոչնչով չեն կարող բացասական ազդեցություն թողնել հեռուստադիտողի վրա: Սակայն այդպես կարող է միայն թվալ: Ամեն օր երկնագույն էկրաններից հարյուր հազարավոր մարդկանց, հատկապես երիտասարդներին ու մեր երեխաներին ներկայացվում են մեր նորօրյա հերոսները` ճպլները, արբիները, շմավոնները, վաղոները, լիդաները, ծաղիկները: Լավ, այս հերոսներից մարդիկ ի՞նչ ընդօրինակեն, ի՞նչ սովորեն: Եվ կրկնակի ցավ ես ապրում, որ դրանց դերակատարները մեր սիրված, տաղանդավոր արտիստներն են: Կանցնի մի որոշ ժամանակ և մենք ականատեսները կլինենք, որ փոխվել է մեր ազգային նկարագիրը, որ խարխլվել է ազգի միաբան լինելու ներուժը: Այդ սերիալների իրական պատվիրատուները, ովքեր, անտարակույս, մեր երկրից դուրս են գտնվում, քաջ գիտակցում են, որ Ճպլի, Արբիի, Վաղոյի և մյուսների կերպարների վրա դաստիարակություն ստացածների համար հայրենասիրությունը սկսվում ու ավարտվում է այնտեղ, որտեղ դադարում է գործոն լինել անձնական շահը:

Այստեղ տեղին է ընդգծել, որ պետությունը դատապարտված է կործանման, եթե նա չի հենվում հասարակական կարծիքի, համերաշխ ապրող ժողովրդի վրա: Աշխարհում և ոչ մի իշխանություն տևական ժամանակ չի կարող գոյատևել, եթե չունի հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը, եթե իր գործունեության հիմքում չի դրել գերիշխող հասարակական կարծիքի պահանջները: Իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունում հասարակական կարծիքի ձևավորումը, մեղմ ասած, մատնված է ինքահոսի, էլ չասենք, որ շատ դեպքերում էլ ձևավորվում է դրսի ուժերի կողմից: Արդյունքում մենք կունենանք գաղափարազուրկ, պառակտված հասարակություն, որի հետ շատ դյուրին կլինի կատարել ցանկացած գործողություն: Ահա դրա ամենացայտուն վկայությունն է Լևոնի «երկրորդ գալուստը» քաղաքական ասպարեզ: Եվ, ընդհակառակը, ազգային գաղափարների շուրջ համախմբված ժողովուրդը վճռականորեն կմերժի օտարածին ցանկացած ուժի: Հիշենք պատմական մի դրվագ: Երբ Նապոլեոն  Բոնապարտը պաշարեց Իսպանիան, որոշ ժամանակ կարողացավ այնտեղ ուժով պահել իշխանությունը, բայց կառավարել Իսպանիան նա չկարողացավ, թեպետ ուժի պակաս չէր զգում: Եվ պատահական չէր, որ Թալեյրանը ասում էր Բոնապարտին. «Սվինները , սիր, պիտանի են ամեն բանի համար, բացի եզակիից. դրանց վրա չի կարելի նստել» («Штыки, сир, годятся на все, кроме единственного – нельзя на них усидеть»):

Այս օրերին մենք ականատես ենք դառնում, որ Հայաստանում դադարում է գոյություն ունենալ հասարակության հավաքական կարծիքը: Այս երևույթը չափազանց վտանգավոր է, քանի որ կհանգեցնի նրան, որ հասարակությունը կբաժանվի միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված խմբերի: Իսկ քանի որ բնությունը վախենում է դատարկությունից, ապա հասարակական կարծիքի բացակայությունը, ի վերջո, հանգեցնելու է, բերելու է բռնության: Եվ երբ խումբ-խմբավորումների կարծիքները կլինեն խիստ իրարամերժ, հեռանկարում դրանք կաթվածահար կանեն միմյանց: Նման զարգացումները կզրկեն Հանրապետության Նախագահին լիակատար իշխանավարության անգամ իսկ փոքր հնարավորությունից:

Հարգելի գործընկերներ, իշխանություն` նշանակում է կարծիքների, հայացքների տիրապետում, գերիշխանություն դրանց նկատմամբ, այլ կերպ ասած` ոգու իշխանություն: Վերջին հաշվով իշխանությունը լիակատար կայացած է լինում, եթե ապահովված է հոգևոր իշխանությունը:

«Ազգային Միաբանություն կուսակցությունը», ինչպես ցույց տվեցին մեր գլխի վրայով անցած վերջին մեկուկես տարվա փորձությունները, ոգու կուսակցություն է, ուրեմն և անպարտելի է:

«Հայոց Աշխարհ», 11.IX.2008, «Առավոտ», 12.IX.2008, «Փակագիծ», 12.IX.2008:

Последние видеоматериалы

Новые книги