ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ ԷՐ ՊԵՏՔ… ՀԻՄԱ , ԳՈՆԵ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ
ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵԳՅԱՆԻՆ ԼՍԵՔ
Հայկական դրամը կտրուկ գերագնահատված է և դա ողբերգություն է:
Աբել Աղանբեգյան
2006 թ. հոկտեմբերի 16-ին «հակակրիմինալ շարժման» կողմից կազմակերպված հասարակական լսումների ժամանակ զեկուցումով հանդես եկավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Պրն Գեղամյանի ելույթում համոզիչ բացահայտված էր իշխանությունների վարած տնտեսական ու դրամավարկային արատավոր քաղաքականության վտանգավորությունը: Ելույթը տպագրվել էր «Իրավունք» թերթի 31.X–2.XI.2006 թ. համարում:
Օրերս, հոկտեմբերի 23-ին, Երևանում «Հայաստանի և Ռուսաստանի էկոնոմիկաները. այսօր և վաղը» կլոր սեղանի շրջանակում ելույթ էր ունեցել աշխարհահռչակ գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը:
Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետությունում վարվող դրամավարկային քաղաքականությանը մեծ գիտնականի կողմից տրված գնահատականները աներկբա հաստատում են դեռ երկու տարի առաջ Արտաշես Գեղամյանի կողմից տրված գնահատականների ճշմարտացիությունը:
Ձեզ ենք ներկայացնում (մասնակի կրճատումներով) Արտաշես Գեղամյանի 2006 թ. հոկտեմբերի 16-ի ելույթը:
Հարգելի գործընկերներ, այսօր քննարկվող հարցը, թերևս, այն եզակիներից է, որը, ասես թե, լուսապատճենում է երկրի ողջ տնտեսությունը: Ստորև փորձեմ ներկայացնել խնդրո առարկա հարցի էությունը:
Եվ, այսպես, ի՞նչ են ասում մեր իշխանավորները, երբ ճգնում են հիմնավորել դոլարի արժեզրկումը և դրամի արժևորումը: Նախևառաջ պնդում են, որ դա պայմանավորված է տնտեսության դինամիկ զարգացմամբ ու օտարերկրյա մեծածավալ ներդրումներով: Մի խոսքով, ուզում են ժողովրդին համոզել, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց առողջ է և դրա պտուղն էլ այն է, որ ազգային դրամն արժևորվում է: Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը վկայում է ճիշտ հակառակը՝ տնտեսության լուրջ հիվանդ լինելու մասին: Տնտեսությունը բնութագրող ցուցանիշները, որ այժմ բերելու եմ, վերցված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ու Կենտրոնական բանկի պաշտոնագրքերից:
Իշխանությունները, մասնավորապես, նշում են, որ դոլարի արժեզրկումն ու դրամի արժևորումը ՀՆԱ-ի աննախադեպ աճի հետևանք են: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հետևյալ թվերը. 2001 թ. մեկ դոլարի փոխարժեքը պաշտոնապես հայտարարված է եղել 555 դրամ: 2001 թ. ՀՆԱ-ի աճի տեմպերը նախորդ տարվա նկատմամբ եղել է 109,6%: 2002 թ. մեկ դոլարի փոխարժեքն աճել և դարձել է 573,35 դրամ, ՀՆԱ-ի աճի տեմպն էլ երկանիշ թվով է բնութագրվել. այն նախորդ տարվա նկատմամբ եղել է 112,9%: Շարունակեմ. 2003 թ. դոլարը կրկին արժևորվել է, մեկ դոլարն արժեցել է 578,77 դրամ և նույնպես արձանագրվել է ՀՆԱ-ի երկանիշ աճ, այն է՝ 113,9%: Այսինքն՝ պնդումը, թե դրամի արժևորումը պայմանավորված է տնտեսական աճով, վերը բերածս 3 տարվա ցուցանիշները փաստում են, որ դա ոչ այլ ինչ է, քան մեր իշխանությունների կողմից հրապարակ իջեցված ապատեղեկատվություն, բլեֆ: Իսկ երբ 2004 թ. արձանագրվում է արդեն ՀՆԱ-ի ավելի ցածր աճի տեմպ (եթե 2003 թ. 113,9% էր, ապա 2004 թ.՝ 110,1%), դոլարն արժեզրկվում է՝ դառնալով 533,40 դրամ: Նույն միտումն արձանագրվել է 2005 թ. և 2006 թ. ութ ամիսների ընթացքում: Իսկ ի՞նչպես կարելի է բացատրել այս ամենը. չէ՞ որ ՀՆԱ-ն ավելի դինամիկ էր աճում այն տարիներին, երբ աճ էր գրանցվել դոլարի փոխարժեքում: Պարզապես, 2003 թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող տղերքն ընտրողներին կաշառք տալու համար ահագին ծախս էին քաշել և կրած «նյութական վնասը» վերականգնելու համար գտել էին եզակի ճանապարհը, այն է՝ ժողովրդից հետ վերցնել իրենց տված գումարները: Ինչո՞ւ եմ ժողովրդից ասում, որովհետև բնակչության զգալի մասն օգտվում է դրսից ստացվող դոլարային օգնությունից, այսպես կոչված, տրանսֆերտներից, ինչն էլ կողոպուտի ենթարկեցին: Անգամ իսկ հաշվի չառան այն, որ եթե դրսից ստացվող դոլարային օգնությունը չլինի, ապա բոլորս գիտենք, որ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը սովի կմատնվի: Եվ դա արեցին շատ ու շատ հնարամտորեն: Մտահոգիչն այն է, որ հիշատակածս տարիների ընթացքում՝ 2001-2006 թթ., մենք ականատեսն ենք եղել ինչպես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների, այնպես էլ առևտրային բացասական հաշվեկշռի աճի աննախադեպ տեմպերի, որը պետք է հանգեցներ դոլարի արժևորմանը, սակայն տեղի ունեցավ հակառակը: Պարզեցնեմ միտքս. այդ ընթացքում դրսից մեր երկիր ավելի շատ ապրանք է բերվել, քան հանրապետությունից հանվել է, և առևտրային հաշվեկշիռը, այսինքն՝ հիշատակածս ժամանակահատվածում ներմուծման ու արտահանման տարբերությունը, եղել է սոսկ և սոսկ բացասական, այն էլ՝ իր մեջ ներառելով աճի տեմպեր: Հիմա ձեզ հայտնեմ այդ թվերը: Եվ, այսպես, 2002 թ. ներմուծման աճի տեմպը 2001 թ. նկատմամբ կազմել է 113,3%, 2003 թ. 2002-ի նկատմամբ՝ 128%, 2004 թ. 2003-ի նկատմամբ՝ 106,4%, 2005 թ., երբ ՀՀ-ում արդեն շեշտակի արժեզրկվեց դոլարը, 130,8%, իսկ 2006 թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ներմուծման աճի տեմպը կազմել է 120%, բացասական հաշվեկշռի աճի տեմպն էլ՝ 150,4%: Այստեղ վտանգավորն այն է, որ արտահանման նվազում է տեղի ունենում, որի արդյունքում արդեն մեր՝ տեղական, հայրենական արտադրողը դժվարանում է իր արտադրանքը դրսում իրացնել: Դրա խոսուն վկայությունն այն է, ամենաթարմ թիվը բերեմ, որ նախորդ տարվա համեմատ 2006 թ. հունվար-օգոստոսին գրանցվել է արտահանման ծավալի կրճատում, որ կազմել է 96,4%: Այսինքն՝ արտահանման ծավալը սեղմվել է:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երկրի մակրոտնտեսությունում ստեղծվել նման պարադոքսալ իրավիճակ և ո՞րն է դրա պատճառը: Հիշենք, որ 2005 թ. առևտրային հաշվեկշիռը եղել է բացասական՝ կազմելով 817,6 մլն դոլար: Վերստին բերեմ մի շարք ուշագրավ փաստեր: Այսպես, վիճակագրությունը վկայում է, որ դատական ատյանների կողմից ընդունված վճիռների չկատարումը հասնում է ծայրաստիճան վտանգավոր չափերի: Մասնավորապես այն վճիռների, որոնք տնտեսվարող սուբյեկտներին պարտադրել են պետության հասանելիք գումարները մուծել բյուջեի և Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշվին: Մինչդեռ այդ գումարների զգալի մասն այդպես էլ չի վերականգնվել: Օրինակ, 2003 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին, Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտին կատարողական բոլոր վարույթներով բռնագանձման ենթակա գումարներից չի վերականգնվել 47 մլրդ 705 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ ճարպիկ տղերքը ֆիկտիվ հիմնարկներ են ստեղծում, մեծածավալ գործարքներ կատարում, այդ գործարքներն անելուց հետո, արհեստականորեն այդ հիմնարկները փակում են, իբր, սնանկանալու պատճառով, և արդյունքում պետությունը, զորօրինակ, կրկնեմ, միայն 2003 թ. դատարանով որոշված 47 մլրդ 705 մլն դրամ այդպես էլ չի կարողացել վերականգնել: Այս թիվն արձանագրված է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2003 թ. հունվար-դեկտեմբերին» պաշտոնագրքի էջ 170-171-ում: 2004 թ. նույնաբովանդակ ցուցանիշը կազմել է 31 մլրդ 534 մլն դրամ (տե՜ս 2004 թ. պաշտոնագրքի էջ 172-ը): Իսկ 2005 թ. չի վերականգնվել 25 մլրդ 803 մլն դրամ (տե՜ս համապատասխան պաշտոնագրքի էջ 165-ը): Ինչպես տեսնում եք, թալանի կիզակետը 2003 թ. էր՝ վերը հիշատակված պատճառով: Կրկնում եմ, տղերքը փող էին ծախսել և այն շտապ պետք էր ոչ միայն վերականգնել, այլև մի բան էլ ավել գռփել: Ասեմ նաև, որ պաշտոնագրքերի էջերը միտումնավոր ընթերցեցի, որովհետև իշխանական լրատվամիջոցները վաղը առանց անհարմար զգալու կհայտարարեն՝ բերվեցին թվեր, որոնք հայտնի չէ, թե որ աղբյուրից էին վերցված: Եվ, այսպես, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության բյուջեն, ինչպես նաև Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը չեն ստացել 105 մլրդ դրամ գումար, այլ կերպ ասած՝ դրանք գրպանվել են: Անտարակույս, այդ գումարները գրպանվել են ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործիչների, այլ յուրացվել և թալանվել են իշխանության հովանու ներքո գործող օլիգարխների ու քրեածին անձանց կողմից: Սա ակնհայտ է բոլորիս համար, որովհետև խոսքը չի գնում անգամ իսկ 250-300 մլն դրամից հարկեր չմուծելու մասին, ինչի համար մեծ խաբարով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարեցին, պատրանք ստեղծելով, թե, իբր, կրիմինալի դեմ պայքար են ծավալում: Խոսքը, հարգելի գործընկերներ, գնում է 105 մլրդ դրամ յուրացված, թալանված գումարների մասին, ինչն արձանագրվել էր Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնագրքերում: Ասեմ ավելին. պաշտոնական վիճակագրության համաձայն 2005 թ., ըստ կազմակերպությունների ամփոփ ֆինանսական տվյալների, Հայաստանի Հանրապետությունում շինարարության ոլորտի միայն 65,5%-ն է, որ աշխատել է եկամուտով, կրկնում եմ, 65,5%-ը, իսկ 34,5%-ն էլ աշխատել է վնասով կամ առանց շահույթի: Ուղղակի վնասով աշխատող շինարարական կազմակերպությունների կշիռը կազմել է 12,9%, վերջիններիս կրած վնասն էլ 587,7 մլն դրամ: Եվ այս ցուցանիշներն իշխանություններն ընդունել են «հալած յուղի» տեղ: Ստացվում է, որ շինարարության ոլորտում աշխատող կազմակերպությունների ավելի քան մեկ երրորդը, չունենալով շահույթ կամ կրելով վնասներ, այնուամենայնիվ, 2005 թ. 2004 թ. նկատմամբ ընդհանուր առմամբ ապահովել է 134,2% շինարարության աճի տեմպ: Համենայն դեպս, վիճակագրական ծառայությունը սա է փաստում (տե՜ս 2005 թ. պաշտոնագրքի էջ 36-ը): Իսկ շինարարության ճնշող ծավալները, ինչպես փաստում է նույն վիճակագրությունը, 81,16%-ը, հայտնի է, որ իրականացվում է Երևան քաղաքում, այն էլ՝ էլիտար շենքերի կառուցումով: Այստեղ, ես տեսնում եմ, որ շինարարության հետ առնչվող մարդիկ կան, որ կհաստատեն հետևյալ թվերը. մեկ քառակուսի մետր բնակելի մակերեսն ամենաճոխացված թվերով այսօրվա շուկայական գներով շինարարի վրա նստում է լավագույն դեպքում 250-300 դոլար: Ամենաորակյալ շինանյութի օգտագործման պարագայում անգամ 300 դոլարը չի գերազանցում: Մինչդեռ, ինչպես գիտեք, մեկ քառակուսի մետրի համար վաճառքի գները նվազագույնը 750-ից 1500 դոլար են կազմում: Այլ կերպ ասած՝ մեկ քառակուսի բնակմակերեսի վաճառքից երաշխավորված է նվազագույնը 500 դոլար մաքուր շահույթ: Նշենք, որ, մասնավորապես, Երևան քաղաքում 2005 թ. շահագործման է հանձնվել 250923 մ2 բնակմակերես: Արդյունքում՝ էլիտար շենքերի շինարարություն իրականացնող իշխանամերձ ձեռներեցները հարկային մարմիններից թաքցրել են նվազագույնը 124 մլն 461 հազար դոլար կամ 57 մլրդ 335 մլն դրամ շահույթ: Ահա սա է փաստում պաշտոնական վիճակագրությունը:
Հաջորդ իրողությունը: Երբ սահմանում էին էլեկտրաէներգիայի սակագները, հաշվարկային միավոր էր վերցվել 1 դոլարը 552,4 դրամ փոխարժեքով: Մինչ օրս էլ սակագնի հաշվարկման հիմքում այս փոխարժեքն է: Դոլար-դրամ վայրիվերումների արդյունքում ունեցանք հետևյալ պատկերը. 2006 թ., մասնավորապես, սեպտեմբերի դրությամբ, մեկ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիան, եթե 1999 թ. հաշվարկված էր ու կազմում էր 4,52 ցենտ, ապա հիմա կազմում է 6,58 ցենտ (սեպտեմբերին դոլարի արժեքը կազմել է 380 դրամ): Եվ դոլարի արհեստական արժեզրկման հետևանքով միլիարդավոր դրամներ դուրս են մնում պաշտոնական հաշվառումից: Որպեսզի ձեզ թվերով չհոգնեցնեմ, միայն բերեմ առավել կարևորները. 2004 թ. դոլարի արժեզրկման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ստացել է 6 մլն 377 հազ. դոլար կամ 3 մլրդ 401 մլն դրամի հավելյալ շահույթ: 2005 թ. այդ նույն ցուցանիշը կազմել է 17 մլրդ 978 մլն դրամ, իսկ 2006 թ. ութ ամիսների ընթացքում՝ 10 մլրդ 253 մլն դրամ: Եվ, այսպես, փաստորեն, 2 տարի 8 ամիսների ընթացքում հավելյալ շահույթը, որ դուրս է մնացել հարկային դաշտից և չի հարկվել, կազմել է 31 մլրդ 632 մլն դրամ: Ես միտումնավոր եմ ասում՝ դուրս են մնացել, որովհետև դա են վկայում այդ ՓԲԸ-ի հարկային մուտքերը: Սակայն համոզված կարելի է ասել, որ այդ գումարները պարզապես յուրացվել են, որովհետև պաշտոնական վիճակագրական և ոչ մի վերլուծության մեջ ստացված հավելյալ շահույթի ծավալները չկան: Այսինքն՝ 31 մլրդ 632 մլն դրամ էլ տղերքն այստեղ կերան: Զավեշտն այն է, որն արդեն իսկ ավանդույթ է դառնում, երբ հարկերից խուսափելու կամ թալան անելու դեպքերն արդեն ակնհայտ են լինում, ազգային ջոջերը դիմում են հայտնի հնարքին, ռուսերեն ասած՝ «опускают концы в воду». Պարզապես նրանք վաճառում են հարկերից խուսափող այդ ձեռնարկությունները, ինչի ականատեսը եղանք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեպքում ևս: Նրանք «Միդլենդ ռեսուրսիս» կոչված շինծու կազմակերպությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառեցին ռուսական հայտնի «ՌԱՕ ԵԷՍ» հոլդինգի ստորաբաժանումներից մեկին: Վաճառքից հետո արդեն իսկ ուժի մեջ է մտնում «не пойман, не вор» դիպուկ կարգախոսը:
Իշխանությունների, մեղմ ասած, թողտվության պայմաններում, հերթական մեծ կողոպուտ հիշեցնող փաստն ի հայտ եկավ արդեն «Արմենտելի» պարագայում: Վարչակազմը դոլար-դրամ փոխարժեքի հետ առնչվող հարցերում իր խարդավանքներում էնքան է խճճվել, որ գործը հասցրել է զավեշտի: Այսպես, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2005 թ. հունվար-դեկտեմբերին» պաշտոնագրքում (էջ 49) նշված է, որ հեռախոսային խոսակցություններից ստացված հասույթը կազմել է ոչ ավել, ոչ պակաս, քան 42 մլրդ 739,7 մլն դրամ: Եվ կողքն էլ գրված է՝ համադրելի գներով 2004 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցված է 116,4% աճ: Նշենք, որ 2004 թ. հեռախոսային խոսակցություններից ստացված հասույթը կազմել է 45 մլրդ 461,3 մլն դրամ (տե՜ս 2004 թ. պաշտոնագիրք, էջ 56): Ստացվում է, որ 42 մլրդ 739,7 մլն դրամը, համաձայն պաշտոնական վիճակագրության, կազմում է 45 մլրդ 461,3 մլն դրամի 116,4%-ը: Այս զարմանահրաշ թվաբանության հետևում թաքնված է, մեղմ ասած, հարկերից խուսափելու միտում, եթե չասենք՝ կողոպուտ: Պարզեմ միտքս. 2004 թ. հեռախոսային խոսակցություններից գանձված 45 մլրդ 461,3 մլն դրամ հասույթը 116,4% աճի տեմպի ապահովման պարագայում պետք է գրանցեր 2005 թ. ստացված 52 մլրդ 916,9 մլն դրամի հասույթ, մինչդեռ վիճակագրական պաշտոնագրքում արձանագրված է 42 մլրդ 739,7 մլն դրամ: Ըստ էության, հաշվառումից դուրս է մնացել ավելի քան 10 մլրդ դրամ (52 մլրդ 916,9 մլն – 42 մլրդ 739,7 մլն): Այլ կերպ ասած՝ այդքան գումար կամ գրպանվել է, կամ չի հարկվել: Պաշտոնական տեղեկագրքում զետեղված թվեր են սրանք: Տղերքը խառնվել են ու մոռացել, որ 2005 թ. դոլարի փոխարժեքը 2004 թ. համեմատ արժեզրկվել է 16,4%-ով և եթե հեռախոսային խոսակցություններից ստացված հասույթի աճի տեմպերը բնութագրելիս լինեինք դոլարային արտահայտությամբ, ապա, իրոք, կգրանցվեր 116,4% աճի տեմպ: Այն աստիճանի են խառնվել, որ դոլարային արտահայտությամբ աճի տեմպը բռնել ու դրել են դրամով, երբ արձանագրված է նախորդ տարվա համեմատ փաստացի ավելի ցածր ցուցանիշ: Կատարված մեքենայությունների մեջ դրականը, թերևս, այն է, որ հետն էլ այս խարդավանքն ի հայտ են բերել: Եվ այստեղ, երբ համադրելի գներով ես վերլուծություն անում, ապա, իրոք, համոզվում ես, որ «Արմենտելում» 10 մլրդ 35 մլն դրամ առնվազն շրջանցել է հարկային ոլորտը, եթե չասենք՝ թալանվել է: Ձեռագիրը նույնն է: «Արմենտելն» էլ են վաճառում, արդեն իսկ տեղավորվելով այս դեպքը բնութագրելու համար սազական՝ «ищи ветра в поле» մեկ այլ կարգախոսում: Վաճառքից հետո էլ կասեն՝ «Արմենտելը» հարկային մարմիններին տարեկան հաշվետվություններ է ներկայացրել, պետական ատյաններն էլ ընդունել են դրանք, ոչ ոք այլևս մեղադրել չի կարող որևէ մեկին:
Անօրինականությունների, թալանի ցանկը կարելի է շարունակել, բայց, կարծում եմ, հիշատակածս փաստերը բավական են պնդելու, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության զգալի ոլորտը գործում է ստվերում: Եվ այդ ստվերում գործող «հերոսները» արդեն այն աստիճանի են լկտիացել, որ, տնտեսության զգալի մասը ստվերում գործելու պարագան նկատել չտալով, զբաղված են աչքակապությամբ՝ գլուխ գովելով, թե տնտեսությունն աճ է ապրում: Մինչդեռ մենք ականատեսն ենք երկրի մակրոէկոնոմիկայի լրջագույն հիվանդության: Այնուամենայնիվ, ո՞րն է հանելուկը, ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսության այս պայմաններում հանկարծ դրամն արժևորվում է, դոլարն էլ անկում է ապրում: Այսօր, խորհրդարանական լսումների ժամանակ Կենտրոնական բանկի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին դիմեցի հարցով, թե վճարային հաշվեկշիռն անցած տարիների ընթացքում ի՞նչ թվերով են բնութագրվում: Եվ, այսպես, համաձայն Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալների, վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը բնութագրվել է հետևյալ ցուցանիշներով [պարզաբանեմ. ընթացիկ հաշիվ ասելով՝ նկատի ունեն երկիր մուտք գործող վճարների (ապրանքների) և երկրից դուրս իրականացվող վճարների հարաբերակցությունը որոշակի ժամանակահատվածում]: Կենտրոնական բանկը փաստում է, որ 2002 թ. վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը եղել է բացասական, ունեցել է ճեղքվածք 148 մլն դոլարի չափով, 2003 թ.՝ 190 մլն դոլարի չափով, 2004 թ.՝ 161 մլն դոլարի չափով, 2005-ին՝ 104 մլն դոլար, 2006 թ. առաջին կիսամյակում՝ 187 մլն դոլարի չափով բացասական հաշվեկշիռ: Այսինքն, վերջին հաշվով, վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի ճեղքվածքի չափով երկրից դոլար ավելի է տարվել, քան ներմուծվել է: Եվ այս պարագայում արտարժույթի շուկայում պետք է հակառակ պրոցես ընթանար. եթե դոլարը երկրից դուրս է տարվում, ապա ֆինանսական շուկայում դոլարի պակասուրդ է զգացվում և վերջինիս փոխարժեքը, բնականաբար, պետք է բարձրանար: Իսկ մեզանում կատարվում է հակառակը: Բա այս հանելուկը, ո՞րն է: Հանելուկը շատ պարզ է. ազատական շուկայական հարաբերություններ որդեգրած երկրներում տնտեսության բնականոն և նորմալ աշխատանքի համար մոնետիզացիայի գործակիցը նվազագույնը պետք է լինի 30-ից 40%, իսկ զարգացած այնպիսի երկրներում, ինչպիսիք են, մասնավորապես, Ֆրանսիան, Ճապոնիան՝ այն գերազանցում է 50%-ը: Ի՞նչ է նշանակում մոնետիզացիայի գործակից. դա շրջանառության մեջ առկա փողի զանգվածի տոկոսային հարաբերակցությունն է ՀՆԱ-ի նկատմամբ: Հիշատակածս անցած տարիներին Հայաստանի Հանրապետությունում այդ թիվը պաշտոնական տեղեկատվության համաձայն տատանվել ու կազմել է 15-18%: Մինչդեռ մակրոտնտեսության բնականոն գործունեության համար մոնետիզացիայի գործակիցը, ինչպես ասացի, պետք է կազմի նվազագույնը 30-40%: Բայց մեր երկրի տնտեսության մեջ այդ ցուցանիշը, կրկնեմ, կազմել է 15-18%, դա էլ այն դեպքում, երբ հաշվի չի առնվել ահռելի չափերի հասնող ստվերային տնտեսությունը: Իսկ վերը բերածս թվերը և, ինչու չէ, Համաշխարհային բանկի համապատասխան վերլուծությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության 40%-ը գործում է ստվերում: Հանգամանք, որը և ոչ մի հակառակ փաստարկով պետական որևէ մարմնի կողմից մինչ օրս չի հերքվել: Այսպիսով, եթե մենք ստվերում գործող տնտեսության 40%-ն էլ գումարելի ենք դարձնում ՀՆԱ-ին, ապա ստացվում է, որ մոնետիզացիայի գործակիցը կազմում է ոչ թե 15-18%, այլ իրականում՝ 10-12%: Իսկ ինչի՞ է դա հանգեցնում. մեր մակրոէկոնոմիկայում արհեստականորեն ստեղծում են դրամական բազայի պակասուրդ, որը կաթվածահար է անում տնտեսության բնականոն աշխատանքը: Սա հետևանք է այն բանի, որ դրամի բազան 4 անգամ պահանջվածից պակաս է: Իսկ մենք Ձեզ հետ գիտենք, որ երբ ապրանքի առաջարկը շատ ավելի քիչ է, քան պահանջարկը, ապա, բնականաբար, տեղի է ունենում մեծ պահանջարկ ունեցող ապրանքի գնի աճ: Տվյալ դեպքում ապրանքի դերում հանդես է գալիս ազգային դրամը: Եվ, ահա, սա է, որ արհեստականորեն արժևորում է դրամը: Եվ դա տեղի է ունենում պայմանավորված չլինելով այդ աճն ապահովող տնտեսական անհրաժեշտ համապատասխան ցուցանիշներով: Ավելի պարզ ասած՝ արհեստականորեն դրամի պակասուրդ են ստեղծում, իսկ դա էլ իր հերթին հանգեցնում է դրամի արժևորման: Ըստ որում, պահանջվածից 4 անգամ պակաս դրամի բազա է շրջանառվում երկրի էկոնոմիկայում: Եվ այն, որ Կենտրոնական բանկի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց, թե, իբր, մեծածավալ ներդրումներ, մեծածավալ ինվեստիցիաներ են արվում երկրի տնտեսության մեջ, նույնպես հերքվեցին հենց իր կողմից՝ ՀՀ վճարային հաշվեկշռում բերված պաշտոնական թվերով: Պրն Տ. Սարգսյանը խոսում էր Հայաստանում իրականացվող միլիարդավոր դոլարների հասնող ներդրումների մասին, մինչդեռ Կենտրոնական բանկի տրամադրած ՀՀ վճարային հաշվեկշռի դինամիկան բնութագրող ցուցանիշները վկայում են միանգամայն այլ միտումների մասին: Այսպես, 2002 թ. օտարերկրյա ներդրումներն ուղղակի կազմել են 110,7 մլն դոլար, 2003 թ.՝ 125, 2004 թ.՝ 216, 2005 թ.՝ 251 և 2006-ի առաջին կիսամյակում՝ 107 մլն դոլար: Այսինքն՝ բերված թվերը վերստին հերքում են Տ. Սարգսյանի պնդումները, որ դրամի արժևորումը պայմանավորված է եղել նաև Հայաստանում կատարվող միլիարդավոր դոլարների հասնող ներդրումներով: Կրկնեմ, որ էկոնոմիկայում արհեստականորեն պահանջվածից 4 անգամ պակաս դրամ կա շրջանառության մեջ, իսկ դոլարային կտրվածքով դա նվազագույնը 400 մլն դոլարին համարժեք պակաս դրամ է: Ինքնին հասկանալի է, որ տարեկան կտրվածքով հազիվ 200 մլն դոլարի հասնող ընդհանուր վճարային հաշվեկշիռը, ներառյալ ուղղակի օտարերկրյա ներդրումները, դրամի պակասուրդի նման չափերի պայմաններում դրա արժևորման համար դրական ազդեցություն, այն էլ այդքան շոշափելի, չպետք է ունենային: Այսօր արդեն որոշ պաշտոնյաներ փորձում են միջազգայացնել այս խնդիրը: Արդեն իսկ կան հրապարակումներ, որոնց հեղինակները դրամի նման արժևորումը բացատրելիս գյուտ են անում, ասելով, որ նման երևույթ ժամանակին արձանագրվել էր նաև զարգացած այնպիսի երկրների տնտեսությունների մեջ, ինչպիսիք են, մասնավորապես, Հոլանդիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան: Այդ երևույթն էլ տնտեսագետները որակել էին «Հոլանդական հիվանդություն» տերմինով: Նման տեսակետ հայտնողների հաշվարկը շատ պարզ է: Նրանք կարծում են, որ գործ ունեն այնպիսի մարդկանց հետ, ովքեր որ լսեն «Հոլանդական հիվանդության» մասին, իսկույն նրանց չոքերը կթուլանան, էլ հարցի մեջ չեն խորանա: Իսկ ի՞նչ է իրականում, այսպես կոչված, «Հոլանդական հիվանդությունը» իրենից ներկայացնում: Անցյալ դարի 50-ական թվականների վերջին - 60-ականների սկզբին Հյուսիսային ծովում հայտնաբերվեցին բնական գազի վիթխարի պաշարներ: Դրանց շահագործումից Հոլանդիայի տնտեսության մեջ դոլարային մեծածավալ ներհոսք եղավ: Այդ պայմաններում հոլանդական գուլդենն արժևորվեց (այն ժամանակ, պարզ է, որ գուլդենը, քանզի դեռ եվրո չկար), որովհետև մեծ քանակությամբ դոլար էր երկիր մտնում: Դոլարային մեծածավալ հոսքը ամրապնդեց գուլդենը՝ արժևորելով այն դոլարի նկատմամբ: Արդյունքում, բացի հումքային ոլորտից, որն ապահովում էր Հոլանդիայից ապրանքների արտահանման շոշափելի ծավալը, դոլարային կտրվածքով բարձրացավ տնտեսության մնացած բոլոր ճյուղերի արտադրանքի ինքնարժեքը: Ինքնարժեքը բարձրացավ, արտահանվող ապրանքների մրցունակությունը համաչափորեն ընկավ, ինչն իր հերթին բերեց Հոլանդիայից արտահանվող ապրանքների ծավալների կրճատմանը: Այս երևույթն իր հերթին հանգեցրեց Հոլանդիայի տնտեսության ոչ հումքային ճյուղերի ստագնացիային: Ահա հենց այս երևույթն էլ տնտեսագետները անվանեցին որպես «Հոլանդական հիվանդություն»: Ժամանակին դրանով հիվանդացել են, ինչպես ասվեց, նաև Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի էկոնոմիկաները: Նորվեգիայի դեպքում «հիվանդության» պատճառ էր դարձել Հյուսիսային ծովում հայտնաբերված նավթի պաշարները, որոնց արտահանումից ստացվող արտարժույթը գրանցել էր օրըստօրե աճող ծավալներ: «Հիվանդացել» էին նաև Ինդոնեզիայի ու Կոլումբիայի էկոնոմիկաները: Հիմա կասեն՝ Կոլումբիան ուր, Հոլանդիան ու Նորվեգիան ուր: Կոլումբիայի էկոնոմիկան ենթարկվել էր նմանատիպ «հիվանդության», սակայն այլ պատճառով: 70-ական թվականներին Բրազիլիայում, խիստ անբարենպաստ եղանակի հետևանքով, ինչպես փաստում է վիճակագրությունը, սուրճի բերքատվության շեշտակի անկում գրանցվեց: Ճիշտ այդ ժամանակ Գվատեմալայում երկրաշարժ տեղի ունեցավ, ինչն իր հերթին բերեց սուրճ արտադրող այդ երկրից արտահանման ծավալների զգալի նվազեցմանը: Սուրճ արտահանող այս երկու հիմնական երկրներում գրանցված արտահանման աննախադեպ անկման հետևանքով Կոլումբիայից համաշխարհային շուկա ներկրված սուրճի գները գրանցեցին զգալի աճ: Կոլումբիան դոլարային կտրվածքով սկսեց ստանալ մեծ եկամուտներ, որի արդյունքում երկրի էկոնոմիկայի մնացած ճյուղերը ենթարկվեցին նույն ցնցումներին, ինչին 60-ականների սկզբին ենթարկվել էր Հոլանդիայի տնտեսությունը: Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի էկոնոմիկայում և ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի տարբերությունը հիշատակված երկրների համեմատությամբ: Ի տարբերություն վերոհիշյալ երկրների, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտահանումը գնալով նվազում է, անգամ, ինչպես ես հիշատակեցի, 2005-ի հունվար-օգոստոսի համեմատությամբ 2006 թ. երկրից արտահանվող ապրանքների ծավալը կրճատվել ու կազմել է 96,4%: Ամփոփելով միտքս ասեմ, որ «հոլանդական հիվանդության» հիշատակումը Հայաստանի պարագայում ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից միտումնավոր հրապարակ նետված տերմին, որով կփորձեն մոլորեցնել մեր հանրությանը: Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունում արդեն իսկ տարիներ շարունակ գրանցվում է արտահանման ծավալների (նավթի և գազի) դինամիկ աճ, որն ուղեկցվում է արտարժույթի աննախադեպ մեծ հոսքով երկրի ֆինանսական շուկա, սակայն այնտեղ պետական այրերը շատ հեռատես են վարվել: Մասնավորապես, մի քանի թիվ բերեմ: Եթե 1999-2000 թթ. Ռուսաստանի ոսկու և արտարժույթի պահուստները կազմում էին ընդամենը 12 մլրդ դոլար, ապա այժմ դրանք հասել են 287 մլրդ դոլարի: Ահա սա հասկանալի է, երբ այս ամենի արդյունքում ռուսական ռուբլին ամրապնդվում է արտարժույթի համեմատ: Ասեմ ավելին, այնտեղ խելացի են մտածել և այդ ավելցուկ դոլարներով ստեղծել են, հիմնել են վերականգնողական-հավասարակշռող ֆոնդ, այսպես կոչված, «стабилизационный фонд», ուր այդ տարադրամային կուտակումները գնում են: Այլ կերպ ասած՝ ֆինանսական շուկայում իրականացվում է արտարժույթի (դոլարի) ստերիլիզացիայի քաղաքականություն, որի նպատակն է ավելցուկ դոլարները դուրս բերել շրջանառությունից, որ կարգավորեն, չթույլատրեն ռուսական ռուբլու արժևորումը: Պետական այրերն այնտեղ գիտակցում են, որ ռուբլու արժևորումը կբերի ռուսաստանյան արտադրության ապրանքների մրցունակության շեշտակի անկման: Իսկ արտահանման նվազեցումը, ինչպես վերն ասվեց, բերում է տեղական արտադրության ծավալների կրճատման, որն էլ իր հերթին հանգեցնում է արտադրության ծավալների սեղմման, շատ դեպքերում՝ փակման, ինչի արդյունքում աճում է գործազրկությունը: Ահա թե ինչ է կատարվում նորմալ, բնականոն ճանապարհով իշխանություն ձևավորած երկրներում: Եվ այս բոլորը, երբ վերլուծում ես, ակամայից հարց ես տալիս՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու Հայաստանում դրամի արհեստական արժևորումը: Պատմության փորձությունը բռնած հայտնի հարցադրում է սա: Ձեռնտու է՝ օլիգարխներին, ձեռնտու է ճիշտ այն մարդկանց, ովքեր մասնագիտացել են ապրանքներ ներմուծելու մեջ, իսկ մենք ձեզ հետ քաջատեղյակ ենք, որ արտաքին առևտրի ոլորտըն ամբողջովին մոնոպոլիզացված է:
Եվ, այսպես, ի՞նչ են շահում ներմուծողները. շահում են այն, որ եթե
2005 թ., ինչպես հիշատակեցի, դոլարի արժեզրկումը եղել է 16,4%, ապա կնշանակի, որ արդեն սահմանի վրա արտասահմանից ապրանքներ ներկրողները, մասնավորապես հիշատակածս մոնոպոլ ճյուղերում, նվազագույնը 10% երաշխավորված հավելյալ եկամուտներ ունեն՝ միայն դոլար-դրամ խաղից: 2005 թ. Հայաստան է ներմուծվել 1 մլրդ 717 մլն դոլարի ապրանք: Ի սկզբանե, ներմուծողները սահմանում առանց որևէ ջանք գործադրելու նվազագույնը 171 մլն դոլար հավելյալ շահույթ արդեն իսկ իրենց գրպաններն են դրել: Կրկնում եմ, առանց որևէ ջանքի, զուտ այդ խաղի արդյունքում: Սրանից մի քանի օր առաջ թերթերից մեկում տպագրվեց Վահրամ Ներսիսյանցի (պրն Քոչարյանի խորհրդականներից է) հարցազրույցը, ուր նա ասում էր. «Կարծում եմ, մեր ներկրողները, ներմուծողները, քանի որ դոլարի արժեզրկման արդյունքում արտոնյալ պայմաններում են հայտնվել, իրենք խիղճ կունենան (ուրեմն Վահրամ Ներսիսյանցն ապավինում է ներմուծողների խղճին - Ա.Գ.) և ներմուծվող ապրանքների գները չեն թանկացնի, որովհետև արդեն իսկ սահմանում իրենք երաշխավորված շահույթ են ստանում»: Մինչդեռ բոլորս գիտենք, որ տեղի է ունեցել նաև ներկրվող ապրանքների գների շեշտակի աճ՝ հենց դոլարային կտրվածքով: Մասնավորապես, տավարի մսի, դիզելային վառելիքի, բենզինի, ծխախոտի, շաքարավազի: Այսպես, վերջինիս գները դոլարային կտրվածքով աճել են 44%-ով, դիզելային վառելիքինը՝ 12%-ով, բենզինինը՝ 14%-ով, ծխախոտինը՝ շուրջ 45-50%-ով: 2006 թ. առաջին կիսամյակում ներկրվել է 62 միլիոն 984 հազ. տուփ ծխախոտ: Ներկրողների եկամուտները, ծխախոտի գների աճի պայմաններում, պատկերացրեք, շուրջ 50%-ով ավելացել են: Ընդհանուր առմամբ, ներկրումից ստացված հավելյալ շահույթը կազմել է առնվազն 350-400 մլն դոլար: Ինքնին հասկանալի է, և դա է վկայում գանձված ուղղակի հարկերի դինամիկան, որ շատ դեպքերում մենք գործ ունենք չհարկվող եկամուտների փաստի հետ:
Եվ երբ այս բոլոր թվերը վերլուծում ես ու այդ թվերի հետևում տեսնում ես, թե բարձրագույն իշխանություններն ինչպիսի գնահատականներ են տալիս խնդրո առարկա երևույթներին, ապա մնում ես զարմացած, երբ ասում են, թե հակակրիմինալ շարժման փուչիկը պայթեց: Ոչ, պարոնայք իշխանավորներ, այստեղ ոչ թե հակակրիմինալի փուչիկը պայթեց, այլ մեկ ուրիշ փուչիկ պայթեց: Այս դեպքում մենք ականատես դարձանք, որ տնտեսական ոլորտը սպասարկողները պարոն Քոչարյանին ապատեղեկացնելով, փաստորեն, դնում են փուչիկի տեղ և նրան անհեթեթ տեղեկատվություն տալիս: Ես երբեք ու երբեք չէի ուզենա քննարկումը անձնական դաշտ տեղափոխել, սակայն ինձ զարմանք է պատճառում այն գործընթացը, որին ականատես դարձանք վերջերս: Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստում (պատգամավորին դատական հետապնդման ենթարկելու հարցի քննարկման ժամանակ), երբ ելույթ ունեցա, դիմեցի երկրի Գլխավոր դատախազին՝ վերը բերված փաստերի մասին ուղղակիորեն բարձրաձայնելով, նշելով նաև դրանց սկզբնաղբյուրները: Եվ, ի՞նչ եք կարծում, դրան ի՞նչ հետևեց: Ինչպես միշտ եղել է, ելույթս չհեռարձակվեց, ենթատեքստից կտրված առանձին պնդումներ եթեր արձակվեցին, որից թյուր տպավորություն կարող էր ստեղծվել (իհարկե, միամիտ մարդկանց մոտ, ովքեր մեր իշխանությունների հնարքներին ծանոթ չեն), որ ընդդիմությունը, մասնավորապես, «Ազգային Միաբանությունը», իբր, փորձ է անում պաշտպանել հենց իրենց՝ իշխանությունների հենասյունը հանդիսացող անձին, որը թույլ է տվել ֆինանսական կոպիտ չարաշահումներ: Ահա այսպես են փորձում թյուրիմացության մեջ գցել մարդկանց: Մինչդեռ, եթե ապրեինք նորմալ, իրավական երկրում, երբ, պաշտոնագրքերից բերված թվերով, հիշատակելով էջերը, մատնանշում ես խոշորածավալ, առնվազն չհարկված շահույթների մասին (իսկ մենք գործ ունեինք, ինչպես հիշում եք, մի դեպքում չհարկված 105 մլրդ դրամ շահույթի, մեկ այլ դեպքում՝ 31 մլրդ դրամի հետ) փոխանակ անհապաղ միջոցներ ձեռնարկեն պետության շահը վերականգնելու ուղղությամբ, խոսում են ինչ-որ փուչիկների մասին: Գիտակցելով այս ամենը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարվեց, որ մենք չենք մասնակցելու իշխանությունների կազմակերպած հերթական ֆարսին: Ավելին, ասվեց, որ այդ ֆարսը կրկին ապացուցում է, որ վարչակազմը պարզապես պատրանք է ստեղծում, թե պայքարում է կրիմինալի դեմ, իսկ իրականում թոզ է փչում ժողովրդի աչքերին:
Կարելի էր նաև բազմաթիվ այլ փաստեր ու փաստարկներ բերել, բայց, կարծում եմ, հետևություն անելու ժամանակն է: Հետևությունն էլ այն է, որ Կենտրոնական բանկը ֆորմալ առումով իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներ, վարելով սղաճի զսպման քաղաքականություն, ինչն իրականում ոչ այլ ինչ է, քան հանրությանը մոլորեցնելու գործընթաց: Ավելին, մենք ականատեսն ենք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում թաքնված սղաճը բնութագրվում է երկանիշ թվերով: Վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքում Կենտրոնական բանկը, ըստ էության, կամա թե ակամա, քողարկում է ստվերային տնտեսությունում շրջանառվող միլիարդավոր դրամների հասնող կողոպուտը: Այսինքն՝ մենք ձեզ հետ ականատեսն ենք (անմեղության կանխավարկածից ելնելով, թերևս, զգուշավոր արտահայտվեմ) նվազագույնը բացարձակ անիրազեկ իշխանությունների կառավարման արդյունքում պետությանը հասցվող խոշորածավալ նյութական վնասների փաստի: Իսկ եթե իրերն անվանելու լինենք իրենց իսկական անուններով, ապա հարկ է արձանագրել, որ գործ ունենք քրեածին անձանց հետ սերտաճած ղեկավարության հովանու ներքո երկրում իրականացվող ալան-թալանի հետ: Կամ էլ, մեղմ ասած, վկաներն ենք նրանց անգրագիտության, կամ էլ բանկային համակարգի գործառույթների ու առավել ևս տնտեսական քաղաքականության չիմացության: Սակայն բոլորիս է հայտնի, որ նրանք այդ ամենը լավ էլ գիտեն, որովհետև որտեղ իրենց շահն է, լավ էլ հասկանում են: Այս ամենի հետևանքով Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հայտնվել է նախակոլապսային իրավիճակում, որը հղի է երկրի համար վտանգավոր պայթյունով: Արատավոր նման քաղաքականության պտուղները մենք կճաշակենք 2007-2008 թթ., երբ կարձանագրվի, որ մեր հայրենական արտադրողները հարկադրված են եղել սեղմել արտադրությունը, փակել դրանք, որովհետև դոլար-դրամի արհեստական նման փոխարժեքի պայմաններում անգամ իսկ մեր երկրում սպառում ունեցող տեղական արտադրանքը չի դիմանա ներկրվող նմանատիպ ապրանքների մրցակցությանը: Առավել ևս, երբ ակնհայտ է Հայաստանի ներքին շուկան գրավելու միտումը՝ ներմուծվող ապրանքները դեմպինգային (այսինքն՝ ինքնարժեքից պակաս) գներով ողողելու միջոցով: Արդյունքում մենք կունենանք երկիր, որը գոյատևում է միայն ու միայն դրսից ստացվող օգնության, տրանսֆերտների շնորհիվ, ինչը շատ վտանգավոր երևույթ է:
Ամփոփեմ խոսքս. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկան գտնվում է խորը ճգնաժամի մեջ, վարվող դրամավարկային քաղաքականությունը քողարկում է մակրոէկոնոմիկան ճարակած հիվանդության վտանգավորությունը: Ուստի, նախ, անհրաժեշտ է անհապաղ ստվերից հարկային դաշտ դուրս բերել հարյուրավոր միլիարդ դրամի հասնող չհարկվող հավելյալ շահույթները: Երկրորդ, անհրաժեշտ է տալ Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսության իրական վիճակի գնահատականը, որից ելնելով մշակել դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որի մեխը լինի տնտեսության առողջացումը, հայրենական արտադրողների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, արտահանման խթանումը: Միմիայն նման քաղաքականության իրականացումը կնպաստի երկրի էկոնոմիկայի համաչափ ու դինամիկ զարգացմանը, որն էլ իր հերթին կզսպի սղաճը: Հակառակ պայմաններում մենք վտանգում ենք մեր երկրի ու Հայոց պետականության ապագան:
Հ.Գ. Կարծում ենք, եթե ժամանակին ուշադրությամբ վերլուծեին Արտաշես Գեղամյանի այս հիմնավոր առաջարկություններն ու գնահատականները և ձեռնամուխ լինեին ստեղծված ծանր վիճակի շտկմանը, ապա այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսության և ֆինանսների վիճակը մեծ գիտնական Աբել Աղանբեգյանի կողմից չէր բնութագրվի իբրև աֆրիկյան Սահարայի պետություններին ներհատուկ:
«Իրավունք», 28-30.X.2008