ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ
ելույթը Հանրային հեռուստատեսությամբ
«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով
05.03.2006թ.
Սիրելի ժողովուրդ, տարիներ շարունակ այս անօրեն իշխանություններին հորդորել եմ, որ վերջ տան մեր ազգը պառակտելուն, որ վերջ տան ալան-թալանին, և հորդորներիս բուն իմաստն էլ այն էր, որ փորձության պահին պառակտված ժողովուրդը համախմբվելու և ոչ մի ցանկություն չի ունենալու: Հիմա ասածներիս դառը պտուղներն են ճաշակում, երբ փետրվարի 28-ին` Սումգայիթի ոճրագործության 18-րդ տարելիցին, իշխանությունների կանչով, բացարձակապես, ոչ ոք հոժարակամ չգնաց միտինգի: Ուսանողներին և դպրոցականներին ավտոբուսներով բերեցին, անգամ զոհեր ունեցածները վիրավորվեցին, երբ տեսան, թե ինչ է կատարվում: Ահա, սրա համար էինք ասում` վերջ տվեք ազգը պառակտելուն, վերջ տվեք կուսակցություն-կուսակցություն խաղալուն, վերջ տվեք այն թալանին, որն օտարում և հեռացնում է ժողովրդին: Հիմա ուզում եք «սամասվալով» մեդալ բաժանեք, դուք արդեն իսկ կոտրել եք ազատամարտիկի սիրտը, դուք վիրավորել եք զոհված ազատամարտիկին` ում հարազատներին անտեր, անօգնական եք թողել: Եվ զարհուրելի մի փաստ. թվում է, թե հետևություն անելու փոխարեն, ասես թե, կրակի վրա բենզին են լցնում: Բա լավ, անհարմար չէի՞ք զգում, որ «Իրավունք»-ի թիվ 16-ում տպագրում եք Պաշտպանության նախարարի եղբոր հետ հարցազրույցը, որտեղ նա ասում է հետևյալը. իրողությունն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եղբայրը բնակելի մի շենքի շինարարություն է սկսել, ընդամենը: Բա լավ, էն անտուն ազատամարտիկը չի ասի` ինչո՞ւ է ԱՄՆ-ում սկսել և ոչ թե Ստեփանակերտում կամ Երևանում, բա էն կիսաքաղց ազատամարտիկի այրին չի ասի` էտ ինչքա՞ն փող ունեք, որ արդեն գնում եք, ԱՄՆ-ում եք շենքեր կառուցում: Լավ, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից, միթե՞ չեք զգում, որ մի ամբողջ ազգ ատում է ձեզ, միթե՞ չեք զգում, որ մեզանից անասելի ջանքեր են պահանջվում, որ ատելությունը, որ տածում են ձեր հանդեպ, Աստված մի արասցե, հանկարծ չտեղափոխվի Ղարաբաղի հերոսական ժողովրդի վրա: Լավ, ինչո՞ւ եք դատարկում Ղարաբաղը, ինչո՞ւ եք ձեր յուրայիններին բերում, բոլորին Հայաստանում տեղավորում, էլ չեմ ասում, որ գնում եք ու Ամերիկայում տներ կառուցում:
Հեռացե՜ք, սա է թե՜ ձեր, թե՜ մեր ազգի փրկությունը: