Արծվիկ Մինասյանն հաջողությամբ օգտագործում է այլոց գաղափարները

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

18.11.2010

Դաշնակցությունը, որը մեկուկես տարի առաջ մինչև այսօր գործող կառավարության անդամ էր և ստանում էր իր հասանելիքն այդ կառավարության գործունեությունից, այժմ քննադատում է այդ նույն կառավարությանը՝ չնայած նրա ներկա գործունեությունը ոչնչով չի տարբերվում այն շրջանից, երբ դրա անդամ էր նաև ՀՅԴ-ն: Դաշնակցությունը կառավարությունը չլքեց նրա տնտեսական քաղաքականության նկատմամբ ունեցած քննադատական վերաբերմունքի պատճառով, այլ որովհետև դրսի ընկերները դեմ էին նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը:

Այսօր խորհրդարանում Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած 2011թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  դաշնակցական Արծվիկ Մինասյանը փաստարկված քննադատության  ենթարկեց այն: Մինասյանը ներկայացրեց թվային տվյալներ և դրանցից բխող հետևություններ, որոնք ապացուցում են, որ կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը ոչ թե նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, կենսամակարդակի բարձրացմանը, այլ ճիշտ հակառակ էֆեկտն է ունենալու:

ԱԺ պատգամավորները տպավորվել են Արծվիկ Մինասյանի ելույթից՝ մտածելով, թե դա նրա մտքի արգասիքն է: Նման թյուրըմբռնման պատճառը, թերևս, այն է, որ նրանք չեն կարդացել «Ազգային գաղափար» ամսագրի վերջին համարը: ԱԺ պատգամավորներին ինչ-որ բան չկարդալու մեջ մեղադրելն ուղղակի անիմաստ է, որովհետև նրանք ընդհանրապես կարդալու սովորություն չունեն: Այս իմաստով Արծվիկ Մինասյանին բացառություն պետք է համարել, քանի որ նա ոչ միայն կարդացել է, այլև, կարելի է ասել, մեկը մեկին կրկնել է այն, ինչ մեր ամսագրում դեռևս մեկուկես ամիս առաջ գրել էր Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իր «Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնված նվեր է Լևոն Տեր-Պետրոսյանի համար, կամ տխուր մտորումներ ՀՀ 2011թ. բյուջեի մասին օրենքի նախագծի շուրջ» հոդվածում:

Մենք դեմ չենք, որ Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից  հատվածներ կամ նույնիսկ ամբողջական հոդվածներ կարդա մեր ամսագրից, լուսավորի մյուս պատգամավորներին, ցույց տա կառավարության գործունեության իրական նպատակները և սպասվող արդյունքները: Համոզված ենք, որ Արտաշես Գեղամյանն էլ դեմ չէ իր մտքերի և գաղափարների մասսայականացմանը, մանավանդ որ դա արվում է ԱԺ ամբիոնից, որտեղից ելույթ ունենալու հնարավորությունից նա զրկվել է: Կարելի է ողջունել նաև Արծվիկ Մինասյանի պրոֆեսիոնալիզմը. նա իր ելույթում բարեխղճորեն մեջբերել է ոչ միայն թվային տվյալները, այլև դրանցից բխող եզրահանգումները՝ չխեղաթյուրելով ոչինչ, ինչը շատ հաճախ անում են մեր ամսագրի այլ ընթերցողներ: Սակայն այս ամենն ընդունելով հանդերձ, չի կարելի մոռանալ, որ տարրական էթիկան պահանջում է, որ նման մեջբերումներ անողը, եթե անգամ հղում չի անում հոդվածի հեղինակին՝ նրա հետ ունեցած ինչ-ինչ գաղափարական տարաձայնությունների պատճառով, ապա հղում պետք է անի գոնե ամսագրին: Եթե դա արվեր, որևէ խնդիր չէր առաջանա, և Արծվիկ Մինասյանը կարող էր այսուհետ ևս օգտվել մեր հեղինակների հրապարակումներից՝ մասսայականացնելով նրանց տեսակետներն ու գաղափարները:

Իսկ որպեսզի  կարիք չլինի սպասել վաղվա օրվան` դաշնակցական մամուլից իմանալու, թե ինչ է ասել Արծվիկ Մինասյանն այսօր, կարելի է այդ մասին տեղեկանալ այն նյութից, որը հրապարակվել էր «Ազգային գաղափար» ամսագրի հոկտեմբերյան համարում (http://nationalidea.am/articles.php-id=207):

Последние видеоматериалы

Новые книги