«ՊԱՐԱՊ ԶԲԱՂՄՈՒՆՔ»

02.02.2006

Այսպես է գնահատում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը Դիտարկման հանձնախմբի հայտարարությանն անդրադառնալը:

- ԵԽԽՎ դիտարկման հանձնախումբն էլ իր հայտարարությամբ կրկնեց ԱՄՆ-ի դիրքորոշումը, թե Հայաստանը չօգտագործեց հանրաքվեի հնարավորությունը միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց կազմակերպելու համար, սակայն նման համապատասխանություն պիտի ապահովվի հաջորդ անգամ՝ 2007-2008-ի ընտրություններին: Արդյոք որևէ հիմք ունե՞ն նման ակնկալիքները:

- Եթե փորձենք վերլուծել այն ամենը, ինչ կատարվում է թե՛ Հայաստանի ներսում, թե՛ մեր երկրի շուրջ, ապա կգանք շատ տխուր եզրահանգումների: Այն է՝ ակնհայտ է աշխարհի գլոբալացումը: Ակնհայտ է, որ տարածաշրջանում լուծվում են բախտորոշ հարցեր: Եվ ցանկացած կորսված օր կարող է անդառնալի կորուստներ բերել ապագայում: Հայաստանը մինչ օրս հստակորեն չի մատնանշել այն ուղին, որով պետք է ընթանա մեր երկրի զարգացումը: Չի մատնանշվել, թե որո՞նք են մեր հիմնական շահերը տարածաշրջանում, ի՞նչ խնդիրներ է իր առջև դրել ու ինչպե՞ս է դրանք լուծելու Հայաստանը, ո՞ր երկրների (թե՛ տարածաշրջանային, թե՛ գերհզոր տերությունների) հետ համագործակցելով, հանգելով փոխհամաձայնեցված մոտեցումների: Չի մատնանշվել, թե գերտերությունները տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ են ծրագրավորել, և արդյոք դրանց մեջ կա՞ն այնպիսի ընդհանրական կետեր, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի համար, որ մեր երկիրը ձգտի այդ տերությունների շահերի մեջ ապահովել իր զարգացումը: Միայն այդ ամենից հետո կարելի է այդքա՜ն կարևորություն տալ այն հարցերին, որոնք, անշո՛ւշտ, կունենան իրենց որոշակի տեղն ու նշանակությունը, սակայն՝ ընդամենը որպես միջոցներ այդ մայր խնդիրներին հասնելու ճանապարհին: Իսկ մենք հիմա միջոցների շուրջ ենք ծավալում սկզբունքային պայքար, դրանց իրականացման կամ չիրականացման շուրջ բարձրացնում տիեզերական աղմուկ: Մինչդեռ իրական զարգացումները թելադրում են սկզբունքորեն այլ մոտեցումներ, որոնք, ավա՜ղ, երբեք ու երբեք քննարկման առարկա չեն դառնում հայաստանյան մամուլում: Այդ տեսակետից եթե գնահատելու լինենք Դիտարկման հանձնախմբի այս հայտարարությունը, դարձյալ պետք է պատասխան տանք ինքներս մեզ՝ արդյոք սա մայր խնդիրներին անդրադառնալուց հերթական անգամ չի՞ շեղում մեր ուշադրությունը: Հայտարարության մեջ առկա բոլոր հիշատակումները և արծարծված հարցերը նպատակային դերակատարում կունենան միայն և միայն այն դեպքում, եթե որոշվեն զարգացման մայրուղային ճանապարհները: Իսկ դրանց բացակայության դեպքում քննարկելը, թե որքանո՜վ են լավ, կնպաստե՜ն կամ ոչ՝ ի սկզբանե պարապ զբաղմունք է:

- Այսուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ի տարբերություն ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի գործիչների, որոնք ընդունեցին հանրաքվեում կատարված լցոնումների և մասնակիցների թվի ուռճացման իրողությունը՝ ՀՅԴ գործիչները, որոնք այլ առիթներով հայտարարություններ են անում արդար ընտրությունների մասին, ոչ միայն նախընտրեցին լռել, այլև նրանց ներկայացուցիչը ԵԽԽՎ ամբիոնից այս ամենի պատասխանատվությունն անուղղակիորեն դրեց Հայաստանի ընդդիմության «ուսերին»:

- Ես հասկանում եմ Արմեն Ռուստամյանի որդեգրած դիրքորոշումը ԵԽԽՎ-ում, այլ հարց է, որ չեմ կարող արդարացնել: Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այդ, ընդ որում՝ ազնիվ մարդու կողմից արտահայտված դիրքորոշումը: Մեր երկրի բարեկամները՝ Ֆրանսիայի պատվիրակության անդամներ Կոլոմբիեն և Ռոշբլուանն անպայմանորեն ուզում էին, որ ադրբեջանական հարցի քննարկման ֆոնին Հայաստանը հանդես գա շատ շահեկան դիրքերից: Եվ այդ շահեկանությունը նրանք իրենց ելույթներում պայմանավորել էին ՀՀ-ում ընդունված հանրաքվեի փաստով, որն ինքնին, եթե թափանցիկ, արդար ու ազնիվ քվեարկության արդյունք լիներ՝ անշո՛ւշտ, կներառեր դրական լիցքեր: Կստացվեր մի զարմանալի իրավիճակ, եթե ֆրանսիացիները, բնականաբար, լավը ցանկանալով հայ ժողովրդին՝ որպես Հայաստանի առաջադիմության ու ժողովրդավարության վկայություն փաստարկեին հանրաքվեն, ու հանկարծ հակառակ ելույթ ունենար Արմեն Ռուստամյանը, որ չափազանց լավ գիտի այն բոլոր կեղծիքների և լցոնումների մասին, որոնց միջոցով անցավ հանրաքվեն: Հայտնի խոսքի պես՝ սա «փրկարար սուտ» էր: Բայց արդյոք այս փոքր խորամանկությունն ավելի մեծ կորուստների չի՞ հանգեցնում: Ինքս առավել սա եմ կարևորում, քան այն փաստը, որ ԵԽԽՎ-ում «հիվանդ գլխից փորձեցին առողջի վրա բարդել» ու այդ խայտառակ անօրինականությունների պատասխանատու դարձնել ընդդիմությանը: Կարծում եմ, որ սա ամենաճիշտ ուղին չէր, որ ընտրվել էր Արմեն Ռուստամյանի կողմից:

- ԵԽԽՎ-ում Ձեր ելույթում անդրադարձաք Հին Ջուղայում ավերվող խաչքարերի խնդրին: Իր ասուլիսում ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը նշեց, որ դեռ 2002-ին Վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Աշոտ Գալոյանն արծարծել էր Հին Ջուղայի հայկական կոթողների անմխիթար վիճակի մասին հարցը, և դեռ 2003-ին էր ընդունվել որոշում ԵԽ ներկայացուցիչ ուղարկելու և տեղում իրավիճակին ծանոթանալու վերաբերյալ, սակայն ձգձգվել էր դրա կատարումը: Ո՞րն է պատճառը, որ Եվրոպայի խորհուրդը պատշաճ ուշադրությամբ չի արձագանքում այս ահազանգերին:

- Ողջունում եմ Տիգրան Թորոսյանի՝ սեփական աշխատանքի ինքնաքննադատաբար տրված գնահատականը. այն է՝ թե անտեսվում են պատվիրակության հորդորներն ուղղված Եվրոպայի խորհրդին: Նրա պատասխանը երկսայրի սուր է: Սակայն ոգևորիչ և հուսադրող է այն, որ այս ինքնաքննադատությանը կհետևեն գործողություններ: Այն է՝ որ գոնե այս անգամ իմ ելույթը, որը մեծ հետաքրքրությամբ ունկնդրվեց անգամ իսկ ԵԽԽՎ նիստը նախագահող՝ ԵԽԽՎ փոխնախագահ Թոնի Լլոյդի կողմից, կարժանանա Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուշադրությանը: Եվ դրանով իսկ պետությունը կապացուցի իր հասունության աստիճանը, քանի որ երբ վտանգված են ազգի սրբությունները, իսկ խաչքարերը հենց այդ սրբությունն են՝ պետք է վեր կանգնել իրենց կողմից մեր վզով փաթաթված «իշխանություն-ընդդիմություն» ճղճիմ մոտեցումներից և գործել համազգային, համընդհանուր շահերի դրոշի ներքո:

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Последние видеоматериалы

Новые книги