ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՐՁԱՔԱՐ
02.05.2006
Արտաշես Գեղամյանը Հայաստանում չէր, երբ «Ազգային միաբանության» ճեպազրույցում բացահայտումներով հանդես եկավ Օշական գյուղի ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանը:
Հետո նախագահի ընտրության և հանրաքվեի ընթացքում նաև իր կողմից կատարված խախտումների մասին բացահայտումները Սպարտակ Եղիազարյանը փորձեց ներկայացնել այլ լույսի ներքո և մոգոնեց մի անհեթեթ պատրվակ՝ իբր փորձել է այդ միջոցով ուշադրություն հրավիրել Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գագիկ Գյոզալյանի ապօրինությունների վրա:
«Ձեր կարծիքով, նա տեղի տվեց իրավապահների ճնշումների՞ առջև, թե՞ իրականությանն առավել համապատասխանում է այն վարկածը, որ Սպարտակ Եղիազարյանն ուղղակի պարտքեր ուներ, և հենց այդ գումարը վճարեց Արագածոտնից ընտրված պատգամավորը՝ նա հրաժարվեց իր բացահայտումներից»,- մեր այս հարցին ի պատասխան՝ «Ազգային միաբանության» նախագահն ասաց. «Եթե մենք իրոք պատասխանենք շրջանառվող այս հարցերին՝ կնշանակի, շեղվում ենք բուն խնդրից, որն է՝ իր ինքնախոստովանության ժամանակ Սպարտակ Եղիազարյանն, ըստ էության, բացահայտեց քաղաքական կոռուպցիայի Հայաստանում արմատացած դասական ձևը: Այն է՝ գյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը երբեք ու երբեք չէր կարող անել նման օրինախախտումներ, եթե չիմանար գյուղապետը: Վերջինս երբե՛ք չէր հանդուրժի այդ օրինախախտումները, եթե չիմանար մարզպետը: Նա էլ իր հերթին աչքերը չէր փակի այդ ամենի վրա, եթե չիմանար քաղաքական այն ուժի վերնախավը, որը մարզպետին երաշխավորել է այդ պաշտոնում:
Այս ամենը բնավ տեղի չէր ունենա, եթե մարզային ոստիկանությունը Սպարտակ Եղիազարյանին չտրամադրեր ընտրողների անձնագրային տվյալները: Մարզային ոստիկանապետն էլ դա երբեք չէր անի, եթե չիմանար ՀՀ ոստիկանապետը: Վերջինս չէր հրահանգի, եթե տեղյակ չլիներ իր ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Եվ 2003-ի փետրվարի 19-ին դատախազական ամբողջ համակարգը դեռ ծանրաբեռնված չէր ծառատունկով, ուստի մարզային դատախազի աչքից էլ չէին վրիպի Օշական գյուղում տեղի ունեցած ապօրինությունները: Չէ՞ որ դատախազն «էշի ականջում քնած» անձնավորություն չէ և հաստա՛տ կտեսներ այդ ամենը: Սպարտակ Եզիազարյանի բացահայտած քաղաքական կոռուպցիայի այս դասական շղթայում ներգրավված են եղել Հայաստանի 14 հազար ընտրատեղամասային հանձնաժողովի այն անդամները, որոնց երաշխավորել են պրն Քոչարյանն ու կոալիցիան: Եվ խորքային այս խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելով՝ առաջադրում են ճիշտ այն հարցերը, որոնք տվեցիք, և որոնք իրոք տեղի են ունեցել իրականում:
Միգուցե երկուսն էլ զուգահեռ՝ հա՛մ պարտքերն են փակել, հա՛մ էլ ճնշել են: Սակայն դրանից չի փոխվում Սպարտակ Եղիազարյանի բացահայտումների էությունը: Եվ փոխանակ այսօր լուրջ հետաքննություն անցկացվի այդ բացահայտումների շուրջ՝ չգիտես ինչու, մարդկանց ուշադրությունը շեղում են այլ ուղղությամբ: Նրա հայտարարությունները թերևս պետք է մտահոգեն ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլ նախ և առաջ՝ ԱՄՆ-ի կառավարությանը, որը 2007-2008-ի ընտրությունների համար ամերիկացի հարկատուների գումարներից 7 մլն դոլար է տրամադրելու ՀՀ-ում ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Սպարտակ Եղիազարյանի հետ տեղի ունեցածն արդեն իսկ պետք է համոզի ամերիկացիներին, որ այդ 7 մլն դոլարի ճակատագիրը լինելու է ճիշտ նույնը, ինչ եղել են նախորդ ընտրությունների համար տրամադրված գումարները: Սա խոսուն վկայություն պետք է լինի նաև ԵԱՀԿ-ի, Եվրամիության և այն կառույցների համար, որոնք ցանկացած պատեհ առիթ օգտագործելով՝ հորդորում են հայաստանյան իշխանություններին առաջիկա ընտրություններն անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Սա կլինի փորձաքար, թե իրականում հիշատակածս կառույցներն իրոք ցանկանո՞ւմ են ձեռնամուխ լինել Հայաստանում ազատ և արդար ընտրությունների կազմակերպմանը, թե՞ պարզապես առաջնորդվում են երկակի չափանիշներով»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Արտաշես Գեղամյանը մի խնդրի կապակցությամբ էլ անհրաժեշտ համարեց քննությունը. «Մամուլում բացահայտորեն գրում են, թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «լավ գործ» ասելով՝ մտքում երևի նկատի է ունեցել բենզինի, Հայաստանի պետական գույքի վաճառքի, մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանքների, մետաղի մենաշնորհային արտահանման, կենտրոնացված կերպով կաշառքների ստացման, մաքսային համակարգում ներդրված կոռուպցիոն մեխանիզմների, ապօրինի հարկահավաքման և այլ տիպի գործերը: Եվ փոխանակ իրավական լուրջ քննության առարկա դարձնեն այդ փաստերը՝ կրպակներից այդ թերթերն են հավաքում: Հրապարակվել է նաև հետևյալը, որ մի կողմից՝ երկրի վարչապետը, մյուս կողմից՝ ԱԺ խոսնակը, հարստություն են դիզել անաշխատ եկամուտներով: Սրան էլ չի հետևում և ոչ մի քննություն կամ ուսումնասիրություն, թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը: Չէ՞ որ գործ ունենք երկրի առաջին դեմքերին վերաբերող տեղեկատվության հետ»: