«Ազգային Միաբանություն կուսակցության», տեսակետները «Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման», և «Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ
17.09.2009
Եվ այսպես, կարելի է առանց չափազանցության ասել, որ ս. թ. սեպտեմբերի 1-ից միջազգային հանրության, համաշխարհային քաղաքականության կենտրոնների ուշադրության կիզակետում են Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջնորդությամբ նախաստորագրած և օգոստոսի 31-ի ուշ երեկոյան հրապարակված հետևյալ երկու արձանագրությունները. «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին», և «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների հաստատման մասին»:
Միջազգային այն բուռն արձագանքը, ըստ որում` ճնշող մեծամասնությամբ դրական երանգներ ունեցող, որին արժանացան վերը նշված արձանագրությունները, անտարակույս, վկայում են Հարավային Կովկասում ընթացող զարգացումների բացառիկ կարևորության մասին հատկապես ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի համար:
Ի՞նչ է սա նշանակում: Երկու երկրների նկատմամբ հոգատարության, բարի կամքի դրսևորո՞ւմ: Անշուշտ, այո: Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացի մեկնա՞րկ: Անկասկած, այո: Եվ, վերջապես, արդյոք կարելի՞ է պնդել, որ Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացումն իրենց հիմքում ենթադրում են երկու կողմերից ակնկալվող նույնաբովանդակ հեռանկարային զարգացումներ, ինչպես դա ենթադրվում է արձանագրություններում: Իհարկե, այդպես մտածելը կլիներ անհուսալի և «ոչ», հիմնավոր լավատեսության արտահայտում, եթե չասենք` աշխարհաքաղաքական զարգացումներին պարզունակ մոտեցման դասական դրսևորում: Ներկայիս ժամանակաշրջանում Հայաստան-Թուրքիա դիվանագիտական կապերի հաստատմամբ, երկկողմ հարաբերությունների զարգացմամբ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր վերադերաբաշխումների սկիզբ է դրվում, խաղարկվում է «Շախմատային Մեծ պարտիա», համաշխարհային քաղաքականության` կենտրոնների անմիջական մասնակցությամբ: Եվ միանգամայն բնական էր և սպասելի, որ հայ ու թուրք հասարակությանը ներկայացված նախաստորագրված արձանագրությունները բազմաթիվ հարցեր առաջացրեցին երկու երկրների քաղաքական ուժերի, հանրության ամենալայն շրջաններում: Ըստ որում, երբ փոքր-ինչ խորանում ես առավել շատ քննարկվող հարցերի մեջ, ապա համոզվում ես, որ նախաստորագրված փաստաթղթերը լայն հնարավորություններ են ընձեռում այս գործընթացով շահագրգռված թե՛ Հայաստանի ու Թուրքիայի և թե՛ ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի Դաշնության դիվանագետներին` դրանք իրենց աշխարհաքաղաքական շահերին լավագույնս ծառայեցնելու համար: Առաջնորդվելով այս տրամաբանությամբ` փորձենք ավելի մանրակրկիտ վերլուծել արձանագրություններում տեղ գտած առավել վիճահարույց դրույթները:
Подробнее...… ԵՎ ՈՒՐԵՄՆ ԱԶԳՈՎԻ ԳՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
25.08.2009
Եվ այսպես, ս.թ. հուլիսի 10-ին իտալական Ակվիլա քաղաքում Մեծ ութնյակի (G-8) մասնակից երեք երկրների նախագահները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Հայտարարության հիմքում դրված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների կողմից 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նախնական հիմնարար սկզբունքները: Ուշագրավ է, որ նախագահները ընդգծում են, որ այդ փաստաթղթում արտացոլված է 1975 թ. Հելսինկիում Անվտանգության ու Համագործակցության Խորհրդի Եզրափակիչ Ակտում տեղ գտած երեք հիմնարար սկզբունքները. դրանք են` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության պահպանման, հավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Սկզբունքներ, որոնց շրջանակում էլ պետք է գալ խելամիտ փոխզիջումների: Հարկ է նշել, որ նախագահներ Մեդվեդևը, Օբաման, Սարկոզին Մադրիդյան հիմնական սկզբունքներից, ի թիվս այլոց, կարևորել և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, վերջինիս անվտանգությունն ու ինքնակառավարման ապահովում, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի ստեղծում, ԼՂ-ի իրավունքը` իրավաբանական բնույթի կամարտահայտման միջոցով որոշելու իր վերջնական կարգավիճակը, բոլոր փախստականների և բռնի տեղահանվածների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ենթադրում են խաղաղարար առաքելություններ:
Մեդվեդևի, Օբամայի, Սարկոզիի համատեղ հայտարարության մեջ ասված է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից Մադրիդյան հիմնական սկզբունքների ընդունումը հնարավորություն կընձեռի պատրաստել համընդհանուր կարգավորման նախագիծ, որը երկու երկրներին և ողջ տարածաշրջանին կապահովի խաղաղ ապագա, կայունություն ու բարգավաճում: Մինչ այս հայտարարությանը գնահատական տալը փորձենք պարզաբանել, թե ինչո՞վ էր դրա ընդունումը պայմանավորված, ի՞նչ էր դա ազդարարում մեր երկրներին, ինչպես նաև մեր հարևաններին` Իրանին, Թուրքիային, Վրաստանին: Եվ, վերջապես, նշված սկզբունքների հիման վրա ընդունված խաղաղության պայմանագիրն աշխարհաքաղաքական հնարավոր ինչպիսի՞ զարգացումներ կարող է առաջացնել Հարավային Կովկասում: Առաջին եզրակացությունը, որն անհրաժեշտ է արձանագրել, այն է, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ՌԴ-ը խիստ կարևորում են Հարավային Կովկասի նշանակությունը սեփական երկրների աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից` խնդիր ունենալով ամրապնդվել մեր տարածաշրջանում: Երկրորդ հետևությունը, որը պետք է արվի, այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Մադրիդյան սկզբունքները փոխզիջումային են ոչ այնքան Հայաստանի ու Ադրբեջանի, որքան հենց նույն համաշխարհային ուժի այդ երեք կենտրոնների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Եվրամիության համար:
Подробнее...