ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՍՏՎԵՐ ԳՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
25.01.2013, Իրավունք
Մեր տարածաշրջանն այսօր հայտնվել է խիստ պայթյունավտանգ զարգացումների կիզակետում: Սիրիայում շարունակվող արյունահեղությունը, որն ամեն օր նորանոր զոհեր է տանում, այդ թվում և խաղաղ հայ բնակիչներից, գնալով թևակոխում է ավելի ու ավելի վտանգավոր փուլ: Արդեն իսկ նշմարվում է, որ ներկա մոտեցումները այդ հակամարտության հանգուցալուծմանը, պառակտել են համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոններին: Այսպես, երեկ հունվարի 23-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` հանդես գալով 2012թ. Ռուսաստանի արտաքին դիվանագիտական գերտեսչության կատարած աշխատանքի արդյուների մասին, լրագրողի այն հարցին` «Մարտին բոլորում է սիրիական ճգնաժամի մեկնարկի երկու տարին: Բազմաթիվ փորձերը հակամարտող կողմերին դրդել երկխոսության` ձախողվել են: Ըստ Ձեզ, հնարավո՞ր է արդյոք, հակամարտության խաղաղ կարգավորումը», ի պատասխան հայտարարեց. «Արևմուտքի կողմից հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու փորձեր չեն ձեռնարկվել: Այդ ուղղությամբ ջանքեր են գործադրել միայն Ռուսաստանը, Չինաստանը, ՄԱԿ-ի և Արաբական երկրների Լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ու այդ պաշտոնում նրան փոխարինած Լահդար Բրահիմը»: Նշենք նաև, որ, ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ս.թ. հունվարի 21-ին հրապարակավ մեղադրել է Թուրքիային` իր երկրի նկատմամբ պետական ահաբեկչական քաղաքականություն իրականացնելու համար: Այս համատեքստում նկատենք նաև, որ երեք օր առաջ էլ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն` հայտարարելով իր գլխավորած իշխող կոալիցիայի հաղթանակի մասին Իսրայելի Քնեսետի (պառլամենտի) օրերս անցկացված ընտրություններում, ուղղակի հայտարարել է, որ Իսրայելի նոր կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի Իրանին թույլ չտա դառնալ միջուկային տերություն:
Վերոգրյալին ավելացնենք և այն, որ Իսրայելի պաշտպանության գլխավոր տնօրեն Ուդի Շանին հունվարի 10-ին իր հարցազրույցում ասել էր հետևյալը. «2013 թ. Իսրայելը, հավանաբար, կավելացնի զենքի և ռազմական սարքերի վաճառքն այնպիսի երկրների, ինչպիսիք են` Ադրբեջանը, Բրազիլիան, Լեհաստանը …»: Հայտնի է, որ դեռ 2011 թ. Ադրբեջանի հետ կնքած պայմանագրի շրջանակներում Իսրայելն այդ երկրին վաճառել է 1,6 մլրդ դոլարի զենք ու զինամթերք: Եթե սրան գումարենք և այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ս.թ. հունվարի 17-ին` ելույթ ունենալով կառավարության նիստում հայտարարել է, որ 2013 թ. երկրի ռազմական ծախսերը կազմելու են 3,7 մլրդ դոլար` գերազանցելով նախորդ տարվանը 700 մլն դոլարով, ապա կարծում եմ, միանգամայն պարզ կդառնա մեր երկրում նախագահական աըս ընտրությունների բացառիկ նշանակությունը հատկապես այն տեսակետից, որ մենք ընտրելու ենք նաև երկրի Գերագույն գլխավոր հրամանատարին: Հանգամանք, որն, անտարակույս, բախտորոշ է Հայոց պետականության համար:
Այս համապատկերում, երբ դրսից առատորեն սնուցվող մեր հայտնի լրատվամիջոցներն անվերջ հոլովում են իբր ընտրությունների ոչ մրցակցային լինելը, պնդում, թե դրանց արդյունքները կեղծվելու են կամ էլ հանդես են գալիս ընտրությունները բոյկոտելու կոչերով, ապա ավելի քան ակնհայտ են դառնում որոշակի ուժերի իրական նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Կասկածից վեր է, որ նման հայտարարությունների հեղինակներն ու պատվիրատուները կամ անհանցագիտակ են, կամ շահագրգիռ և ոչ այլ ինչ են, քան մեր երկրում առկա հինգերորդ շարասյուն, որի ներկայացուցիչներն էլ կարող են նույնպես անմեղսունակ լինել:
Հարկ եմ համարում ասվածին ավելացնել և այն, որ հունվարի 17-ին, երբ ՀՀ նախագահական քարոզարշավի մեկնարկին դեռ չորս օր կար, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտադիտորդական առաքելության ղեկավար, Նորվեգիայի Ստորտինգի (պառլամենտի) պատգամավոր Կարին Ուոլդսետը մամուլի ասուլիսի ժամանակ նկատել էր, թե Հայաստանի հասարակությունը բավարար հետաքրություն և վստահություն չի դրսևորում փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների նկատմամբ, բառացիորեն ասել էր հետևյալը. «Դա լուրջ պատրվակ է անհանգստության համար, հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ հիմնական քաղաքական ուժերը, որոնք սպասելի էր, որ կառաջադրեն թեկնածուներ, չարեցին դա ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բացակայության պատճառով: Այդ իսկ պատճառով ի հայտ եկավ համընդհանուր անտարբերություն ընտրությունների նկատմամբ»: Պատգամավորը զուգահեռաբար մտահոգություն էր հայտնել նաև ընտրացուցակների մեջ առկա անճշտությունների կապակցությամբ:
Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այս հապշտապ, ավելին ԵԽԽՎ մշտադիտորդական առաքելության գործառույթներից դուրս գտնվող, պարզապես տարակուսանք հարուցող գնահատականների համատեքստում: Նախ` ինչո՞ւ տարակուսանք հարուցող. ԵԽԽՎ-ի մշտադիտորդական առաքելության ղեկավարը խոսում է ընտրությունների հանդեպ հասարակության հետաքրքրության պակասի մասին: Ասվածից կարելի է եզրակացնել, թե Եվրախորհրդի անդամ պետություններում, հատկապես, իրենց «ժողովրդավարության փարոս» հռչակած Եվրամիության որոշ երկրներում, ընտրություններն անցնում են ընտրողների բացառիկ ակտիվության պայմաններում: Ես չզլացա և ուսումնասիրեցի, թե ինչպես են անցել, օրինակ, Եվրախորհրդարանի վերջին` 2009 թվականի ընտրությունները: Ահա ընտրողների մասնակցության հետևյալ շատ խոսուն պատկերը. Հունգարիա` 36,28%, Գերմանիա ` 42,5%, Իսպանիա ` 45,8%, Լիտվա` 20,54%, Նիդերլանդներ` 36,5%, Լեհաստան` 24,53%, Պորտուգալիա` 36,48%, Ռումինիա` 27,67%, Սլովակիա` 19,63%, Սլովենիա` 20,4%, Ֆինլանդիա` 40,3%, Ֆրանսիա` 40,48%, Չեխիա` 28,22%, Շվեդիա` 43,8%, Էստոնիա` 43,9%: Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի ընտրություններին ընտրախավի մասնակցությունը կազմել է 43,1%: Ահա այսպես: Մեզ մշտապես առաջարկում են ընդօրինակել Եվրամիության անդամ-երկրների նվաճումները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների առաջադեմ ավանդույթները: Հիմա եվրոպացիների վերոհիշյալ ծայրաստիճան պասսիվությունը նշված ընտրությունների նկատմամբ մենք` հայերս, ինչի՞ն վերագրենք` մրցակցության պակասի՞ն, անվստահությա՞նը եվրոպական ընտրական համակարգերի նկատմամբ, թե՞ քաղաքացիների համընդհանուր վստահության դեֆիցիտին Եվրամիության այդ կարևորագույն կառույցի` Եվրախորհրդարանի հանդեպ, կազմակերպություն, որը որոշում է Եվրամիության 27 անդամ-երկրների շուրջ 500 միլիոն բնակչութան ապագան: Դե հիմա տեսեք` որքա՞նով է արդարացված դեռ քարոզարշավը չսկսած երկրի իրադրությանը նման մակերեսային, հետն էլ անհարգալից գնահատականներ տալը. սա ոչ այլ ինչ է, քան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտադիտորդական առաքելության ղեկավարի կողմից մեզ վաղուց վրդովող երկակի ստանդարտների կիրառում, իրական փաստերի կոպիտ աղավաղում: Պատկերն ամբողջացնելու համար մտովի տեղափոխվենք 2012 թվականի աշուն, երբ բուռն քննարկումներ էին ընթանում ՀՀ նախագահական գալիք ընտրություններում ՀԱԿ-ի ու «Բարգավաճ Հայաստանի» միասնական թեկնածուով հանդես գալու կապակցությամբ: Հիշենք, թե այդ գաղափարով որչափ խանդավառված էին հատկապես Հայաստան այցելող այլազան դիվանագետները, որոնք իրենց պարտադիր պարտքն էին համարում հանդիպել թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Վարդան Օսկանյանի հետ: Այդ ոգևորությունը խամրեց, երբ Ազգային Անվտանգության ծառայության հմուտ աշխատանքի շնորհիվ բացահայտվեցին քրեորեն պատժվելի հատկանիշներով այն գործարքները, որոնք կատարվել էին «Սիվիլիթաս» հիմնադրամին հատկացված գումարների հետ այդ կազմակերպության նախագահի կողմից: Մասնավորապես, հետաքննությամբ պարզվել էր, որ այդ հիմնադրամը ֆինանսավորվում է, ի թիվս այլ օտարերկրյա կազմակերպությունների, նաև վերը հիշատակված տիկնոջ` Կարին Ուոլդսետի երկրի` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Համաձայնեք` խիստ ուշագրավ զուգադիպություն է: Ուշագրավ է և այն, որ ՀՀ նախագահական առաջիկա ընտրությունների կապակցությամբ ԵԽԽՎ մշտադիտորդական առաքելության տիկին ղեկավարի գնահատականներին համահունչ են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի տված գնահատականները (համեմատեք, խնդրեմ). «Մենք իրապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի` լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը, բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս այս ընտրություններին, և որևէ մեկին չի աջակցում: Ո՞րն է ընտրություններին այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը` ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում ընդդիմադիր կուսակցություններ չեն, որքան մենք ենք պատկերացնում» - ահա թե հունվարի 22-ին իր պաշտոնական բլոգում ինչպիսի գրառում է արել դեսպան Քեթրին Լիչը
Համաձայնեք, ասվածը մտորումների տեղիք է տալիս թեկուզ այն պատճառով, որ «Բարգավաճ Հայաստան»-ը քանիցս հայտարել է, որ ինքը բնավ էլ ընդդիմադիր չէ իշխանություններին, որ ինքը այլընտրանք է: Ի դեպ, ըստ իս, արդեն ոչ այնքան զարմանալի զուգադիպությամբ` «Սիվիլիթաս»-ի հիմնադրամը ֆինանսավորվել էր նաև Մեծ Բրիտանիայի Զարգացման գործակալության կողմից: Այստեղ` դարձյալ քիչ զարմանալին նաև այն է, որ մեր հարգելի դիտորդ-հյուրերը և առանձին դիվանագետներ համառորեն անտեսում են երկու շատ կարևոր հանգամանք: Առաջին. դեռ 2011 թ. փետրվարի 17-ին Հայաստանի իշխող կոալիցիայի` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարները ստորագրել են հուշագիր, որտեղ, մասնավորապես, ասված էր. «Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող Նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդ հինգ տարիների ընթացքում»: Նկատենք, որ հուշագրի այս դրույթից հրաժարվելու մասին «Բարագավաճ Հայաստան»-ի ղեկավարը երբեք չէր բարձրաձայնել: Եվ` երկրորդ. այդ կուսակցության ղեկավարը երբևիցե չէր հայտարարել նաև իր մտադրության մասին` նախագահական գալիք ընտրություններում որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվել առումով: Այս երկու ակնհայտ և խոսուն իրողություններն արդյոք բավարար չե՞ն, որ այսօր ինչ-ինչ տարակույսներ չհարուցեին մեր եվրոպացի բարեկամների մտքում: Իսկ եթե նրանք տարակուսած են, կնշանակի, որ միանգամայն այլ սպասելիքներ ունեին կապված նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի մասնակցության հետ: Հայտնի է, որ դեռ ամիսներ առաջ ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ ինքնավստահ հայտարարել էր Ազգային ժողովի ընտրություններում այդ կուսակցության ընտրացուցակում երկրորդ համարի տակ գրանցված Վարդան Օսկանյանը, ճիշտ է` ակնարկելով, որ ինքը կառաջադրվի, եթե դա չանի «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը: Վարդան Մինասիչի չառաջադրվելը բացահայտորեն զարմացրել, եթե չասենք ցավ է պատճառել թե՛ Նորվեգիայի Ստորտինգի պատգամավոր Կարին Ուոլդսետին, թե՛ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի մոտն: Մինչդեռ Վ.Օսկանյանը շատ հասկանալի պատճառներ ուներ չառաջադրվելու համար:
Ինչ վերաբերում է որպես ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման հեղինակային պատճառաբանությանն առ այն, որ ինքը նա 68 տարեկան է (և էլի ինչ-որ «գաղտնապատճառ»), ապա դա, ինչ խոսք, քաղաքական դեմագոգիայի դասական դրսևորում է: Նկատենք, որ Չեխիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, երկրորդ փուլ են անցել այդ երկրի նախկին վարչապետ Միլոշ Զեմանը և նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, որը բոլորել է իր կյանքի 75 տարին: Եվ փորձագետները այս հանգամանքը դիտարկում են դրականորեն` կյանքի անցած երկար ճանապարհ և մեծ փորձառության վկայություն: Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման պատճառները շատ ավելի խորն են և դա ակնհայտ դարձավ, երբ ՀԱԿ-ն այդպես էլ հանդես չեկավ հայտարարությամբ ի պաշտպանություն ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված ՀԱԿ-ի անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի: Այն էլ այն դեպքում, երբ 2008 թ. ՀՀ նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի առանցքն էր Հ.Բագրատյանի հեղինակած «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն» փաստաթղթի առաջին տարբերակը: Իսկ ՀԱԿ-ը նախկին հհշական վարչապետի թեկնածությունը չի պաշտպանում այն պարզ պատճառով, որովհետև, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը հայտարարեց նախագահական ընտրությունների կապակցությամբ իրենց քաղաքական դիրքորոշման մասին համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների ծրագրերը խախտվեցին: Ակնհայտ դարձավ, որ ընտրությունների միջոցով իրենց համար ցանկալի իշխանափոխության իրականացումը այլևս բացառվում է: Այս պայմաններում ի հայտ եկավ գործողությունների պահեստային ծրագիրը, այն է` ընտրությունների ընթացքում երկրում այնպիսի բարդ մթնոլորտ ձևավորել, որը հող կստեղծի կասկածի տակ առնելու ՀՀ նախագահական ընտրությունների լեգիտիմությունը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այլ կերպ ասած, հիշատակածս ուժերի մարտավարությունը փոխվել է. այլևս խնդիր է դրված նսեմացնել նախագահական ընտրությունները` բնութագրելով դրանք «ոչ մրցակցային», «ընտրողներին հավատ չներշնչող» և նման այլ անհեթեթություններ: ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված ահա սրանք են միջազգային որոշ կառույցների, առանձին պաշտոնատար դիվանագետների հնչեցրած գնահատականների շարժառիթները: Ահա, մասնավորապես, այս իրողությամբ է պայմանավորված նաև ՀԱԿ-ի առնվազն անազնիվ վերաբերմունքը իր դաշնակցի` Հրանտ Բագրատյանի հանդեպ: Ըստ որում, անազնիվ այն աստիճանի, որ ՀԱԿ-ը նրան չսատարելով հանդերձ` իրեն հնազանդ բոլոր լրատվամիջոցներով փորձում է հենց ամեն կերպ նսեմացնել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները: Հանրության աչքի առջև ծավալվող այս քստմնելի և միաժամանակ վտանգավոր գործողություններն ամենևին էլ ուղղված չեն միայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Դրանք առաջին հերթին, ըստ էության, ուղղված են Հայոց պետականության դեմ: Եվ սա հրամայական պահանջ է առաջադրում, որպեսզի ՀՀ նախագահի հիմնական թեկնածուները` ի դեմս Հայաստանի անկախության ռահվիրա Պարույր Հայրիկյանի, ի դեմս Հայաստանի երրորդ Հանրապետության ակունքներում կանգնած մյուս նվիրյալների` Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՀ Նախագահ` Արցախյան ազատամարտի հերոս Սերժ Սարգսյանի հետ դաշնակցած` իրենց միաբան խոսքն ասեն հանուն ապահով Հայաստանի Հանրապետության, ապահով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Եվ, վերջապես, ի սատարումն համայն հայության:
Վերոշարադրյալից, կարծում եմ, ինքնին հետևում է, որ երբ ձախողվել են ՀՀ նախագահական ընտրությունները որոշակի սցենարով անցկացնելու ծրագրերը, տեղի է ունեցել մեր երկրի ոխերիմ «բարեկամների» մարտավարության փոփոխություն: Համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների առանձին հատվածներ մտադրվել էին նախագահական ընտրությունների արդյունքում փոխել մեր երկրի արտաքին քաղաքականության զարգացման ուղենիշները: Հիմա նրանց համար հրամայական է դարձել մի նպատակ` ստվեր գցելով ընտրությունների վրա, հետագայում կասկածի տակ առնել դրանց լեգիտիմությունը: Հետևաբար թուլացնել նախագահական ինստիտուտը, պարտադրել մեր երկրին, որ ամենացավոտ հարցերի լուծումներն իրականացվեն ենթարկելով վերոհիշյալ կենտրոնների շահերին: Կարծում եմ, հասկանալի է, որ խոսքն այստեղ առաջին հերթին վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ հայանպաստ լուծումներ պարտադրելուն: Ուստի հենց այս տեսանկյունից պետք է մոտենալ Նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 15-ին, ՀՀ Պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթի հետևյալ դրույթին. «Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն` մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլևս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է: Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը:»:
Կարծում եմ, որ այսօր, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ողջ հայության համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրությունները` ամեն քաղաքական գործիչ պարտավոր է վեր կանգնելով անձնական հավակնություններից, ըստ ամենայնի ծառայել մեր երկրների անվտանգության ապահովման գործին: Իսկ կա՞ արդյոք այն գաղափարը, որի շուրջ համախմբվելով` մեր ժողովուրդը հաղթանակած դուրս կգա համապետական ընտրություններից: Այո՛, կա: Դա ՀՀ նախագահի թեկնածուների կողմից համատեղ հայտարարության ընդունումն է: Հայտարարություն, որը կամփոփի համայն հայության ամենանվիրական գաղափարը` Ապահով Հայրենիք: Համոզված կարելի է ասել, որ իրոք առաջադեմ աշխարհը կհարգի մեր միասնականությունն ու միաբանությունն այս կենսահաստատ հարցում: Իսկ որ պակաս կարևոր չեմ համարում` ողջ հայությունը կհպարտանա ՀՀ նախագահի թեկնածուներով:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար,
«Ազգային Միաբանություն կուսակցության» և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)