Գաղտնազերծում է Արտաշես Գեղամյանը
13.01.2014, Newsbook.am
Ռոբերտ Քոչարյան–Տիգրան Սարգսյան տուրուդմփոցից գոհ է միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ «Երկու մտերիմ զինակիցների բանավեճ է: Հույս ունեմ, որ նրանց միջև տնտեսագիտական բանավեճն ավելի կխորանա, որը կբացառի զգացմունքայնությունը: Շատ օգտակար եմ համարում այդ բանավեճը: Դա իրենց ներքին հարցն է, դա երկու մտերիմ զինակիցների ներքին հարցն է ներքին վեճը և երրորդ մարդու մեկնաբանությունը զինակիցների, մտերիմների բանավեճին ճիշտ չեմ համարում: Իրենք շատ լավ հարաբերություններ ունեն, ընդհուպ առաջարկ է եղել Ռոբերտ Քոչարյանի անունը ոսկե տառերով հիշատակել պատմության մեջ»,- ասել է Արտաշես Գեղամյանը: Փաստորեն, Արտաշես Գեղամյանը մի հարվածով գաղտնազերծեց արդեն մի քանի շաբաթ ձգվող հեռակառավարվող խոսքուզրույցը։ Մինչ հասարակությունը, քաղտեխնոլոգները, վերլուծաբանները գլուխ են ջարդում, թե ի՞նչ մեղու է կծել Քոչարյանին, որ այդպես հանկարծակի սիրտը բարակել է երկրի համար և անխնա հարձակվել է մեզ պատած բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավորի՝ Տիգրան Սարգսյանի վրա, Գեղամյանը պարզաբանում է՝ «Երկու մտերիմ զինակիցների պատերազմ է...»։ Իսկ մենք կարծում էինք՝ երկու տիտանների մենամարտ է։ Ինչևէ։ Այս մի հույսն էլ ի դերև հանելուց հետո Գեղամյանը շարունակում է՝ «Հույս ունեմ, որ նրանց միջև տնտեսագիտական բանավեճն ավելի կխորանա, որը կբացառի զգացմունքայնությունը»։ Այսինքն, Գեղամյանն իր հնարավորություններից դուրս է համարում միջամտել երկու «ախպրտիքի» «տնտեսագիտական բանավեճին»…