ՄԱՐԻԵՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ելույթը

ընտրողների հետ ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության

պատգամավորների հանդիպման ժամանակ

28.10.2004, Կինոյի տուն

«Ազգային Միաբանություն կուսակցության» Նոր Հաճընի տարածքային կազմակերպությունն ընդգրկում է Նոր Հաճըն քաղաքը և շրջակա գյուղերը: Սոցիալ-տնտեսական առումով դրանք տարբեր են, քանի որ Նոր Հաճընում աշխատում են ադամանդագործական մի քանի գործրաններ և այստեղ սոցիալական որոշ հարցեր ինչ որ առումով ավելի բարվոք վիճակում են, քան գյուղերում: Պաշտոնական լրատվամիջոցները Հաճընը ներկայացնում են որպես «գանձերի կղզի», համարյա մոտ Թ.Մուրի «Ուտոպիային»: Սակայն փոքր-ինչ ավելի ուշադիր նայելու դեպքում նկատվում են բացասական երևույթներ, որոնց մի մասը երևում է, իսկ խորքայինը իրեն զգացնել կտա ավելի ուշ: Առաջին հերթին դա չափազանց ցածր աշխատավարձն է, եթե այն համեմատենք արտասահմանյան այլ երկրների բանվորների ստացածի հետ (բացառությունը, երևի, Հնդկաստանն է): Պրոֆեսիոնալ և տարիքավոր ադամանդագործը արդեն դուրս է մղվում արտադրությունից՝ Հանրապետությունում սահմանված թոշակային տարիքին չհասած, հստակ կարգավորված չեն աշխատանքային հարաբերությունները, լրիվ անտեսված է պրոֆեսիոնալ հիվանդությունների հարցը և այլն: Շրջակա գյուղերում պատկերը նույնն է, ինչ Հանրապետության մյուս բնակավայրերում:

Վերն ասվածից հետևում նշվածից երևում է, որ կուսակցական աշխատանքեր տանելիս պետք է ունենալ տարբերակված մոտեցում գյուղին և քաղաքին հարող պրոբլեմների առումով և միաժամանակ տեղային սահմանափակ գործեկակերպ ձեռք բերելուց խուսափելու համար միշտ հիշել ավելի գլոբալ խնդիրներ և մարտահրավերներ, որ սպառնում են երկրին: Գյուղերում մեր խնդիրը ծանրանում է նրանով, որ թերթեր (հատկապես ընդդիմադիր)աննշմար քանակով է հասնում գյուղացիների ցածր գնողունակության պատճառով (գուցե և միտումնավոր): Եթե դրան գումարենք այն, որ ընդդիմության ղեկավարները, հատկապես Ա.Գեղամյանը համարյա զրկված են ԶԼՄ-ների, հատկապես հեռուստատեսությամբ ժողովրդի հետ շփվելու և տեսակետները արտահայտելու հնարավորությունից, ապա իրավունք ունենք խոսելու ժողովրդի մեծ մասին ինֆորմացիա ստանալու սահամանադրական իրավունքից զրկելու մասին: Դր ահետ միասին գործում է ապատեղեկատվությունը, որը հեռուստատեսային ժանրին հատուկ մեթոդներով և խորամանկություններով նստեցվում է մարդկանց գիտակցության ենթագիտակցական շերտում: Հատկապես մի տեսակ անընդհատ շեշտվում է, որ Ա.Գեղամյանը չափազանց շատ է (կրկնվելու աստիճան) խոսում ժողովրդի ծանր սոցիալ տնտեսական իրավիճակի մասին, որ մարդիկ առանց դրա էլ գիտեն դա: Սակայն իշխանական քարոզչամեքենան եթերը դատարկելով ընդդիմությունից, փորձում է Քոչարյանին շահեկան ձևով մեկնաբանել վատ ապրելու պատճառները: Ընդհանրացված ձևով և եթե խմբավորենք դրանք են՝ 1. շրջափակում, 2.նախկին իշխանություններ, 3.անցումային ժամանակաշրջանի օբյեկտիվ դժվարություններ, 4.պատերազմ և ներկա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, 5.Ղարաբաղ և ղարաբաղյան հարց և այլն:

Ինչպես տեսնում ենք, ըստ նրանց բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Եվ որպես «մխիթարություն» ժողովրդի գովազդում են ինչ որ առասպելական տնտեսական աչ, որով առաջ ենք անեցել անգամ Չինաստանից (որը եթե չեմ սխալվում, վերջին տարիներին համարվում է պոստսոցիալիդացիոն ամենադինամիկ զարգացող երկրներից մեկը): Ինչպես տեսնում ենք չափի զգացողության կորուստը և ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլորությունը ոմանց դրել է քաջնազարյան ծիծաղելի դրության մեջ: Ահա ժողովրդին մոլորեցնելու այս փորձերի դեմ հանձն եկավ Արտաշես Գեղամյանը, որը հնարավոր բոլոր միջոցներով (հանդիպումներ, թերթեր, միջազգային ատյաններ, սակավ հեռուստաելույթներ և այլն) իրական փաստերը վերլուծելով մարդկանց բացատրեց երկրի ճգնաժամային վիճակի իրական պատճառները: Դրա շնորհիվ երկրում շատերը հասկացան թե ովքեր են մեղավորները, ով ով է և ինչը ինչոց է: Դրանից հետո գալիս է տրամաբանական (զգացմունքայինը վաղուց կար) եզրակացությունը, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, որ որևէ բարեփոխման հույս այս իշխանությունների հետ կապել անհնար է և որ օրվա հրամայական է դառնում իշխանափոխությունը: Ու չեմ ցանկանում նսեմացնել ընդդիմադիր մյուս գործիչների կատարած աշխատանքը և ունեցած դերը, բայց դժվար թե անհրաժեշտ քանակի փաստեր բերվեն համոզելու, որ նրանցից որևէ մեկը արել է այն, ինչ Արտաշես Գեղամյանը, այն է քողազերծել այս ապազգային իշխանությունների կատարած ամեն քայլը, խորամանկությունը կամ ապաշնորհ ջանքերը իմիտացիա ստեղծելու թե աշխատում են երկրի բարօրության համար: Այսպիսի հետևողական աշխատանքը և պայքարն է ծնում իսկական ժողովրդական լիդերին, որը հայ մտավոր կարողություններով և հատկություններով ի զորու է գլխավորել ժողովրդին:

Ահա այսպիսի լիդերի կերպարը հանգիստ չի տալիս Քոչարյանին և նրա լրատվամիջոցներին, որոնք են ստացել ամեն կերպ նսեմացնել Գեղամյանի կերպարը, ընդդիմության ներսում «աճեցնել» նրան հակադրող «առաջնորդներ», իսկ հայ իրականության ստեղծել անփոխարինելի, այլընտրանք չունեցող Ռ.Քոչարյանի կերպարը: Վերջին միտքը (այլընտրանք չունենալու) վիրավորական եմ համարում ողջ հայ ժողովրդի համար որպես էթնիկ ընդհանրություն, որը կրում է հայկազյան ցեղի գեները: Միթե հայ ժողովուրդը այդքան ամլացել է: Եթե Պարույր Սևակը 19թ. 60-ակ. հայ ժողովրդ «արգանդը սրբորեն բեղան» էր կոչում, որ ծնեցին կոմիտաս ու Թումանյան, ապա ինչ եղավ այդ նույն ժողովրդին 20-րդ դարի 50-ական թվականներին, որ կարողացավ ծնել ընդամենը 1 Քոչարյան: Միթե մենք այդքան դեգրադացիա ենք ապրել: Միայն այս կեպարը «պայծառացնելուն» լծված իշխանական ԶԼՄ-ները շատ են ցանկանում մշակել վերջին տարիների միջին հայաստանցու բթացված մի տեսակ, անցման շրջանի “homo armenius”, որը էկրանների առջև ամեն օր նստած սպասում է, դիտում, թե ինչպես է պրն Քոչարյանը ձեռքերի և դեմքի մկանների տանջալից շարժումների միջոցով արտաբերում քաղաքական մտքի հերթական «գոհարները ականջ քաշելու, բժշկական ինչ-ինչ տհաճ պրոցեդուրաների, մոծակների, և ուչաստկովի գործերի» մասին: Դա հերթական անգամ հիասթափեցնելուց բացի դրդում է մտածել մարդու և ղեկավարի մտավոր զարգացման ինչ որ չափանիշների մասին: Այս ամենը գիտակցելուց հետո կասկած է առաջանում, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, որը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում ապրող մեր ժողովրդին ներկայացնում է բազմաթիվ սպառնացող մարտահրավերներ: Սա նշանակում է, որ պայքարը շարունակվում է իշխանափոխություն իրականացնելու և նոր ուժերով (ներառելով նաև հնի առաջ, չարատավորված մարդը) այդ մարտահրավերներին դիմակայելու համար: Առավել ընդհանուր խնդիրներից վերադառնալով դեպի կոնկրետ մեր գործողություններին տեղերում, նշեմ որ ձգտում ենք ամրապնդել կազմակերպությունները մարդկանցով, որոնք պատրաստ են պայքարել իրավիճակը փոխելու համար: Որպես տարածքային կազմակերպության ղեկավար նշեմ, իմ մի դիտարկումը, որ որոշ քիչ թվով մարդիկ ետ կանգնեցին պայքարից, ընդ որում դրանց մեծ մասը նրանք էին, որոնք մեզ միացել էին գարնանային վերելքի ժամանակ մոտալուտ հաղթանակի էյֆարիտի մեջ: Բնական եմ համարում սա և կրկնվող երևույթ ցանկացած երկրում և ժամանակներում: Դրանք շարժման « ուղեկցող» տարիներն են, որոնցից խափել ոչ հնարավոր է, ոչ էլ անհրաժեշտ: Իմ կարծիքով պետք է որոշ չափով փոխել պայքարի ձևերը, ժողովրդին մոտիկ մնալու համար ակտիվացնել մեր գործողությունները տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում, համայնքների ղեկավարները ընտրություններին առաջա մեր ներկայացուցիչ թեկնածուներին դրանք կատալիզատորի դեր կկատարեն և պարտություն դեպքում անգամ (ինչը գուցե և գերակշռող ելքն է լինելու) կփաստի մեր ներկայությունը բնակավայրերում և մարդկանց: Արտաշես Գեղամյանի և ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավորների պարբերական հանդիպումները խիստ կարևոր են ժողովրդի հետ կապը պահպանելու համար, բայց վերը նշված հանգամանաքները ևս ցանկալի է հաշվի առնել: Հակառակ դեպքում այդ տեղական ընտրությունների ժամանակ մենք մեր կամքից անկախ ներքաշվում ենք մեզ օտար կուսակցությունների խաղերի մեջ կամ լավագույն դեպքում ինքնաբացարկ հայտարարում, որը ոչ միշտ է, որ դրական է գնահատվում ժողովրդի կողմից:

Մենք շարունակելու ենք պայքարը, դրա համար կա ամեն ինչ. կուսակցական կառույցներ, իսկական ժողովրդական առաջնորդ-Արտաշես Գեղամյան: ժողովուրդը, որի հիասթափության մասին այդքան շատ խոսվում է, իր ներքին առողջ բնազդով պատրաստ է և սպասում է պայքարի կոչի: Մնում է որ ճիշտ տեղին և ժամանակին դա արվի: Եվ Աստված ոչ անի, եթե մենք սխալվենք: Ուզում եմ ավարտել մի հայտնի աղոթքով . «Տեր Աստված օգնիր ինձ անել այն, ինչ կարող եմ անել, Տեր Աստված օգնիր ինձ չանել այն, ինչ չեմ կարող անել, Տեր Աստված, օգնիր տարբերել ինչը կարող եմ անել և ինչը ոչ»:

Շատ կուզեի, որ այս տողերը հասնեին Քոչարյանին, օգնության կարգով, ի վերջո հայ է:

ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հանդիպումը լրագրողների հետ

Թեմա - «Աշխարհաքաղաքական զարգացումները և Հայաստանը»

Երևան, ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբ, 16 հոկտեմբերի 2004 թ.

Արդյոք 21-րդ դարը կլինի քաղաքակրթությունների բախման, թե՞ երկխոսության դար: Երբ 6 տարի առաջ հայտնի քաղաքագետ, ֆուտուրոլոգ Սեմյուէլ Հանտինգտոնը գրեց իր արդեն իսկ քաղաքագիտական բեստսելլեր դարձած աշխատությունը, այն է՝ «Քաղաքակրթությունների բախումը», շատ և շատ երկրներում քաղաքագետները լուրջ չընդունեցին այդ աշխատությունը: Դրան հաջորդած տարիները և աշխարհում կատարված իրադարձությունները ցույց տվեցին, որ, այո, իրոք, եթե երկրագնդի հզորները և քաղաքակիրթ համայն մարդկությունը ճիշտ հետևություններ չանի, ապա հնարավոր է, որ տեղի ունենա քաղաքակրթությունների բախում: Վերջինիս մասին առաջին անգամ արդեն պաշտոնական մակարդակով խոսվեց 2001 թ. սեպտեմբերի 11-ի զարհուրելի իրադարձությունից հետո: Դրան անմիջապես հաջորդեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, ըստ իս Արևելքի խոշոր մտածողներից մեկի՝ Մոհամմադ Խաթամիի վերլուծական հայտնի հոդվածը (որը թարգմանաբար տպագրվեց “Независимая газета” թերթում), ուր նա կոչ էր անում սկսել քաղաքակրթությունների երկխոսություն, դրանով իսկ, փաստորեն, ընդունելով, որ կա քաղաքակրթությունների բախման վտանգ: Եթե այս տեսանկյունից ենք փորձում վերլուծել տարածաշրջանային հնարավոր զարգացումները և Հայաստանի դերակատարությունը՝ դրանում, իսկ ավելի ճիշտ կլինի ասել Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրները, ապա կանգնում ենք չափազանց լուրջ հարցադրումների առաջ, որովհետև հենց այդ քաղաքակրթությունների կիզակետում է հայտնվել Հայաստանը: Մեր երկիրը, ասես թե, քրիստոնեական աշխարհի ֆոռպոստը լինի մահմեդական աշխարհում, որը տարածվում է Ջիլբլարթարից Խաղաղ օվկիանոս: Եթե մտովի պատկերացնեք քաղաքական քարտեզը, ապա Մարոկկո, Ալժիր, Թունիս, Լիբիա, Եգիպտոս (չշարունակեմ թվարկելը) երկրներից հետո գալիս են Մերձավոր Արևելքի երկրները ընդհուպ մինչև Խաղաղ օվկիանոս և այդ պարագայում, բնականաբար, մեր արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգության հայեցակարգը մշակելիս պարտադիր պետք է նկատի ունենանք մեր աշխարհագրական դիրքը և հաշվի առնենք դրանից բխող հնարավոր զարգացումները: Ի դեպ, ասեմ, որ ներկայումս աշխարհում բնակվում է 1 միլիարդ 300 մլն իսլամը դավանող մարդ: Մասնավորապես, արդեն իսկ Եվրամիության անդամ երկրներում գնալով այդ թիվն աճում է. որոշ վերլուծաբանների գնահատականներով 2050թ. Եվրոպայի բնակչությունը կրճատվելու է շուրջ 14%-ով, խոսքը Եվրամիության մասին է և, բնականաբար, այնտեղ բնակվող իսլամի կողմնակիցների թիվը կարող է հասնել ընդհուպ մինչև ազգաբնակչության 40%-ի: Եվ սա դեռ այն պարագայում ու այն պայմանում, եթե Թուրքիան, որի բնակչությունը, ինչպես գիտենք, արդեն 70 միլիոնի է հասնում, չանդամակցի Եվրամիությանը: Արդեն իսկ այսօր Ֆրանսիայում, պաշտոնական ճշգրիտ տվյալներով, բնակվում է 5 միլիոն մահմեդական, Գերմանիայում՝ 3 միլիոն, մինչդեռ անլեգալները, ասում են, շուրջ 5 միլիոն են: Մահմեդականների թիվը զգալիորեն ավելացել է Հոլանդիայում, Բելգիայում, Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում, ընդհուպ մինչև իսկ, ընդգծված եմ այս թիվն ասում, պաշտոնական տեղեկատվության համաձայն Հունաստանի Հանրապետությունում շուրջ 1 միլիոն մահմեդական կա: Այս ամենը պատահական չէ, որ ասում եմ, որովհետև սրանից կես տարի առաջ Ուտրաջայայում (Մալազիայի պաշտոնական երկրորդ մայրաքաղաքն է) մուսուլմանական 48 երկրներ իրենց կոնֆերանսի ժամանակ առանձնահատուկ նշեցին Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերահաստատելու իրենց պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը ագրեսիա է գործել, որի արդյունքում, ուրեմն, գրավել է իրենց հողերի 20%-ը և առաջ քաշեցին 1 միլիոն փախստականների հարցը:

Այս պարագայում նկատի ունենալով իսլամի գործոնը, բնականաբար, մենք պետք է պարտադիր անդրադառնանք գերտերություններին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ռուսաստանի Դաշնությանը և Եվրամիության անդամ երկրներին, տեսնենք թե վերջիններս այս տարածաշրջանում ինչպիսի շահեր ունեն: Որպեսզի հանկարծ չստացվի, թե ես սխալ եմ մեկնաբանում, շատ կարճ մի տեղեկանք կարդամ. «Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի փոխհրամանատար, ռազմաօդային ուժերի հրամանատար Չառլ Ուոլտերը, որը տարեսկզբից 2 անգամ այցելել է Բաքու, համաձայն “Независимая газета” թերթի հրապարակման, Վաշինգտոնում սենատի շենքում գումարած հատուկ խորհրդակության ժամանակ, խոսելով Եվրոպայում ամերիկյան ռազմական խմբավորման վերադիրքավորման մասին, մասնավորապես ասել էր. «Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը ներկայումս Կասպից ծովի նավթային էներգետիկ ռեսուրսների, ահաբեկչության հնարավոր վտանգների, զենքի անօրեն վաճառքի և թմրանյութերի տարածման շնորհիվ ճանաչվում են աշխարհաքաղաքական նոր առանցք: Իր իսկ խոսքերով, Ադրբեջանում ամերիկացիները պարեկություն կանեն և կապահովեն Բաքու-Բթիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգ շահագործումը»: Ուրեմն, սա Ամերիկայի Միացյալ Նահանգների գնահատականն է: Մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գիտեք, անդամակցում է կոլեկտիվ անվտանգության կազմակերպության պայմանագրով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի հետ և այդ պայմանագրի համաձայն, թերևս, Հայաստանի Հանրապետությունը պաշտպանված է արտաքին հնարավոր ոտնձգություններից: Բնականաբար, Ռուսաստանը տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերն ունի, բնականաբար, այստեղ աշխարհաքաղաքական շահեր ունի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Անվանի փորձագետներն իրենց վերլուծություններում ասում են, որ 21-րդ դարում բարեկեցիկ կյանքով կապրեն այն պետությունները, այն երկրները, ովքեր օտարված չեն լինի էներգետիկ ռեսուրսներից, ովքեր կտիրեն էներգետիկ ռեսուրսներին՝ առաջի հերթին նավթին և, բնականաբար, բնական գազին: Եվ ահա սա է, թերևս, պատճառը, որ դեռ ուղիղ տաս տարի առաջ Խյուստոնում, Տեխաս (պատահական չէ, որ հիշատակում եմ Տեխասը) մշակվեց, կնքվեց և հետագայում Հեյդար Ալիևի կողմից վավերացվեց, ինչպես քաղաքական գրականության մեջ է հիմա նշվում, դարի գործարքը, համաձայն որի կառուցվում է 1760 կմ երկարության Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հայտնի նավթատարը: Ըստ որում, այսօր թերթում կարդացի, արդեն իսկ եռակցման արարողություն է տեղի ունենալու Ադրբեջանի և Վրաստանի սահմանում: Ասեմ ավելին, փետրվար ամսին վրացական հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման, մարտ ամսին՝ թուրքական և ադրբեջանական հատվածները, իսկ ապրիլին արդեն այդ նավթատարը շահագործման կհանձնվի և 50 միլիոն տոննա տարեկան հզորությամբ նավթ կկարողանա տեղափոխել Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստ: Սրանից 15-20 օր առաջ “Известия” թերթի մի ամբողջ էջ , ավելի ճիշտ 2 էջ նվիրված էր Ադրբեջանի Հանրապետության հնարավոր զարգացումներին: Մասնավորապես հանդես էր եկել “Государственная нефтеная компания Азербайджанской Республики” ГНКР-ի պրեզիդենտը՝ Նատիկ Ալիևը, որի տեղակալն էր մինչև պրեզիդենտ դառնալը, մինչև վարչապետ դառնալը Իլհամ Ալիևը: Երբ կարդում ես այդ հնարավոր զարգացումների մասին, այդ թվերի մասին, ապա գիտակցում ես, որ չափազանց լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած Հայաստանը: Նավթային և գազային արդյունաբերությունն անասելի առավելություններ է տալու Ադրբեջանին. մասնավորապես, այսօր իսկ մշակված նավթահորերի հզորությունը՝ միայն 3 տեղերից՝ Ազերի, Չիռակ, Կյունեշլի, կազմում է 511 միլիոն տոննա: Մինչդեռ, ընդունենք, նույն Շառլ Դենիսի նավթահորերի պոտենցիալ հզորությունը կազմում է 2 միլիարդ 900 միլիոն տոննա, էլ չեմ ասում, որ ճիշտ այդ նույն Շառլ Դենիսում գազը կանդեսափի հզորագույն պաշարներ կան՝ 1 տրիլիոն խորանարդ մետր, և ևս մեկ ուրիշ հանքավայր են հայտնաբերել, որի պաշարները, հետազոտված պաշարները կազմում են 1 տրիլիոն խորանարդ մետր: Եվ, ահա, այդ ամենի հիման վրա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը նույնպես կառուցման պրոցեսում է: Հետաքրքիր է, որ իրենք ունեն նավթային հիմնադրամ, որտեղ արդեն իսկ կուտակվել է 1 միլիարդ դոլար: Անցած 10 տարվա ընթացքում նավթաարդյունաբերության մեջ, ուրեմն, կատարվել են 7,5-8 միլիարդ դոլարի ինվեստիցիաներ: Ըստ որում, սարքավորումների ձեռքբերման համար, ինչպես գրված է վերոհիշյալ վերլուծականում, Ադրբեջանի Հանրապետությունը մեկ մանաթ անգամ չի ծախսել, մինչդեռ ստացել է արդեն մաքուր եկամուտ 1 միլիարդ 900 միլիոն դոլարին համարժեք: Դրա հետ մեկտեղ հագեցված է աշխարհի ամենաժամանակակից սարքավորումներով. այսպես, եթե Կասպից ծովի ամենախոր հատվածը 1200մ է, իրենք ունեն արդեն իսկ “Скважник глубокородного бурения”. 9940մ վրա նրանք կարող են նավթ արտահանել և, բնականաբար, տասնամյակների ընթացքում դա հսկայական առավելություն կտա Ադրբեջանին:

Ինչո՞ւ ես այս ամենը հիշատակեցի. անշուշտ, դա հետաքրքրում է ոչ միայն աշխարհի տրանսազգային նավթ մշակող 10 խոշորագույն կորպորացիաներին, որոնք հիմնականում տեղակայված են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Նորվեգիայում, Ճապոնիայում, այլ նաև արդեն իսկ Ադրբեջանը Շառլ Դենիս նավթավայրի գործարկմանը ներգրավել է, հատուկ ուզում եմ նշել, Իրանի նավթային պետական ձեռնարկությանը և ֆրանսիական հայտնի «Էլֆ» նավթահանող կորպորացիային: Ինչու եմ Իրանը և Ֆրանսիան նշում, որովհետև այդ երկու երկրների հետ, բոլորս էլ գիտենք, Հայաստանն ունի բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ: Մյուս կողմից էլ Ռուսաստանի Դաշնությունը, անշուշտ, մեծագույն հետաքրքրություն ունի այս տարածաշրջանում. սկզբնական շրջանում այդ նավթը հազիվ բավականացնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը լիարժեք շահագործելու համար, մինչդեռ հյուսիսային մարշրուտ կոչվածը, այն է՝ Ադրբեջանից՝ Կասպից ծոցից դեպի Նովոռոսիյսկ գնացող խողովակաշարը, փաստորեն, թերբեռնված կլինի: Խողովակաշարի հնարավորությունները տարեկան կտրվածքով 11 միլիոն տոննա է կազմում: Այս պարագայում Թուրքիան էլ, գիտեք, ինչ քաղաքականություն վարեց. աշնան ամիսներին փակեց Բոսֆորի նեղուցը՝ ասելով, որ էկոլոգիական աղետ կարող է լինել, որովհետև թեթև փոթորիկ էր այնտեղ: Արդյունքում Ռուսաստանը հարյուրավոր միլիոնների վնաս կրեց, տուգանվեց, որովհետև պայմանագրերի համաձայն չկարողացավ Նովոռոսիյսկից նավթը Արևմտյան Եվրոպայի համապատասխան երկրների նավահանգիստներ, նավթաարդյունաբերության գործարաններ ուղարկել: Բնականաբար, Ռուսաստանն էլ ձգտում է, որ անպայմանորեն Կասպից ծոցի և, մասնավորապես, ղազախական նավթի որոշակի հատված գնա հյուսիսային տարածքով: Իսկ ի՞նչ լծակ կկարողանա կիրառել տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանի հանդեպ: Բնականաբար, այն, ինչի մասին բոլորս չափազանց լավ գիտենք: Տարածաշրջանում լրջագույն հետաքրքրություններ ունեին նաև Եվրամիության երկրները, որովհետև, ինչպես հիշատակեցի, նույն Ֆրանսիան, նույն Գերմանիան որոշակի ներդրումներ են արել, որոշակի ասելով՝ հարյուրավոր միլիոնները գերազանցող և, բնականաբար, նրանք էլ իրենց շահերն ունեն:

Ահա այս պարագայում է, որ խաչվում են Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, և երբեք ու երբեք չի կարելի հաշվից հանել Իրանի Իսլամական Հանրապետության շահերը: Եվ, ահա, երբ դու գիտես այս ամենը և հետևում ես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորումներին, ապա, ասած Հակոբ Պարոնյանի, չգիտես՝ խնդաս, թե լաս: Որովհետև, ցավոք, լուծում են միայն և միայն իրավիճակային խնդիրներ, հետն էլ այնպիսի հարցերի մեջ են, թող ներվի բառիս համար, քթները մտցնում, որ հեչ իրենց գործը չի: Մասնավորապես, ես նկատի ունեմ վերջին պաշտոնական այցելությունը Չինաստանի Հանրապետություն, երբ մի կողմից հայտարարվում է, թե Թայվանը ճանաչում են Չինաստանի անքակտելի մասը, իսկ մյուս կողմը հայտարարում է, որ կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին. ոչ ավելին: Ահա այստեղ է, որ մենք պետք է չափազանց զգոն և ուշադիր լինենք, հաշվի առնելով նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ու Հնդկաստանի՝ համաշխարհային գերտերություններ դառնալու լրջագույն հնարավորությունները: Այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ Չինաստանն իր արդյունաբերական արտադրանքի ծավալով գերազանցել է անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների: Այո, ես չսխալվեցի: Եթե Միացյալ Նահանգների համախառն ներքին արդյունքը մոտենում է 11 տրիլիոնի, Չինաստանինը կազմում է շուրջ 6 տրիլիոն դոլար, և ապա ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքում նյութեղեն արտադրանքը կազմում է համախառն ներքին արդյունքի 20%-ը, մինչդեռ Չինաստանում՝ 67%-ը, այսինքն՝ չինացիները տալիս են 3,7 տրիլիոն նյութեղեն արտադրանք, այն դեպքում, երբ ամերիկացիները՝ 2 տրիլիոն: Բնականաբար, այս ամենի հնարավոր զարգացումները հանգեցնում են նրան (եթե չեք հասկանում՝ հետո կմանրամասնեմ Ձեզ), որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը նույնպես յուրովի վերաբերմունք պետք է դրսևորեն էլի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին, որովհետև Չինաստանը 2010թ. տարեկան կտրվածքով 250-ից 300 միլիոն տոննա նավթի, ներկրվող նավթի պահանջարկ կունենա, որը հիմնականում, եթե գնում է, Պարսից ծոցից, ապա հիմա այնտեղ, հասկանալի պատճառներով, դա պակասում է, և հույսը, կամա թե ակամա, դրվելու է ղազախական և ռուսական նավթի վրա: Պատահական չէր, որ վերջերս պարոն Պուտինը, երբ եղավ Չինաստանի Հանրապետությունում, շեշտը դրվեց միայն այդ պայմանագրերի վրա: Դրանից ելնելով էլ ռուսական պաշտոնական լրատվությունն ասաց, որ Չինաստանի զարգացման բանալին մեծապես պայմանավորված է Ռուսաստանով:

Ահա այս բարդ իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը չի կարող սազանդարություն հիշեցնող կոմպլիմենտար կոչվող քաղաքականություն վարել: Նա պետք է արդեն, ելնելով այս ամենից, ծանր ու թեթև անի և ազնվաբար հայտարարի իր արտաքին քաղաքական դոկտրինը, իր ազգային անվտանգության հայեցակարգը, որը, ցավոք, արդեն իսկ անկախության 14-րդ տարում դեռևս չունենք: Ահա, թերևս, այն հնարավոր զարգացումները, որոնք սպասվում են տարածաշրջանում:

Բնականաբար, հարց կծագի, իսկ Ղարաբաղի հարցի լուծումները կա՞ն և ինչպիսի՞ն են դրանք: Վերջերս առիթ եղավ հանդիպելու Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի հետ. տեղի ունեցավ շատ հետաքրքիր, բովանդակալից զրույց: Մասնավորապես, եվրոպացիները կարող են այնպիսի լուծում առաջարկել, որը հասկանալի էր իրենց և որն ունի իր նախադեպը: Խոսքը գնում էր, մասնավորապես, Բալթիկ ծովում գտնվող Ալանդական արխիպելագի մասին, որը բնակեցված է միայն և միայն շվեդներով, բայց տարածքը պատկանում է Ֆինլանդիային: Ալանդական արխիպելագում փաստացի պետություն կա, որի կարգավիճակը, ինչպես իրենք են ասում, ավտոնոմիայից շատ բարձր է, բայց լրիվ անկախությունից էլ փոքր ինչ ցածր է: Այնտեղ գործում է պառլամենտ, որը մշակում է իր ներքին կյանքին վերաբերող բոլոր օրենքները: Այդ տարածաշրջանում ֆիննական օրենքներն ուժ են ունենում միայն և միայն այն պարագայում, եթե լանտինգը, ինչպես կոչվում է Ալանդական արխիպելագի պառլամենտը, վավերացնում է դրանք:

Մյուս տարբերակը, որը կա և որը, ցավոք, կարող է կյանքի կոչվել, հետևյալն է. այսպես, թե այնպես Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնության կգան հետխորհրդային տարածաշրջանում, այսինքն՝ ԼՂ-ի հիմնահարցի լուծման գործում: Մասնավորապես եթե արդեն այսօր իսկ բոլորիս համար ակնհայտ է անգամ «Ասոշեյթեդ պրեսն» էլ հաղորդեց, որ “Американские силы мобильного реогирования” պետք է լինեն Ադրբեջանի տարածքում: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ բացի նավթատարի և գազատարի անվտանգությունն ապահովելուց, դրանք ամերիկացիների համար նաև իմաստավորված կլինեն, եթե տեղակայված լինեն Զանգելանի, Ղուբաթլիի և, բնականաբար, Ֆիզուլու շրջաններում, այն է՝ հարավային Ադրբեջանից ազատագրված հողերի վրա: Այս ուժերի առկայությունն այստեղ, մյուս կողմից ռուսական ռազմական կայանների առկայությունը Հայաստանի Հանրապետությունում անպայմանորեն կհանգեցնի ԼՂ-ի հիմնահարցի փոխզիջումային լուծմանը: Դա պայմանավորված կլինի նաև այն հնարավոր զարգացումներով, որոնք սպասվում են Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Այսպիսով, արդեն իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարածաշրջանում հանգուցալուծում պետք է լինի: Թե ի՞նչ տարբերակով, ժամանակը ցույց կտա: Այստեղ ամենևին անտեսենք Թուրքիայի դերն ու դերակատարումը: Ըստ իս, երբեք ու երբեք պետք չէ, որ մենք խառնվենք այն հարցերի մեջ, որոնց լուծման բանալին մեզ մոտ չէ: Մասնավորապես, նկատի ունեմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հարցը, որովհետև դա բնավ պայմանավորված չի լինելու Հայաստանի կողմից , թեկուզ և շատ արդարացիորեն բարձրացվող հարցերի հետ. մասնավորապես, առաջին հերթին նկատի ունեմ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և կորուստների փոխհատման հարցերը: Հակառակ դեպքում Հայաստանը դարձյալ կարող է, ըստ իս, վտանգավոր դերակատարում ունենալ տարածաշրջանում գերտերությունների հնարավոր խաղերի մեջ:

Ներածական այս խոսքից հետո ակնկալում եմ Ձեր հարցերը, որովհետև անվերջ կարելի է բացատրել, խորանալ, թվեր բերել, փաստեր բերել, բայց կարծում եմ դրա անհրաժեշտությունը չկա: Ակնհայտ է, որ տարածաշրջանում կիզակետված են Եվրամիության, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իրանի աշխարհաքաղաքական շահերը: Եվ ելույթումս ամենևին պատահական չէր, որ խոսեցի եմ քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտության մասին: Հենց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է դառնալ այն առաջին երկխոսությունը, որի օրինակով կհարթվեն նմանատիպ բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր: Այնպես որ, եթե մեր հարևանը խոսում է երկխոսության անհրաժեշտության մասին, և դա, կարծես թե, ըմբռնում է գտնում Արևմտաեվրոպական մայրաքաղաքներում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, և ապա, ահա, մենք ունենք գործնական դեպք և օրինակ և կկարողանանք ապացուցել, որ իրենք, այո, իսկապես անկեղծ են իրենց այդ հարցադրումներն անելիս: Խնդրեմ, հարցեր:

Հարց - Ուշադիր կարդացել եմ Ձեր ելույթը Ստրասբուրգում, հիմա էլ ցուցադրվածը նայեցինք: Հոյակապ էր, հզոր էր, ես կասեի, որ միջազգային ամբիոններից դեռևս և ոչ մի հայի կողմից այդքան հայանպաստ, մեզ՝ հայերիս այդքան պարզերես դարձնող, Արցախի հիմնախնդրի արդար լուծման համար այդքան արդյունավետ մտքեր չէին հնչել: Ինչո՞ւ հեռուստաալիքներով Ձեր այդ ելույթը ցույց չեն տալիս: Էստեղ էլ հո Քոչարյանին ու Սերժին բան չեք ասում:

Պատասխան - Շնորհակալություն Ձեր գնահատականի համար: Մեղք չվերցնեմ ինձ վրա, երեկ ինձ զանգել են «Հայլուրից» և հայտնել, որ մտադրություն ունեն կիրակի օրը ելույթը ցուցադրել, և ելույթի հետ առնչվող որոշակի մեկնաբանություններ հարցազրույցի տեսքով ինձնից վերցրեցին: Հուսանք, որ կցուցադրեն: Անձը դնենք մի կողմ, ելույթի կարևորությունն ասեմ ինչով էր գնահատելի. ելույթից հետո, երբ ամփոփում էին այդ հարցի քննարկումը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նախագահի տեղակալ Օկտաշը (եթե հիշողությունս չի դավաճանում, ազգությամբ թուրք պատվիրակ է) ներկայացրեց գնահատական: Սովորաբար ամփոփելիս քաղաքական հանձնաժողովը ելույթներին պարտադիր գնահատական է տալիս, թե դրական, թե բացասական իր դիտողությունների մասին ասում կամ չի ասում, և ոչ մի բան այս դեպքում այնտեղ առարկության չհանդիպեց: Այսինքն՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հիտլերից ցիտատ բերելով վերահաստատվեց հայոց ցեղասպանության փաստը, վերահաստատվեցին Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը և այն բարբարոսությունները, որոնց մասին մենք քաջատեղյակ ենք: Կարող է հիմա ասածս Ձեզ արդիական չթվա, որովհետև Դուք նախորդող հարցերը, քննարկումները չեք լսել: Թե՛ Մոլա-Զադեն, թե՛ Սեյիդովը, թե՛ Շախտակտինսկայան, թե՛ Հուսեյնովը, որը վեր էր կենում անգամ իսկ Սերբիայի և Մոնտենեգրոյի հարցի քննարկման ժամանակ, էլ չեմ ասում Ադրբեջանի մոնիտորինգի, էլ չեմ ասում ահաբեկչության հարցերը, որ քննարկվեցին, վեր էին կենում և հայերիս ցեղասպանության, ագրեսիայի մեջ էին մեղադրում: Եվ այստեղ չափազանց հետաքրքիր նրբերանգ կար (կներեք, ելույթն եմ մեկնաբանում և ոչ թե ինձ ներկայացնում), դա այն է, որ, փաստորեն, ելույթում ասվում է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը դարձրել են երեսպաշտության, կեղծիքի տարածման ամբիոն: Եվ ամենևին պատահական չէ, որ խոսքս ուղղում եմ Պիտեր Շիդերին՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին ու գլխավոր քարտուղար Թերի Դևիսին, ասելով՝ գիտեք Ձեզ չեն հիշի սերունդները, անգամ չեն հիշի Ձեր երկրներում, քանի այս ամբիոնը դարձրել են սուտ տարածելու, կեղծիք տարածելու ամբիոն: Եվ հղումը, բնականաբար, պատահական չէր, որովհետև բոլորս գիտենք այն հայտնի զեկուցագրի մասին, որով հանդես էր եկել ճիշտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 14-ին, Փարիզում Թերի Դևիսը: Դրանով, ըստ իս, ելույթս իրապես իր նպատակին ծառայել է: Եվ մի հետաքրքիր շտրիխ ասեմ: Դուք լսեցիք, որ Ֆրանսիայի փոխնախագահը 3 անգամ «մերսի» ասաց այն դեպքում, որ ինձ պետք է դիտողություն աներ, որովհետև ես 35 վայրկյանով գերազանցել էի սահմանված ռեգլամենտը: Իրավունք ունեի խոսելու մինչև 5 րոպե, խոսել եմ 5 րոպե 30 վայրկյան: Իսկ այնտեղ ռեգլամենտը գերազանցելիս Վահան Հովհաննիսյանից շատ ավելի խիստ են ընդհատում: Ելույթումս, հավանաբար, հարցադրումներ կային, որ հոգեհարազատ էին փոխնախագահին, որովհետև Դուք գիտեք Ֆրանսիան առաջին երկիրն էր, որ պետականորեն իր սենատով վավերացրեց ցեղասպանության փաստը և որը անասելի աղմուկ բարձրացրեց Թուրքիայում:

Հարց - Այսօրվա դրությամբ գյուղերն արդեն դատարկվել են՝ մնացել են ծերերը, երեխաները, կանայք: Դուք ինձանից շատ լավ գիտեք, որ աշխատատեղերը բոլորը փակված են, իմ հասակակիցների մասին չեմ ասում, բոլորը երիտասարդները գործազուրկ են: Նման իրավիճակում մարդիկ տանը մահանում են և ֆինանսական, սոցիալական պայմաններից ելնելով ռիսկ չեն անում բժշկի գնան: Այս ամենը մեր իշխանությունները գիտեն, գիտի նաև, ժողովուրդը: Գիտեք, պրն Գեղամյան, ժողովուրդը Ձեզ է սպասում և հավատում: Դուք ո՞ւմ եք սպասում: Հապաղումն ինչի՞ համար է:

Պատասխան- Ես ասվածն ավելի շուտ ընդունում եմ որպես պատգամ, քան թե հարց: Բոլորս էլ գիտենք, որ իշխանությունները ձախողել են, թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, և այդ ձախողումները ոչ մի արդարացում չունեն: Բնականաբար, նման պայմաններում հենց նույն իշխանավորները կցանկանան արհեստականորեն ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, որ հետո այդ ձախողումների դառը պտուղները, որը ստիպելու են հայերս ճաշակենք, գցեն ժողովրդի և ընդդիմության անհնազանդ լինելու վրա, ասեն, որ վիճակը, իբր, ծանր էր և այդ ապակայունացումից օգտվեցին մեր դարավոր «բարեկամներն» ու պարտադրեցին այն լուծումները, որոնք, ավա՜ղ, արդեն իսկ մշակված են: Դա է քայլեր չանելու պատճառը, խնդիրը, որ վաղը մյուս օրը հանկարծ ու հանկարծ սեփական մտորումների արդյունքում քեզ չդատապարտես, որ ժամանակին ու տեղին չէր այդ ամենը:

Հարց - Պրն Գեղամյան, Ձեր նշած սազանդարային կոչված կոմպլիմենտար քաղաքականության փոխարեն Դուք ի՞նչ առաջարկ ունեք արտաքին քաղաքական դոկտրինի վերաբերյալ:

Պատասխան - Ուրեմն, եթե որևէ մեկը 3 կամ 5 րոպեի ընթացքում առաջարկի արտաքին քաղաքականության դոկտրին, առավել ևս ազգային անվտանգության հայեցակարգ, կնշանակի նա բացարձակապես պատկերացում չունի, թե ինչ է նշանակում այդ բազմածավալ, բազմաբովանդակ, բազմաբևեռ հարցը: Դա համակարգված պետք է լինի՝ հաշվի առնելով մեր հարգարժան շինարար-գրողի ասածը, նաև այն իրական իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը: Խնդրեմ մի օր հրավիրեք «Ազդակ» ակումբ, սիրով կգամ զուտ արտաքին քաղաքական դոկտրինի կոնցեպցիայի մասին խոսելու, որովհետև դա չափազանց ծավալուն նյութ է: Հետաքրքրության համար ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունն իր անկախության այս 14 տարիների ընթացքում արդեն արտաքին քաղաքական 3-րդ դոկտրին է ընդունում և 2000 թ. ընդունել է ազգային անվտանգության 2-րդ հայեցակարգը՝ նախագահ Վ.Պուտինի հրամանագրով:

Հարց - Պրն Գեղամյան, վերջերս շատ է խոսվում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության փոփոխության մասին, նշվում է, որ Հայաստանն էլ պետք է փոխի իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, Դուք ի՞նչ կարող եք ասել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

Պատասխան - Ուրեմն, ես այդ հարցին սպառիչ պատասխանել եմ հարգարժան Փիրուզա Մելիքսեթյանին տված հարցազրույցում, որ չկրկնեմ, նեղություն քաշեք և ծանոթացեք երեկվա «Իրավունք» թերթի իմ հարցազրույցին:

Հարց - Խնդրում եմ երկու բառով պատասխանել:

Պատասխան - Երբ հարց է տրվում, բնականաբար, պատասխանում եմ, բայց ոչ երկու բառով: Չի կարելի անդամակցել կոլեկտիվ անվտանգության կազմակերպությանը և առանց դրա անդամ երկրների նախագահների հետ խորհրդակցելու որոշում կայացնել, որ 50 հոգանոց զորամիավոր պետք է ուղարկենք Իրաք: Այդ պայմանագրի հոդվածներում հստակ մատնանշված է, որ նմանատիպ միջամտությունների պայմաններում պետք է կոլեկտիվ անվտանգության կազմակերպության անդամ երկրների համաձայնությունը պարտադիր լինի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ ինչ վերաբերում է հայ պաշտոնյաներին, ապա ամենևին չի կարելի նրանց նկատմամբ եղած վերաբերմունքը տարածել ողջ հայ ժողովուրդի վրա: Հարցազրույցումս ասել եմ, հիմա էլ կրկնեմ: Մասնավորապես պրեզիդենտ Վ.Պուտինի վերաբերմունքը հայերիս հանդեպ ամենահստակ կերպով նշվեց ուղիղ մեկուկես տարի առաջ Հայերի համաշխարհային կոնգրեսի անդրանիկ նիստում, երբ նա իր ելույթում ասաց, որ Պետրոս I-ից սկսած մինչ օրս մենք սիրում, հարգում, գուրգուրում ենք հայերին, այդպես էլ լինելու է:

Հարց - Վերջերս խոսակցությունները կան Քոչարյան-Սարգսյան հակասությունների մասին, չեմ հասկանում՝ դա քոչարյանական հերթական ապատեղեկատվությո՞ւնն է: Եվ երկրորդ հարցը. Բաթումի և Փոթի նավահանգիստները, որքան հայտնի է, պետք է հանեն աճուրդի: Ըստ տեղեկությունների, Քոչարյանի մոտ մեծ գումարներ կան կուտակված, միլիարդներ, եթե նա տարածք գնի ասենք մի նավի համար, ապա Հայաստանի օգուտները անչափ մեծ կլինեն. ինչպե՞ս կարելի է Քոչարյանի միջոցով այդ հարցը լուծել:

Պատասխան - Շնորհակալություն հարցերի համար: 1-ին հարցն (ես իմ կարծիքն եմ ասում և, դա, ըստ իս, բավականաչափ լուրջ հիմնավորումներ ունի) այն է, որ մամուլում հրապարակվող նյութերը վերջիվերջո պայմանավորված են Քոչարյանի աշխատակազմում մշակված հետևյալ քաղաքականությամբ: Այն է՝ հիմա որոշակի մարդիկ կփորձեն կանգնել Սերժ Սարգսյանի կողքին, որոշակի մարդիկ էլ՝ Ռոբերտ Քոչարյանի: Օրերից մի օր նրանք կհանդիպեն և կհայտնեն իրենց իմացածը: Սերժը կասի ով է Ռոբերտի հասցեին վատ բաներ ասել, վերջինս էլ կասի՝ ով Սերժի: Դրանով իսկ կպարզեն իրենց պոտենցիալ հակառակորդներին: Նրանք մեդալի 2 տարբեր երեսներն են, բայց մեդալը նույնն է: Միասին եկել են, միասին էլ պետք է գնան:

2-րդ հարցը. ինչ վերաբերում է Քոչարյանի անձնական գումարներին, ես դրա հաշվապահությանը տեղյակ չեմ: Կարող եմ Ձեզ հստակ միայն ասել հետևյալը. տարեկան կտրվածքով ամենապակասը 150-200 միլիոն դոլար ստվերային գումարներ Հայաստանի Հանրապետությունում լվացվում է: Լվացվում է և, բնականաբար, այդ ստվերային գումարները ոչ ոք չի կարող տնօրինել առանց իշխանական հզոր լծակներ ունենալու: Եվ ահա այդ չհաշվարկված գումարներն են, որ արհեստականորեն իջեցնում են դոլարի և դրամի հարաբերությունը, որովհետև տնտեսագիտական ավելի մեծ աբսուրդ, նոնսենս չի կարող լինել, երբ դրամն իբր արժևորվում է, բայց գնողունակությունը գնալով ընկնում է: Դրա մասին շատ թռուցիկ ասել եմ (որովհետև 3 րոպեի ընթացքում հնարավոր չէր ավելի ասել) Ազգային ժողովի ամբիոնից, անգամ իսկ թվեր եմ բերել, որոշակի թվեր Ձեզ էլ ասեմ, որ իմանաք: Այդ գումարներն այն աստիճանի են շոշափելի մեր ֆինանսական շուկայի համար, որ 2004 թ. 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում դրամական զանգվածը կրճատել են 1 միլիարդ դրամով, այսինքն Կենտրոնական բանկը հարկադրված է եղել շրջանառությունից 1 միլիարդ դրամ հանել, որ էլ ավելի չընկնի դոլար-դրամի այդ սպեկուլյատիվ փոխհարաբերակցությունը, իսկ 1 միլիարդ դրամի հետ կատակ անել չի կարելի: Ավելին ասեմ. ԱԺ-ում հիշատակեցի, որ 2003 թ.՝ 2002 թ. համեմատ, իբր մենք՝ հայերս, 94 հազար տոննա ավելի պակաս ցորենի ռեսուրս ենք ունեցել: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ մաքսատանը ոչ մի բան չի գրանցվում, շրջանցում են մաքսատունը: Մաքսատան տվյալներով պակասել է սալյարկայի, բենզինի ներմուծումը: Փողերը լվանում են տղերքը: Դուք ճիշտ եք ասում, նման գումարներ տնօրինելու պայմաններում հայրենանվեր, ազգօգուտ գործ արած կլինեն, եթե Բաթումի նավահանգստում գոնե մի փոքր տերմինալ կարողանային սեփականաշնորհել և ոչ թե գնային Կոմի Հանրապետություն՝ 50, թե 60 միլիոն դոլար տային ու ոսկու հանքեր գնեին: Կարելի է լրատվության օգնությամբ հուշել պրն Քոչարյանին, որ ներդրումային Ձեր նշած գործարքը նա կնքի:

Հարց - Պրն Գեղամյան, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության համախմբված գործունեությունը առիթ տվեց, որ համագործակցությունն իր շարունակությունն ունենա նաև երկրի ներքաղաքական կյանքում:

Պատասխան - Հասկացա: Այս հարցը, ցավոք, սխալ է մեկնաբանվել: Երբ գիտակցում ես, որ բարիդրացիական այն գնահատականները, որոնք հնչում էին Յասկերնյայի ելույթում վաղը մյուս օրը կարող են մեծագույն ծուղակ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար, բնականաբար, պետք է գտնել դրա հակաթույնը: Ասեմ՝ ինչը նկատի ունեմ: Եվրախորհուրդը չափազանց լավ գիտակցելով, որ Հայաստանում ժողովրդավարությունից լրջագույն հետնահանջ է արձանագրվել անգամ իսկ նախանցյալ տարվա համեմատ, այնուամենայնիվ, գովեստի խոսքեր է ասում և ընդունում է «հայանպաստ, բարենպաստ» բանաձև: Վաղը, մյուս օրը կլսեն արդեն Արկինսոնի զեկույցը և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կընդունեն մեզ համար ծայրաստիճան անբարենպաստ բանաձև: Եվ այդ ժամանակ, բնականաբար, նույն դիմությունը կմիանա ընդդիմությանը և կասի՝ էս Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երկերեսանիությամբ եթե չի զբաղված, ապա ինչո՞վ է զբաղված: Իսկ եվրոպացիներն էլ կասեն՝ չհասկացա՞նք, բա էդ որ ձեզ գովում էինք, էդ որ ասում էինք՝ ժողովրդավարությունը Հայաստանում արդեն խորը արմատներ է գցել, էն ժամանակ արդար էինք, հիմա դառանք անարդար: Այսինքն՝ պատահական և ոչ մի հարց լուծում չի գտնում, ցավոք, դա կայսրությունների ժամանակից եկող բան է՝ մահակի և բլիթի քաղաքականություն է: Մի կողմից բլիթն են տալիս, մյուս կողմից մեզ համար շատ ավելի կարևոր հարցում մահակ ի ցույց դնում և, դրանից ելնելով է, որ նպատակահարմար գտանք այդ պարագայում համատեղ որոշակի հարցադրումներ անել, ըստ որում՝ դեպի խստացում գործող բանաձևից, որ դա ընդունվի: Նկատենք, որ երբ դիմությունն ու ընդդիմությունը համատեղ են հանդես գալիս Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առարկությունները շատ ավելի սակավ են լինում: Հարցին հենց այդ տեսանկյունից պետք է նայել, թե չէ ոչ մի հիմնարար խնդիր, որոնք այսօր անջրպետել են կոալիցիային ողջ ժողովրդից, հաղթահարաված չէ: Եթե կոալիցիան ընտրի բարձրացված հարցերի հաղթահարման ճանապարհը, իսկ դա, ցավոք, ես այսօր չեմ տեսնում, այդ ժամանակ, անշուշտ, անպայման երկխոսություն էլ կլինի, փոխզիջումների էլ կգնանք, բայց հիմա դա չկա:

Հարց - Այսօրվա մամուլի տեսության ժամանակ լուր սփռվեց, որ Ձեր կուսակցությունն ինչ որ չափով սառեցնում է իր հարաբերությունը դաշինքի հետ:

Պատասխան - Այդ մասին առաջին անգամ Ձեզնից եմ լսում: Խոսքը վերաբերում է «Ազգային Միաբանության» այն մոտեցմանը, որ ամսի 26-ի հանրահավաքին և երթին չենք մասնակցելու: Դրա պատճառներն ամենևին պայմանավորված չէ մեր հարաբերությունների սառեցմամբ, այլ դա զուտ քաղաքական հաշվարկի արդյունք է: Շատ համառոտ ասեմ. բոլորիս համար ակնհայտ է, որ ահաբեկչության դեմ հայ ժողովուրդը մի մարդու պես ոտքի կկանգնի, որովհետև ահաբեկչության զոհ ենք եղել պատմական քառուղիներում, էլ չեմ ասում 1890-ական թվականներին, 1915 թ.: Այդ պարագայում, ելնելով օբյեկտիվ պատճառներից, շատերը չեն կարողանա գալ ու մասնակցել այդ հանրահավաքին: Արդյունքում վարչակազմն ու իշխանական լրատվամիջոցները կշեփորահարեն՝ տեսեք, ընդդիմությունն այն աստիճանի է հեղինակազրկվել, որ անգամ հայերիս համար հոգեհարազատ հարցադրումներին, որ ընդդիմությունն է բարձրացրել, մարդիկ չեն գնում: Եվ կսկսեն դրա վրա սպեկուլյացիա անել: Ահա սա է: Մինչդեռ քաղաքական համաձայնության մասին մենք «Արդարություն» դաշինքի հետ պայմանավորվածություն ունենք, այն է՝ միասին կստորագրենք ահաբեկչության դեմ ուղղված այն հայտարարությունը, որն այսօր պատրաստվում է:

Последние видеоматериалы

Новые книги