ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ
ելույթը Հանրային հեռուստատեսությամբ
«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով
18.06.2006թ.
Հարգելի հայրենակիցներ, ավարտվեց 2006 թ. Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը: «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավորներն անցած վեց ամիսների ընթացքում իրենց ելույթներում, հատկապես հայտարարություններում առարկայորեն մատնացույց էին արել մեր երկիրը արյունաքամ անողներին, կոռուպցիայի հովանավորներին: Ըստ որում, անհասցե չէր քննադատությունը: Կազմակերպությունների ճշգրիտ անուններն են տրվել, հրապարակվել են այն մարդկանց ազգանունները և նրանց հովանավորների, ում անօրեն գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հարյուրավոր միլիոն դոլարների վնասներ է կրել և կրում: Ավելին, Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը քննարկելու ժամանակ Ձեր խոնարհ ծառան բերեց փաստեր` թվերով ամրագրված. դրանց համաձայն 2005 թ. Հայաստանի Հանրապետության բյուջեն չի ստացել առնվազն 460 մլն դոլար: Այդ գումարները կողոպտվել են, կողոպտվել եք Դուք, սիրելի հայրենակիցներ: Օտարության մեջ դեգերող ձեր հարազատներից, բարեկամներից ստացված 1 մլրդ 200 մլն դոլարի օգնությունը վերածելով դրամի` դրա 16,3% արհեստական արժեվորման արդյունքում Դուք կորցրել եք առնվազն 192 մլն դոլար: Իշխող տղերքը ընտրությունների են պատրաստվում: Տղերքը մտածում են, որ իրենց կհաջողվի 2007 թ. նույնպես կեղծել Ազգային Ժողովի ընտրությունները, որ 2008 թ. կրկին պահեն իրենց անօրեն իշխանությունը: Մեզ էլ փորձում են բանսարկությունների դաշտ տեղափոխել, որովհետև ինտրիգներում սրանք անգնահատելի են: Զուր են ձեր ջանքերը, պարոնայք իշխանավորներ, միևնույն է, այս անգամ ձեզ մոտ ոչինչ չի ստացվելու: Մեր ուշադրությունն այլևս ձեր և ոչ մի հերյուրանքով շեղել չեք կարողանա: Մենք միշտ մի նպատակակետի ենք խփելու, այն է` շարունակելու ենք մատնացույց անել մարդկանց, ովքեր կողոպուտի են ենթարկում Հայաստանի Հանրապետությունը և նրա ազգաբնակչությանը: Մատնացույց ենք անելու պարոն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հենարան հանդիսացողներին: Եվ թող հանկարծ իշխանական լրատվամիջոցներով չփորձեն «ինձ կարդալ խրատ ու հորդոր»` ասելով, թե ի՞նչու է Գեղամյանը միշտ միայն այդ երկուսի անունները տալիս: Բա ո՞ւմ անունները տամ: Տալիս եմ այն մարդկանց անունները, ովքեր քաղաքական դաշտ ասածը դարձրել են իրենց ստրուկը` առանձին բացառություններով: Ահա դրա համար է, որ ասել և կրկնելու եմ նրանց անունները:
Սիրելի ժողովուրդ, այս հանցավոր իշխանությունների օրերը հաշված են: Եվ, իրոք, հեռու չէ այն օրը, երբ մենք Ձեզ հետ միասին, ազգովի կպարենք հենց այն նույն պարը, որը շինծու ուրախությամբ պարում էին թե Արագած սարի շուրջ, թե օպերայի բակում: Իսկ մենք, ի տարբերություն նրանց, լիաթոք ուրախությամբ կպարենք մեր հաղթական «Քոչարին», երբ այս ապօրինի իշխանություններին բարով-խերով քշենք այստեղից:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ
ելույթը Հանրային հեռուստատեսությամբ
«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով
28.05.2006թ.
Սիրելի ժողովուրդ, երիցս համոզվեցինք, որ ճշմարտությունը հաղթանակում է: Ուրբաթ օրվա «Առավոտ» թերթում վերջնականպես պարզվեց այն, ինչ երկու տարի շարունակ ասում էինք մենք: Այն է, որ 2003 թ. փետրվարի 19-ին ժամը 1700-ին նախագահական ընտրությունները, երբ դեռ շարունակվում էին, ընդդիմադիր 6 թեկնածուները ստորագրեցին մի փաստաթուղթ, որով այդ ընտրությունները համարվում էին անօրինական: Հիմա ինձ մեղադրում են, որ դա հրապարակվեց` մինչդեռ այն չհրապարակելու պայմանավորվածություն կար:
Հարգելի ժողովուրդ, եկեք ձեզ հետ տրամաբանենք: Իսկ ի՞նչ, փետրվարի 19-ի ժամը 17-ից հետո ընտրություններն սկսեցին արդար, ազնիվ, թափանցիկ լինել: Իհարկե, ո՜չ: Էլ ավելի խայտառակ գործընթացների ականատեսը եղավ այդ օրը մեր ժողովուրդը, ընտրողները: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է հասկանալ այն մարդկանց, ովքեր դրանից հետո նախագահի առանձին թեկնածուների դրդեցին ճանաչել կեղծված ընտրությունների այդ արդյունքները: Ինչպե՞ս կարելի է բացատրել նրանց գործողությունները, որոնք այսօր մեղք են համարում այն, որ ինչի տակ իրենք ստորագրել են` հրապարակվել է: Խելքի աշեցեք: Ես պարտավոր եմ եղել փաստաթուղթը հրապարակել, հանրությանը տեղեկացնել, թե ինչպիսի խայտառակ ընտրություններ են ընթանում և այդ ընտրություններին նախագահի թեկնածուները ինչպիսի գնահատական են տվել:
Իսկ ինչո՞ւ հենց հիմա այսքան մեծ իրարանցում հրահրեցին: Դա պայմանավորվում է նրանով, որ մարդիկ վախեցան բուն ճշմարտության ի հայտ գալուց: Մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում աշխատել են նախագահ Քոչարյանի աշխատակազմում, հիմա դարձյալ անում են այն, ինչ արեցին 1998 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Ովքեր Քոչարյանի կողքը կանգնած կուրծք էին ծեծում ի պաշտպանություն վերջինիս, ավա՜ղ, դուրս գալով Կարեն Դեմիրճյանի դեմ, այդ մարդիկ հիմա էլ ստանձնել են Ստեփան Դեմիրճյանի պաշտպանությունը: Ցանկացած հարցի վերաբերյալ, այո, ճշմարտությունը վաղ, թե ուշ բացահայտվում է: Իսկ ինչո՞ւ այլևս չեմ ուզում այդ հարցերի մեջ խորանալ: Պատճառը մեկն է` հասկանում եմ, որ դա ժողովրդի կողմից ակնկալվող և սպասված մտավոր բանավեճը չէ: Հայաստանի Հանրապետության հեռանկարային զարգացման տեսլականից, դրա բովանդակային քննարկումներից Արտաշես Գեղամյանին փորձում են իջեցնել իրենց համար հոգեհարազատ ճղճիմ բանսարկությունների ոլորտ, որտեղ, ավա՜ղ, բոլորս էլ հասկանում ենք, որ հաղթող չի լինում: Սիրելի ժողովուրդ, այլևս ճշմարտության գիտակցումը վերստին ինձ ուժ է տալիս, վստահություն է ներշնչում, որ մեր արդար պայքարում միևնույն է հաղթելու ենք:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ
ելույթը Հանրային հեռուստատեսությամբ
«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով
21.05.2006թ.
Սիրելի ժողովուրդ, արդեն տասը օր է, ինչ Հայաստանը ականատեսն է պարոն Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի տրագիկոմեդիային: Այն է` Ազգային ժողովի իբր ճգնաժամին: Ի՞նչ խնդիրներ կան մեջտեղում: Պաշտոնապես հայտարարում եմ` պարոն Արթուր Բաղդասարյան, տղամարդավարի կանգնեք ու ասեք, որ սեփականաշնորհման քողի ներքո 2001-2003 թթ. հանցավոր ալան-թալանը տեղի չէր ունենա, եթե պարոն Քոչարյանը ինքն անձամբ չհովանավորեր այդ պրոցեսը, որովհետև կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում միայն նրա ստորագրությունից հետո: Տղամարդավարի կանգնեք և ասեք, որ 2003 թ. նախագահական ընտրությունները կեղծվեցին պաշտպանության նախարար, նույն ինքը` Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի անմիջական ղեկավարության ներքո: Տղամարդկայնորեն կանգնեք, ասեք, որ 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեն կեղծվեց ճիշտ այդ նույն մարդկանց կողմից, ինչպես նաև կոալիցիայի մասնակցությամբ: Եվ, վերջապես, կանգնեք ձեր իսկ թասիբին: Բացարձակապես և ոչ մի հրաժարական մի տվեք: Տեսնենք` ո՞վ կհամարձակվի այդ պարագայում ձեզ պաշտոնից հանել, քաղաքական ո՞ր ուժը:
Սիրելի ժողովուրդ, իշխանությունները հերթական անգամ հեռու գնացող խաղ են խաղում: Տապալել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացը, երկրի ներսում արհեստականորեն ճգնաժամ են ստեղծում, որ ժամանակ շահեն, որ խուսափեն պատասխանատվությունից: Հանկարծ չխաբվեք, սիրելի ժողովուրդ:
Եվ եթե իրապես ուզում եք իմանալ` նորաստեղծ ո՞ր կուսակցությունը կամ քաղաքական ուժն է դիմադիր, թե ընդդիմադիր, ընդամենը մեկ հարց տվեք նրանց. ինչպե՞ս եք վերաբերվում պարոն Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին, երկուսին իրար հետ, որովհետև նրանք նույն մարդն են: Եթե սկսեն ծամածռություններ անել, լոլոներ կարդալ, հեքիաթներ պատմել, իմացեք` նրանց դրածոներն են: Եթե կանգնեցին ու տղամարդավարի ասացին, որ հայաստանյան ողբերգական այս վիճակը պայմանավորված է այդ երկուսի գործունեությամբ և հիմնավոր փաստարկներով էլ ապացուցեցին ասածները, նոր եզրակացրեք,որ նրանք, իրոք, ընդիմադիր են:
Պարոն Քոչարյան, դուք Մեյերհոլդը չեք, խոստովանեք, թատերական այս բեմականացումը ձեզ մոտ չստացվեց: