ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆԻ «25 ՐՈՊԵ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀՅՈՒՐԸ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ Է (21.10.2008թ.)

ԱՐՄԵՆ ԴՈՒLՅԱՆ - Բարև Ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, սկսում ենք մեր հերթական հաղորդումը` «25 րոպե», և այսօր ուզում ենք խոսել մեր տարածաշրջանում վերջին ամիսներին կատարված աննախադեպ դեպքերի մասին: Միանգամից ներկայացնեմ` մեր հաղորդման այսօրվա հյուրը «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանն է: Շատ շնորհակալություն, պարոն Գեղամյան, որ եկաք: Սկսենք վրաց-ռուսական պատերազմից: Իմ կարծիքով, սա տարածաշրջանում ամենավատ բանն էր, որ տեղի է ունեցել վերջին 10-15 տարվա ընթացքում, իհարկե, Ղարաբաղյան պատերազմից հետո: Հայաստանը հայտնվեց մի անսովոր վիճակում, երբ իր բարեկամ երկու ընկերները սկսեցին կռվել, և Հայաստանն էլ իր բաժինը ստացավ, փաստորեն, ճանապարհները փակվեցին: Համաձա՞յն եք նման գնահատականի հետ և ի՞նչ եղավ դրանից հետո, դրա հետևանքները:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ - Նախ, շնորհակալություն, որ հրավիրեցիք: Ձեր հարցադրումները միանգամայն տեղին են, այո, շատ ծանր իրադարձություններ տեղի ունեցան Հարավային Կովկասում, մասնավորապես, հարավօսեթական-վրացական պատերազմը, որին հարկադրված էր միջամտել նաև Ռուսաստանի Դաշնությունը: Պատմական կարճ ակնարկ անեմ. 1989 թ., երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահում էր Ջորջ Բուշ Ավագը, նա դիմեց ամերիկյան ժողովրդին` ասելով, որ Պանամայում սպանվել է ամերիկացի զինծառայող, մյուս զինծառայողը վիրավորվել է, երրորդ զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և նրա կնոջ նկատմամբ սեքսուալ ոտնձգություններ են իրականացրել: Բավական է` ասել էր Բուշը: Եվ դրանից հետո սկսվեց ամերիկյան ներխուժումը Պանամա, և ամերիկացի ժողովուրդը մի մարդու պես պաշտպանեց պրեզիդենտ Բուշ Ավագի ռազմական գործողություններ սկսելու որոշումը: Հիմա, եթե այդ ֆոնի վրա վրացական դեպքերն ենք բնութագրում, կարելի է ասել, որ, այո, բոլորիս համար շատ ցավալի զարգացումներ եղան, բայց դա է իրողությունը: Կոնֆլիկտը, թերևս, անխուսափելի էր, եթե հաշվի առնենք այն գործընթացները, որի ականատեսը եղանք: Ի՞նչ էր ստացվում: Ստացվում էր այն, որ երբ Վրաստանն անդամակցում էր ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը, ասես թե, ընդհանրապես դուրս էր մղվում Հարավային Կովկասից: Իսկ դա խախտում էր ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև եղած այն բոլոր պայմանավորվածությունները, որ ժամանակին ձեռք էին բերվել Գորբաչովի և Հելմուտ Կոլի միջև: Երբ Բեռլինը երկու մասի բաժանող պատը քանդվեց, փլուզվեց, պարտավորվածություն կար, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվելու դեպի Արևելք: Իսկ երբ ակնհայտ դարձավ, որ Վրաստանը կարող է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, ահա այս պայմաններում Ռուսաստանը, օգտվելով ՄԱԿ-ի, եթե չեմ սխալվում 51-րդ բանաձևից, պաշտպանեց Աբխազիայում և Հարավային Օսեթիայում գտնվող իր քաղաքացիներին, ինչպես Բուշ Ավագը Պանամայում պաշտպանեց իր քաղաքացիների անվտանգությունը: Դա, ինչ խոսք, Հայաստանի համար շատ ծանր հետևանքներ ունեցավ: Մասնավորապես, մեր հանրապետության վարչապետը վերջերս ասաց, որ էկոնոմիկան շուրջ 600-700 մլն դոլարի վնաս կրեց: Հիմա Հայաստանի պարագայում ի՞նչ էր նշանակում այս կոնֆլիկտը: Սա նշանակում էր` թող հույսները կտրեն բոլոր այն երկրները, որ մտածում են, թե կարող են ռազմական ճանապարհով լուծել քաղաքական նման լուրջ հարցեր ու խնդիրներ:

Ա. Դ. - Դա մեզ համար դրական էր:

Ա. Գ. - Անշուշտ, դրական էր: Կատարվածը վերջին մեկ տարվա ընթացքում երրորդ նախադեպը դարձավ, երբ ազգերի ինքնորոշման սկզբունքին տրվեց առաջնություն: Ես նկատի ունեմ Կոսովոն, նկատի ունեմ Հարավային Օսեթիան և Աբխազիան:

Ա. Դ. - Դա էլ է մեզ համար դրական:


Ա. Գ. - Դա էլ է մեզ համար դրական, առավել ևս, որ տարիներ առաջ Եթովպիայում ինքնորոշվել էին Էրիտրեյայի ժողովուրդը, Ինդոնեզիայում` Արևելյան Թիմորի: Անշուշտ, դա էլ դրական է: Այդ ֆոնի վրա ՄԱԿ-ի 63-րդ Գլխավոր Ասամբլեայում շատ հետաքրքիր ելույթով հանդես եկավ պրեզիդենտ Սարգսյանը…

Ա. Դ. - Տեսեք, Դուք պատերազմից հետո դրական երկու բան անվանեցիք, ես բացասականը նշեմ: Մենք առանց այն էլ հարևանություն ենք անում մի երկրի հետ` Իրանի հետ, որի նկատմամբ երկու բևեռների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այսպես ասենք, Արևմուտքի տեսակետները լրիվ հակասական են, տրամագծորեն հակառակ, այսինքն` Ռուսաստանը միջուկային ատոմակայան է կառուցում Իրանում, Բուշը հորդորում է Իրանին, որ եթե չդադարեցնեն ուրանի հարստացումը, ապա ամերիկացիները կդիմեն ցանկացած միջոցի, ենթադրվում է նաև ռազմական: Հիմա, ունենք նման հարևան, և երկրորդ` Վրաստանի հարևանությունը, որտեղ էլի երկու տերություններ բախվում են: Եթե հաշվի առնենք, որ մյուս երկու հարևանների հետ մեր հարաբերությունները բոլորը գիտեն, թե ինչպիսին են, չի՞ ստացվում, որ մենք այս հարցում հայտնվեցինք շատ վատ դրության մեջ:

Ա. Գ. - Մենք պետք է դիվանագիտական հմտություն դրսևորենք ու հեռատեսություն ունենանք, որ եղած բարդություններն օգտագործենք ի նպաստ մեր երկրի: Մասնավորապես, նույն Իրանի առկայությունը, թերևս, գալիս է համոզելու, որ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից է բխում, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծի այն եղանակով, որպեսզի բացառվի միջազգային խաղաղարար ուժերի մուտքը մեր տարածաշրջան: Զարգացում, որն արևմտյան երկրները փորձում են անպայմանորեն կյանքի կոչել, ինչին, բնական է, դեմ է Ռուսաստանի Դաշնությունը: Այդ նույն արևմտյան երկրների դիրքորոշումները, երբեմն, ավա՜ղ, հայանպաստ չեն, և այդ պայմաններում Իրանը, կամա թե ակամա, դառնում է Հայաստանի Հանրապետության դաշնակիցը: Դա դրակա՞ն երևույթ է, անշուշտ: Մեր հարևաններին մենք չենք ընտրել, այդպես է ի վերուստ ստացվել և դա նաև դրական դեր է ունեցել: Հիշենք, հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին, երբ ազատագրված տարածքներից հազարավոր ադրբեջանցիներ անցան Իրանի սահմանը, այդ երկրի պետական այրերը դրսևորեցին հեռատեսություն և, ինչ խոսք, առաջին հերթին ելնելով իրենց երկրի շահերից կատարեցին հայանպաստ որոշումներ, այն է` չարտոնեցին, որ Իրանի տարածքով նրանք անցնեն Նախիջևան: Մենք դա պետք է գիտակցենք: Մեր մյուս բարեկամը` Ամերիկայի Միացյալ Նահանգները, յուրահատուկ շահեր ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանք, ավա՜ղ, միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի ազգային շահերի հետ:

Ա. Դ. - Շատ լավ, բայց քանի որ խոսեցինք ինքնորոշման և Սերժ Սարգսյանի ելույթի մասին, ասեմ, բոլորս գիտենք, որ այդ ելույթից հետո դրա կապակցությամբ Հայաստանում հնչեց նաև քննադատություն, մասնավորապես, հենց այդ ինքնորոշման հետ կապված հարցերում: Դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

Ա. Գ. - Տեսեք, թե կյանքը ի՞նչ հետաքրքիր է դասավորվում: Սերժ Սարգսյանի մոլեռանդ պաշտպանները հիմա նրան քննադատում են, իսկ մոլեռանդ քննադատողը հիմա պաշտպանելու է արդարությունը, իսկ պաշտպանելով արդարությունը, կստացվի, որ ես պաշտպանում եմ Նախագահ Սարգսյանի գիծը:

Ա. Դ. - Մեր երկրում հաճախ են նման բաներ տեղի ունենում:

Ա. Գ. - Այո: ՄԱԿ-ի 63-րդ Գլխավոր Ասամբլեայում պարոն Ս. Սարգսյանը, մասնավորապես, ասաց հետևյալը. ինքնորոշման իրավունքի իրականացումը շատ հաճախ համազոր է դառնում «ինքնասպանության»: Եվ դա քննադատվեց նրա հակառակորդների կողմից, նրանց կարծիքով, այդ միտքը ելույթի ամենաանհաջող դրվագն էր: Մինչդեռ դա ամենահաջող գնահատականներից էր և ասեմ, թե ինչու: Դեռ 1970 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ընդունվել է դեկլարացիա «Մարդու իրավունքների, հիմունքների և սկզբունքների մասին», որտեղ պետությունների փոխբարեկամական հարաբերությունների հիմքում առանձնահատուկ դրված են երկու` ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները: Փաստորեն, Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց` սիրելի ՄԱԿ, ՄԱԿ-ի անդամ երկրներ, ձեր աչքի առաջ ոտնահարվում է այդ հիմնարար դեկլարացիայի մայր սկզբունքներից մեկը: Դա, ըստ էության, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հասցեին ուղղված խիստ քննադատություն էր առ այն, որ այն, ինչ ամրագրվել է դեկլարացիայի մեջ և այսօր, երբ մենք մեր իսկ ընդունած որոշումը փորձում ենք կյանքի կոչել, ապա այն դառնում է հավասարազոր ինքնասպանության: Շատ համարձակ հարցադրում էր: Ինչ վերաբերում է մյուս հարցերին այնտեղ ուրիշ երանգներ էլ կային, դրանք էլ թողնենք պարոն Սարգսյանի աշխատակազմի պարզաբանումներին:

Ա. Դ. - Այո, բայց քանի որ Ղարաբաղի հարցին անցանք, ասենք, որ եղավ մի քանի հայտարարություն: Առաջինը` Մեթյու Բրայզայի կողմից, հետո` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից, Աբդուլլահ Գյուլն էլ տարածքների մասին ինչ-որ հայտարարություն արեց և այլն: Հայաստանի իշխանությունների լռությունը, այսինքն` դրանք անպատասխան թողնելը, հասարակությունում ձևավորեցին մտահոգություն, որ կատարվում է ինչ-որ մի բան, որի մասին իշխանությունները մեզ չեն ուզում ասել, բայց դրսից դա ինչ-որ չափով գաղտնազերծվում է: Եվ դրան ավելացրած Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հավաքում հնչած այդ 10 կետերը, որոնց շրջանակում էլ, ենթադրաբար, պետք է լուծվի Ղարաբաղի հարցը:

Ա. Գ. - Դուք սկսեցիք Մեթյու Բրայզայի հայտնի հայտարարությունից, ըստ որի առաջնությունը պետք է տալ տարածքային ամբողջականության սկզբունքին, և որից մերոնք խրտնել էին: Ընդհակառակը, պետք է ողջունել Մեթյու Բրայզայի այդ միտքը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից ենթարկվեց սպանդի, իսկ Մարդու իրավունքների հռչակագրի ամենակարևոր` մայր սկզբունքը, կյանքի իրավունքի ապահովման սկզբունքն է, և մնացած բոլոր սկզբունքները պետք է ենթարկեցնել այդ հիմնարար սկզբունքին: Ադրբեջանի տարածքային ամբողջականության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայությունը էթնիկ զտումների ենթարկվեց, սպանդի ենթարկվեց, կնշանակի, հիմա արդեն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի այդ երկու սկզբունքները պետք է ենթարկեցնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության մայր իրավունքի երաշխավորմանը, այն է` ապրելու իրավունքի: Եվ դա պարտադրում է մեզ, որ առաջին պլան մղենք ինքնորոշման սկզբունքը, որը երաշխավորում է մարդկանց ապրելու իրավունքը, որովհետև մենք տարածքային ամբողջականության դառը, ողբերագական պտուղներն արդեն ճաշակել ենք:

Ինչ վերաբերում է Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հայտնի հայտարարությանը` տրված «Ռոսիյսկայա գազետա»-ին (եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 7-ի կամ 6-ի համարում էր), ապա ես չզլացա և ուսումնասիրեցի նրա վերջին 3 ամիսների բոլոր ելույթները, մասնավորապես, կարդացի սեպտեմբերի 11-ին լեհական շատ ծանրակշիռ «Գազետա Վիբոռչա»-ին տված ինտերվյուն: Տեսեք, ի՞նչ է ասում այնտեղ Սերգեյ Վիկտորովիչը: Տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները միջազգային իրավունքում ունեն հավասարազոր նշանակություն և դիալեկտիկորեն փոխշաղկապված են, նշում է նա: Դա ուղղակիորեն հաստատում է 1970 թ. միջազգային իրավունքի մասին ՄԱԿ-ի ընդունած դեկլարացիայի հիմնական դրույթները, ինչը ես հիշատակեցի, և որը հետագայում ամրագրվեց 1975 թ. Հելսինկյան պայմանագրի Եզրափակիչ փաստաթղթում: Հարավային Օսեթիան և Աբխազիան փաստացի եղել են անկախ պետություններ` համաձայն ԽՍՀՄ-ի 1990 թ. ապրիլի 3-ի օրենքի: Այդ օրենքի համաձայն` նաև Վրաստանն է անկախ ճանաչվել. սրանք Լավրովի խոսքերն են: Եվ հետո խոսվում է հետևյալի մասին. «Վրաստանի ղեկավարները բազմիցս ռազմական ճանապարհով փորձել են ենթարկեցնել Հարավային Օսեթիան, ամեն կերպ դիսկրիմինացիայի ենթարկելով նրա բնակիչներին, ընդհուպ մինչև զանգվածային սպանություններ, այսինքն` խախտել են մարդկանց մայր իրավունքը` ապրելու իրավունքը»: Փաստորեն, ամեն ինչ ճիշտ և ճիշտ նույնն է, ինչի ականատեսն ենք եղել Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, մենք պետք է զինվենք համբերությամբ և երբ պահը գա այդ ժամանակ ասենք` հարգելի պարոն Բրայզա, Դուք շատ ճիշտ եք և Դուք, լինելով օրինապաշտ ամերիկացի, պետք է առաջնորդվեք միջազգային իրավունքի սկզբունքներով, որոնք տվյալ հարցի վերաբերյալ ամրագրված են 1970 թ. ՄԱԿ-ի հայտնի դեկլարացիայում: Իսկ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին էլ խնդրենք, որ հավատարիմ մնա իր իսկ պնդումներին, որոնք նա արել է սեպտեմբերի 11-ին …

Ա. Դ. - Եվ նա Ձեզ կպատասխանի` ես դրա հետ նաև ասել եմ, որ Ղարաբաղի հարցը որևէ կապ չունի Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ:

Ա. Գ. - Հասկանալի է: Չակերտները բացեմ. Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ գիտակցում է, որ Վրաստանի այսօրվա իշխանությունները նայում են դեպի ԱՄՆ և դեպի Եվրամիություն: Նա շատ լավ գիտակցում է, որ ադրբեջանական իշխանությունները, ինչպես գայլն է նայում անտառին, այնպես էլ նրանք են նայում Անկարային: Եվ այս պարագայում, ուզում ենք, թե չենք ուզում, Հայաստանի Հանրապետությունը իրապես դառնում է Ռուսաստանի Դաշնության ամենապահանջված ռազմաքաղաքական դաշնակիցը: Իսկ Լավրովը, բնականաբար, պետք է ասի այն, ինչ ասել է, որ վաղը, մյուս օրը արևմտյան մամուլը հակառուսական, թշնամական տեղեկատվական պատերազմ չծավալի` մեղադրելով Ռուսաստանի Դաշնությանը կայսերապաշտական նկրտումների մեջ, նրան վերագրի նոր բան, որ հիմա էլ ուզում է Լեռնային Ղարաբաղը ենթարկի անեքսիայի: Եվ, զարգացնելով այդ թեզը, շարունակի` ասելով, որ Ղարաբաղը տալով Հայաստանին` Ռուսաստանն ինքն է շարունակելու իշխել այդ տարածաշրջանում: Այնպես որ, ամեն ինչ գնում է բնականոն հունով, և ստեղծված իրավիճակում բարձր եմ գնահատում Հայաստանի իշխանությունների լռությունն այս հարցում, որովհետև, սովորաբար, խուճապահար, օրումեջ ասուլիսներ են անում իրենց վատ, թույլ զգացող իշխանությունները: Այս բոլոր երևույթների մեջ արդարացի կլիներ նաև դրականը տեսնել, առավել ևս, որ այդ դրականը, այո, կա:

Ա. Դ. - Լավ, պարոն Գեղամյան, քանի որ Անկարայի անունը տվեցիք, խոսենք նաև այդ մասին: էլի դա աննախադեպ բան էր, համենայնդեպս ես չեմ հիշում, որ որևէ հարցի շուրջ երկրորդ և երրորդ նախագահերի միջև տարաձայնություն լինի: Այս դեպքում Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ ասաց, որ նա Հայաստան չէր հրավիրի Աբդուլլահ Գյուլին: Հիմա, տեսեք, հասարակության շրջանում երկու այսպիսի հարցադրում կա` ի՞նչու համար կանչեցին, մյուս կողմն էլ խորհում է` իսկ մի՞գուցե դա ինչ-որ հեռանկարային պրոցեսի սկիզբ է:

Ա. Գ. - Հասկանալի է: Ցավոք, մեր լրագողները, քավ լիցի, խոսքս ձեզ չի վերաբերում, ես ձեզ շատ հարգալից եմ վերաբերվում:

Ա. Դ. - Դե, խնդրում եմ, մյուս լրագրողներին էլ չքննադատեք:

Ա. Գ. - Չեմ քննադատում, ընդհակառակը, ես նրանց ուշադրությունը ուզում եմ հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. չէ՞ որ Վարդան Մինասիչը և Ռոբերտ Սեդրակիչը քանիցս ասել են, որ իրենք արտաքին ոլորտում փոխլրացման, կոմպլեմենտարիզմի քաղաքականություն են վարում: Այսինքն` մեկը շոյում է Ամերիկայի սիրտը, մյուսը` գուրգուրում Ռուսաստանին, երկուսն էլ ջերմությամբ են վերաբերվում Եվրամիությանը: Հիմա, պարոն Սերժ Սարգսյանը, տվյալ պարագայում, շոյեց Ամերիկայի սիրտը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ իր հայտարարությամբ` Ռուսաստանի սիրտը:

Ա. Դ. - Այսինքն` նույն կոմպլեմենտար

Ա. Գ. - Այսինքն` նույն կոմպլեմենտար քաղաքականությունն է, ի՞նչ հակասությունների մասին կարող է խոսք լինել: Կա Հայաստանի ազգային պետական շահ, եթե Հայաստանի ազգային պետական շահը պահանջի, որ ես այսօր ամենասուր, խիստ քննադատության ենթարկեմ գործող Նախագահին, ես դա կանեմ, և Նախագահը դրան ըմբռնումով կմոտենա: Նույնը…

Ա. Դ. - Չէ, խոսքը դրա մասին չի, խոսքը հայ-թուրքական մերձեցման մասին է: Այ, դա ելնո՞ւմ է հայ ժողովրդի շահերից:

Ա. Գ. - Ասեմ, թե խնդիրն ինչում է. Թուրքիան ԱՄՆ-ին ակնարկեց, որ եթե Հյուսիսային Իրաքում շարունակեք ձեր սիրաշահելու քաղաքականությունը և դրանով հրահրեք Հյուսիսային Իրաքի քուրդ բնակչությանն անջատողական քայլերի` սեպարատիզմի, քրդական անկախ պետության ստեղծմանը (ինչը, անտարակույս, կհանգեցնի Հարավային Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի քրդերի միաձուլմանը, կբերի նաև սիրիաբնակ, իրանաբնակ քրդերի միավորմանը և կնպաստի քրդական երկրորդ միգա պետության կազմավորմանը), ապա, իմացեք, որ մենք արդեն իսկ պարտավորված չենք լինի այս տարածաշրջանում իրականացնել ձեր աշխարհաքաղաքական շահերը: Եվ մեր տարածաշրջանում Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությանն անհրաժեշտ է նայել հենց այդ տեսանկյունից: Հարավային Կովկասում մեծ քաղաքական խաղ է ընթանում, այլ բան մի փնտրեք, որովհետև ուրիշ բան պարզապես չկա: Եվ հաջորդ հարցը. ռուս-թուրքական հարաբերություններն այսօր բնութագրվում են տարեկան կտրվածքով 25 մլրդ դոլար ապրանաքաշրջանառությամբ, և 2,5 մլն ռուս զբոսաշրջիկներ ամեն տարի իրենց մարմինները թուլացնում են Թուրքիայում, Անթալիայում: Էլ չշարունակեմ:

Последние видеоматериалы

Новые книги