Ո՞ՐՆ Է ԱԶԳԸ ՀԱՄԱԽՄԲԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
«Հայոց Աշխարհ», 20. XII. 2008:
- Պարոն Գեղամյան, ինչպես հայտնի է, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում օրերս քննարկվեց Հայաստանի կողմից 1609 և 1620 բանաձևերի կատարման վերաբերյալ Թոմաս Համարբերգի զեկույցը: Ընդունվել է առաջարկ հունվարյան նստաշրջանում զրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից: Ինչպե՞ս եք գնահատում Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած որոշումը:
- Նախ, ուզում եմ ընթերցողների ուշադրությունը սևեռել աչք զարնող հետևյալ իրողության վրա: Առաջին տպավորությունն այնպիսին է, որ ԼՏՊ-ն իր թիմակիցների հետ այնպիսի ցնծություն և բավարարվածություն չէին ապրի մարտի 1-2-ի գործով կալանավորվածներին համաներում շնորհելու պարագայում, ինչքան ըմբոշխնում են հիմա, երբ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովն ընդունեց բանաձևի նախագիծ, որը ներկայացվելու է 2009 թ. հունվարի 26-30-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ նստաշրջանի քննարկմանը:
Փարիզում ակնկալված իրադարձություն է տեղի ունեցել, բայց եթե հիմա փորձենք ձեզ հետ զուտ գնահատականներ տալ կատարվածին, ապա ի սկզբանե սխալ ուղի ընտրած կլինենք: Ասեմ` ինչո՞ւ:
Փաստորեն, Եվրախորհուրդը, լինելով քաղաքական մարմին, ներկայումս ավելի շատ հակված է գործունեություն ծավալել իրավական դաշտում: Գիտենալով դա, պարտավոր էինք ձեզ հետ միասին նախապես Եվրախորհրդի առաջ խնդիր դնել, որ այդ կազմակերպությունը տա մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցածի քաղաքական գնահատականը: Այդ դեպքում նրա գործունեությունը, այն է` քաղաքական գնահատական տալը, ինքնին հասկանալի և ընդունելի կլիներ:
Այլապես, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և, ինչու չէ, ժողովրդին փորձում են պատժել զուտ նրա համար, որ իշխանությունները մարտի 1-ից հետո մեր երկրում կարողացան կանխել քաղաքացիական պատերազմը` դրանից բխող ամենածանր հետևանքներով: Փաստենք, որ եթե մարտի 1-ին չձեռնարկվեին կտրուկ միջոցներ, իրադարձությունները ինքնահոսի թողնվեին, ապա Հայաստանի Հանրապետությունում սկիզբ էր առնելու զինված առճակատում` մեծաթիվ մարդկային զոհերով: Սա է դաժան ճշմարտությունը:
Եվ հիմա, ըստ էության, Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի քննարկմանն է ներկայացվում մի նախագիծ, ուր առաջարկվում է «կասեցնել Հայաստանի խորհրդարանական պատվիրակության քվեարկելու իրավունքը, քանի դեռ Հայաստանի իշխանությունները հստակորեն չեն ցուցաբերել իրենց քաղաքական կամքը` լուծելու 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կալանավորվածներին ազատ արձակելու հարցը»: Մի խոսքով, պատժում են իշխանություններին, որ նրանք կանխել են քաղաքացիական պատերազմը:
Ինքնին հասկանալի է, որ բավական էր մի վաշտ, մի գումարտակ անցներ ընդդիմադիրների կողմը, բախումը` արյունալի հետևանքներով, անտարակույս, տեղի կունենար: Քաղաքացիական պատերազմին կհետևեր այն, որ Ադրբեջանը կսկսեր պատերազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի ամբողջ սահմանի երկայնքով, ինչու չէ, նաև Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանում: Եվ այն, ինչ կանխվեց Ռուսաստանի միջամտության պայմաններում Հարավային Օսիայում և Աբխազիայում, նույնը կլիներ Հայաստանի Հանրապետությունում:
- 1609 և 1620 բանաձևերի պահանջների կատարման ուղղությամբ դրական որոշակի քայլեր, այնուամենայնիվ, արձանագրվել են: Սակայն դրականը նկատելով հանդերձ` կայացվել է կոշտ որոշում: Եվրախորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովը ինչո՞ւ է դիմել այս քայլին:
- Այդ հարցերի պատասխանները այբբենական ճշմարտություններ են: Ինչո՞ւ է Եվրախորհրդի հանձնաժողովը դիմել այդ քայլին. այն պարզ պատճառով, որ լծակ ունենա ազդել Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության միակ ռազմաքաղաքական դաշնակցի` Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա: Այդ լծակն անհրաժեշտ է, որովհետև թե՛ Եվրամիության, թե՛ Միացյալ Նահանգների գերխնդիրներից մեկը մեր տարածաշրջանում այն է, որ կարողանան Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի երկրներում հնարավորինս թուլացնել, մասնավորապես ՌԴ-ն շրջանցող նոր նավթա և գազատարներ անցկացնել այստեղով: Դա հնարավորություն կտա Եվրոպայի էներգամատակարարումը դիվերսիֆիկացիայի ենթարկել, ավելին` Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի նավթային ու գազային ռեսուրսները, կրկնում եմ, Ռուսաստանին շրջանցելով, մղել Եվրոպա:
Ահա այս դիտանկյունից պետք է վերլուծենք մեր երկրի շուրջ ընթացող զարգացումները: Դատեք ինքներդ` հարցը հասել է այնտեղ, որ եվրոպացիները, ավա՜ղ, մեզ վերաբերող հարցերում արդեն իսկ իրենք իրենց հակասում են: Որովհետև Փարիզում ընդունած բանաձևով իրենց դրել են շատ խոցելի վիճակում:
Ո՞րն է դա: Հիշեցնեմ, որ կա Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան, որի նստավայրը Ստրասբուրգում է: Երբ ուշադիր վերլուծության ես ենթարկում Եվրախորհրդի, ինչու չէ, նաև ԵԱՀԿ և միջազգային այլ կառույցների պաշտոնյաների հայտարարությունները, ապա տպավորություն է ստեղծվում, որ նրանք, ըստ էության, ստանձնել են Ստրասբուրգի դատարանի գործառույթները: Ավելին, դեռ դատական վճիռները չլինելու պայմաններում արդեն տալիս են գնահատականներ, հայտարարում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
Պարոն Համարբերգը ասում է, որ դատաքննչական մարմինների կողմից տրված եզրակացությունների մեջ նկատվում է պրոֆեսիոնալիզմի պակաս, այսինքն` Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը գնահատական է տալիս քննչական մարմնին: Եվ դա արվում է քննության ընթացքում, երբ դեռ բացակայում է դատարանի ընդունած վճիռը, էլ չենք ասում` Եվրադատարանի կողմից:
Ուշագրավն այն է, որ, ըստ նրա, «մարտի 1-ի» գործով ազատազրկվածների գործողությունների մեջ բացարձակապես չկար միտում բռնի ուժով հեղաշրջում անել Հայաստանում: Ընդունենք, այո, ճիշտ է ասում պարոն Համարբերգը: Ի՞նչ է սա նշանակում. նշանակում է, որ մարտի 1-ին իշխանափոխություն անելու քաղաքական խնդիր օրակարգում չի եղել: Իսկ եթե չի եղել, ապա նա ինքն իրեն հակասում է: Եթե հեղաշրջում անելու փորձ չկար, այն է` քաղաքական խնդիրներ դրված չէին, ապա ինչպե՞ս կարելի է այդ ամենի հետևում կանգնածներին քաղաքական դատապարտյալ, քաղաքական կալանավորներ համարել:
- Անդրադառնանք 1609 և 1620 բանաձևերի պահանջների կատարման հարցին:
- Ամբողջ խնդիրն այն է, որ ոմանք 1609 և 1620 բանաձևերը դարձնում են, ասես թե, աստվածաշնչյան սուրբ պահանջներ: Մինչև 1609, 1620 բանաձևերի պահանջների կատարումը պետք է հակընդդեմ հարցադրում արվեր: Մասնավորապես, ինչո՞ւ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը 16 տարի շարունակ բերանը ջուր առած լռում է, երբ Հայաստանի Հանրապետությունը Եվրախորհրդի անդամ երկու երկրների կողմից ենթարկվում է շրջափակման` տարեկան 800 միլիոնից 1 միլիարդ դոլարի վնաս կրելով:
Ինչո՞ւ նույն Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը բերանը ջուր է առել և բացարձակապես չի արձագանքում, երբ Կառլա դել Պոնտեն, որը նախկին Հարավսլավիայի գործերով Հաագայի միջազգային դատարանի դատախազն էր, մոտ մեկ տարի առաջ հրապարակել է գիրք, որտեղ ուղղակիորեն գրված է, որ Կոսովոյում կենդանի մարդկանց` սերբերի ներքին օրգաններ են վաճառվել:
Հարգարժան ԵԽԽՎ-ն այս բոլոր հարցերը թողել է մի կողմ և ընկել է Հայաստանի հետևից: Հասկացանք, թե այդ ամենի հետևում ինչ շահեր են հետապնդվում, և ովքեր են կանգնած դրանց թիկունքում: Ուրիշ բան, որ հարկադրված ենք լռել, «աշխարհի» հետ միանգամից կռիվ տալ չենք կարող, ուրիշ բան, որ իշխանություններն էլ, ցավոք, ստեղծված իրավիճակում շատ խոցելի են:
Ցավոք եմ ասում ոչ թե նրա համար, որ դարդ եմ անում իրենց խոցելիության համար, այլ դարդ եմ անում երկրիս համար, որ տրամվայով գործի գնացող ցանկացած եվրոպական չինովնիկ գալիս է Հայաստան և հանդգնում է փորձ կատարել ու մի ամբողջ երկիր շիշը մտցնել: Այ, դարդս դա է:
- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մոնիտորինգի հանձնաժողովի 80-ից ավելի անդամներից այդ քննարկումներին մասնակցել էր ընդամենը 15 պատվիրակ:
- Ես գտնում եմ, որ եթե թե՛ մեր պատվիրակությունը, և թե՛ մեր դիվանագիտական կորպուսը լավ աշխատեին, արդյունքը կլիներ ուրիշ: Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրախորհրդի կազմում, եթե չեմ սխալվում, 46 անդամ երկրներից ընդամենը 5 բարեկամ ունի, որոնք էլ դեմ են եղել Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից առաջարկված բանաձևի ընդունմանը:
- Այսօր շատ է խոսվում այն մասին, թե «մարտի 1»-ի գործով անցնողներին կարելի է ազատ արձակել:
- Ինչ վերաբերում է նրանց ազատ արձակելուն, ապա, ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի: Ո՞րն է այստեղ չարիքը, ո՞րը` բարիքը: Իր գործողություններով Նախագահ Սերժ Սարգսյանը, ասես թե, հանրությանը բերեց այն համոզմունքին, որ մեր բանտարկված ընկերներին չազատելու մեջ միակ շահագրգիռ անձը Լ. Տեր-Պետրոսյանն է:
Ակամայից մտքիս է գալիս Սողոմոն Իմաստունին հռչակ բերած դատը: Հիշո՞ւմ եք, երբ երկու կանայք վիճարկում էին նորածին երեխայի մայրության հարցը: Երբ իրական մայրը գիտակցաբար հրաժարվում է իր զավակից, համաձայնելով նրան տալ օտար մի կնոջ, քանի որ հասկանում է, թե հակառակ պարագայում ի՞նչ վտանգի առաջ կկանգնի նորածինը. Սողոմոն Իմաստունը սպառնացել էր երեխային երկու կես անել և տալ մայրության հավակնող երկու կանանց:
Հիմա, եթե մեր Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը և մյուս ազատամարտիկները իսկապես թանկ էին Լ. Տեր-Պետրոսյանի համար, իսկ նրանք էլ գիտենք, ավա՜ղ, առողջական լուրջ խնդիրներ ունեն, ինչո՞ւ այդ ամենը իմանալով ԼՏՊ-ն հանուն իրեն կուրորեն հավատացածների, իր հոգևոր զավակների փրկության, չի ասում` եղբայր, այո, մեղավոր են, սխալ են արել: Չէ՞ որ, եթե նա ազատման խնդրանքով դիմեր, համոզված եմ, որ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այդ միջնորդությունը կբավարարվեր:
- Դուք Տեր-Պետրոսյանին ինչ-որ տարբերա՞կ եք առաջարկում, միգուցե կօգտվե՞ն ձեր այդ տարբերակից:
- Խելք ունենային օր առաջ կօգտվեին, բայց ես այլ տարբերակ եմ առաջարկել, հիմա կրկնեմ: Իմ առաջարկը հետևյալն է. եթե հիշում եք, 1998 թ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտից ազատեց մի խումբ դաշնակցականների, այդ թվում` Վահան Հովհաննիսյանին, Արմեն Ռուստամյանին և այլոց՝ Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն:
Հիմա նույնը, կարծում եմ, պետք է անի Սերժ Սարգսյանը: Չէ՞ որ արդեն իսկ ակնհայտ է, մարդիկ հասկացել են, որ միայն Լ. Տեր-Պետրոսյանը չի ցանկանում դա: Ստեղծված այս նոր իրավիճակում, կարծում եմ, խանգարող և ոչ մի այլ հանգամանք չկա:
Նորից եմ կրկնում՝ ճանապարհը Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառումն է: Թե չէ ինչի՞ ականատեսն ենք մենք հիմա: Լևոնականները մի կողմից ասում են` իշխանություններին հանգիստ թողնենք, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցն է լուծվում, սակայն, մյուս կողմից` դրսի ուժերի, զանազան միջազգային կազմակերպությունների միջոցով փորձում են իշխանություններին ծնկի բերել, թուլացնել, երկրի վիճակն էլ ապակայունացնել: Ահա մենք սրա ականատեսն ենք:
Եվ ամենահետաքրքրականն այն է, որ մեր երկրի դեմ ուղղված գործողությունները անում են ինքնամոռաց, ավելին` դա դարձրել են գերնպատակ ու գերխնդիր:
Անազատության մեջ գտնվողները` Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, վատառողջ են, Լևոն, եթե նրանց հարազատ ես, դու դիմիր, գիտես, որ իրենք պատվով, թասիբով տղերք են..., ինքդ դիմի Նախագահին` ասելով, որ դու սխալ ես, բայց ինձ համար այս մարդկանց կյանքը շատ ավելի թանկ է: Գործնականում ապացուցիր, որ դա այդպես է և ավելի է գերադասելի քեզ համար, քան երկրի ներսում ապակայունություն ստեղծելով` իշխանափոխություն անելը: Եվ դու` Լևոն, դրանից միայն ու միայն կշահես:
Մինչդեռ իմ տպավորությունն այնպիսին է, որ Հանրապետության Նախագահը, ելույթներ ունենալով Նյու Յորքում, Մոսկվայում և Բրյուսելում, սփյուռքահայ մտավորականների, գործարարների առջև հայտ ներկայացրեց համազգային լիդեր դառնալու: Իսկ համազգային լիդեր դառնալու ամենավեհ առաքելությունը ազգը կոնսոլիդացիայի ենթարկելն է: Ազգը կոնսոլիդացիայի ենթարկելու եզակի ճանապարհը, ըստ իս, Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կամ էլ Սահմանադրության հոդված 54-ի 17-րդ կետի կիրառումն է:
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ