Ռուսաստանը և միայն Ռուսաստանն է խաղաղության պահպանման երաշխավորը Հարավային Կովկասում

05.11.2020

https://iravunk.com/?p=186687&l=am

Անոտացիա

Արցախի Հանրապետության հայերի խաղաղությունը և անվտանգությունը կերաշխավորվեն միայն այն պայմանով, եթե Ռուսաստանի Դաշնությունը իր հովանու ներքո վերցնի Արցախի Հանրապետությունը և «ոչ մի երրորդ երկրի չզիջի այդ հովանավորությունը»։ Թող չակերտների մեջ վերցված բառերը, որ վերցված են 1921թ. Մոսկվայի պայմանագրի III հոդվածից,  կաթվածահար չանեն ժամանակակից նեոօսմաններին, հատկապես սուլթան Ռեջեփին։

Երբ գրվում են այս տողերը, շարունակվում է Արցախի Հանրապետության ազատասեր ժողովրդի հերոսական պայքարն իր հայրերի ու պապերի հողի վրա ապրելու իրավունքի համար, ժողովուրդ, որը լի է Լեռնային Ղարաբաղում ահա արդեն երկու հազարամյակ պահպանվող իր սրբությունները պաշտպանելու վճռականությամբ։ Կարծում եմ՝ ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ է գրել ռուս խորհրդային բանաստեղծ, մանկավարժ և Կովկասի մեծ գիտակ Սերգեյ Գորոդեցկին «Кавказское слово» թերթում 1919թ. մարտին. «Ղարաբաղում ավելի քան երկու հազար տարվա ընթացքում հայ ժողովուրդը դիմակայել է քոչվոր ցեղերի ասպատակություններին՝ պահպանելով իր մշակույթը, պաշտպանելով իր ազգային դեմքը... Վերածնված ազգերի ողջ ապագան կախված է այն բանից, թե կգտնեն արդյոք նրանք իրենք իրենց մեջ, այսպես ասած, ազգային մշակույթի բավականաչափ քանակություն։ Նման պայմաններում բոլոր կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառով կենտրոնացել է մշակութային կյանքը, բացառիկ նշանակություն են ձեռք բերում։ Այդպիսին է նաև Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար» («Древние храмы Арцаха»,  https://zen.yandex.ru/media/id/5ee64f20790ceb6048924de4/drevnie-hramy-arcaha-5f61e0bced6f274fbf2419a6)։

Օրինակներ չեմ բերի՝ վկայակոչելով անցյալ դարերի ավելի քան երկու հազար կրոնական և մշակութային հուշարձանները, որոնցից յուրաքանչյուրը, անշուշտ, համաշխարհային քաղաքակրթություններից մեկին պատկանելության ինքնատիպ այցեքարտ կդառնար ոչ վաղ պատմական անցյալում քոչվոր ցեղերին։ Արցախի պաշտպանության մարտիկները, հատկապես երիտասարդները, որոնք ծնվել են անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախի Հանրապետություն – խմբ.), գիտակցաբար անօրինակ հերոսություն են ցուցաբերում, թվում է, թե «Վասն Վարդանանց և հայոց պատերազմի» գրքում ներկայացված մտքերի նոր ընթերցում լինի, գիրք, որը համարվում է համաշխարհային պատմագրության գլուխգործոցներից մեկը՝ գրված Վասպուրական նահանգում Տղմուտ գետի ափին 451թ. մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի ականատես-պատմիչ Եղիշեի կողմից։ Ընթերցողներին հիշեցնենք, որ դա ճակատամարտ էր հանուն քրիստոնեական հավատքի պաշտպանության, որը հայ ժողովուրդն ընդունել է 301թ., հանուն հայ լինելու և հայ մնալու իրավունքի։ Մեր օրերում, երբ նայում ես Արցախի Պաշտպանության բանակի զինվորների ոգեշունչ դեմքերին, որոնց հենց խրամատներում, տառացիորեն մարտից առաջ, մկրտում է քահանան՝ Աստվածաշունչը ձեռքին, մտաբերում ես Եղիշեի անմահ իմաստուն խոսքը. «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»։ Ավարայրի դաշտում սպարապետ Վարդան Մամիկոնյանը սպանվում է։ Տանուլ տրված ճակատամարտը Սասանյանների պարսկական բանակի քանիցս գերազանցող ուժերին դարձավ հայ ժողովրդի բարոյական մեծ հաղթանակը, քանզի Վարդան Մամիկոնյանի բանակը կատարեց իր հիմնական խնդիրը՝ հայերը պաշտպանեցին ապրելու և իրենց քրիստոնեական հավատի իրավունքը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ արդեն V դարում Հայ Առաքելական եկեղեցին սրբադասեց Վարդան Մամիկոնյանին ու Ավարայրի դաշտում նրա հետ ընկած հերոսներին։ Եվ այսօր, 1570 տարի անց, հայ ժողովրդի լավագույն զավակներն Արցախում նյութեղենացնում են իրենց նախնիների՝ դարերով բյուրեղացած հոգևոր հաղթանակը, այն վերածում իրական հաղթանակի՝ պաշտպանելով Արցախի Հանրապետության անկախությունը։ Եվ որ նրանք հաղթելու են՝ կասկածից վեր է, քանզի նրանք Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի, Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության ծովակալ Հովհաննես Ստեփանի Իսահակյանի (Իսակով), Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի, ավիացիայի մարշալ Արմենակ Արտյոմի Խանփերյանցի (Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակով), ԽՍՀՄ ինժեներային զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Աղանովի, Խորհրդային Միության հերոս, գեներալ-գնդապետ Միխայիլ Արտեմի Պարսեղովի, Խորհրդային Միության կրկնակի հերոս (հետմահու արժանացել է երկրորդ Ոսկե աստղի), գվարդիայի գնդապետ Նելսոն Գևորգի Ստեփանյանի հետնորդներն են։ Խնդրում եմ նկատի առնեք, հարգելի ընթերցող, որ այս բոլոր լեգենդար մարդիկ ղարաբաղցինե՛ր են։ Մի՞թե թուրք-ադրբեջանական հրոսակները, մարտի նետելով թուրքական հատուկջոկատայիններին ու Իդլիբի սիրիացի ահաբեկիչներին, հույս ունեն կոտրել Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտիկների աներեր կամքը։ Զո՛ւր հույսեր։ Իսկ հատուցումը Արցախի անմեղ քաղաքացիների սպանությունների, Արցախի Հանրապետության ավերված քաղաքների ու գյուղերի համար անխուսափելի է։ Եթե թուրքական սուլթան Էրդողանի համար իր անմիջական հրահրմամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի 100 տարի առաջ անեքսիայի ենթարկված Նախիջևանի բուն հայկական հողեր «միջանցք» բացելու (դրանով իսկ Ռուսաստանի հարավային սահմաններին իսլամական աղեղ անցկացնելու) անհագ ծարավը հագեցնելն է՝ որպես բութ գործիք օգտագործելով ադրբեջանական զինված ուժերն ու Իդլիբի սիրիական վարձկան ահաբեկիչներին, ապա, կրկնում եմ, դա երբեք չի լինի։ Հայկական կողմը պաշտպանում է իր Հայրենիքի անկախությունը, նախնիների՝ հնագույն քրիստոնեական քաղաքակրթություններից մեկի պահապանների պատմական հողում ապրելու իր իրավունքը։

Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. մենք ապրում ենք XXI դարում, և միայն հերոսականությունը բավարար չէ, որպեսզի անկոտրում Արցախի Հանրապետությունն իր 150 հազար բնակչությամբ կարողանա ոչ միայն դիմակայել, այլև հաղթել թուրք-ադրբեջանական զինված ուժերին՝ գումարած ավելի քան երկու հազար սիրիացի զինյալ ահաբեկիչները։ Չէ՞ որ պատահական չէ, որ МГИМО-ի շրջանավարտ, նույն ինքը՝ ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևն իր ռազմաքաղաքական ուղեվար սուլթան Էրդողանի հետ միասին հոխորտում է, թե մեկ ազգ՝ երկու պետությունը՝ 90 մլն բնակչությամբ, մարդկային ռեսուրսի խնդիր չունի։ Մանավանդ որ ճակատի գծի ողջ երկայնքով առաջնագծում ադրբեջանական կողմում հիմնականում կռվում են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ լեզգիները, թաթերը, թալիշները, ուդիները և, իհարկե, Իդլիբի սիրիացի ահաբեկիչները։ Ափշերոնյան սուլթանը ցանկանում է, նրանց արյունը հեղելով, հետն էլ լուծել Ադրբեջանի համար բավական ակտուալ՝ ազգային փոքրամասնությունների հնազանդեցման հարցը։ Եվ ահա, վա՛տ պարոնայք, Արցախն անհաղթ է, քանի որ հուսալի թիկունք ունի՝ Հայաստանի Հանրապետությունն ու ավելի քան տասը միլիոնանոց սփյուռքը։ Այն նույն սփյուռքը, որն այս օրերին հանդես է գալիս որպես մեկ ամբողջություն, լինի Եվրոպայի, ԱՄՆ, Կանադայի, Ավստրալիայի, թե Արգենտինայի քաղաքներում։ Հանդես է գալիս մեկ կարգախոսով՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի՛ անցնի։

Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, և որպեսզի թերասացություններ չլինեն, մեջբերումներ կատարեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի վերջերս ունեցած ելույթներից «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի ամենամյա՝ XVII խորհրդաժողովի ամփոփիչ լիագումար նիստում (2020թ. հոկտեմբերի 22) և «Ռուսաստանն է կանչում» համաժողովի լիագումար նիստում (2020թ. հոկտեմբերի 29)։ «Վալդայ» ակումբի վետերաններից մեկը՝ Անատոլ Լիվենը, հարց ուղղեց Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինին. «...Հարց ունեմ հակամարտության, Լեռնային Ղարաբաղում նոր բռնկման առիթով։ Ռուսաստանը, ինչպես և միջազգային հանրության այլ անդամներ, ամեն կերպ ջանում են հասնել այդ հակամարտության խաղաղ լուծման, բայց առայժմ ոչինչ չի ստացվում։ Եթե այսպես շարունակվի, մենք գիտենք, որ Ռուսաստանը վաղեմի պատմական կապեր ունի Հայաստանի հետ և վաղեմի ռազմական կապեր, արդյո՞ք Ռուսաստանը հակամարտությունում կընտրի ու կաջակցի Ադրբեջանի հետ այս հակամարտության կողմերից որևէ մեկին»։ Ռուսաստանի ականավոր առաջնորդի՝ ի պատասխան հնչեցրած և ասված յուրաքանչյուր նախադասություն, անշուշտ, արժանի է ոչ միայն հիշատակվելու, այլև լուրջ վերլուծության և դասեր՝ իմաստնության, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հանդեպ սրտացավ և հոգատար վերաբերմունքի դասեր քաղելու. «Այդ բոլոր մարդիկ շատ կայուն, սերտ կապեր ունեն Ռուսաստանում հումանիտար մակարդակով, միջանձնային, գործարար, հումանիտար, ընտանեկան։ Ուստի մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են։ Եվ մեզ համար հսկայական ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են զոհվում»։ Եվ բնական է, որ այս գնահատականների համատեքստում պետք է հասկանալ, խորամուխ լինել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հաջորդ եզրահանգումների բովանդակության մեջ. «...այս հակամարտությունն սկսվել է ոչ պարզապես որպես միջպետական հակամարտություն և պայքար տարածքի համար, այն սկսվել է էթնիկ հակամարտությունից։ Սա նույնպես, ցավոք, փաստ է, երբ Սումգաիթում, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ։ Այս ամենն ամբողջության մեջ մենք պետք է հաշվի առնենք» (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։ Իմ կողմից ազնիվ չէր լինի, եթե չմեջբերեի Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի՝ այնուհետև արտահայտած մտքերը. «Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այնպիսի իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը երկրի կողմից կորսված է, հավերժ շարունակվել չի կարող»։

Եվ ահա, հարգելի ընթերցող, Արցախի Հանրապետության դեմ թուրքական և ափշերոնյան սուլթանների սանձազերծած պատերազմը վկայում է, որ «դաժան հանցագործությունները Սումգաիթում, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղում հայերի և հայ ժողովրդի դեմ», հայկական ջարդերը Բաքվում և Գյանջայում 1990թ., ներկայում փոխակերպվել են Արցախի հայության ցեղասպանության բացահայտ քաղաքականության, որն իրականացնում է Էրդողան-Ալիև տանդեմը։ Բնական է, որ այսպիսի պայմաններում խոսել մեկ պետության մեջ Արցախի հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու մասին՝ նշանակում է վկայել անուղեղության մասին, կամ էլ՝ Երևանի սլենգով ասած, փաստել, որ սույն ցինիկ անհեթեթության մունետիկներն իրենց «ուսերից վերև դատարկ են», իսկ գիտականորեն ասած՝ նրանց «վերնահարկում» սև խոռոչ է։ Ասել է թե՝ ստեղծված իրավիճակում գերակա է դառնում ինքնորոշված, անկախ Արցախի Հանրապետության հայերի անվտանգության, ոչ, ինչ անվտանգություն՝ գոյության, նրանց ցեղասպանությունը թույլ չտալու հարցը։

Մեջբերում կատարեմ ս.թ. հոկտեմբերի 20-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված իմ «Ռուսաստանը՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանությունից արցախահայության փրկության երաշխավոր» հոդվածի անոտացիայից. «Ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի հայությանը ազգային-ազատագրական պատերազմի հանեց 1992-1994թթ.։ Այսօրվա երիտասարդությունը ծնվել և դաստիարակվել է անկախ, դեմոկրատական Արցախի Հանրապետությունում։ Նա գիտի իր ազատ երկրամասի պատմությունը և պատրաստ է իր կյանքի գնով պաշտպանել այն։ Ցանկանում եմ հավատալ, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշինքը կդառնա թուրք-ադրբեջանական ցեղասպանությունից Արցախի ժողովրդի փրկության երաշխավորը։ Միայն Ռուսաստանն է ի զորու հնազանդեցնելու Եվրոպայի հիվանդ մարդուն՝ նորահայտ սուլթան Էրդողանին»։ Համոզված եմ, որ Արցախի ձայնը Ռուսաստանը լսել է։ Ինձ թույլ կտամ մեջբերում կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի բաց նամակից. «...Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը՝ խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ... Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»։ Արցախի նախագահի այս անկեղծությունը թանկ արժե։ Սա, ըստ էության, ազնիվ խոստովանություն է, որ Ռուսաստանը և միայն Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։

Վերոշարադրյալի համատեքստում փորձենք հասկանալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Ռոբերտ Օ՚ Բրայենի վերջերս արած այն հայտարարության իմաստը, թե ԱՄՆ-ը մշակում է սկանդինավյան խաղաղապահների տեղակայման հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության շրջանում։ Հայտարարությունը նա արել է ս.թ. հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ընդ որում՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Կալիֆոռնիայի իմ հայրենակիցներին հանուն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման, անկախ Արցախի Հանրապետության անվտանգ գոյության ապահովման իրենց անձնուրաց պայքարի համար։ Եվ ահա, պրն Օ՚ Բրայենն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) կամ հարևան երկրների, այդ թվում Թուրքիայի խաղաղապահ զորքերի տեղակայման անթույլատրելիությունը։ «Մենք կարծում ենք, որ երկու երկրները (Հայաստանը և Ադրբեջանը) պետք է ընդունեն սկանդինավցի խաղաղապահներին, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ խաղաղարար ուժերի ստեղծման հարցում, որոնց կարելի կլիներ տեղակայել շրջանում հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- Օ՚ Բրայենին մեջբերում է Public Radio of Armenia-ն։ Ըստ երևույթին, Օ՚ Բրայենը ժամանակին շատ է տպավորվել հոլանդացի խաղաղապահների «արդյունավետ» աշխատանքով, որոնք 1993թ. ապրիլին ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմամբ տեղակայվեցին «անվտանգության գոտի» հայտարարված Սրեբրենիցայում (600 հոգի՝ զինված հրազենային զենքով)։ Չեմ ներկայացնի այն ողբերգության ահավոր մանրամասները, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսին Սրեբրենիցայում։ Նշեմ միայն, որ բոսնիացի մուսուլմանների (8200 մարդ) և 2388 սերբ կանանց ու երեխաների (որ զոհվեցին բոսնիացիների ձեռքով էթնիկ «զտումների» հետևանքով) մահն էլ հենց դարձավ խաղաղարարների, մեղմ ասած, անգործության արդյունքը (ru.wikipedia.org/wiki/Резня_в_Сребренице)։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հայտարարության առնչությամբ նշեմ, որ դրանից մեկ օր առաջ՝ 2020թ հոկտեմբերի 30-ին, The Daily Telegraf-ի հարցազրույցում Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում։ Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից»։ Դե ինչ, տառացիորեն հենց հաջորդ օրը՝ ս.թ. հոկտեմբերի 31-ին Օ՚ Բրայենը «պարզություն» մտցրեց այս հաշվով, դիցուք. եթե խաղաղապահներ պետք է մտցվեն, ապա նրանց կազմում ՆԱՏՕ անդամ պետությունների զինվորական ստորաբաժանումների առկայության պարտադիր պայմանով (քանի որ Թուրքիան այս հարցում մերժվել է ԱՄՆ-ի կողմից)։ Սակայն այս դեպքում օդում կախվում է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հարցը, որը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՚ Բրայենի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում Սկանդինավիայից խաղաղապահների հնարավոր հայտնվելու մասին, ասել է. «Ամերիկացիներին պետք է հարցնել՝ որտեղի՞ց վերցրին այդ գաղափարը»։ Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում մանրամասների չեն տիրապետում այս առաջարկության վերաբերյալ։

Հարգելի ընթերցող, երբ գրվում են այս տողերը, շարունակում են տագնապալի տեղեկություններ ստացվել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-թուրքական զինվորականության կողմից նոր զինատեսակի օգտագործման մասին։ Այսպես, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասվում է. «Արցախի Հանրապետության տարածքում գտնվել է սպառազինության նոր տեսակի օգտագործման զինամթերք։ Պարզվել է, որ դա հրկիզող կասետային զենք է, ականի երկարությունը՝ 40 սմ»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 31-ին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը. «Առավոտյան հյուսիսարևելյան, հարավային և հարավարևելյան ուղղություններով վերսկսվել են մարտական գործողությունները։ Հակառակորդը շարունակում է գրոհել խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքը։ Հակառակորդն օգտագործում է քիմիական տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զենք, որն արգելված է Ժնևյան կոնվենցիայով»,- տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի կենտրոնի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում» (https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9880847)։

Կարելի է էլի շարունակել թուրք-ադրբեջանական սուլթանների կողմից ի սկզբանե հանցավոր պատերազմի ընթացքում իրականացվող ցեղասպանական քաղաքականության աղաղակող դրսևորումները։ Պատերազմ, որը սանձազերծվել է ափշերոնյան սուլթանի կողմից սուլթան Էրդողանի անմիջական հրահրմամբ, որը ներկայում բացահայտորեն հանդես է գալիս արմատական իսլամի ինքնակոչ առաջնորդի դերում։ Այստեղ, հարգելի ընթերցող, խոստովանում եմ, որ երբեք չեմ մտածել, թե ստիպված կլինեմ բարեհաճորեն մեջբերել ՀՀ «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչին՝ իր իսկ սիրեցյալին, բայց փաստերը համառ բաներ են։ Այսպես, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գերմանական Bild պարբերականի հարցազրույցում (հրապարակվել է ս.թ. հոկտեմբերի 4-ին), պատասխանելով հարցին, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկի Գերմանիան ընթացիկ իրավիճակում, ասել է. «Հստակ դիրքորոշումներ եմ ակնկալում։ Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում... Կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում: ...Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այժմ քաղաքակրթության ճակատ են դարձել։ Հայերը Հարավային Կովկասում վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը»: Դե ինչ, ինչպես ցույց տվեցին անցած օրվա իրադարձությունները Վիեննայում, Նիկոլ Վովաևիչը ճիշտ էր գուշակում։ Տա Աստված, որպեսզի նա նույնքան սթափ գնահատի հայկական երկու պետությունների ճակատագրի համար Հայաստանի Հանրապետության (որն այժմ դարձել է «քաղաքակրթության ճակատ») զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում իր հետագա գտնվելու ողջ վտանգավորությունը։

Վերջաբանի փոխարեն. Ո՞րն է չափազանց վտանգավոր դրությունից, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հայ ժողովուրդը, դուրս գալու ելքը։ Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, այսօր այս հարցերը, ավելի ճիշտ՝ դրանց պատասխանների որոնումը, համոզված եմ, Երկիր մոլորակի բոլոր հայերի մտքերի ու զգացումների մեջ են։

Մտորելով հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ճակատագրի մասին՝ անընդհատ մտքումս միանգամայն նորովի վերակենդանանում են 100-ամյա վաղեմության իրադարձությունները, երբ հայ ժողովրդի ճակատագիրը «վճռվում էր աշխարհիս հզորների կողմից»։ Ակամա մտաբերում եմ Սևրի հաշտության պայմանագիրը (որն այդպես էլ ուժի մեջ չմտավ)՝ ստորագրված 1920թ. օգոստոսի 10-ին Սևր քաղաքում (Ֆրանսիա), որի համաձայն՝ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր «որպես ազատ և անկախ պետություն»։ Պայմանագրի համաձայն՝ Թուրքիան և Հայաստանը համաձայնում են ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին սահմանների իրավարարության հարցում՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների սահմաններում, և ընդունել դեպի Սև ծով Հայաստանի ելք ունենալու նրա պայմանները։ Պատմությունից հիշեցի, որ 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը դաշնակիցների դիտարկմանը ներկայացրեց իրավարար որոշումը, որով Թուրքիան պետք է Հայաստանին հանձներ103 599 քառ. կմ մակերեսով տարածք՝ Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ողջ վիլայեթը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ներառյալ նաև նավահանգիստը (Սև ծովի ափին)...

Չէի կարող չհիշել նաև 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որի III հոդվածում գրված է. «Հոդված III. Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը՝ սույն Պայմանագրի 1-ին (C) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության...»։ Հիշեցի նաև այն, որ, չնայած Ռուսաստանի համակրանքը պատմականորեն ուղղափառ Աթենքի կողմն էր, Ֆրունզեն և Արալովը, որոնք Լենինի կողմից ուղարկված էին թուրքերին օգնության, «մեծ վնաս հասցրին հույներին՝ նրանց թշնամիներին բերելով հարյուր հազարավոր ոսկե ռուբլիներ և զենք։ Ընդամենը 1920-1922թթ. Խորհրդային Ռուսաստանը Աթաթյուրքին ու նրա կողմնակիցներին մատակարարել է 10 մլն փողով, 39 հազար հրացան, 327 գնդացիր, 147 հազ. ական և երկու ականակիր՝ «Ժիվոյ» և «Ժուտկիյ»։ Խորհրդային մասնագետները օգնեցին կազմակերպել ռազմական արտադրություն. նրանց ղեկավարության ներքո կառուցվեց վառոդի երկու գործարան (Իգոր Գաշկով. «Ռուսաստանի և Թուրքիայի դաշինքը։ Ինչպես Լենինն օգնության եկավ Աթաթյուրքին», 3 հունիսի 2020թ., tass.ru/obschestvo/8631339)։

Արդեն մեր օրերում նորահայտ նեոօսմանների գենետիկ նենգությունը դրսևորվեց 2015թ. նոյեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10.24-ին, երբ ռուսական ճակատային СУ-24 М ռմբակոծիչը խփվեց սիրիա-թուրքական սահմանին «օդ-օդ» հրթիռով, որն արձակվել էր թուրքական ՌՕՈւ F-16 ինքնաթիռից։ Անձնակազմին հաջողվել էր կատապուլտացվել։ Բայց հրամանատարը՝ փոխգնդապետ Օլեգ Պեշկովը, զոհվեց՝ պարաշյուտով իջնելիս ընկնելով թուրքոմանների ցամաքից արձակված ավտոմատային կրակի տակ։ СУ-24 М-ի շտուրման, կապիտան Կոնստանտին Մուրախտինը փրկվեց ՌԴ հատուկ ստորաբաժանումների և սիրիական բանակի կողմից։ Գործողության ժամանակ զոհվեց պայմանագրային ծառայող, ծովային հետևակ  Ալեքսանդր Պոզինիչը։

Նեոօսմանյան բազեների ստոր էությունն ու իսկական դեմքը հատկապես պարզ երևացին նաև Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Հաքիի հայտարարությունում, որը նա արել է ս.թ փետրվարի վերջին «A-Haber» հեռուստաալիքի եթերում այն բանից հետո, երբ սիրիական Իդլիբ նահանգում ապօրինաբար գտնվող թուրք զինվորականները զոհվեցին՝ հայտնվելով հրետակոծության տակ։ «Ռուսաստանը կմասնատվի ներսից։ Ռուսաստանում ապրում է 25 մլն մուսուլման։ Անցյալում մենք Ռուսաստանի հետ մարտնչել ենք տասնվեց անգամ, մենք դա նորից կանենք, մեր վրեժը շատ ահավոր կլինի»,- սպառնալից հայտարարել է  սուլթանի պնակալեզ թուրք պաշտոնյան։

Այս բոլոր տագնապահույզ մտորումներն ինձ հանգեցրին միանգամայն միանշանակ եզրահանգման։ Այո, Արցախի հերոսական ժողովուրդը մարտադաշտում կցուցաբերի իր հայրերի և պապերի, հեռավոր նախնիների անօրինակ մարտական հատկանիշները, բայց չէի ցանկանա, որ XXI դարում Լեռնային Ղարաբաղում կրկնվի մ.թ.ա. 480թ. Թերմոպոլիսի ճակատամարտի պատկերը, երբ (տարբեր գնահատականներով) 5200-7700 հույներ կռվում էին 200-250 հազար (տարբեր տվյալներով) թվաքանակ ունեցող պարսկական բանակի դեմ։ Իսկ ճակատամարտի երրորդ օրը միայն 500 սպարտացիներ, թեսպիացիներ և թեբեացիներ էին կենաց-մահու կռիվ մղում՝ դարերի համար կերտելով իրենց անմահությունը։ Համոզված եմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հղած բաց նամակն ուշադիր կարդալով մենք իրավունք ունենք շարունակել և ավարտել նամակը՝ դրանից բխող միակ մտքով, կոչով, վերջապես՝ խնդրանքով, դիցուք. Արցախի Հանրապետության հայերի խաղաղությունն ու անվտանգությունը կերաշխավորվեն միայն այն պայմանով, եթե Ռուսաստանի Դաշնությունն իր հովանու տակ վերցնի Արցախի Հանրապետությունը և «սույն հովանավորությունը չզիջի մի երրորդ պետության»։ Թող չակերտների մեջ վերցված բառերը, որ վերցված են 1921թ. Մոսկվայի պայմանագրի III հոդվածից,  կաթվածահար չանեն ժամանակակից նեոօսմաններին, հատկապես սուլթան Ռեջեփին։ Իսկ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) շրջանավարտը, եթե լավ մտածի, կարծում եմ՝ կհասկանա, որ նման լուծման մեջ է ինչպես իր, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության փրկությունը, որի համար Ռեջեփ Թայիփովիչը անակնկալ է պատրաստել հետևյալ բանաձևով՝ մեկ ժողովուրդ, մեկ պետություն։

Հարգելի ընթերցողը, բնականաբար, կարող է հետաքրքրվել. իսկ ինչպե՞ս դրան կարձագանքեն Հայաստանի իշխանավորները, ինքը՝ Նիկոլ Վովաևիչը, իր իսկ սիրեցյալը։ Էլ չեմ ասում սկանդինավյան խաղաղապահների հայ երկրպագուների մասին։ Դե ինչ, չեմ շտապի պատասխանել, քանզի ժամանակը ցույց կտա։ Ես հավատում եմ Արցախի Հանրապետության լուսավոր ապագային Ռուսաստանի, հենց Ռուսաստանի և միայն Ռուսաստանի հովանու ներքո։

Հոդվածը կցանկանայի ավարտել հայ ժողովրդի իսկական ու ազնիվ բարեկամ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի խոսքերով՝ ասված ս.թ. հոկտեմբերի 29-ին «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովի ժամանակ։ «Մենք ամենասկզբից էլ ելնում էինք նրանից, որ հարկավոր է ասել- մեր դիրքորոշումը բացարձակապես թափանցիկ է- Ադրբեջանին հինգ պլյուս երկու շրջաններ վերադարձնելու հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ համագործակցությամբ և այլն։ Ո՞րն է կամ որտե՞ղ է երկարատև կարգավորումը, ինչպես Դուք հարցրիք,- հիմա ես մոտենում եմ Ձեր հարցի բուն էությանը – որպեսզի գտնվի շահերի հավասարակշռություն, որը կբավարարի երկու կողմերին էլ՝ ինչպես ադրբեջանցի ժողովրդին, որին մենք անփոփոխ հարգանքով ենք վերաբերվում, այնպես էլ հաշվի նստելով հայ ժողովրդի և Հայաստանի պետության շահերի հետ։ Որպեսզի մարդիկ իրենց անվտանգության մեջ զգան, բայց և ստեղծվեն նաև արդյունավետ տարածաշրջանային զարգացման հնարավորություններ՝ ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունների ապաշրջափակմամբ և զարգացմամբ, որոնք կընկնեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, և հենց Լեռնային Ղարաբաղի, որտեղ մարդիկ բավական համեստ են ապրում, արդյունավետ զարգացման հիմքում»։ Տեսե՛ք, հարգելի ընթերցող, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացումը դիտարկվում է անհատապես։

Հ.Գ. Իսկ այժմ, հարգելի ընթերցողներ, մի պահ պատկերացրեք սուլթան Էրդողանի արձագանքը, երբ նա իմանում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը դրականորեն է վերաբերվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ճնշող մեծամասնության խնդրանքին և համաձայնել է իր հովանու տակ վերցնել Արցախի Հանրապետությունը։ Ընդ որում, ով՝ ով, բայց թուրքական սուլթանը ափշերոնյան սուլթանի հետ միասին հիանալի տեղեկացված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետություն – խմբ.) երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում։ Այս մասին հիշեցնում եմ նրա համար, որ Միջազգային իրավունքի տեսակետից (երկակի չափորոշիչների չգործելու դեպքում) Արցախի ժողովրդի որոշումը՝ ամրագրված հանրաքվեով, անսասան կլինի նաև այդ նույն Միջազգային իրավունքի տեսակետից։ Ընդ որում՝ շատ կարևոր է նշել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բաղձալի երազանքը՝ միավորել Թուրքիայի կողմից արդեն վաղուց անեքսիայի ենթարկված Նախիջևանի ինքնավար մարզը Զանգելանի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի, այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ 105 կիլոմետրանոց սահմանի հետ (որը մինչև վերջերս վերահսկվում էր Արցախի Պաշտպանության բանակի կողմից), միաժամանակ իր տակ ճզմելով Իրանի հետ Հայաստանի Հանրապետության 45 կիլոմետրանոց սահմանը, վերջնականապես քիմերա կդառնա։

Էլ չեմ շարունակի գրգռել ընթերցողներին, այլ կամփոփեմ խորհրդածություններս։ Այդ ամփոփումը հակիրճ կլինի։ Ռուսաստանը և միայն Ռուսաստանն է խաղաղության երաշխավորը Հարավային Կովկասում։ Իսկ մնացածը «բարի մտադրություններով սալարկված ճանապարհ է դեպի դժոխք» շարքից է։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги