User Rating:  / 0
PoorBest 

«Ազգային Միաբանություն» կուսակցության երիտասարդական միության համագումարը, արտահայտելով կուսակցության 11 հազար երիտասարդ անդամների, հանրապետության երիտասարդության ստվար զանգվածների տրամադրությունները, երկրում անընդհատ խորացող տնտեսական, սոցիալական ու քաղաքական ճգնաժամի կապակցությամբ նրանց անհանգստություններն ու մտորումները,

Հայտարարում է.


Շարունակվում է երկրի տնտեսության քայքայումը, մեծանում է գործազուրկների թիվը, էլ ավելի է խորանում սոցիալական շերտավորումը, չի դադարում բնակչության արտագաղթը:

Իրեն սպառած վարչախումբը անտեսում է երիտասարդությանը: Աշխատանք չունենալու, նյութական ծանր պայմաններում գտնվելու պատճառով հազարավոր երիտասարդներ զրկված են առողջ կենցաղավարությամբ ապրելու, ընտանիք կազմելու հնարավորությունից: Շեղվում է երիտասարդության զգալի մասի բարոյական կերպարը, նրանց շրջանում արմատավորվում ու զարգանում են ազգային կենսակերպին անհարիր այնպիսի բարքեր, ինչպիսիք են անազնվությունը, խաբեությունը, թմրամոլությունը և այլն:

Անորոշ է հանրապետության քաղաքներում բնակվող երիտասարդների դրությունը. նրանցից շատ շատերը չեն աշխատում, չեն սովորում, իրենց առօրյան անց են կացնում աննպատակ, կամ էլ աշխատանք ու ապրուստի միջոց որոնելու ապարդյուն ջանքերով: Գործազրկությունը, կիսաքաղց ապրուստը, հասարակության մեջ իր տեղը չգտնելն ու չզբաղեցնելը կոտրել են երևանցի, գյումրեցի, վանաձորցի և մյուս քաղաքների երիտասարդ մարդկանց հպարտությունը: Կորցնելով հավատը ապագայի նկատմամբ, նրանցից շատերը բռնում են արտագաղթի ճանապարհը:

Խիստ մտահոգող ու անհանգստացնող է ուսանողության վիճակը: Գնալով խորացող սոցիալական շերտավորումը սովորող երիտասարդության շրջանում ավելի ցայտուն է դրսևորվում: ԲՈՒՀ-երի անվճար բաժիններում հիմնականում սովորում են պաշտոնյաների երեխաները: ԲՈՒՀ-երից շատերում չկա անհրաժեշտ ժամանակակից ուսումնամեթոդական բազա, շրջանավարտների զգալի մասը չի տիրապետում կրթությամբ ստացած իր մասնագիտությանը, նրանց սոցիալական սպասումները չեն իրականանում` առաջացնելով անբավարարվածություն, ընկճվածություն ու հիասթափություն: Ուսում ստանալը աստիճանաբար դառնում է աննպատակ, պահանջարկ չունեցող:

Առավել ծանր է գյուղերում բնակվող երիտասարդության դրությունը: Հանրապետության գրեթե ամբողջությամբ քայքայված գյուղերում երիտասարդությունը մասսայական անգործության է մատնված: Այսօր դժվար է Հայաստանի գյուղերում հանդիպել երիտասարդ հողագործի, անասնապահի կամ մեխանիզատորի: Գյուղը ծերանում և դատարկվում է երիտասարդությունից, նրանցից շատերը թողնում, հեռանում են երկրից, իսկ մի մասն էլ գալիս են քաղաք, համալրելու աննպատակ օր անցկացնող քաղաքաբնակ երիտասարդների շարքերը:

Ժամանակ առ ժամանակ երկրի իշխանավորները հանդիպում են ունենում նախորոք նախապատրաստված առանձին երիտասարդների ու մարզիկների հետ, պատրանք ստեղծելով թե իրենք մոտիկից զբաղվում են երիտասարդության հարցերով: Սակայն բոլորը թող իմանան, որ հանրապետության երիտասարդության ամենալայն զանգվածները իրենց ապագան չեն կապում վարչախմբի հետ, ավելին, խորությամբ գիտակցում են, որ ներկայից իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը վտանգում է Հայաստանի պետականությունը, փակուղի է տանում ղարաբաղյան հարցի լուծման գործընթացը, երկիրը դուրս է մղում քաղաքակրթության համաշխարհային զարգացումների մայրուղուց:

«Ազգային Միաբանություն» կուսակցության երիտասարդները այսուհետև էլ ավելի վճռական գործունեություն կծավալեն կուսակցության ծրագրերը իրագործելու համար: Մենք շարունակելու ենք համախմբել հանրապետության առողջ երիտասարդ ուժերը, և համագործակցել այն կուսակցությունների երիտասարդական թևերի ու բոլոր այն երիտասարդների հետ, ում համար թանկ է հայրենիքը, ովքեր պատրաստ են անձնազոհաբար պայքարելու ընդդեմ խավարի, հանուն արդարության վերականգնման, հանուն Հայաստանի ապագայի:

Последние видеоматериалы

Новые книги