ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

13.10-19.10.2006

«Ազգային Միաբանություն կուսակցության» մամլո ծառայության հաղորդագրությունը

ՀՀ Ազգային ժողովի «Ազգային Միաբանություն»  պատգամավորական խմբակցությունը ս.թ հունիսի 13-ին ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73,75 և «ՀՀ ԱԺ Կանոնակարգ»  ՀՀ օրենքի 22 և 52 հոդվածներով հանդես էր եկել «2005 թվականին և 2006 թվականի հունվար-մայիս ամիսներին դրամի չհիմնավորված արժեվորման հետևանքով տեղական արտադրողներին և ազգաբնակչությանը հասցված վնասներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»  օրենսդրական նախաձեռնությամբ: Սակայն, Ազգային ժողովի Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ (նախագահ Գ.Մինասյան) որոշվել էր այդ թեմայով անցկացնել խորհրդարանական լսումներ: 2006 թ. հոկտեմբերի 2-ին «Ազգային Միաբանություն»  պատգամավորական խմբակցությունը համաձայն գործող կանոնակարգի դիմել էր պրն Գ.Մինասյանին հետևյալ նամակով:

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ պրն Գ.Մինասյանին

Համաձայն ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի հոդված 32-ի (խորհրդարանական լսումներ) առաջարկում ենք «Դրամ-արտարժույթ հարաբերակցության հետ կապված»  թեմայով սպասվելիք խորհրդարանական լսումներում զեկուցող կամ համազեկուցող հաստատել «Ազգային Միաբանություն»  խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանին:

Այդ կապակցությամբ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշման մասին խնդրում ենք խմբակցությանը տեղյակ պահել գրավոր:

Հարգանքով,

«Ազգային Միաբանություն»

խմբակցության քարտուղար՝ Ա.Կարապետյան

 

Ս.թ. հոկտեմբերի 11-ին ստացվել է հետևյալ պատասխանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցության քարտուղար Պարոն Ա.Կարապետյանին

Ի պատասխան Ձեր 02.10.2006 թ. Թ.ԱՄ-Ե-108 գրության տեղեկացնում ենք, որ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16 ժամը 11.00-ին ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպելու է խորհրդարանական լսումներ՝ «Դրամի արժևորումը և տնտեսական իրավիճակը Հայաստանում»  թեմայով:

Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները:

Նախագահ՝ Գ.Մինասյան

Ակնհայտ է այն, որ ՀՀ ԱԺ մեծամասնությունը հլու հնազանդ կատարելով Ռ.Քոչարյան- Սերժ Սարգսյան զույգի հանձնարարականները, ըստ էության, խոչընդոտեցին դրամի չհիմնավորված արժևորման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող խոշորածավալ ֆինանսական հափշտակությունների բացահայտումը, որը մեծապես պայմանավորված էր լինելու Արտաշես Գեղամյանին զեկուցումով հանդես գալու հնարավորությամբ, հանգամանք, որը, ըստ էության, մերժվեց Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից:

Հաշվի առնելով հարցի հույժ կարևորությունը Ազգային Միաբանություն կուսակցությունը «Հակակրիմինալ շարժման»  նախաձեռնող խմբի առաջարկությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին «Արմենիա-Մարիոթթ»  հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում, ժամը 14.00-ին կանցկացնի հասարակական լսումներ «2005 թ. և 2006 թ. հունվար-օգոստոս ամիսներին դրամի չհիմնավորված արժևորման հետևանքով տեղական արտադրողներին և ազգաբնակչությանը հասցված վնասը»  թեմայով (զեկուցող «Ազգային Միաբանություն կուսակցության»  նախագահ՝ Արտաշես Գեղամյան):

«Ազգային Միաբանություն կուսակցությունը»  հասարակական լսումներին հրավիրում է մասնակցելու պարոններ Ռ.Քոչարյանին, Ա.Մարգարյանին, Ա.Հովսեփյանին, Տ.Սարգսյանին, Վ.Խաչատրյանին և բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր բազմիցս հայտարարել են, որ լի են վճռականությամբ վերջ դնել օրը ցերեկով իրականացվող ժողովրդի կողոպուտին:

Հ.Գ. Սիրելի ընթերցող, իշխանությունները, զրկելով Ազգային ժողովում Արտաշես Գեղամյանին հանդես գալ ժողովրդին հուզող այս հույժ կարևոր հարցի կապակցությամբ զեկուցումով, վերստին ապացուցեցին, որ դրամի արհեստական արժևորումը հետևանք է ոչ թե տնտեսագիտական օրինաչափությունների, այլ ղեկավարվում է իրենց իսկ կողմից: Հետապնդվող նպատակը մեկն է. արհեստականորեն արժևորելով դրամը վերջնականապես սննանկացնել մեր ժողովրդին, որից հետո ազգաբնակչությունից թալանված գումարներով կաշառել աղքատության գիրկը նետված հարյուր հազարավոր մարդկանց, խնդիր ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերարտադրել այս ազգադավ իշխանությունները: Հերթական ճիզվիտական դրսևորում, որն ի սկզբանե դատապարտված է: Զուր են Ձեր ջանքերը պարոնայք իշխանավորներ, փոխհատուցումը կատարված հանցանքների համար անխուսափելի է:

Последние видеоматериалы

Новые книги