ԽՓԻՐ ՅՈՒՐԱՅԻՆԻԴ, ՈՐ ՕՏԱՐՆԵՐԸ ՎԱԽԵՆԱՆ

27.10-02.11.2006

«Ազգային Միաբանություն» խմբակցության անունից Արտաշես Գեղամյանի ելույթը՝ «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» հարցի քննարկման ժամանակ (Ազգային ժողովի արտահերթ նիստ, 13.10.2006 թ.)

Ներքաղաքական իրավիճակի վերջին օրերի վայրիվերումների վերաբերյալ մեր թղթակցի հարցադրմանն ի պատասխան Արտաշես Գեղամյանը ներկայացրեց մայիսի 10-ին և 12-ին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցը:

Հարգելի գործընկերներ, այս արտահերթ նիստը, ըստ էության, նշանակում է, որ մեր գործընկեր, պատգամավոր Հակոբ Հակոբյանը տարիներ շարունակ (1991 թ. սկսած), իբր, խուսափել է հարկեր մուծելուց, հետո ծեծկռտուքն է, որ պատճառ է դարձել այս քննարկման համար: Եվ սա կատարվում է այն հանրապետությունում, որտեղ, դիմում եմ պարոն գլխավոր դատախազին, օրը ցերեկով հարյուր միլիոնավոր դոլարների կողոպուտ է իրականացվում: Ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ո՞ր ամբիոնից, ո՞ւմ դիմելիս, ի՞նչ եմ ասում: Ասածս որ մերկապարանոց չլինի, անդրադառնամ փաստերին: Եվ, այսպես, դեռ 1999 թ., երբ որոշվում էին էլեկտրաէներգիայի սակագները, հաշվարկային հաշիվ վերցվեց 1 դոլարը 552,5 դրամին համարժեք, և սահմանվեց 1 կիլովատժամ էլեկտրաէներգիայի սակագին՝ 4,52 ԱՄՆ ցենտին համարժեք դրամ: Դրանից հետո, ինչպես գիտեք, սակագների փոփոխություն տեղի չի ունեցել, բայց դոլարային առումով միայն 2006 թ. 8 ամիսների ընթացքում սահմանված սակագնի գնաճի տեմպը դոլարային արտահայտությամբ կազմել է 145,5%՝ 1999թ. նկատմամբ: Արդյունքում՝ 2006 թ. առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներով հավելյալ շահույթը կազմել է 23,1 մլն դոլար (կամ՝ 10 մլրդ 253 մլն դրամ. 2 մլրդ 82 մլն կվտ.ժX (5.63-4,52) ցենտ=23,1 մլն դոլար): Դրա հետ մեկտեղ նշենք, որ 2004 թ. դոլարի արժեզրկման հետևանքով հավելյալ շահույթը կազմել է 3 մլրդ 401 մլն դրամ, իսկ 2005 թ., համապատասխանաբար, 17 մլրդ 978 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, անցած 2 տարի 6 ամիսների ընթացքում Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ-ում կամ չի հարկվել 31 մլրդ 632 մլն դրամի հասնող հավելյալ շահույթ, կամ գրպանվել է: Այս անօրինականությունների առաջն առնելու համար, ի՞նչ արեցին. սեփականատիրոջը փոխեցին, վաճառեցին էլեկտրացանցերը: Հիմա ի՞նչ, հարց եմ տալիս Ձեզ, գնանք Գլադունչիկի (Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ-ի գործադիր տնօրեն) հետ կռիվ սարքենք, որ այս հարցն էլ ԱԺ-ի քննարկման առարկա դառնա՞:

Հանգամանք երկրորդ՝ կապի բնագավառից: «Արմենտելի»  հետ կապված դոլար-դրամ վայրիվերումների արդյունքում դարձյալ մի զարմանահրաշ թվաբանության ականատեսն ենք դառնում, որը զետեղված է ոչ այլուր, այլ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թ. հունվար-դեկտեմբեր»  և «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2005 թ. հունվար-դեկտեմբեր»  պաշտոնագրքերում: Կարդում ենք, 2005 թ. հունվար-դեկտեմբերին հեռախոսային խոսակցություններից ստացված հասույթը կազմել է 42 մլրդ 739,7 մլն դրամ (էջ 49): Եվ կողքն էլ գրված է՝ համադրելի գներով 2004 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցված է 116,4% աճ: Նկատենք, որ 2004 թ. հեռախոսային խոսակցություններից ստացված հասույթը կազմել է 45 մլրդ 461,3 մլն դրամ (էջ 56): Պարոն Հովսեփյան, կրկնեմ, որ թվերը բերված են 2005 թ. ազգային վիճակագրական ծառայության ժողովածուի էջ 49-ից և 2004 թ. նույն ժողովածուի էջ 56-ից: Կնշանակի, որ, պաշտոնական թվաբանության համաձայն, 42 միլիարդը կազմում է 45 միլիարդի 116,4%-ը: Ո՞րն է այս թնջուկի բանալին: Պատասխանը մեկն է՝ կրկնակի թվաբանությունը: Ակնհայտ է, որ 2004 թ. հեռախոսային խոսակցություններից գանձված 45 մլրդ 461,3 մլն դրամ հասույթը 116,4% աճի տեմպի դեպքում, ինչպես արձանագրված է 2005 թ. պաշտոնագրքում, պետք է կազմեր 52 մլրդ 916,9 մլն դրամ, այլ ոչ թե արձանագրված 42 մլրդ 739,7 մլն դրամը: Այսինքն՝ 2005 թ. ավելի քան 11 մլրդ դրամի նշված տարբերությունը (52 մլրդ 916,9 մլն – 42 մլրդ 739,7 մլն) կամ գրպանվել է, կամ հարկային դաշտից որպես հավելյալ շահույթ դուրս է մղվել: Բա էս թվերի հետևում թաքնված հանցագործությունները թողած, պարոն գլխավոր դատախազ, մենք ի՞նչ ենք ընկել ու առաջնահերթություն տալիս հարկումից, իբր, դուրս մնացած 270 մլն դրամից հարկեր չվճարողի հետևից: Կրկնում եմ, իբր, և հիմա կասեմ դրա պատճառը: Բա ես ինչպես հավատամ այն մարմնին, որը 2004 թ. ապրիլի 13-ին, ասես որպես հանցագործի տուն, եկավ մեր բնակարանը խուզարկության: Է, այդ նույն դատախազությունն էր, չէ՞: Քավ լիցի, ես գիտեմ, որ նրանք հանձնարարություն են կատարել՝ Ռոբերտի և Սերժի: Հիմա ես ո՞նց հավատամ այդ դատախազությանը, ասեք, կամ ո՞րս հավատա: Այս քննարկումը հիշեցնում է Աստվածաշնչում նկարագրված Մարիամ Մագդաղենացու էն հայտնի դատը, երբ Տերն ասում է. թող Մարիամ Մագդաղենացու վրա քար շպրտի նա, ով անմեղ է: Հիմա պրն Քոչարյանը ստիպում է, որ քարը շպրտի կոալիցիան, որը պակաս մեղքեր չունի: Լավ է անում, տղե՛րք, հասնում է ձեզ. «Бей своих, чтобы чужие боялись!» -  էս ա սրանց որդեգրած սկզբունքը:

 

Շարունակեմ երկրում իրականացվող հանցագործությունների թվարկումը. 2004 թ. դեկտեմբեր ամսին 132 մլն դոլարով սեփականաշնորհվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60%-ը, այն է՝ հսկիչ փաթեթը: Եվ, ուրեմն, այս ձեռնարկության շահույթը հենց այդ նույն 2004 թ. կազմել էր շուրջ 115 մլն դոլար: Նշանակում է՝ 14 ամսում կոմբինատի կոլեկտիվն ամբողջությամբ իր շահույթի հաշվին կարող էր սեփականաշնորհել ձեռնարկությունը և դրանով իսկ դառնալ եզակի դեպք՝ «Ժողովրդական ձեռնարկություն»  («Народное предприятие») հիմնելու համար: Տղերքը Գերմանիայում պեղեցին «Քրոնիմետ»  անվանումով ինչ-որ կազմակերպություն, որն էլ սեփականշնորհեց կոմբինատը՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանում թալանած «սև փողերն»  այնտեղ լվանալու: Երբ լինում եմ Գերմանիայում, հարցնում եմ մարդկանց՝ արդյոք գիտե՞ք «Քրոնիմետ»-ի մասին, ենթադրելով, որ դա պետք է լինի շատ խոշոր ընկերություն, որ կարողացել է սեփականշնորհել մեր այդ հսկան: Զարմացած պատասխանում են՝ «Արսելոր», «Միտալլսթիլ»  լսել ենք, «Սևերստալ»  նույնպես լսել ենք, բայց «Քրոնիմետ»-ի մասին չենք լսել: Է, որտեղի՞ց լսեիք: Արածներն ի՞նչ է՝ թալան. սեփականշնորհել են 132 մլն դոլարով, երբ միայն տարեկան շահույթը կազմել է 115 մլն:

Բերեմ մեկ այլ օրինակ. 2002 թ. ֆինանսների նախարարության ֆինանսների գլխավոր վարչությունը համապատասխան տեղեկանք էր կազմել, ըստ որի «Միկա Լիմիտեդը»  պետությանը պարտք էր մնում 2 մլն 957 հազար դոլար: Այդ փաստն արձանագրելուց հետո, չանցած 15 օր, անհասկանալի ծագումով ինչ-որ փաստաթուղթ մեջտեղ բերեցին և այդ շուրջ 3 մլն դոլարանոց պարտքը ջրեցին: Արդյունքում՝ «Միկա Լիմիտեդը»  պետությանն էլ պարտք չի: Էս մարդու լկտիությունն էլ հասավ այնտեղ, որ մայիսի 3-ի ավիավթարից հետո, դեռ տարին չլրացած, Թաթայի համերգի սպոնսորությունն է անում, ֆինանսավորում: Էս մարդը մեր հայկական ադաթների հետ ոչ մի առնչություն չունի: Զոհերի հարազատների երեսին արցունքը դեռ չի չորացել, իսկ ինքը Թաթա է խաղացնում, որն իրենց կարիքն ամենևին չունի: Այ, էս են սրանց բարքերը:

Եվ այս պայմաններում էլ մեզ ուզում են համոզել, որ այսօր քննարկվող հարցը, իրոք, կրիմինալի դեմ պայքար է: Կամ էլ, ի՞նչ, էդ «ֆուլկոնտակտ»-ի հայտնվելը ծեծկռտուքի վայրում պատահական էր: Իհարկե, ոչ. նրանք նույն մարզված տղաներն են, ովքեր 2004 թ. ապրիլի 5-ին 250 ոստիկանների աչքերի առաջ ծեծուջարդի ենթարկեցին անզեն մարդկանց, այդ թվում կանանց, այդ թվում լրագրողների: Ճիշտ այն մարդիկ են, ովքեր ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը նույնպիսի վայրագ գործողությունների դիմեցին: Ճիշտ այն նույն մարդիկ են, ովքեր Աշոտ Մանուչարյանին, Սուրեն Աբրահամյանին ծեծուջարդի ենթարկեցին: Ի՞նչ, կարծում եք, չե՞նք հասկանում: Է, որ իմանաս արդարություն են ուզում հաստատած լինել, կգնաս, ինքդ էլ կկռվես, կկանգնես կողքները: Բայց ի՞նչ է իրականում կատարվում. տղերքը ընտրությունների են գնում: Այս քննարկումով մեծամասնականով պատգամավոր անցկացրածներին հասկացնում են՝ եթե անգամ իսկ մաքուր էլ եք աշխատել, գիտեք չէ՞, ինչ ուզենք, վրաներդ կսարքենք: Դրա համար էլ՝ «Ինչ ասենք, ոնց ասենք, ըտենց էլ պետք է անեք»: Այ, էս է ստեղծված վիճակը: Եվ այստեղ պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել: Մենք պետք է վերջապես հասկանանք, որ էս հանցավոր բարքերով պետությունը տանում են կործանման: Դրսում գնում ես, կռիվ ես անում երկրի վարկը բարձր պահելու համար, բա որ վաղը, մյուս օրը, գնանք մեր շահերը կրկին պաշտպանենք, է, կկանգնեն, կասեն՝ ոտից գլուխ հանցագործության մեջ թաղված երկիր եք ու դեռ խոսո՞ւմ եք: Դուք էլ փաստերով դա եք հաստատում: Մենք ո՞նց ենք դրա տակից դուրս գալու: Հայրենասիրությունից են խոսում: Գտան, մարդ գտան՝ Հակոբ Հակոբյանին, որին քավության նոխազ են դարձնում: Բա էդ ո՞նց եղավ՝ մյուս կողմից մի հոգի չի նստել, չէ՞ որ երկուստեք կռիվ է եղել, չէ՞ որ Հակոբ Հակոբյանի վարորդը հիմա էլ հիվանդանոցում պառկած է: Է, որովհետև Սարկիսյան Գրիշը հակառակ կողմի կռիշան է, ո՞րս չի հասկանում: Որովհետև Սարկիսյան Գրիշն ու Սարգսյան Սերժը ներքին հակասություններ ունեն, իսկ մաէստրո Ռոբերտ Քոչարյանն էլ նրանց հարաբերությունները ռեգուլիրովկա է անում (հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը Հանրապետական կուսակցության շարքերն է մտել Սերժ Սարգսյանի թիմով): Եվ հերիք է մարդկանց աչքերին թոզ փչեք, հերիք է էսքան մարդկանց ուշադրությունը շեղեք այլ ուղղությամբ, որը ճշմարտության և իրականության հետ կապ չունի: Ձեր ժպիտն ինձ հուշում է (դիմում է հանրապետության գլխավոր դատախազին), որ դեսյատկա եմ խփել:

«Ազգային Միաբանություն»  խմբակցությունն այս իշխանությունների կողմից այսօր բեմականացված ֆարսին չի մասնակցելու: Շնորհակալություն:

Последние видеоматериалы

Новые книги