ԵԿԵԼ ԵՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՇՎԱԾ ՀՆԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԵԹԵԹ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

13.09.2011, Հայոց Աշխարհ

Օրերս «Ռեգնում» գործակալությունը եւ «Հայոց Աշխարհ» օրաթերթը «Եվրասիական Միության ստեղծումը ինքնիշխանության պահպանման միակ միջոցն է» վերնագրի ներքո տպագրել էին «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածը:

Այն, որ դրանում տրված էր արդի ժամանակաշրջանում մեր երկրում եւ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում ընթացող զարգացումների խորը վերլուծություն, գալիս է ապացուցելու այն փաստը, որ անցած օրերի ընթացքում այդ հոդվածին անդրադարձել էին մի քանի տասնյակ հազար ինտերնետային այցելուներ:

Ինչո՞վ է պայմանավորված նման մեծ հետաքրքրությունն ու արձագանքը: Իր վերլուծության մեջ Ա.Գեղամյանը հիմնավորել էր, որ Մերձավոր Մեծ Արեւելքում ընթացող արյունալի զարգացումները անտարակույս իրենց լուրջ ազդեցությունը կթողնեն նաեւ մեր տարածաշրջանի վրա, հատկապես Սիրիա, Թուրքիա, Իրան եռանկյունում, ինչպեսեւ կանդրադառնան Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի հանրապետությունների միջեւ առկա հարաբերությունների վրա:

Այս իրողությունների առկայության համապատկերում Գեղամյանն առավել կարեւորել էր հայկական երկու պետությունների դեմ իրականացվող լրատվական պատերազմի փաստը, դրա թիկունքում կանգնած արտաքին ուժերի եւ ներսի 5-րդ շարասյան առավել ակտիվ գործող անձանց դիմակները պատռելը:

 

Խոստովանեմ, նման լուրջ բացահայտումներից հետո «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունում մեծ հետաքրքրությամբ սպասում էինք, թե դրանցից ո՞ւմ նյարդերն առաջին հերթին տեղի կտային: Եվ ահա բոլորս բավարարվածության զգացում ապրեցինք, փաստելով, որ Ա.Գեղամյանի վերլուծությանը անդրադարձել էր մեր կողմից վաղուց ի վեր օտարի շահերը պաշտպանող եւ օտարի խոսափող դարձած «ժամանակ» օրաթերթը: Խիստ բնութագրական է, որ հոդվածագիրը թաքնվել էր Եղիազար Այնթապցու անվան տակ:

Այն, որ այդ թերթի եւ 1in.am ինտերնետային կայքէջի հոգեւոր հայրը մամուլի էջերում որպես օտարերկրյա լրտես բացահայտված եւ լրտեսության մեջ մերկացված Ռիչարդ Գիրագոսյանն է, բոլորին է հայտնի: Տարակուսելի է միայն, թե ինչո՞ւ այս մարդու ով լինելը բացահայտվելուց հետո էլ տերերը նրան շարունակում են վստահել։

Քարոզչական լայնածավալ պատերազմը տեղափոխվում է վճռական փուլ, որի նպատակն է ամեն գնով սասանել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, մեր երկրում սերմանել հակառուսաստանյան, ռուսատյաց տրամադրություններ: Եվ խիստ սպասելի էր, որ ճիշտ այդ նույն Ռիչարդ Գիրագոսյանն իր վերջին ինտերնետ հաղորդաշարում քննադատության թիրախ էր դարձրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի բարձրաստիճան, մեր ժողովրդի բարեկամ դիվանագետին:

Բնական է, որ այդ հաղորդմանը պետք է հաջորդեր հայ-ռուսական բարեկամության ջատագով քաղաքական բոլոր գործիչների նկատմամբ լպիրշ եւ շինծու հոդվածների շարքը: Սպասելի էր, որ հոդվածագիրը պետք է քողարկվեր պատմությունից հայտնի սրիկա Եղիազար Այնթապցու ազգանվամբ` հոգեպես լինելով նրա արժանավոր ժառանգորդը:

Իհարկե, կարելի էր Արման Եղիազարիչ Այնթապցի Բաբաջանյանի թերթի հրապարակումներին չանդրադառնալ, քանզի դա յուրովի գովազդ է դրանց համար, սակայն խնդիրն այլ է: Ամիսներ առաջ մեր ողջ հասարակությունը մեծ ոգեւորությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անմիջական մասնակցությամբ կնքված /CHB-3/ պայմանագրի ստորագրումն ու դրա վավերացումն իրենց պառլամենտների կողմից: Այդ մեծ իրադարձությունը փաստեց, որ Հայաստանի բարեկամ ԱՄՆ նախագահի հռչակած վերաբեռնավորման քաղաքականությունը Ռուսաստանի հետ տալիս է իր առաջին արգասաբեր արդյունքները:

Թվում էր, որ «Ժամանակը», 1in.am-ը, ինչպեսեւ դրանց հոգեւոր հայրիկ Ռիչարդ Գիրագոսյանը, որոնք հայ հասարակությանն անթաքույց ներկայանում են որպես մեր երկրում ԱՄՆ քաղաքականության խոսափողեր, գեթ մեկ անգամ ուղեղներին զոռ կտային եւ ծաղրածուներին հատուկ (հուսով ենք, որ նույն ԱՄՆ-ի քաղաքականությանն էլ խորթ) հոդված-հաղորդումներով հանդես չէին գա:

Կարծում եմ, արդարացված չէր լինի, եթե տխուր երանգներով ավարտեի իմ այս մտորումները: Ծաղրածու Արման Եղիազարիչ Այնթապցու հոդվածը դրական լիցքեր էլ ունի: Դիցուք` ի՞նչ աստիճան ողորմելի վիճակում են հայտնվել «Ազգային Միաբանություն կուսակցության» եւ նրա նախագահ Արտաշես Գեղամյանի քաղաքական հակառակորդները, որ նրա հեղինակած վերլուծական լրջագույն հոդվածներին ընդդիմանում են ծաղրածու-յալանչիների անհեթեթ, դրանց հեղինակների գաղափարական սնանկությունը բնութագրող հոդվածներով:

Առավել աննախանձելի վիճակում է հայտնվել ՀԱԿ-ը, որին գլխակորույս սատարող եւ գովերգողները փեշերն այրած դասական մարգինալներ Արման Ռիչարդի Եղիազար Այնթապցիներն են ու նրանց մանկլավիկ գյադա-գյուդա գրչակները:

Փաստենք, որ եկել են ծաղրածուների մաշված հնարքների ու անհեթեթ ջղաձգումների ժամանակները:

 

ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Последние видеоматериалы

Новые книги