ՆՈՒՅՆ ՓՈՑԽԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

04.05.2011, Հայոց աշխարհ

Մեր հարցերին պատասխանում է «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

-Ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-ՀԱԿ երկխոսության հեռանկարը։ Կարելի՞ է սա համարել «քաղաքական առողջացման» նշան կամ խոսել երկրում քաղաքական «նոր մշակույթի» արմատավորման մասին։

-Ցավոք, 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից սկսած` իշխանական քարոզչամեքենան եւ ՀԱԿ-ին սպասարկող լրատվամիջոցները ժողովրդին փաթաթեցին մի միֆ, որ Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունի երկու հակամարտ բեւեռ` իշխանություն եւ ՀԱԿ։ Եվ քանի որ երկրում կային բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնք լուծում էին պահանջում, բայց ինչ-ինչ պատճառներով` թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ, այդ հարցերի լուծումը ձգձգվում էր, շատերը, արագ փոփոխություններ չտեսնելով, կամա-ակամա թեքվեցին դեպի ՀԱԿ։

Այդ գործընթացը շարունակվեց շուրջ 3 տարի։ Դրան նպաստեցին նաեւ օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ, որոնք Հայաստան այցելելիս իրենց պարտքն էին համարում գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Էջմիածին, Մատենադարան, հետո ներկայանալ Լ.Տեր-Պետրոսյանին, եւ կարողացան արհեստականորեն ուռճացնել այդ առասպելը։

Հիմա, երբ ՀԱԿ-ը վերջնականապես սպառել է իրեն, Տեր-Պետրոսյանն առաջադրեց հայտնի երեք նախապայմանները` երկխոսության ձեռք մեկնելով իշխանություններին, ինչը նախագահն ընդունեց, եւ շատ ճիշտ արեց, որովհետեւ քաղաքական իշխանության խնդիրն է ոչ թե հաճոյանալ այս կամ այն քաղաքական ուժին, այլ պետականությունը զերծ պահել ցնցումներից, հատկապես այն փխրուն իրավիճակում, որի մեջ հայտնվել են Հայաստանը եւ տարածաշրջանը։

-ՀԱԿ-ի լիդերները պնդում են, որ իշխանությունները ստիպված են գնալ երկխոսության, որովհետեւ վախեցած են` ահաբեկված «համաժողովրդական ալիքի» տակ ճզմվելու մահացու հեռանկարից։

-Անընդունելի է, երբ նորից (արդեն երկրորդ փուլով) փորձ է արվում ՀԱԿ-ի շուրջ մի նոր առասպել հյուսել` ներկայացնելով այնպես, թե իշխանությունները գործում են ՀԱԿ-ի թելադրանքով, կատարում են Լ.Տեր-Պետրոսյանի պահանջները` վաղաժամկետ ազատ արձակելով «Մարտի 1»-ի գործով ազատազրկվածներին, ազատելով Թատերական հրապարակը եւ մարտիմեկյան դեպքերը նորովի քննության առարկա դարձնելով։ Այսինքն` երկրորդ անգամ կանգնել նույն փոցխի վրա։ Սա մեծագույն մոլորություն է։

Ի՞նչ է` հանրապետության նախագահն այնքան կտրված է կյանքից եւ մեր իրականությունից, որ շուրջը ոչինչ չէր տեսնում, չգիտեր` ինչ քայլեր ձեռնարկել հանրային առճակատումը մեղմելու համար, եւ ՀԱԿ-ի ճնշման տա՞կ է դա անում։

Վտանգավոր է, երբ մարդիկ դարձյալ փորձում են «ֆոկուսի բերել» քաղաքական դաշտը իշխանություն-ՀԱԿ առանցքի շուրջ։ Եթե ազգը արհեստականորեն դրվում է երկընտրանքի առաջ` կա՛մ իշխանությանը հավատալ, կա՛մ ՀԱԿ-ին, նա վաղ թե ուշ հիասթափություն է ապրելու, որովհետեւ ՀԱԿ-ը ոչինչ չունի տալու ժողովրդին, բացի սին խոստումներից, իսկ իշխանությունը հապաղում է երկրի համար հրատապ հարցերի լուծումը գործնականում կյանքի կոչելու հարցում։

Ավելին` այսօր քաղաքական օրակարգում դրված չեն այն հարցերը, որոնց լուծմանն սպասում է մեր ժողովուրդը։ Այո, հայրենասիրության եւ առաջնորդի ընտրության մասին յուրովի պատկերացումներ ունեցող հայ երիտասարդներին ազատ արձակելը խնդիր է, բայց չի կարելի դա օրակարգային հարց դարձնել մի երկրում, որը շրջափակված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որոնք առիթը բաց չեն թողնում՝ ցույց տալու իրենց թշնամական վերաբերմունքը եւ թշնամական գործողություններ իրականացնելու մեր երկրի դեմ։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ բավարարված չեք սոցիալ-տնտեսական իրավիճակը շտկելու, գնաճի տեմպերը զսպելու նախագահի հանձնարարականը կատարելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերով։

-Երբ նախագահը արտակարգ խորհրդակցություն հրավիրեց եւ քաղաքական խնդիրներ դրեց իր թիմի առաջ, հաջորդ իսկ օրը կառավարությունը պետք է աշխատանքային հստակ ծրագիր ներկայացներ թե՛ նախագահին, թե՛ հանրությանը, Ազգային ժողովը` հանդես գար համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, քայլեր արվեին մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների մակարդակով։ Այլապես ստացվում է, որ նախագահի ճիշտ հարցադրումները չեն ամրապնդվում գործադիր իշխանության համարժեք գործողություններով եւ ծրագրերով։

Չի կարելի մեկուկես միլիարդ դոլարի վարկ վերցնել եւ հետո հպարտանալ, թե 60 միլիարդ դրամի, այսինքն` 270 միլիոն դոլարի ծրագրեր ունենք, որոնք ընթացքի մեջ են. 1,5 միլիարդ վարկ ես վերցնում, բայց քո գզրոցում ընդամենը 250 միլիոն դոլարի ծրագիր ունե՞ս։ Դա ոչ պրոֆեսիոնալիզմի դրսեւորում է։

Այս պայմաններում նախագահը հիշեցնում է հրամանատարի, որը ռազմաճակատի ողջ գծով առաջ է անցել իր բանակից. սա մի կողմից` լավ է, մյուս կողմից` վտանգավոր, որովհետեւ այդ տարածությունը իր եւ իր թիմի միջեւ կարող է զբաղեցնել օտարը։ Վաղը դժգոհության վեկտորը էլի ուղղվելու է հանրապետության ղեկավարին, որովհետեւ ոչ մի քաղաքական ուժ չի ուզում պատասխանատվություն ստանձնել, տեր կանգնել, դառնալ առաջադրված խնդիրների լուծման երաշխավոր։

Եվ այս կարեւորագույն հարցերը թողած` լրատվական դաշտը ժողովրդին բթացնում է զանազան շոուներով, ամեն ինչ հանգեցնում նրան, թե ով ում հետ կմիանա, կոալիցիայի կուսակցությունները միասի՞ն կմասնակցեն ընտրություններին, եւ նման բաներ։

-Իշխանություն-ՀԱԿ «երկխոսության» համատեքստում դարձյալ ակտիվացել են խոսակցությունները երրորդ ուժերի, ընդդիմադիր երկրորդ բեւեռի ձեւավորման մասին։ Նման հեռանկար ուրվագծվո՞ւմ է։

-Հայաստանը այսօր հայտնվել է մի այնպիսի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակում, երբ բոլոր, նույնիսկ իրարամերժ քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ, ոչ թե խոսել երրորդ, չորրորդ, հինգերորդ ուժերի մասին։ Այդ համաստեղության մեջ թող լինեն տարբեր կարծիքներ, բայց մայր խնդիրները արդեն իսկ հստակ ուվագծված են` կանխել արտագաղթը, ստեղծել նոր աշխատատեղեր, ապահովել գյուղական տնտեսությունների եւ գյուղատնտեսության վերելքը, մեղմել ճեղքվածքը, որ գոյություն ունի կենսաթոշակների եւ նվազագույն սպառողական զամբյուղի միջեւ։

Եթե բոլոր քաղաքական ուժերն այս մոտեցումը որդեգրեն, վստահ եմ, հաջողությունը չի ուշանա։ Հակառակ դեպքում ոչ մի որակական փոփոխություն տեղի չի ունենա։

Հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է «գույքագրելու» անցած 3 տարիները եւ տեսնելու` որ քաղաքական ուժը իրեն ինչպես է դրսեւորել, ինչ տրանֆորմացիաների է ենթարկվել։ 2008թ. «մարտի 1»-ից հետո կա՞ր գեթ մեկ կուսակցություն, որը, առաջնորդվելով ոչ թե սեզոնային հայրենասիրությամբ, այլ պետականության շահով, ամենավտանգավոր պահին հրապարակային ներկայացներ իր դիրքորոշումը, բացի ԱՄԿ-ից, որ անմիջապես` մարտի 2-ին, նախագահության արտահերթ նիստ գումարեց եւ գնահատական տվեց տեղի ունեցածին։ Մյուսները սկսեցին կենդանության նշաններ ցույց տալ միայն 8 օր հետո, երբ իրավիճակը քիչ թե շատ կայունացել էր, եւ արդեն պարզ էր, որ հեղաշրջում չի լինի։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги