ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ

25.01.2010

«Եթե հիշում եք, 1995թ. ՀՀՇ-ն, զգալով, որ իր վարկանիշն այնքան էլ բարձր չէ, ստեղծեց «Հանրապետություն» միավորումը, որի մեջ ընդգրկվեցին Հանրապետական կուսակցությունը, ՍԴՀԿ-ն, ՀՔԴՄ-ն եւ այլ քաղաքական ուժեր։
Չեմ ուզում ասել, թե այսօր Հանրապետականը ցածր վարկանիշ ունի եւ միայնակ չի կարողանա բարձր ցուցանիշներ արձանագրել։ Քա՛վ լիցի։ Բայց վատ չէր լինի, որ ստեղծվեր ավելի հզոր նախընտրական բլոկ, օրինակ, «Առաջ, Հայաստան» դաշինք, որի մեջ մտնեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք սատարում են Հանրապետական կուսակցությանը, հանրապետության նախագահին եւ նրա ծրագրերին։ Սա մոտեցումներից մեկն է։ Կարող են լինել այլ տարբերակներ»,- կարծում է «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ։

 

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԻ ՄՈՄ ՎԱՌԵԼ, ՔԱՆ ԱՆՎԵՐՋ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

Մեր հարցերին պատասխանում է «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

-2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ԱՄԿ-ն ճշգրտե՞լ է քաղաքական դաշտում իր տեղը, համախոհ քաղաքական ուժերի, ինչու չէ, հավանական դաշնակիցների շրջանակը։
-Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Ազգային միաբանություն» կուսակցությունն իր առաքելությունը համարում է մեկ միասնական օրակարգի ձեւավորումը բոլոր քաղաքական ուժերի համար։
Ադրբեջանական քարոզչամեքենան, ինչու չէ, նաեւ նախագահը եւ արտգործնախարարը առիթը բաց չեն թողնում միջազգային կազմակերպություններին, պետությունների ղեկավարներին հասկացնելու, որ Ադրբեջանի «համբերությունը հատել է», եւ իրենք պատրաստ են ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Ադրբեջանի ֆինանսների նախարարն էլ ամպագոռգոռ հայտարարություններ է անում, թե 2011թ. իր երկրի ռազմական բյուջեն 3 միլիարդ 100 միլիոն դոլար է, ռազմարդյունաբերական համալիրին տրամադրվելիք գումարները` ավելի քան 4 միլիարդ։

Այս իրավիճակում, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է, որ Հայաստանի քաղաքական դասը` քաղաքական ընտրանին, ունենա միասնական քաղաքական օրակարգ, եւ քաղաքական ուժերը մրցակցեն ոչ թե իրար վրա ցեխ շպրտելով, միմյանց անվանարկելով, պիտակներ կպցնելով, այլ յուրաքանչյուրը ներկայացնի իր ծրագիրը, իր առաջարկությունները` ինչպես ձեւակերպել եւ ամենակարճ ճանապարհով կյանքի կոչել այդ միասնական օրակարգի հարցերը։
Այդ պարագայում բոլորի համար արդեն ակնհայտ կլինի` ով է առաջնորդվում երկրի, պետության շահերով, եւ ով ընդամենը ձայներ կորզելու խնդիր է դնում` ներկայանալով որպես մի արտասովոր նորահայտ ուժ, որ հրապարակային միջոցառումների ժամանակ բան չասելով` իզուր պղտորում է մարդկանց մտքերը եւ հոգիները։
-Ոմանց համառորեն հանգիստ չի տալիս, որ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ ԱՄԿ-ն հրաժարվեց համագործակցել լեւոնականների հետ եւ տեղափոխվեց կառուցողական դաշտ։
-Մենք բազմիցս ասել ենք, որ «Ազգային միաբանության» առաջնահերթ խնդիրը ազգային անվտանգությունն է եւ պետականության ամուր հիմքերը։ Եվ երբ քաղաքական թատերաբեմ վերադարձավ մի քաղաքական ուժ, որ բացի կազմաքանդելուց ոչինչ չէր առաջարկում, հասկացանք, որ պիտի սատարենք Ս.Սարգսյանին։ Առավել եւս, որ մեր ծրագրերը ե՛ւ աշխարհաքաղաքական մոտեցումներով, ե՛ւ ինչու չէ, պետության կարգավորիչ դերի ներքին ռեուրսների ճիշտ օգտագործման առումով շատ համահունչ են Ս.Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության ծրագրերին։ Այս հարցերում, այո, սատարել ենք եւ առաջիկայում եւս շարունակելու ենք սատարել հանրապետության նախագահին։
Ինչ վերաբերում է մամուլում մեր հասցեին երբեմն շրջանառվող ճղճիմ բամբասանքներին եւ անձնական վիրավորանքներին, դա էլ երեւի թե գալիս է նրանից, որ լուրջ հակափաստարկներ չգտնելով` տեղափոխվում են շահարկումների հարթություն։
-Այնուամենայնիվ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ի՞նչ ձեւաչափով` առանձի՞ն, թե՞ դաշինքով։
-Առիթ ունեցել եմ ասելու` Հայաստանում չկա որեւէ լրջմիտ քաղաքական ուժ, որը չընդունի, որ «Ազգային Միաբանությունը» Ազգային ժողովում պահանջված կուսակցություն է։ Անհամեստ չեմ ուզում երեւալ, բայց 8 տարի շարունակ լինելով խորհրդարանում, ԱՄԿ-ն կարողացել է ձեռքը պահել «զարկերակի վրա», բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել, զարգացնել օրենսդրական դաշտը, խթանել սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Էլ չեմ ասում խորհրդարանական դիվանագիտության եւ միջխորհրդարանական կապերի մասին, որոնց շատ ակտիվ մասնակցում էին մեր խմբակցության բոլոր պատգամավորները Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ։
Ի՞նչ ձեւաչափով կմասնակցենք ընտրություններին` միայնա՞կ, թե՞ դաշինքով` այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Ոչինչ բացառել չի կարելի։
-Տեսնո՞ւմ եք քաղաքական ուժերի այն շրջանակը, որոնց հետ կարող եք համագործակցել։
-Եթե հիշում եք, 1995թ. ՀՀՇ-ն, զգալով, որ իր վարկանիշն այնքան էլ բարձր չէ, ստեղծեց «Հանրապետություն» միավորումը, որի մեջ ընդգրկվեցին Հանրապետական կուսակցությունը, ՍԴՀԿ-ն, ՀՔԴՄ-ն եւ այլ քաղաքական ուժեր։ Չեմ ուզում ասել, թե այսօր Հանրապետականը ցածր վարկանիշ ունի եւ միայնակ չի կարողանա բարձր ցուցանիշներ արձանագրել։ Քա՛վ լիցի։ Բայց վատ չէր լինի, որ ստեղծվեր ավելի հզոր նախընտրական բլոկ, օրինակ, «Առաջ, Հայաստան» դաշինք, որի մեջ մտնեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք սատարում են Հանրապետական կուսակցությանը, հանրապետության նախագահին եւ նրա ծրագրերին։ Սա մոտեցումներից մեկն է։ Կարող են լինել այլ տարբերակներ։
Շատ հաճախ մենք սիրում ենք կռվից հետո սուր ճոճել, թե` այս ի՞նչ Ազգային ժողով ստացանք, ինչո՞ւ քաղաքական գործիչների փոխարեն խորհրդարան եկան օլիգարխներ եւ այլն։ Իզուր չի ասված` ավելի լավ է մի մոմ վառել, քան անվերջ անիծել խավարը։ Մենք համարում ենք, որ պետք է համախմբել մոմ վառողների ուժերը եւ ազգովին լծվել երկրի հզորացման գործին։ Էժանագին պոպուլիզմից ժողովուրդը վաղուց արդեն հոգնել է։
-«Տիգրան Կարապետյանի ֆենոմենը» այլ բան է վկայում` որ պոպուլիզմը դեռեւս պահանջարկ ունի մեր երկրում։
-Ցավում եմ, որ իրեն «կայարանցի Տիկո» հորջորջող Կարապետովիչն իր գործունեությունը սկսել է ստից եւ կեղծիքից. մի քանի օր առաջ հեռուստադիտողների հարցերին պատասխանելով` ասել է, որ Արտաշես Գեղամյանի որդին Մեղրու մաքսային ծառայության պետ է նշանակվել, դրա համար «լռում է»։
Արտաշես Գեղամյանը երկու որդի ունի, երկուսն էլ կիրթ, ուսյալ մարդիկ են։ Մեկը ավարտել է Լոնդոնի «Մետրոպոլիտեն» համալսարանի «Միջազգային բիզնեսի» բաժինը եւ ստացել մագիստրոսի կոչում, բայց այսօր աշխատանք չունի` գործազուրկ է։ Մյուսը իրավաբանական գիտությունների թեկնածու է, բայց 8 տարի է` խորհրդարանում ընդամենը իրավաբանական վարչության մասնագետներից մեկն է։ Ինչպե՞ս կարելի է, իրեն արդարության ջատագով հռչակելով` ստախոսությամբ զբաղվել։
Ինչ վերաբերում է «Տիգրան Կարապետյանի ֆենոմենին», «Սարոյան եղբայրներ» ֆիլմում մի դրվագ կա` Գեւորգը Հայկին հարց է տալիս` ի՞նչ են ասում բոլշեւիկները, որ ժողովրդին խաբում են։ Պատասխանում է` հաց են ասում, խաղաղություն են ասում։
Տիգրան Կարապետյանը հալածյալի կերպար ստացավ ԱԼՄ-ի փակվելուց հետո, չնայած ԱԼՄ-ի գեղարվեստական, քաղաքական, մտավոր արժեքը շատ ցածր էր` եկեք համաձայնենք դրան։ Այսօր բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, իրավիճակը լարված է, եւ ով էլ այդ խնդիրներից խոսի` բողոքավորների ահագին զանգված կհավաքի։ Այդքա՛ն բան։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги