COSA NOSTRA-Ն ԱՅՆՏԵՂ ՉԷ, ՈՒՐ ՓՆՏՐՈՒՄ ԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ

20.10.2010

Վերջին օրերին Հայաստանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները հաճույքով մեջբերումներ են կատարում ոչ թե արմատական ընդդիմության առաջնորդների, ոչ թե կառավարության ղեկավարների ելույթներից, որ Ազգային ժողովի քննարկման են ներկայացրել «ՀՀ 2011թ. պետական բյուջե» անվանվող հաշվապահական հերթական հաշվետվությունը, այլ ամբողջ ուժով տարածում են Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատախազ Փրիթ Բհարարայի մերկացումները, որոնք հնչել էին հոկտեմբերի 13-ին Նյու Յորքում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Դատախազի մեղադրական ելույթները հնչեցին նաեւ եվրոպական ու ամերիկյան զանազան կարգի ազատ ռադիոձայներում, որոնք ահա արդեն քանի տասնամյակ «շոյում» են Հայաստանի եւ, ընդհանրապես, ԱՊՀ քաղաքացիների լսողությունը: Դրանց ձայնը լսվեց էլեկտրոնային «աչալուրջ» բոլոր ԶԼՄ-ների կողմից` անկախ դրանց գրանցման վայրից եւ ֆինանսավորման աղբյուրների աշխարհագրությունից:

Սենսացիաների կարոտ շարքային քաղաքացուն ի՞նչ էր պատմում Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատախազը:

Մասնավորապես ասվել է, թե «ԱՄՆ իշխանությունները հայտարարել են հիմնականում հայերից կազմված հանցավոր խմբավորման 73 անդամների դեմ քրեական գործեր հարուցելու մասին, որոնք մեղադրվում են մի ամբողջ շարք հանցագործություններ կատարելու համար՝ բժշկական ապահովագրերի հետ կապված վիթխարի խարդախությունից մինչեւ կեղծված վարկային քարտերով մեքենայություններն ու մաքսանենգ սիգարետների եւ գողացված կամ ապօրինի արտադրված «վիագրայի» առեւտուրը»:

Ուշադրություն դարձրեք, խոսքը ամերիկյան սպառողական շուկան մաքսանենգ ծխախոտով լցրած մաքսանենգներին, առավել եւս ապօրինի բժշկական դեղամիջոցի՝ «վիագրայի» արտադրողներին բռնելու մասին չէ: Խոսքը նրա°նց բռնելու մասին է, ովքեր զբաղվում են դրանց առեւտրով:

Հատկապես հոգեցունց էր, երբ դաշնային դատախազը բացահայտված հանցավոր խումբն անվանեց «միջազգային», ընդգծելով, որ «նրա ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, կանոնավորապես այցելել են այդ երկիր եւ այնտեղ ձեռք բերել անշարժ գույք` ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ստացված միջոցներով»:

Տարօրինակ է, որ դաշնային դատախազն առանց ամերիկյան դատարանի վճռի` օրենքի խախտման համար կասկածյալներին արդեն բնորոշել է ոչ այլ կերպ, քան «հանցավոր խումբ»: Որքան հիշում եմ՝ անմեղության կանխավարկածը ԱՄՆ-ում դեռ վերացված չէ: Այս հայտարարության մեջ փաստորեն անուղղակի մեղադրանք կա ե°ւ Հայաստանի Կենտրոնական բանկի, ե°ւ իրավապահ մարմինների հասցեին, որոնք, ստացվում է, անհրաժեշտ զգոնություն չեն ցուցաբերել «կեղտոտ փողերի» լվացումը կանխելու նպատակով: Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, դեռ 2003թ. հոկտեմբերին վավերացրել է 1990թ. նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած Կոնվենցիան հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների լվացման, բացահայտման, առգրավման եւ բռնագանձման մասին՝ դրանով իսկ համապատասխան պարտավորություններ ստանձնելով:

Ընդ որում՝ դաշնային դատախազը, չգիտես ինչու, չի պարզաբանում, թե ի՞նչն է խանգարել ԱՄՆ իշխանություններին, որոնք, ըստ նրա, արդեն ավելի քան մեկ տարի հետաքննում են այդ գործը, դեռ մեկ տարի առաջ ՀՀ իշխանությունների հետ հենց սաղմնային վիճակում կասեցնել Հայաստանում «կեղտոտ փողերի» հանցավոր լվացումը: Չէ՞ որ ԱՄՆ-ն ինքն էլ FATF-ի (Financial Action Task Force on Money Laundering) ամենահեղինակավոր անդամներից է, միջազգային կազմակերպություն, որը հատուկ զբաղվում է փողերի լվացման դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ ու տարածմամբ՝ նպատակ ունենալով թույլ չտալ այդօրինակ եկամուտների օգտագործումը հանցավոր գործունեության մեջ եւ օրենքի սահմաններում պաշտպանել տնտեսական գործունեությունը «կեղտոտ փողերից»: Բայց դա այլ խոսակցության թեմա է:

Այնուհետեւ Փրիթ Բհարարան, կրկին խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, այդ խմբավորումը համեմատել է «դասական Cosa Nostra-ի» հետ, ավելացնելով, որ «ոչ լեգալ եկամուտների, աշխարհագրական ընդգրկման եւ հավակնոտության տեսակետից ավանդական մաֆիան կարող էր նախանձել հայ-ամերիկյան այդ խմբավորմանը»:

Համա թե գործունեություն են ծավալել հայրենակիցներս ԱՄՆ-ում, հա¯: Չափն անցել են գրողի տարածները: Լսելով դաշնային դատախազին՝ հենց նման հարց-գնահատականներ են դուրս թռչում շուրթերիցդ:

Հետո էլ ավելի հետաքրքիր է. ըստ նրա՝ հետաքննության ընթացքում բացահայտված, բայց դեռեւս դատարանի վճռով չհաստատված փաստերը կարող էին «հիանալի կինոնկարի սցենարի հիմքը կազմել, բայց սա կինո չէ: Սա իրականություն է, որին մենք բախվել ենք, եւ մենք կօգտագործենք մեր ունեցած բոլոր ռեսուրսները, մեզ հասանելի գործիքներն այն բանի համար, որ պատասխանատվության ենթարկենք այդ ենթադրյալ գանգստերներին»: Պատկերն ամբողջացնելու համար ասենք, որ ամերիկյան պետությունը կալանման պահին հասցրել էր խարդախներին փոխանցել 35 մլն դոլար:

Լինելով Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացի, առաջին հերթին կուզենայի շնորհավորել ամերիկյան իշխանություններին հայ-ամերիկյան խմբավորման գործողությունների բացահայտման առիթով, որոնք հանցավոր են բնորոշվում: Եվ սա իմ կողմից կեղծավորություն չէ, քանի որ ԱՄՆ-ի ավելի քան միլիոն օրինապաշտ քաղաքացիներ հայ մարդիկ են, իսկ նրանցից հարյուր հազարավորներն օգտվում են ամերիկյան պետական ապահովագրական «Medicare» ծրագրի ծառայություններից:

Միաժամանակ չափից ավելին է թվում այն աղմուկը, որ բարձրացվել է խարդախության մեջ կասկածվող հայկական ծագման անձանց բռնելու առնչությամբ: Բնականաբար այդ աղմուկից չէր կարող չօգտվել թուրք-ադրբեջանական քարոզչությունը: Մեր հարեւանների ագիտպրոպը անհապաղ օգտագործեց սույն իրադարձությունը հայատյացության քարոզչություն բորբոքելու համար՝ հայերի մասին հեռուն գնացող հետեւություններով՝ ընդհանրապես եւ նրանց բարոյական նկարագրի մասին՝ մասնավորապես:

Բազմաթիվ հրապարակումներում մեր «մերձավոր» հարեւանները չէին խորշում հայտարարել նաեւ, որ ինչ-որ կապ է եղել «հանցավոր խմբավորման» անդամների եւ Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցների միջեւ: Հավանաբար Փրիթ Բհարարայի բառերը՝ խմբավորման անդամների Հայաստան կատարած հաճախակի այցելությունների մասին, թուրք-ադրբեջանական ԶԼՄ-ների համար բավականաչափ հիմնավորում են նման հետեւություններ անելու: Նրանք, չգիտես ինչու, անտեսել են, որ Միացյալ Նահանգների Հետաքննության դաշնային բյուրոն (ՀԴԲ) այս գործի հետաքննության ընթացքում օգնության համար չի դիմել Հայաստանի իշխանություններին: Այս մասին «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում հայտարարել է ՀԴԲ-ի նյույորքյան բաժանմունքի քրեական բաժնի ղեկավար Դիեգո Ռոդրիգեսը: Ըստ նրա՝ դրա կարիքը չկար, քանի որ հետաքննությունը սեւեռված էր ԱՄՆ-ում կասկածվողների գործունեության վրա:

Այս գործին Հայաստանի իշխանությունների հանցակցության մասին թուրք-ադրբեջանական գաղափարախոսների վարկածն անհապաղ յուրացրին նաեւ այն ԶԼՄ-ները, որոնք վերահսկվում են ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից: Խաղարկելով հայաստանցիների եւ հայկական ծագմամբ ամերիկյան քաղաքացիների ձերբակալության փաստը՝ կոնգրեսի ագիտպրոպն իր քննադատության սուր ծայրն ուղղեց այդ խմբավորման անդամների ու Հայաստանի իշխանական կառույցների միջեւ իբր առկա սերտ կապերը ծամծմելուն:

Ավելին՝ լուրջ խորհրդածությունների է մղում նաեւ այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը հոկտեմբերի 15-ին Երեւանում անցկացված ՀԱԿ հանրահավաքում հասցեագրված էր ոչ այնքան Հայաստանի երեք-չորս հարյուր քաղաքացիներին, որոնք հորդառատ անձրեւի տակ լսում էին իրենց կուռքին, որքան հաշվարկված էր օտարերկրյա լսարանի համար: Հռետորը մորմոքվում էր. «Գրեթե օր չի անցնում, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ արտասահմանյան անկախ փորձագետները չնշեն, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, եւ որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ... Մեր օտար բարեկամները համառորեն չեն ուզում ընկալել, որ խնդիրը (նկատի ունի կոռուպցիայի դեմ պայքարը եւ ազնիվ ընտրությունների անցկացումը - Ա.Գ.) ոչ թե օրենքների անկատարությունն է, այլ դրանք կիրառելու կամքի բացակայությունը:

Անգամ մեր անկատար համարվող օրենքները միանգամայն բավարար են թե° արդար ընտրություններ անցկացնելու, թե° կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար... Ժամանակն է, որ Արեւմուտքը գիտակցի այս պարզ իրողությունը եւ մեր երկրի հանդեպ վարած իր քաղաքականությունը կառուցի դրա հիման վրա: Նրա կողմից (նկատի ունի Արեւմուտքը - Ա.Գ.) մինչ այժմ դրսեւորված հանդուրժողությունն այս հարցում եւ տարօրինակ գուրգուրանքը Հայաստանի կոռումպացված իշխանությունների նկատմամբ, որ բացատրվում է քաղաքական նկատառումներով, վերածվում է հանցագործության հայ ժողովրդի հանդեպ, ինչն արդարացում չունի»:

Փրիթ Բհարարայի եւ Դիեգո Ռոդրիգեսի նյույորքյան այն հայտարարություններից երկու օր անց, թե «կասկածյալները կանոնավորապես այցելել են Հայաստան, ինչը թույլ է տվել նրանց ԱՄՆ սահմաններից դուրս բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները», Լ.Տեր-Պետրոսյանի հղումները Արեւմուտքին եւ միայն նրան, միանգամայն այլ երանգավորում են ստանում: Փաստորեն ՀԱԿ-ը հանրահավաքի ժամանակ իր ողջ քարոզչամեքենան օգտագործել է հաստատելու համար Թեմիսի ամերիկյան սպասավորների կիսատ ասված միտքը իբր ՀՀ իշխանական կառույցների եւ ընդհանրապես հանցավոր տարրերի ու մասնավորապես հայ-ամերիկյան խմբավորման սերտաճման մասին: Ըստ որում, դա հաստատելուն էր ուղղված նաեւ Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ելույթի դրույթն առ այն, որ իրողություն է իշխանությունների «համագործակցությունն արտասահմանյան մաֆիոզ կառույցների եւ քրեական տարրերի հետ... փողերի լվացումը...»:

Որպեսզի ընթերցողի մեջ տպավորություն չստեղծվի, թե փորձում եմ արդարացնել կոռուպցիայի դեմ մեր կառավարության եւ հանրապետության իրավապահ մարմինների կողմից մղվող միանգամայն ոչ արդյունավետ պայքարը, կոռուպցիա, որը հիմնականում հետեւանք է, մեղմ ասած, կառավարության տնտեսական թույլ եւ անարդյունավետ քաղաքականության, որը պարարտ հող է ստեղծում մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների, մրցակցությունը ճնշելու, խոշոր բիզնեսի ու իշխանության սերտաճման համար, վճռականապես պատասխանում եմ՝ ոչ: Պարզապես այդ հարցերի քննարկումը մեկ այլ, նույնպես խիստ պահանջված խոսակցության թեմա է:

Սակայն վստահաբար կարելի է ասել. կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է, որ մեր երկրի քաղաքական ղեկավարությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի, որը, ուզում եմ հուսալ, պատշաճ կամք կցուցաբերի եւ կարգուկանոն կմտցնի այս գործում՝ դրանով իսկ սասանելով հողը նրանց ոտքերի տակ, ովքեր անդադրում զբաղվում են քաղաքական շահարկումներով, ինչը, իր հերթին, նպաստավոր պայմաններ է ստեղծում դրսից մեր երկրի վրա ճնշում գործադրելու համար: Վստահ եմ, որ այս պայքարում Հայաստանի իշխանությունները միայնակ չեն լինի:

Այստեղ մտահոգիչ է բոլորովին այլ բան: Նախ՝ արդեն ակնհայտ է դարձել, որ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող հայ-ամերիկյան խմբավորման ձերբակալության շուրջ բարձրացված տիեզերական աղմուկը վաղուց սպասվում էր որոշակի ուժերի կողմից, ուստիեւ այն անմիջապես խլեց թուրք-ադրբեջանական ու տերպետրոսյանական քարոզչությունը, ընդ որում՝ միայն մի նպատակով. ԱՄՆ-ում գործող խաբեբաներին շաղկապել Հայաստանի իշխանությունների հետ: Ես չսխալվեցի՝ օգտագործելով «տիեզերական աղմուկ» արտահայտությունը: Ինքներդ դատեք:

Այսպես. ԱՄՆ ապահովագրական շուկան կազմված է ավելի քան 5000 ընկերություններից, որոնց ակտիվները գերազանցում են 1,8 տրլն դոլարը: Ապահովագրողների ամենամյա կորուստները ԱՄՆ փորձագետները գնահատում են մոտ 100 մլրդ դոլարի չափով, ինչը կազմում է 1 հազ. դոլար ամերիկյան մեկ ընտանիքի հաշվով: Ամենահաճախակի հանցագործությունները կատարվում են բժշկական ապահովագրության մեջ, դրանից ամերիկյան պետությունն ամեն տարի ունենում է 80 մլրդ դոլարի վնաս, ավտոմեքենաների ապահովագրությունից՝ 14,5 մլրդ դոլար, արտադրության ընդհատումների ապահովագրությունից վնասը 1,3 մլրդ դոլար է եւ այլն:

Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ 2009թ. մայիսի վերջին Բարաք Օբամայի վարչակազմի իշխանության գալով հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում, առողջապահության «Medicare» ազգային համակարգում ստեղծվել է իրավախախտումների դեմ պայքարի հատուկ հանձնաժողով: Այս որոշումը շատ բանով պայմանավորված էր նրանով, որ ամերիկյան բժշկությունն ամեն տարի, կրկնում եմ, խարդախության հետեւանքով կորցնում է 77-ից մինչեւ 270 մլրդ դոլար: Դա առողջապահության վրա պետական ընդհանուր ծախսերի 3-10%-ն է, որ ամեն տարի հասնում է մինչեւ 2,2 տրլն դոլարի: Ուզում եմ հուսալ, որ հարյուր միլիարդավոր դոլարներ հաշվվող այս բոլոր մեքենայությունների հետեւում հայկական ծագմամբ ԱՄՆ քաղաքացիները չեն կանգնած (դատելով ռեզոնանսից կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունից):

Միաժամանակ պարոն Փրիթ Բհարարային կուզենայի հուշել շատ ավելի հետաքրքիր, միանգամայն այլ սյուժե կինոնկարի սցենարի համար (որի մասին նա հիշատակում է իր հայտարարության մեջ): Խոսքը իրականում բոլոր ժամանակների խոշոր խարդախների մասին է (հայ-ամերիկյան խմբավորման արարքները նրանց ֆոնին պարզապես աղոտանում, խամրում են), որոնք հիմա էլ ողջ-առողջ ապրում են ԱՄՆ-ում:

Այսպես. 1997թ. ԱՄՆ-ի յոթ նահանգներում Columbia/HCA (այսուհետ՝ HCA) ընկերության գրասենյակներ եկան Միացյալ Նահանգների դաշնային կառավարական մարմինների գործակալներ: Իշխանությունների ներկայացուցիչները պարզեցին, որ այդ ընկերության (որն ԱՄՆ տարածքում վերահսկում է 340 կլինիկա, 130 վիրաբուժական կենտրոն եւ տանը բուժօգնություն տրամադրող 550 հաստատություն) կողմից ֆինանսական բազմաթիվ խախտումների հետեւանքով ապօրինաբար յուրացվել են առնվազն 1,7 մլրդ դոլարի պետական միջոցներ:

ԱՄՆ իշխանություններն այդ կորպորացիային առաջարկեցին գանձարան վերադարձնել պետությունից գողացված միջոցները: Այդ գումարի կեսը՝ 840 մլն դոլար (այլ ոչ թե ինչ-որ 35 մլն դոլար, ինչպես ձերբակալված հայ-ամերիկյան խմբավորման դեպքում է), 1999թ. վճարեցին այդ ընկերության դուստր ձեռնարկությունները որպես տուգանք բժշկական կեղծ ծառայությունների տրամադրման դիմաց:

Որոշ ժամանակ անց ինքը՝ HCA ընկերությունը, վերադարձրեց եւս 376 մլն դոլար, որոնք նույնպես ընկերությունն ստացել էր ոչնչով չհիմնավորված հաշիվներով: Եվս 225 մլն դոլար վերադարձվեց ԱՄՆ գանձարան, որոնք ընկերությունն ստացել էր ապօրինի ճանապարհով. HCA-ն կաշառում էր բժիշկներին, որոնք այցելուներին բուժման էին ուղարկում հենց իր կլինիկաները:

Այստեղ հատկանշական է այլ բան. գործի դատաքննությունից անմիջապես հետո HCA ընկերության տնօրենների խորհուրդը ընկերության վարչության կազմից ազատեց այս բոլոր մեքենայությունների գլխավոր կազմակերպչին՝ Ռիչարդ Սքոթին: Նրան, իհարկե, 10 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարեցին, ինչպես նաեւ նրա սեփական տնօրինմանը թողեցին ընկերության 300 մլն դոլարի բաժնետոմսերը: Ինչո՞վ բլոկբաստերի լավ սյուժե չէ: Կարծում եմ, այս օրինակը շատ ավելի համադրելի է Cosa Nostra-ի արարքների հետ: Հիասքանչ ֆիլմ կստացվեր: Նման ֆիլմի համար սցենար գրելիս որպես խորհրդատու կարելի էր վերցնել այդ նույն Ռիչարդ Սքոթին:

Եթե նա հրաժարվեր, կարելի էր դիմել մեկ այլ պրոֆեսիոնալի (բայց մեքենայությունների մեխանիզմների բացահայտման գծով)՝ Մարկ Էյմսին, որը ս.թ. մայիսին խիստ հետաքրքիր հոդված է հրապարակել «Մեքենայություն. ամերիկյան նոր հանգուցային բառ» վերնագրով (www.inosmi.ru/usa /20100506/159751538.html. հրապարակման բնօրինակը՝ Fraund: America’s News Watchword): Հրապարակման մեջ Մարկ Էյմսը հետաքրքիր պնդում է անում. «Դաժան ճշմարտությունն այն է, որ ԱՄՆ իշխանության ողջ կառուցվածքը՝ բանկերից ու քաղաքական գործիչներից մինչեւ զանգվածային լրատվության միջոցներ, մեքենայությունների եւ խաբեության համակարգի մասն են»:

Եվ որպես իր պնդման ապացույց հեղինակը բերում է 10 օրինակ, թե ինչպես է կազմակերպվել խարդախությունը, օրինակ, մեծ դեղագործության մեջ: Մասնավորապես նա ներկայացնում է այն փաստը, որ 2004թ. մայիսից մինչեւ 2010թ. մարտը դեղագործական առաջատար ընկերությունների խումբը, որում ներառված էին Pfizer-ը, Eli lilly-ն եւ Bristol-Myers-ը, ավելի քան 7 մլրդ դոլար է վճարել որպես տուգանային պատժամիջոց այն բժիշկներին կաշառք տալու, որոնք օգտագործման համար չհաստատված դեղորայք են դուրս գրել: Միայն Pfizer-ը 2004-ից մոտ 3 մլրդ դոլարի տուգանք է վճարել (ինչը այդ ընկերության շահույթի ընդամենը 1 տոկոսն է):

Հատկանշական է, որ աշխարհում ամենախոշոր Pfizer դեղագործական ընկերությունը «վիագրա» դեղամիջոցի արտադրողն է, հենց այդ դեղամիջոցի կոնտրաֆակտն է, դատելով դաշնային դատախազի հայտարարությունից, վաճառել ԱՄՆ իշխանությունների կողմից մերկացված հայ-ամերիկյան խմբավորումը: Ամեն ինչ ճիշտ է, ցանկացած ընկերության օրինական շահերը պետք է պաշտպանել (անկախ նրանից, թե ինչպես է այն իր մեկ այլ գործունեության մեջ մանիպուլացրել այդ նույն օրենքով): Վստահ եմ, որ, հետեւելով իմ համեստ խորհուրդներին, ֆիլմը կարող էր գրավիչ լինել, ընդ որում՝ առանձին նկարահանումներ չէր խանգարի անել Թուրքիայում եւ Ադրբեջանում, որտեղ կեղծիքը եւ խարդախությունը հարգի են, ինչը ֆիլմում նկարագրվող հանցագործություններին միջազգային երանգավորում կտար:

Հետգրության փոխարեն

Ես տարբեր տեսակի դավադրությունների տեսությունների կողմնակիցը չեմ, լինեն դրանք մասոնական, հրեական, մոնդիալիստական կամ բանկիրների, նավթագործների, կրոնական տարբեր տեսակի աղանդների դավադրություններ: Առավել եւս՝ սինկրետիկ դավադրության, որը միավորում է վերը նշվածներից մի քանիսը կամ բոլորը: Միաժամանակ դա չի խանգարում ինձ առանձին դիտարկումներ անել, այն է. հենց որ Հայաստանի ղեկավարությունը վերջնականապես կողմնորոշվեց Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության հետագա խորացմանն ուղղված իր արտաքին քաղաքականության ուղեգծի հարցում՝ ամրագրված ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարների ստորագրած N5 արձանագրությամբ, որի համապատասխան՝ ռուսական ռազմակայանի Հայաստանում գտնվելու ժամկետը երկարացվել է 49 տարով, հենց այդ ժամանակ անմիջապես, ասես հրամանով, սկսեցին բորբոքվել հանրահավաքային կրքերը Հայաստանի իշխանությունների կոռումպացվածության «մերկացումներով», «միջազգային կրիմինալի» (գործելիս լինեն դրանք ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում) հետ նրանց սերտաճմամբ:

Ավելին՝ հանկարծ որտեղից որտեղ` հեռավոր Մալայզիայից, որը Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ է, մեղադրանքներ հնչեցին Հայաստանի հասցեին առ այն, որ ազատագրված տարածքներից, որոնք վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից, թմրաթրաֆիք է իրականացվում:

Եվ այս քարոզչաբադիկն անմիջապես որսաց ադրբեջանա-թուրքական ագիտպրոպն ու բազմապատկեց էլեկտրոնային տասնյակ ԶԼՄ-ներով: Ընդ որում՝ ոչ ոք նեղություն չկրեց հարցնելու, թե ինչպե՞ս կարող են թմրանյութերը հայտնվել այնտեղ: Մի՞թե Ադրբեջանի տարածքից, գուցե Թուրքիայի՞: Ընդ որում՝ այս բոլոր կեղծ ու իրենց հետեւանքներով վտանգավոր «մեղադրանքներն» անմիջապես որդեգրվեցին տերպետրոսյանական քարոզչության կողմից:

Քարոզչական այս պատերազմի գագաթնակետը դարձավ ՀԱԿ-ի առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի դիմումը ԱՄՆ-ին եւ Եվրամիության երկրներին՝ խնդրելով պատժել ՀՀ իշխանություններին, որը հնչեց Երեւանում, 2010թ. հոկտեմբերի 15-ի հանրահավաքում:

Սա ի՞նչ է նշանակում: Մի՞թե իրոք «Դավադրության» տեսություն գոյություն ունի, որն այժմ գլորվում է դեպի Հայաստան:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ

Последние видеоматериалы

Новые книги