ՇՐՋԱՊԱՏԻԴ ԳՅԱՄԵՐԸ ՔԱՇԻ, ԼԵՎՈՆ…

14.09.2010

Վերջին շրջանում «Ազգային Միաբանություն կուսակցությունը» ի դեմս նրա նախագահ Արտաշես Գեղամյանի, հանդես եկավ մի շարք վերլուծական հոդվածներով, որոնք վերաբերում էին մեր երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության հարցերին:

Գեղամյանի հեղինակած նյութերում բացառապես բարձրացվել էին խնդիրներ, որոնք ցանկացած հայրենասեր հայ մարդու համար լուրջ մտորումների առարկա պետք է դառնային: Ավա՜ղ, հայտնվեցին մարդիկ, ովքեր չորսոտանի հայտնի երազող կենդանու համառությամբ սկսեցին լվանալ Գեղամյանի «ոսկորները»: Սակայն, սիրելի ընթերցող, ոչ թե արտաքին քաղաքական հարցերի կամ տնտեսական քաղաքականության շուրջ նրա արտահայտած մտքերի կապակցությամբ, այլ` թե ինչու «Ազգային Միաբանություն կուսակցությունը» և նրա առաջնորդը 2008 թ. նախագահական ընտրություններին դեմ դուրս եկան Լևոն Տեր-Պետրոսյանի  թեկնածությանը, դրանով իսկ մեծապես սատարեցին Սերժ Սարգսյանին: Զավեշտն այն է, որ քննադատում են ոչ միայն լևոնականները, այլ նաև մարդիկ, ովքեր 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, բառիս բուն իմաստով, պապանձվել էին, սարսափահար սպասելով իրենց սև ճակատագրի գալուստին, եթե, Աստված մի արասցե, ընտրվի Լևոնը: Այդ օրերին վերջիններս անթաքույց հիացմունք էին դրսևորում «Ազգային Միաբանություն կուսակցության» և նրա ղեկավար Արտաշես Գեղամյանի` Լևոնի վերադարձով սպառնացող վտանգից երկիրը փրկելուն ուղղված սկզբունքային կեցվածքից: Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ, դրանով իսկ, կարծես թե, սրանց համար վտանգն անցավ: Հիմա էլ, ի՞նչ է պատահել, կքննադատեն Գեղամյանի պահվածքը 2008 թ. նախագահական ընտրություններին, խնդիր ունենալով անաչառ երևալ դեռ մինչև օրս մոլորության մեջ գտնվողների աչքին:

Որքան էլ զարմանալի է, այս պարագայում ՀԱԿ-ի առաջնորդներն ավելի շրջահայաց գտնվեցին: Ողջամտությունը նրանց մոտ, թվում է, թե վերջապես գերիշխեց: Երկար պեղումներից հետո լևոնականները հասկացան և համոզվեցին, որ իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում Արտաշես Գեղամյանը մշտապես հանդես է եկել Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության սուր քննադատությամբ: Ընդ որում, Գեղամյանը քննադատում է վերջինիս և՛ նրա նախագահության օրոք, և՛ մինչ օրս, հստակ ասելով, որ նրա վերադարձը իշխանության հղի է կործանարար կորուստներով մեր պետականության համար:

Կարելի էր չանդրադառնալ այս թեմային, եթե ՀԱԿ-ի ինքնահռչակ վերլուծաբան-տեսաբան Աշոտ Սարգսյանի ծղրտոցը չլիներ երեկվա լևոնապաշտ թերթերից մեկում: Չթաքցնեմ, ի սկզբանե սակավամտության պատճառով, երբևէ օգտագործման համար ոչ պիտանի Աշոտ Սարգսյանի հոդվածը այս անգամ չէր կարող մեզ չոգևորել: Ըստ այդ տեսաբանի` աշխարհիս բոլոր քաղաքական ուժերը, որոնք կհանդգնեն արտահայտվել ՀԱԿ-ի բացահայտ ձախողումների, գաղափարական սնանկության, աղանդավորության, կազմակերպական անօգնականության կամ, ընդհանրապես, Հայաստանի կյանքում քաղաքական անկարողության դրսևորման մասին, իսկույն ևեթ դասվում են իշխանությունների կամակատարների շարքին: Բա հիմա ինչպե՞ս չբացականչես` այ աղանդավոր թույլիկներ, եթե ըստ էության բան ունեք ասելու մեր կուսակցության սկզբունքային դիրքորոշումների մասին, որոնք արտահայտվել են մեր հանրապետության կյանքի ցանկացած բնագավառի վերաբերյալ, մարդավարի արտահայտվեք: Բան ունեք մեր ժողովրդին ասելու, ասեք, թարգեք ձեր բոշայի բնավորությունը` իրավունք վերապահելով ձեզ ախմախ-ախմախ գնահատականներ տալ այն գործիչներին, ովքեր համարձակորեն բացահայտել են ձեր կուռքի թե՛ քաղաքական, թե՛ բարոյական սնանկությունը:

Ավարտելով խոսքս, ուզում եմ ասել. այ ընկեր-պարոն-ընկեր Լևոն, դրսից ստացած փողերով, քո համար, սև դղյակումդ հանգիստ ապրում էիր էլի, մարդկանց հոգիներն էլ չէիր պղտորում, «Ազգային Միաբանություն կուսակցությունն» էլ չէր անդրադառնում քեզ: Արդյոք պե՞տք էր Աշոտ Սարգսյանի զառացանքի պատճառով կրկին հայտնվես մեր կուսակցության տեսադաշտում: Շրջապատիդ գյամերը քաշի, Լևոն…

Սարգիս Մուրադխանյան

«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Последние видеоматериалы

Новые книги