ԳԼՈԲԱԼ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐԴԻ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

17-18.11.2015, Հայոց աշխարհ

17.11.2015, Իրավունք

2015 թվականի անցած տասնմեկ ամիսները վկայում են գլոբալ անվտանգության ապահովման եւ նոր գլոբալ տնտեսակարգի ձեւավորման մոտեցումներում ընթացող լուրջ տեղաշարժերի մասին: Այս գնահատականի ճշմարտացիության մեջ համոզվելու համար դիմենք որոշ փաստաթղթերի: Եվ այսպես, սույն թվականի փետրվարին ընդունվեց National Security Strategy-ն (www.riasv.ru/entry/153240)` ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն): Այս Ռազմավարության հիման վրա Շտաբների պետերի միավորված կոմիտեն` զինված ուժերի զորատեսակների, շտաբների պետերի եւ միավորված հրամանատարության հրամանատարների մասնակցությամբ, ս.թ. հուլիսի 1-ին հրապարակեց National Defense Strategy-ն (http://inosmi.ru/op_ed/20150703/2289228558.html)` Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ռազմական ստրատեգիան (այսուհետ` ԱՌՍ): Ներկայացնենք որոշ հատվածներ այդ փաստաթղթերից: Եվ այսպես, ողջունելով «կայուն եւ բարգավաճող Չինաստանի ամրապնդումը»` Ռազմավարությունում նաեւ նշվում է. «Թեեւ մրցակցություն (նկատի ունի Չինաստանի հետ- Ա.Գ.) անպայման լինելու է, մենք չենք հավատում առճակատման անխուսափելիությանը: Միեւնույն ժամանակ, մենք մրցակցությամբ կզբաղվենք ուժի դիրքերից` պնդելով, որպեսզի Չինաստանը պահպանի միջազգային նորմերը եւ կանոններն ամենատարբեր հարցերում` ծովում անվտանգությունից մինչեւ առեւտուր եւ մարդու իրավունքներ: Մենք սեւեռուն կհետեւենք Չինաստանի ռազմական արդիականացմանը եւ Ասիայում նրա ներկայության ընդլայնմանը»:

Ռազմավարությունում ուշադրությունից զերծ չի մնացել նաեւ Ռուսաստանը, մասնավորապես նշվում է. «Ռուսական ագրեսիան Ուկրաինայում ցայտուն ցույց է տալիս, որ եվրոպական անվտանգությունը, ինչպես նաեւ տարածքային զավթումներին դիմակայելու միջազգային նորմերը եւ կանոնները չի կարելի ընկալել որպես օբյեկտիվ իրողություն... Մենք նաեւ ավելացնելու ենք Ռուսաստանի համար ծախսերը` պատժամիջոցներով եւ այլ եղանակներով, Մոսկվայի կեղծ պրոպագանդային հակադրելով ոչնչով չգունազարդված ճշմարտությունը: Մենք զսպելու ենք ռուսական ագրեսիան` ակնդետ հետեւելով նրա ռազմավարական պոտենցիալին, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր է` կօգնենք մեր դաշնակիցներին եւ գործընկերներին` դիմակայել ռուսական պարտադրանքին»: Պետք է նշել, որ մինչեւ Ռազմավարության ընդունումը` 2014թ. հոկտեմբերին, ամերիկյան գեներալները հրապարակել էին Win in a Complex World` Հաղթանակ բարդ աշխարհում (այսուհետ` ՀԲԱ) նոր հայեցակարգը: Հարկ է նշել, որ բավական ընդհանուր բան կա այս փաստաթղթերում, բայց ամերիկյան զինվորականները ՀԲԱ-ում` մշտապես փոփոխվող արդի աշխարհում, բանակի կիրառման այս հայեցակարգում, կարեւոր նշանակություն են տալիս դիվանագետների, օտարերկրյա գործընկերների, ԶԼՄ-ների եւ կարծիք ձեւավորող առաջնորդների հետ զինվորականների փոխգործակցությանը: Միեւնույն ժամանակ, խիստ հատկանշական է, որ որպես օրինակ այն բանի, թե ինչպես է լինելու դա, Պենտագոնում բերում են Ռուսաստանի բանակի գործողությունը Ղրիմում: Եվ սա, արդյոք, իրավացիորեն որոշակի մտորումների չի՞ մղում Օլիմպոսի գլխավոր աստված Զեւսի կողմից փյունիկացի թագավոր Ագենորի դստերը` Եվրոպային առեւանգելու առնչությամբ. «Quod licet Jovi, non licet bovi» - «Այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցլին»: Ռազմավարությունում կարեւոր նշանակություն է հատկացված նոր համաշխարհային տնտեսակարգի ձեւավորմանը: Այնտեղ ուղղակի ասվում է. «Մենք ապաքինվել ենք համաշխարհային տնտեսական ճգնաժամից, բայց դեռ շատ բան կա անելու նոր տնտեսակարգի ձեւավորման համար` ապագա ճգնաժամերից խուսափելու նպատակով: ...Ամերիկյան առաջնորդությունը խիստ կարեւոր է համաշխարհային ֆինանսական կանոնների ամրապնդման համար: ...Գործելով Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության (ՏԽՕԳ) եւ Տրանսատլանտյան առեւտրաներդրումային գործընկերության (ՏԱԱՆԳ) շրջանակներում` մենք ամենախիստ չափորոշիչներն ենք հաստատում աշխատավորների իրավունքների պաշտպանության եւ շրջակա միջավայրի պահպանման համար, եւ միեւնույն ժամանակ վերացնում ենք այն պատնեշները, որոնք խոչընդոտում են ամերիկյան արտահանմանը, եւ Միացյալ Նահանգները դնում ենք համաշխարհային տնտեսության երկու երրորդն ընդգրկող ազատ առեւտրի գոտու ամենակենտրոնում»:

Կուզենայի ուշադրություն դարձնել ԱՌՍ առանձին կողմերին: Ներկայացնենք որոշ հատվածներ այդ փաստաթղթից. «Ռուսաստանն իր ավանդն է ներդնում անվտանգության որոշակի ոլորտներում, ինչպիսին է` պայքարը թմրանյութերի եւ ահաբեկչության դեմ, սակայն այն քանիցս անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հարեւանների ինքնիշխանության հանդեպ եւ ուժի կիրառման պատրաստակամություն դրսեւորել` իր նպատակներին հասնելու համար: Ռուսաստանն իր ռազմական գործողություններով խափանում է տարածաշրջանային անվտանգությունն ուղղակիորեն եւ իր դրածոների միջոցով»: Ուշագրավ է ԱՌՍ-ում արված հետեւյալ հայտարարությունը. «Մենք պետք է առաջ մղենք վառելիքի տեսակների, աղբյուրների եւ երթուղիների տարբերակումը Եվրոպայում»: Այդ նույն տեղում բացատրվում է, որ Եվրոպայի համար էներգակիրների ներմուծման տարբերակման հարցում պետք է օգնեն ամերիկյան ընկերությունները: Փաստաթղթում նաեւ նշվում է. «Սակայն որոշ պետություններ (Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հյուսիսային Կորեա- Ա.Գ.) փորձում են միջազգային կարգի առանցքային կողմերի ստուգում անցկացնել եւ գործում են այնպիսի ոճով, որը սպառնալիք է ստեղծում մեր ազգային անվտանգության շահերի համար»: ԱՌՍ-ում հստակ, անթաքույց հայտարարվում է այն մասին, որ չնայած կոալիցիոն ձեւաչափին` հավատարմությանը, ԱՄՆ-ը միանշանակ իրեն է վերապահում անհրաժեշտության դեպքում ինքնուրույն գործելու, այդ թվում` ուժի դիմելու (ընդ որում` առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի- Ա.Գ.) իրավունքը: Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ԱՌՍ-ն չի բացառում համագործակցությունը Ռուսաստանի հետ միջուկային զենքի տարածմանը դիմակայելու, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաեւ համագործակցությունը տիեզերքի յուրացման, եւ որ չափազանց հետաքրքիր է` հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ուղղությամբ: Հարկ է նաեւ հիշատակել, որ ԱՌՍ-ում ողջունվում է Մոսկվայի ավելի ակտիվ դերն Ասիայում` կայունությանն աջակցելու եւ անվտանգության համակարգն ամրապնդելու գործում: Այսինքն` ԱՌՍ-ում նկատվում է երկու փոխբացառող միտում. մի կողմից` Մոսկվայի մեկուսացում, մյուս կողմից` Ռուսաստանի հետ ջանքերի միավորում` «երրորդ երկրների» հիմնախնդիրները լուծելու համար: ԱՌՍ-ում այս միտումների պահպանումը, կարծում ենք, բնավ պատահական չէ...

ԱՌՍ-ի հրապարակումից անմիջապես հետո, մեկնաբանություններով հանդես եկավ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար` Դմիտրի Պեսկովը: Նա, մասնավորապես, ասաց. «Այստեղ կարելի է ափսոսանք հայտնել, որովհետեւ անվտանգության հայեցակարգը փաստաթուղթ է` հաշվարկված միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարի համար, եւ, ըստ էության, նման ձեւակերպումների առկայությունն այդպիսի փաստաթղթում վկայում է մեր երկրի հանդեպ, ընդ որում` երկարաժամկետ հեռանկարի համար, որեւէ օբյեկտիվիզմից զուրկ առճակատման տրամադրվածության մասին»: Նշենք նաեւ, որ 2015թ. հուլիսի 3-ին Կրեմլում, Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է հարցերի համալիր` կապված Ռուսաստանի անվտանգության եւ ազգային շահերի ապահովման հետ` մի շարք պետությունների կողմից պատժամիջոցների կիրառման պայմաններում: Այս նիստում, իր ելույթի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Ռուսաստանի վրա ճնշման պատճառները հայտնի են: Մենք անկախ ներքին եւ արտաքին քաղաքականություն ենք վարում, չենք սակարկում մեր ինքնիշխանությամբ, բոլորին չէ, որ դա դուր է գալիս, բայց այլ կերպ լինել չի կարող... Միեւնույն ժամանակ, մեր ռազմավարական գիծն արտաքին քաղաքական ուղղությամբ մնում է անփոփոխ. մենք բաց ենք իրավահավասար համագործակցության, միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ, կոլեկտիվ աշխատանքի համար, այսուհետ եւս գործընկերների հետ հարաբերությունները կկառուցենք հարգանքի եւ շահերի փոխադարձ հաշվառման վրա, հասկանալի է` ոչ ի վնաս սեփական ինքնիշխանության եւ ազգային անվտանգության»: Այդ նույն նիստում Վլադիմիր Պուտինը հանձնարարեց թարմացնել Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը: Նա, մասնավորապես, նշեց. «Անհրաժեշտ է կարճ ժամկետում վերլուծել հնարավոր մարտահրավերների եւ վտանգների` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ տեղեկատվական եւ այլն, ամբողջությունը, եւ այդ հիմքի վրա շտկել Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը»:

Ես որոշ մեջբերումներ արեցի Ռազմավարությունից եւ ԱՌՍ-ից, քանի որ դրանցում ընդունվում է միջազգային իրադրության անընդհատ աճող բարդությունը, որը շատ բանով պայմանավորված է ուժերի գլոբալ դասավորվածությունում կատարվող արագ եւ խոր փոփոխություններով: Վերլուծելով այդ փաստաթղթերը, ինչպես նաեւ Ռուսաստանի ղեկավարության արձագանքը դրանց` կարելի է հակվել այն եզրակացությանը, որ մոտ ապագայում գլոբալ դիմակայության հնարավոր վտանգներն աշխարհում աճի միտում կունենան:

Վերն ասվածին հարկ է հավելել նաեւ այն, որ ԵՄ ղեկավարությունը որոշում է ընդունել մշակել արտաքին քաղաքականության եւ անվտանգության համաեվրոպական նոր ռազմավարություն, որը կներկայացվի 2016թ. հունիսին Եվրամիության գագաթաժողովում: Հատկանշական է, որ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ նոր ռազմավարության անհրաժեշտությունը պայմանավորված է նոր թափ առած ահաբեկչական սպառնալիքով եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամով: Նշենք, որ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության նոր ռազմավարության մշակման անհրաժեշտության ջատագովների փաստարկը հանգում է նրան, որ փոփոխվող աշխարհում եվրոպական անվտանգության գլխավոր սպառնալիքների ցանկում պետք է ավելացնել «ռուսական ագրեսիան», իսկ ԵՄ անվտանգության ապահովման գծով ռազմավարական նպատակների ցուցակում` պայքարը Ռուսաստանի հետ: Հիշեցնենք, որ ներկայում գործող` 2003թ. վերջին ընդունված համաեվրոպական անվտանգության ռազմավարության (այսուհետ` ՀԵԱՌ) գլխավոր ամփոփիչ մասում գրված է. «Մենք պետք է շարունակենք աշխատել Ռուսաստանի` մեր անվտանգության եւ բարեկեցության գլխավոր գործոնի հետ, հետագա մերձեցման ուղղությամբ: Ընդհանուր արժեքների հանդեպ հարգանքը կուժեղացնի առաջընթացը ռազմավարական գործընկերության ճանապարհին»: Պարզ է նաեւ այն, որ 2004թ. մայիսին, Եվրամիության Արեւելյան Եվրոպայի 10 երկրների անդամակցությամբ պայմանավորված` ՀԵԱՌ այսպիսի տեքստի ընդունումն անհնար կլիներ: Եվ այստեղ, ինչպես եւ ԱՄՆ Ռազմավարության եւ ԱՌՍ-ի պարագայում, նկատվում է երկու փոխբացառող միտումների առկայություն: Ի՞նչ է նկատի առնվում, երբ խոսվում է անհամատեղելիի համատեղման մասին: Վերջին ժամանակներս հենց Ռուսաստանն է վճռական դեր խաղում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում` դրանով իսկ հանդիսանալով եվրոպական անվտանգության պաշտպանության առանցքային գործոն, այլ ոչ թե մի երկիր, որին ներհատուկ է ագրեսիան: Թե ինչպիսին կլինի ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության նոր ռազմավարության ամփոփիչ տեքստը` հիմնականում կախված կլինի եվրոպական եւ ռուսաստանցի քաղաքական գործիչների եւ դիվանագետների բարդ դիվանագիտական աշխատանքից: Սակայն, արդեն այժմ կարելի է վստահաբար պնդել, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հիմնականում պայմանավորված կլինեն այն ջանքերով, որոնք կուղղվեն տնտեսությունում առկա այն հզոր պոտենցիալի, հնարավոր է` լիակատար օգտագործմանը, որը կարող է դառնալ արդի Եվրոպայում ԵՄ-Ռուսաստան աշխարհատնտեսական միության ձեւավորման հիմքը: Իսկ արդի Եվրոպայում աշխարհատնտեսական դաշինքի ձեւավորումը չափազանց բարդ խնդիր է: Այդ գործընթացն անխուսափելիորեն կհանգեցնի բախման եվրոպական պրագմատիզմի ու առողջ բանականության կողմնակիցների եւ այն քաղաքականության հետեւորդների միջեւ, որոնք Ռուսաստանն ընկալում են որպես սպառնալիք եվրոպական անվտանգությանը, իսկ պայքարը նրա դեմ հայտարարել են անվտանգության եվրոպական քաղաքականության ապահովման ռազմավարական նպատակ:

Այս իրողությունները նկատի ունենալով` փոքր-ինչ հանգամանալիորեն դիտարկենք Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման պոտենցիալ հնարավորությունները: Այսպես, 2015թ. հունվար-օգոստոսին Ռուսաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը, Ռուսաստանի բանկի տվյալներով, կազմել է $360,6 մլրդ (65,5% 2014թ. հունվար-օգոստոսին), այդ թվում` արտահանումը` $233,6 մլրդ (68,1%), ներմուծումը` $127,0 մլրդ (61,2%): Առեւտրային հաշվեկշռի սալդոն դրական է եղել, $106,6 մլրդ (2014թ. հունվար-օգոստոսին` դրական, $135,4 մլրդ): Եվրամիության երկրների հետ արտաքին առեւտրային շրջանառությունը 2015թ. հունվար-օգոստոսին կազմել է $161 մլրդ 001 մլն: Որպես տեղեկություն նշենք, որ 2014թ. հունվար-օգոստոսին ԵՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է $263 մլրդ 609 մլն (2015թ. հունվար-օգոստոսին արտաքին առեւտրային շրջանառության անկումը 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 39%): Ընդ որում` հետաքրքիր է Եվրամիության երկրների հետ Ռուսաստանի արտաքին առեւտրային շրջանառության դինամիկան: Այսպես, եթե 2000թ. Ռուսաստանից ԵՄ արտահանումը կազմել է $36 մլրդ 893 մլն, իսկ ներմուծումը` $11 մլրդ 144 մլն, ապա 2013թ., համապատասխանաբար, արտահանումը` $283 մլրդ 419 մլն (աճը` 768,2%), իսկ ներմուծումը` $134 մլրդ 241 մլն (աճը` 1204,6%): Նշենք նաեւ, որ համաձայն միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումների, Եվրամիության երկրների` Ռուսաստանից արտահանվող ապրանքների (լինեն դրանք վառելիքաէներգետիկ ապրանքներ, մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր, փայտ, թե ցելյուլոզե-թղթե իրեր) պահանջարկն աճի միտում ունի: Նույնը կարելի է ասել նաեւ ԵՄ երկրներից Ռուսաստան ներմուծվող մի շարք ապրանքների վերաբերյալ: Համաշխարհային տնտեսությունում եւ ֆինանսական ոլորտում դեռեւս պահպանվող բարդ իրադրության պայմաններում փոխշահավետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը, կարելի է առանց չափազանցելու ասել, կարող է վճռական նշանակություն ունենալ ոչ միայն ակնկալվող ֆինանսատնտեսական աղետների կանխարգելման, այլեւ գլոբալ դիմակայության կանխման առումով: Այսինքն` Ռուսաստան-ԵՄ բանակցությունների օրակարգի գլխավոր թեմաներից պետք է լինեն Վլադիվոստոկից մինչեւ Լիսաբոն` ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցերը: Հիշենք, որ դեռեւս 2013թ. Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը նորից կրկնեց իր հայտնի գաղափարը` միավորված Եվրոպայի հետ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման մասին, որն առաջին անգամ հնչեցրել էր դեռեւս 2010թ., «Զյուդոյչե Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում: «Մենք փորձում ենք ստեղծել միասնական եվրասիական տնտեսական տարածք Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ, բայց որպեսզի դա լինի իրավահավասար հիմքի վրա, եւ մենք տնտեսական կորուստներ չկրենք, եւ որպես ածանցյալ` խնդիրներ չունենանք սոցիալական ոլորտում, դա պետք է համաձայնեցվի աստիճանաբար»,- ասել էր Վլադիմիր Պուտինն այդ հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսում: Այս առնչությամբ բավական հատկանշական է, որ ԳԴՀ կանցլերը ս.թ. ապրիլի 17-ին, ելույթ ունենալով Շտրալզունդի (Մակլենբուրգի դաշնային երկիր, Առաջավոր Պոմերանիա) տնտեսական համաժողովում, նշել է, որ ներկա պահին երկու երկրներում (Ռուսաստանում եւ ԳԴՀ-ում) դիտվում են քաղաքական խնդիրներ, որոնք պետք է լուծել քաղաքական բանավեճերի օգնությամբ: «Հեռանկարում մենք տեսնում ենք ազատ առեւտրի խոշոր գոտու ստեղծում, այդ թվում եւ Ռուսաստանի հետ... Մենք քայլ քայլի հետեւից ենք անում, որպեսզի մոտենանք ընդհանուր տնտեսական տարածքին, ինչպես մի անգամ ասաց Վլադիմիր Պուտինը` Վլադիվոստոկից մինչեւ Լիսաբոն»,- Անգելա Մերկելի խոսքերը մեջբերում է Dpa գործակալությունը, տեղեկացնում է DW-ն: Ռուսաստանի եւ ԳԴՀ-ի ղեկավարների կողմից Ռուսաստանի եւ ԵՄ-ի համար կենսականորեն կարեւոր այս հարցի ընկալումը գործունեության լայն դաշտ է բացում պատասխանատու քաղաքական գործիչների եւ դիվանագետների, առաջատար երկրների առաջնորդների համար: Եվ շատ խորհրդանշական է, որ համաշխարհային տնտեսության ճակատագիրը կքննարկվի ս.թ. նոյեմբերի 15-ին G 20-ի` մեծ քսանյակի, թուրքական Անթալիայում, Բոսֆորի «ափին» բացվող 10-րդ գագաթաժողովում: Թուրքական կողմը, հանձին Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի, ներկայացրել է իր ծրագրերը` որպես G 20-ի նախագահող, խոստանալով հատուկ ուշադրություն նվիրել այնպիսի խնդիրներին, ինչպիսին է տնտեսության աճի տեմպերի դանդաղման դեմ պայքարը, ինչպես նաեւ զարգացող երկրների տնտեսական հատվածի իրավիճակը: Ալի Բաբաջանն ընդգծել է, որ Անկարան, նախագահելով G 20-ում, շատ ժամանակ կհատկացնի հենց փոքր տնտեսությունների զարգացման թեմային:

Կարծում ենք, որ այս ֆոնին շատ հետաքրքիր կլինի ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության փորձը, մի կողմից` Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ դաշնակցային հարաբերությունների հաստատման, մյուս կողմից` Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առումով: Ընդ որում` նշենք, որ 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով, կշարունակի բանակցությունները ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ (ԵՄ խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում, արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստի ընթացքում լիազորել է Եվրահանձնաժողովին բանակցություններ բացել ԵՄ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործընկերության եւ համագործակցության նոր համապարփակ համաձայնագրի մասին): Շատ կարեւոր է նաեւ նշել, որ ս.թ. նոյեմբերի 2-ին ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ` Վալենտինա Մատվիենկոն, Երեւանում, պատասխանելով լրագրողների` ներկայում արեւմտյան մի շարք երկրների հետ Հայաստանի համագործակցության մասին հարցին, ասել է. «Հայաստանի մասնակցությունը Եվրասիական միությունում, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում բնավ չի արգելում նրա համագործակցության զարգացումը ԵՄ-ի, այլ պետությունների, ՆԱՏՕ-ի հետ: Ես վստահ եմ, որ այն համաձայնագրերը, որոնք կստորագրվեն Հայաստանի կողմից, դրանք, բնականաբար, չեն լինի ի վնաս արդեն այն կառույցների, որոնք ստեղծվել են, որոնցում Հայաստանը շահագրգռված է համագործակցության այդպիսի փոխգործակցությամբ, հաշվի կառնվեն արդեն մինչ այդ Հայաստանի ստանձնած պարտավորությունները»: Հիշեցնենք, թե ինչ է ասել այս նույն հարցի առիթով ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը 2015թ. մայիսին Ռիգայում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում. «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցությունների կողքին, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ»: Հայաստանի օրինակը վկայում է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ավելի սերտ համագործակցության սկզբունքային հնարավորության մասին: Այդ նպատակի ձեռքբերումը` Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանից պահանջեց հետեւողականություն, թափանցիկություն եւ ազնվություն քաղաքականության մեջ, ինչպես ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ դաշնակիցների, այնպես էլ ԵՄ գործընկերների հետ: Ուղղակի ասենք, որ դա անելը հեշտ չէր: Բավական է հիշել, թե քննադատության ինչ հեղեղ թափվեց Հայաստանի ղեկավարության վրա 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանի նախագահը հանդես եկավ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությամբ: Ընդ որում` բավական բարձրաստիճան առանձին եվրաչինովնիկների կողմից սպառնալի զգուշացումներ հնչեցին` կամ ԵԱՏՄ, կամ ԵՄ ոգով: Գոհունակությամբ նշենք, որ եվրոպական պրագմատիզմը գերակշռեց, իսկ Ռուսաստանի հավատը Հայաստանի` որպես քաղաքական դաշնակցի հուսալիության հանդեպ, չսասանվեց: «Դա բնականոն միջազգային գործելակերպ է: Մենք այստեղ ոչ մի սպառնալիք չենք տեսնում եւ միանգամայն համոզված ենք ու վստահ, որ Հայաստանի ղեկավարությունը հետեւողական է Ռուսաստանի հետ եւ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկկողմանի համագործակցության զարգացման իր գծում»,- ահա այսպես է բնութագրել Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահը Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը:

Ցավոք, ստեղծվել է, իմ կարծիքով, ավելի վաղ թույլ տրված սխալների եւ վրիպումների հաշվառմամբ քաղաքականություն կառուցելու ոչ ճիշտ գործելակերպ: Այնինչ, հիմա ավելի պահանջված է մեկ այլ մոտեցում. քաղաքականություն կառուցել` ուսումնասիրելով եւ հարստացնելով առկա դրական փորձը, մանավանդ միջպետական հարաբերություններում: Եվ այս առումով Հայաստանը յուրատեսակ օրինակ կարող է դառնալ: Իսկ մեր գաղտնիքն այն է, որ ունենալով հայկական Սփյուռք աշխարհի բազմաթիվ երկրներում` մենք նրանց հետ միասին ապրում ենք նրանց դժվարությունները, ուրախանում նրանց հաջողություններով: Եվ դա արժանանում է այդ երկրների եւ նրանց ժողովուրդների փոխըմբռնմանը: Ռուսաստանը, կուռ ընտանիք, տուն լինելով շատ ու շատ ազգությունների ու ժողովուրդների համար, իր ամբողջ պատմությամբ աշխարհին ապացուցել է, որ նրա համար չկան յուրայիններ, օտար ազգեր ու ժողովուրդներ: Ուստի, թող լինի Ռուսաստան-Եվրոպական միություն դաշինքը, քանի որ դրա այլընտրանքը գլոբալ դիմակայությունն է` ավերիչ պատերազմի վերաճելու սպառնալիքով: Եվ այդժամ, եթե մեկնումեկը ողջ էլ մնա, ապա կգրի ոչ թե Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը» գրքի մերօրյա տարբերակը, այլ ստիպված կլինի գրել գիրք «Քաղաքակրթության կործանման մասին» վերնագրով` համամարդկային քաղաքակրթության կործանման վերաբերյալ:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги