ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՄԲ Է ԴՆՈՒՄ ՀԱՊԿ-Ի ԵՎ ԵԱՏՄ-Ի ՏԱԿ

11.09.2015, Հայոց աշխարհ

Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանում սանձազերծված վերջին «կիսապատերազմական» գործողությունները, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ գնահատմամբ, ցինիկ մարտահրավեր են՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլեւ առաջին հերթին ՀԱՊԿ անվտանգության համակարգին, եւ պետք է համարժեք գնահատականի արժանանան ՀԱՊԿ մեր գործընկերների կողմից

-Շատ լավ իմանալով, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկը, պաշտպանված է այդ կազմակերպության շրջանակներում ընդունված համաձայնագրերով, Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին սահմանակից հայկական բնակավայրերը, այլեւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը։ Սա տարօրինակ չէ՞։

-Առաջին հայացքից թվում է, թե դա պարզապես Իլհամ Ալիեւի վարչակարգին բնորոշ սանձարձակ վարքագծի հերթական դրսեւորում է, բայց միայն առաջին հայացքից։ Ըստ որոշ մեկնաբանների, այս ամենի նպատակն է շեղել ադրբեջանական հասարակության ուշադրությունը այն սուր քննադատությունից, որ վերջին շրջանում հնչում է միջազգային հեղինակավոր ատյանների՝ Եվրամիության, Եվրախորհրդի, Միացյալ Նահանգների, ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Այդ երկրում հետապնդվում է խոսքի ազատությունը, հալածանքներ են իրականացվում լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ, որոնք համարձակվում են իրենց կարծիքը հայտնել ադրբեջանական իշխանությունների տոտալիտար սուլթանապետական բնույթի վերաբերյալ։ Ինչ խոսք, այդ գործոնը եւս առկա է, բայց դա, ինչպես ասում են, սառցալեռան երեւացող մասն է։

Իրականում Ադրբեջանը շատ ավելի լուրջ խնդիրներ է դրել իր առաջ, որոնք նպատակաուղղված են մի բանի՝ ամեն կերպ վարկաբեկել, արժեզրկել հետխորհրդային տարածքում ընթացող բոլոր ինտեգրացիոն պրոցեսները, միավորումները, որոնց առանցքն է կազմում Ռուսաստանի Դաշնությունը։

Իհարկե, նախ եւ առաջ դա ՀԱՊԿ-ն է եւ ՀԱՊԿ-ի, այսպես ասած, տնտեսական հենքը հանդիսացող Եվրասիական տնտեսական միությունը։ Որովհետեւ յուրաքանչյուր չեզոք, լրջմիտ վերլուծաբան, հետեւելով Ադրբեջանի լկտի գործողություններին, բնականաբար պետք է ասի. չհասկացա՛նք, ՀԱՊԿ հիմնադիր անդամի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղակի ագրեսիվ գործողություններ են սանձազերծվում՝ քաջ գիտակցելով, որ ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի հանդեպ ագրեսիայի դրսեւորումները կազմակերպության անդամների կողմից պետք է ընդունվեն որպես ոտնձգություն սեփական երկրի նկատմամբ։

Այսպես. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման եւ գործունեության կարգի մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածում շատ հստակ գրված է՝ ՀԱՊԿ անդամ երկրները «մեկ կամ մի քանի Կողմի նկատմամբ զինված հարձակումը (ագրեսիան), այլ մարտահրավերները եւ սպառնալիքները դիտում են որպես բոլոր Կողմերի նկատմամբ զինված հարձակում (ագրեսիա), այլ մարտահրավերներ եւ սպառնալիքներ եւ կձեռնարկեն համապատասխան համարժեք միջոցներ՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերն ու միջոցները»։

Ավելին՝ «բոլոր պետությունների եւ պետությունների միավորումների հետ իրենց հարաբերությունները կառուցում են միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի հիման վրա, աջակցում են ռազմական բնագավառում վստահության միջոցների ընդլայնմանը, հետեւողական քաղաքականություն են վարում՝ ուղղված պատերազմների եւ զինված ընդհարումների կանխմանը»։

Եվ այսքանով հանդերձ, Ադրբեջանը դիմում է վերոհիշյալ քայլերին։ Արդյոք սա պատահականությո՞ւն է։ Իհարկե՝ ոչ։

-Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի նման սանձարձակ վարքագիծը։

-Ադրբեջանական ղեկավարությունը դրանով միանգամից մի քանի խնդիր է փորձում լուծել։

Խնդիր առաջին՝ մենք բոլորս շատ լավ գիտենք, որ վերջին տարիներս Թուրքիան իրենից կախված ամեն ինչ արել է՝ Ռուսաստանի հարավային սահմանին կից ստեղծելու թյուրքալեզու երկրների միավորում, որի հիմքում ի սկզբանե դրված էին մշակութային գործակցության հարցերը (իհարկե, կար նաեւ իսլամական գործոնը), հետագայում՝ տնտեսական համագործակցության խորացումը, բայց վերջնական նպատակն էր ձեւավորել թյուրքալեզու երկրների մի նոր ռազմաքաղաքական եւ տնտեսական միություն։

Հենց այդ նպատակին էր միտված 1998թ. Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Թուրքմենստանի միջեւ ստորագրված արձանագրությունը հիշատակված երկրների հատուկ ծառայությունների կոնֆերանս հիմնելու վերաբերյալ։

Հիմա, երբ փորձում են հիմքից քանդել գործող ինտեգրացիոն համակարգը՝ ի դեմս ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի, այն է՝ ցույց տալ, որ այդ կազմակերպություններին անդամակցող երկրներն անպաշտպան են, բնականաբար իրենք կարող են նաեւ անվտանգության այլընտրանքային ձեւաչափ առաջարկել։ Սա՝ առաջին։

Երկրորդ՝ ադրբեջանական իշխանությունները, ինչպես վերը նշվեց, լուրջ քննադատության են ենթարկվում Արեւմուտքի կողմից, եւ վաղը-մյուս օրը ադրբեջանական դիվանագիտությունն այդ գործողությունները կարող է նույն Եվրամիությանը, Միացյալ նահանգներին հրամցնել բոլորովին այլ լույսի ներքո՝ հաշվի առնելով բարդ իրավիճակը, որ կա այսօր Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում։

Իբր ի՞նչ եք ուզում մեզանից. մենք անում ենք այն, ինչ որեւէ այլ երկիր չի կարող անել՝ ներսից խարխլում ենք Ռուսաստանի ուժն ու հզորությունը։ Մի բան, որ մեծապես պայմանավորված է նաեւ հետեւյալ հանգամանքով՝ Ռուսաստանի շուրջ համախմբված են ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ-երկրները։ Ավելին՝ արդեն իսկ ԵԱՏՄ-ի հետ սերտորեն համագործակցելու ցանկություն են հայտնում այնպիսի տնտեսական հսկաներ, ինչու չէ, նաեւ ռազմական լուրջ ներուժ ունեցող երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, նույն ինքը՝ Թուրքիան։

Այնպես որ, Ադրբեջանը կարող է փորձել խաղարկել այդ խաղաքարտը՝ իր գործողությունները ներկայացնելով նշված համատեքստում։

Ուստի մենք պետք է հստակ հասկանանք եւ արձանագրենք՝ խնդիրը միայն այն չէ, թե Ադրբեջանն այս գործողություններով փորձում է շեղել սեփական ժողովրդի ուշադրությունը իր ներքին խնդիրներից եւ հնարավոր տնտեսական դժվարություններից՝ վերջին երկու ամսում ադրբեջանական մանաթի 30 տոկոս արժեզրկման, նավթի համաշխարհային գների կտրուկ անկման հետ կապված (հայտնի է, որ Ադրբեջանի պետական բյուջեի առյուծի բաժինն ընկնում է հենց նավթի ու գազի արտահանումից ստացված գումարներին, որոնք շեշտակի կրճատվել են)։

Այո, այդ գործոնը եւս չի կարելի բացառել, բայց, կրկնում եմ, Ադրբեջանը շատ ավելի կարեւոր աշխարհաքաղաքական խնդիր է փորձում լուծել՝ օգտագործելով այն դժվարությունները, որ ծառացած են Ռուսաստանի առջեւ, եւ մարտահրավերները՝ պայմանավորված «Իսլամական պետության» հարձակողական ծրագրերով ու գործողություններով։

Եթե այս տեսակետից գնահատելու լինենք իրավիճակը, կարող ենք վստահաբար ասել, որ հանձին Ադրբեջանի՝ ունենք տարածաշրջանում տեղադրված շատ լուրջ պայթյունավտանգ ռումբ։

Եվ այդ ռումբի վնասազերծումն արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ նախ եւ առաջ ՀԱՊԿ անդամ երկրների, ինչու չէ՝ նաեւ միջազգային հանրության խնդիրն է, քանի որ Ադրբեջանն իրոք շատ վտանգավոր խաղեր է սանձազերծել մեր տարածաշրջունում՝ «սուլթանապետ» Իլհամ Ալիեւի գլխավորությամբ։

Մենք մեր գործընկերներին պետք է նախազգուշացնենք այս վտանգների մասին, հուշենք, որ այդ ռումբը դրված է ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի, որքան ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի տակ, հատկապես այն պարագայում, երբ տեսնում ենք, թե ինչպես են ակտիվանում իսլամ ծայրահեղականները նույն Տաջիկստանում եւ Հյուսիսային Կովկասում եւ կարող են գլուխ բարձրացնել նաեւ Ղրղըզստանում ու Ղազախստանում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги