ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍԱՏԱՐԵՑԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԸ

08.07.2015, Հայոց աշխարհ

Նախօրեին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի բացումը` նվիրված Հելսինկյան ակտի 40-ամյա հոբելյանին:

Ռուսաստանի պատվիրակությունը, սակայն, բոյկոտել է վեհաժողովի նստաշրջանը, քանի որ ֆիննական իշխանությունները թույլ չեն տվել Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին մուտք գործել Ֆինլանդիա եւ մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Վերջինիս նկատմամբ Եվրամիության կողմից պատժամիջոցներ են սահմանված:

Սա պատճառ է դարձել, որ ռուսական պատվիրակությունը բոյկոտի ԵԱՀԿ ԽՎ աշխատանքները: Մինչդեռ նիստում նախատեսված է եղել մի շարք հակառուսական փաստաթղթերի քննարկում:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ իր ելույթի  ժամանակ անդրադարձել է ռուսական պատվիրակության բացակայության հարցին` նշելով, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին անդամակցող երկրներից միայն 27-ն են ԵՄ-ի անդամ, իսկ մնացած 30-ը չեն մտնում այդ կազմակերպության մեջ։ Հետեւաբար ստացվում է, որ Եվրամիությունը միանձնյա որոշում է կայացնում այն երկրների փոխարեն։

Հայկական պատվիրակության ղեկավարը իր խոսքում հիշատակել է նաեւ ֆրանսիական պատվիրակության ղեկավար Միշել Վուազեի նամակի մասին, որում, ըստ Գեղամյանի, նշված է եղել Ռուսաստանի պատվիրակության մասնակցության հետ կապված խնդիրների հանգուցալուծման բանալին: Նրա կարծիքով` ԵԱՀԿ ԽՎ-ն այն հարթակն է, որտեղ առկա են պայմաններ բանակցությունների միջոցով ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու համար: Ուստի Ռուսաստանի մասնակցությունը նստաշրջանին անչափ կարեւոր է:

Արտաշես Գեղամյանն առաջարկել է բոլոր քննարկվող հարցերը հետաձգել, դրանք քվեարկության դնել Ուլան-Բատորում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանի ժամանակ, որին կմասնակցի նաեւ ռուսական կողմը:

Ամենավերջին պահին նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց կանադական պատվիրակության ղեկավար Դին Էլիսոնի կազմած բանաձեւի ծայրահեղ կոշտ նախագիծը։ Փաստաթուղթը դատապարտում է Ռուսաստանին հենց Հելսինկյան համաձայնագրերի խախտման համար, որոնք 1975 թվականին ստորագրեցին ԱՄՆ-ի, Խորհրդային Միության ու Եվրոպայի առաջնորդները՝ սառը պատերազմին վերջ տալու նպատակով։

Տեքստում դատապարտվում է «Ռուսաստանի միակողմանի եւ չարդարացված ոտնձգությունը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ԵԱՀԿ այլ մասնակից-պետությունների հանդեպ ուժի կիրառման սպառնալիքը»։

Ռուսաստանը հիշատակվում է նաեւ նստաշրջանի մասնակիցների քննարկելիք այլ զեկույցներում եւ բանաձեւերի նախագծերում, որոնք նախապատրաստել են, օրինակ, քաղաքական հարցերի ու անվտանգության կոմիտեն եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեն։

Մոսկվայի հասցեին մեղադրանքներ են հնչում Դոնբասում անջատողականներին աջակցելու վերաբերյալ, որտեղ, ԵԱՀԿ ԽՎ-ի կարծիքով, ՌԴ-ն «հիբրիդային պատերազմ» է վարում, «Ղրիմի թերակղզու շարունակվող օկուպացիայի», ինչպես նաեւ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈՒՊ) փաստացի դուրս գալու համար։

Մոսկվային կոչ են անում վերանայել այդ որոշումները, ազատ արձակել ռուսաստանյան լրագրողների սպանության առնչության մեջ մեղադրվող Նադեժդա Սավչենկոյին եւ վերադարձնել Ղրիմն Ուկրաինային։

«Մենք պատրաստվում ենք ընդունել բավական կոշտ փաստաթուղթ, եւ ես ափսոսում եմ, որ դա տեղի է ունենալու ռուսաստանյան պատվիրակության բացակայությամբ։ Ինձ համար ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առանց Ռուսաստանի առանձնակի իմաստ չունի»,- հայտարարել է ԳՖՀ պատվիրակության ղեկավար Դորիս Բարնետը՝ ավելացնելով, որ Գերմանիան չի աջակցել ֆիննական իշխանությունների որոշմանը։

Թեպետ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ ամերիկացի Ռոբերտ Ադերհոլտի կարծիքով՝ այդ որոշումը «օրինաչափ» էր։ «Նստաշրջանում ռուսաստանցիների բացակայությունը ոչ թե Ֆինլանդիայի, այլ Ռուսաստանի մեղքն է։ Ոչինչ չէր խանգարում ռուսաստանյան պատվիրակության մյուս անդամներին գալ եւ մասնակցել բանավեճին»,- հայտարարեց նա։

Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, «Միակ պատվիրակությունը, որ սատարեց Ռուսաստանին այս նստաշրջանում, հայկականն էր։ «ԵԱՀԿ ԽՎ-ն փորձում է կոշտություն ու անհաշտություն ցուցաբերել, բայց չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանն արդեն այն չէ, ինչ 1990-ական թվականներին։ Նրա վրա ճնշում գործադրելն անիմաստ է։ Վլադիմիր Պուտինի հետ պետք է եւ կարելի է պայմանավորվել, ինչն ընդունում են նաեւ եվրոպական որոշ առաջնորդներ»,- հայտարարել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Նա Մշտական կոմիտեի նիստի մասնակիցներին բաժանել է նաեւ բրոշյուր՝ «Ռուսաստանի դիվականացումը ոչ մի լավ բանի չի՛ հանգեցնի» կոչով»,- արձագանքում է «Կոմերսանտը»։

Последние видеоматериалы

Новые книги