ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է

20.01.2015, Հայոց աշխարհ

 Հունվարի 17-ին ադրբեջանական կառավարամետ կայքում (ru.apa.az/news/285120) հրապարակվեց Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի հարցազրույցը՝ «Եթե չլինեին ռուսական պետությունն ու ռուս ժողովուրդը, այսօր Հայաստանը գոյություն չէր ունենա» վերնագրով։ Հարցազրույցը կարդալուց հետո առաջին բանը, որ հատկապես տագնապեցրեց, հեղինակի ցինիզմն ու ատելությունն է, կարծում եմ, իր հայրենիքի՝ Ռուսաստանի հանդեպ։ Այո՛, այո՛, ես չսխալվեցի։ Ինքներդ դատեք։

   Մեկնաբանելով Գյումրիում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, որոնց մասին նա լավագույն դեպքում կարծիք կարող էր կազմել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի կայքում զետեղված տեսագրությունը դիտելով, Մարկովն անառարկելիորեն հայտարարում է. «Բոլոր նրբությունները ցույց են տալիս, որ սա (հայկական ընտանիքի 6 անդամի սպանությունը) կատարողը խելագար է»։

   Այսինքն՝ Ռուսաստանից Գյումրի եկած քրեագետները, քննիչները, երեւանցի նրանց գործընկերները թող հետեւություններ անեն, քանզի կատարված ոճրագործության դրդապատճառների եւ էության մասին վճիռն արտահայտել է ոչ այլ ոք, քան ինքը՝ Սերգեյ Մարկովը։ Նա, ինչպես հասկանում եք, բնավ հասարակ մեկը չէ՝ ՌԴ Հանրային պալատի անդամ է, ինստիտուտի տնօրեն. սա՝ իմիջիայլոց, անտեղյակների համար, իսկ իրականում...

    Իրականում նա, ինչպես հետեւում է հարցազրույցից, լիազորված է խոսել Ռուսական պետության անունից. «Ռուսաստանն առայժմ չի ուզում պաշտոնական դիրքորոշում հայտնել Գյումրիում կատարվածի առիթով։ Մենք սպասում ենք (ինչպես հասկանում եք՝ անգամ ոչ թե Արեւ-արքա Լյուդովիկոս XIV-ը, այլ հենց ինքը՝ Ս.Մարկովն է սպասում), որ հայկական պետությունը եւ հայ ժողովուրդը տեղը դնեն սադրիչներին»։

   Նրա համար, հավանաբար, գրոշի արժեք չունեն պաշտոնական Մոսկվայի՝ կատարված ողբերգության գնահատականի վերաբերյալ մոտեցումները, որոնք արտահայտել էին Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներն իրենց հայ պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներում։ Մարկովը Մոսկվայից՝ Գյումրիից 2000 կմ հեռավորությունից, «նրբություններից» դատելով՝ կտրիճավարի որոշում է այս սահմռկեցուցիչ ոճրագործության դրդապատճառները՝ ամեն բան հանգեցնելով նրան, որ հանցագործը խելագար է։

   Միեւնույն ժամանակ նրան բնավ չի հետաքրքրում, թե ինչպես է պատահել, որ խելագարը զորակոչվել է ռուսաստանյան զինված ուժեր, ավելին՝ ժամկետային ծառայության է ուղարկվել էլիտար 102-րդ ռազմակայան, որը տեղակայված է ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում։ Նրա համար կարեւոր է մեկ այլ բան՝ ընթերցողներին պարտադրել իր այն համոզմունքը, որ հանցագործը պատիժը կկրի ոչ թե «բանտում, այլ հոգեկան հիվանդների համար նախատեսված խիստ ռեժիմի հոգեբուժարանում»։

   Ռուսական արդարադատության այս ինքնահռչակ տնօրինողն այսքանով չի սահմանափակվում։ Հետո շատ ավելի հեռուն է գնում՝ դիմելով պատմությանը, որն, ավաղ, չի էլ իմանում. «Ռուսաստանը վերջին 10 տարիներին շատ է օգնել Հայաստանին։ Անգամ ոչ թե վերջին 10 տարիներին, այլ, ես կասեի՝ վերջին 100 տարիներին... Եթե չլինեին Ռուսական պետությունն ու ռուս ժողովուրդը, այսօր Հայաստանը գոյություն չէր ունենա։ Ի հաշիվ Ռուսաստանի օգնության եւ ռուս հազարավոր զինվորների կյանքի գնով Հայաստանն այսօր գոյություն ունի որպես պետություն»։

   Քաղաքական հետազոտություններից զերծ, անկանխակալ պրոֆեսիոնալ պատմաբանները կասկած չունեն այն անվիճելի փաստի առնչությամբ, որ հայերի կոտորած կազմակերպելու պատճառը դեռ XIXդ. հայ ժողովրդի ռուսամետ դիրքորոշումն է եղել։ Մեր ժողովուրդը, անասելի զրկանքների եւ կորուստների գնով, հավատարիմ է մնացել իր քրիստոնեական, քաղաքակրթական արմատներին ու արժեքներին։

   2010թ. օգոստոսի 10-ին տեղի ունեցավ վերականգնված հուշահամալիրի՝ «Պատվո բլրի» բացման արարողությունը. այստեղ թաղված են Ռուսական կայսրության սպաներ, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմներում։ Հուշահամալիրի բացմանը ներկա էին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը։

   Հիշում եմ Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ սիրո եւ եղբայրության այն մթնոլորտը, որը տիրում էր այդ օրը Գյումրիում, եւ համեմատում եմ այն Սերգեյ Մարկովի ցինիզմի հետ, որն իր հարցազրույցում հայտարարում է. «...մենք պահանջում ենք, որպեսզի հայկական պետությունը եւ ժողովուրդը դադարեցնեն հակառուսական հիստերիան, պատժեն Գյումրիի իրադարձությունների մեղավորներին։ Առաջին հերթին, հարկավոր է պատժել նրանց, ովքեր օգտվել են ռուս զինծառայողի հանցագործությունից»։

   Սրանով նա չի սահմանափակվում եւ շարունակում է. «Հայտնի է, որ բոլոր դաշնակիցները չէ, որ հուսալի են։ Այդ փորձը Ռուսաստանը ձեռք է բերել նրանց հետ աշխատանքի վերջին 100 տարվա ընթացքում։ Այդպես եղել է միշտ։ Փոքր ժողովուրդները զարգանալու եւ պաշտպանվելու համար թաքնվում են մեծերի թիկունքում։ Իսկ երբ խոշոր պետությունները դժվարություններ են ունենում, դրանք իրենց համար նոր հենարան են փնտրում։ Ցավոք, աշխարհի կարգն է այդպես»։

   Եվ սա ասվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց ընդամենը երկու շաբաթ հետո, ՀԱՊԿ անդամ պետության հասցեին։

   Ինչի՞ էր պետք, որ Մարկովն այսքան լկտիաբար ստեր. հայկական պետության եւ հայ ժողովրդի ի՞նչ հակառուսական հիստերիայի մասին է խոսքը։ Չէ՞ որ անգամ «Ազատություն» ռադիոկայանի կայքում տեղակայված ութժամյա տեսանյութերը համոզչորեն վկայում են հանրահավաքների մասնակիցների պահանջների գլխավոր ուղղվածության մասին՝ սպանության մեջ կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել հայ արդարադատության ձեռքը։

   Միեւնույն ժամանակ, միանգամայն մտահոգիչ է, որ ռուսական դրոշի այրման եզակի փորձը, որն, անշուշտ, դատապարտում է մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, նրա կողմից օգտագործվում է հայկական պետությանն ու հայ ժողովրդին վիրավորելու համար։ Ի՞նչ է սա, եթե ոչ սովորական ռուսատյացություն։ Այո, ամենաիսկական ռուսատյացություն, երբ խեղաթյուրելով Գյումրիում տեղի ունեցած հուզումների էությունը՝ տնօրեն Մարկովն իր հրապարակումներով Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական ժողովուրդներին տրամադրում է միմյանց դեմ։

   Ավելին՝ նա բացահայտորեն զրպարտում է, երբ ասում է. «Բայց վանդալիզմ կատարելը՝ ոտքերի տակ նետելով ռուսական դրոշը, Գյումրիի ռուսական ռազմակայանի դեմ ուժ կիրառելը, այս ամենը վրդովմունք է առաջացնում։ Մեզ թվում է, թե սա ահավոր երախտամոռություն է»։

   Ռուսական ռազմակայանի դեմ կիրառված ի՞նչ ուժի մասին է բարբառում քաղաքագետը։ Հավանաբար Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող պետությունների ապակայունացման մեջ մասնագիտացած ոչ անհայտ կենտրոններում մշակվել են սցենարներ, որոնց իրագործումը Հայաստանը կնետեր արյունահեղ մայդան...

   Կուզենայի իմ վերաբերմունքը Սերգեյ Մարկովի հարցազրույցին ավարտել «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հրապարակումներից մեկի (վերնագրված է՝ «Ների՛ր, Հայաստան. մարդասպան զինվորը բարեկամ ժողովուրդ չարժե») տողերով։ Ահա այն, ինչ գրում է Ռուսաստանի իսկական հայրենասերն այդ հոդվածում. «Տաքգլուխները Հայաստանում արդեն հանրահավաքների են դուրս գալիս հակառուսական կարգախոսներով, ինչ-որ մեկը նույնիսկ փորձել է այրել Ռուսաստանի դրոշը։

   Եվ այդ մարդկանց կարելի է հասկանալ. նրանք չեն ուզում, որ իրենց հողում հեղվի իրենց անմեղ հայրենակիցների արյունը։ Դժվար դրության մեջ է հայտնվում նաեւ տեղի ռուսամետ իշխանությունը, որը կարող է կորցնել ժողովրդի աջակցությունը։ Բայց Պերմյակովին քննելու եւ դատելու համար Հայաստանին հանձնելը, ես կարծում եմ, քիչ է։ Հայաստան պետք է թռչեն եւ ներողություն խնդրեն կարգով ավելի բարձր մարդիկ, քան փոխնախարարն է, մանավանդ որ նա լիազորված էլ չէ անել դա պետության անունից։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է որ հանդիպեն ե՛ւ Հայաստանի նախագահի, ե՛ւ մարդկանց հետ։ ոսքեր գտնեն։ Եվ ոչ միայն։ Ռուսական զինվորական համազգեստով հանցագործի սպանած մարդկանց հարազատները պետք է ցմահ բավարարում ստանան Ռուսաստանից։

   Եվ վերջապես, դեսպանություն պետք է գնան մարդիկ ու մարդիկ, այնտեղ պետք է ծաղիկների բուրգեր լինեն եւ մոմեր վառվեն։ Սա արդեն պետությանը չեմ ասում, այլ բոլորիս։ Ահա այդժամ մենք այլեւս բարեկամներ չենք կորցնի։ Մարդկանց եւ պետություններ։ Եվ այդ ժամանակ ես կտեսնեմ, որ իմ Ռուսաստանն իսկապես մեծ տերություն է։ Իսկ մինչ այդ հայերից ինքս ներողություն կխնդրեմ։ Ներեք ինձ, եղբայրներ»։

   Ես հավատում եմ, որ Ռուսաստանը մեծ եւ Հայաստանի համար բարեկամական տերություն է։ Եվ այդ հավատն առաջնորդում է ինձ, երբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բարձր ամբիոնից ներկայացնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդն է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը , ես համոզված առաջ եմ տանում Հայաստանի, ասել է թե՝ նաեւ Ռուսաստանի շահերը, չէ՞ որ դրանք ընդհանուր են մեզ համար՝ կերտել մեր ընդհանուր խաղաղ ապագան։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար

Последние видеоматериалы

Новые книги