«Ես Ժիրինովսկու ադվակատը չեմ». Արտաշես Գեղամյան

02.08.2016, 168 ժամ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը՝ «թքած Հայաստանի վրա», ուղղակի պատասխանն է այն ելույթներին, որոնք հնչել են նախորդ օրն Ազատության հրապարակում:

168.am-ի հետ զրույցում դիտարկմանը, որ Ժիրինովսկին ոչ թե Ազատության հրապարակի մասին է խոսել, այլ ընդհանուր Հայաստանի, Ա. Գեղամյանը պնդեց, թե նա ցուցարարների հակառուսական հայտարարություններին է պատասխանել. «Ես Ժիրինովսկու ադվակատը չեմ, ինքս դատապարտում եմ, գտնում եմ, որ նա բացարձակապես պետական այրի համար անմակարդակ բան ասաց և ջուր լցրեց հայ-ռուսական բարեկամության թշնամիների ջրաղացին»:

Անդրադառնալով Ժիրինովսկու այն մտքերին, թե Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից, հակառակ դեպքում՝ երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները, Ա.Գեղամյանը նշեց, որ Ժիրինովսկուն պետք չի գուրուի կամ Նոստրադամուսի տեղ ընդունել. «Իր պատկերացմամբ, իր աշխարհայացքի շրջանակներում, այո, նա դեռ տվյալ հարցերում մնացել է սառը պատերազմի հոգեբանության տիրույթում: Աշխարհը հիմա էն չի, ինչ սառը պատերազմի ժամանակ էր, և ամենակարևորը, ըստ իս, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս պրեզիդենտ Պուտինի, տրամագծորեն այլ մոտեցումներ ունեն հայ-ռուսական ռազմավարական բարեկամության, Եվրասիական տնտեսությունում անդամակցելու հարցերին:

Բայց Ժիրինովսկու այդ արտահայտությունը պետք է որոշակի շրջանակներին հուշի, որ, եթե իրենք խնդիր էին դրել՝ թշնամանքի սերմ գցել հայ-ռուսական բարեկամության մեջ, ապա դա իրենց մոտ ստացվեց: Բայց աչքի առաջ պետք է ունենալ հետևյալը՝ ստեղծված իրավիճակում ՀՀ ցանկացած քաղաքական գործիչ իր առջև պետք է դնի գեթ մեկ խնդիր՝ եղած բարեկամների հետ բարեկամությունն է´լ ավելի խորացնել, չեզոքներին բարեկամ դարձնել, թշնամիներին՝ չեզոք: Ցավոք սրտի, այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում Երևան քաղաքում, ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցավ իմ այս նշած համոզմունքը կյանքի կոչելու ճանապարհին»:

Ա.Գեղամյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Հիշեցնելով դեսպանի նախազգուշացումը ՊՊԾ գնդի շուրջ դեպքերի հետ կապված, որ Հայաստանի իրավապահ մարմինները դուրս կմնան այն ծրագրերից, որ իրականացվում են Հայաստանում, Գեղամյանը հատարարեց.

«Նա, ունենալով Միացյալ Նահանգների Ոստիկանության աշխատանքների դառը փորձը, երբ 1 տարվա ընթացքում ավելի քան 500 քաղաքացիներ են զոհվել ոստիկանների բռնությունների արդյունքում, ճիշտ է անում, որ ծեծելու պայմաններում խիստ նախազգուշացնում է հայկական կողմին, հակառակ պարագայում՝ նա գիտակցում է, որ մերոնք կարող են հասնել այն աստիճանին, երբ, կրկնում եմ, 500-ից ավելի ԱՄՆ քաղաքացիներ զոհվել են 1 տարվա ընթացքում Ոստիկանության կամայականություններից»:

Последние видеоматериалы

Новые книги