ՀԱՅԵՐԻՍ, ԻՆՉՊԵՍ ԵՐԲԵՎԷ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

03.06.2011, Իրավունք

Եվ այսպես, 2011թ. մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական Դովիլում, G-8-ի գագաթաժողովի շրջանակում, համատեղ Հայտարարություն (թվով երրորդը) ընդունեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ (Հայտարարություն): Անցած մի քանի օրում Հայաստանի Հանրապետության ԶԼՄ-ներում այդ Հայտարարությանը վերաբերող տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չկար: Սույն հոդվածի նպատակը չէ համաձայնել կամ վիճարկել դովիլյան փաստաթղթի վերաբերյալ գնահատականներն ու մեկնաբանությունները: Առավել կարեւոր է թվում վերլուծել մեր քաղաքական ուժերի գործողությունների արդյունավետությունը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ գալիք գագաթաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա հունիսի 25-ին` Կազանում:
Չէ± որ Հայտարարության մեջ հստակ նշված է. ՙ...մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսեւորել եւ ս. թ. հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները՚: Սրանով ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հավաստեցին, որ լրիվ վստահում են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական ջանքեր գործադրելու մեջ, նրան քարթ-բլանշ տվեցին` վարելու այդ բանակցություններն իրենց երկրների անունից: Հայտարարության մեջ միաժամանակ նախազգուշացում կա այն մասին, որ ՙՀետագա ձգձգումը (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը - Ա. Գ.) միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը` հասնելու համաձայնության՚: Նման կոշտ գնահատական դրանից առաջ այդ պետությունների` լ’Ակվիլայում (Իտալիա) 2009 թ. հուլիսին եւ Մոսքոկում (Կանադա) 2010 թ. հունիսին ընդունած համատեղ հայտարարություններում չէր եղել: Ավելին, դովիլյան փաստաթղթում, ի տարբերություն մինչ այդ ընդունվածների, նաեւ հայտարարվել է. ՙՄենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահներս, համոզված ենք, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի` խաղաղ կարգավորմանն ուղղված վճռական քայլ անելու ժամանակը՚: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Դ. Մեդվեդեւը, Բ. Օբաման եւ Ն. Սարկոզին միանգամայն վճռական են տրամադրված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հունիսին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների մասին համաձայնություն ստորագրել տալու ուղղությամբ:


Քաղաքական այս նոր իրողությունները Հայաստանի քաղաքական ուժերի առջեւ խնդիր են դնում համախմբվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, որն առաջին տարին չէ, որ պաշտպանում է հայկական դիվանագիտությունը, եւ որը քանիցս հայտարարվել է ինչպես Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, այնպես էլ երկրի նախագահի կողմից: Այս հարցում քաղաքական ուժերի համախմբումն ամենեւին էլ չի նշանակում հրաժարում ՀՀ իշխանությունների` մասնավորապես տնտեսության, սոցիալական, իրավական, հոգեւոր-բարոյական եւ երկրի կենսագործունեության այլ ոլորտներում վարած քաղաքականության նկատմամբ ունեցած իրենց անհամաձայնությունից կամ սկզբունքորեն այդ քաղաքականությունը չընդունելուց: Ավելին, իշխանությունների հետ այս հարցերում ունեցած սկզբունքային տարաձայնությունը եւ, միաժամանակ, նրանց հետ համախմբվելը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ դիրքորոշումները պաշտպանելիս` ուժի միջազգային կենտրոնների համար Հայաստանի քաղաքական դասի լիակատար կոնսենսուսի համոզիչ վկայությունը կլինի մեզ համար բախտորոշ այս խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Ավելին, այս հարցում հայկական կողմի միասնական դիրքորոշումը կխլի ուժի միջազգային որոշ կենտրոնների` ընդդիմության միջոցով ՙսարեր շրջելու՚ ցանկությունը: Ընդ որում` քաղաքական ուժերից յուրաքանչյուրի դիրքորոշումը, նրա վերաբերմունքը հակամարտության կարգավորման միասնական իրատեսական մոտեցման մշակմանը միաժամանակ նրանց իսկական մղումների, մտադրությունների ու հավակնությունների ինդիկատորը կլինեն: Դա մեր հասարակությանը թույլ կտա Ղարաբաղյան հարցում հատիկը զատել որոմից, ջրի երես կհանի նրանց, ովքեր խոսքով Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ուզում երեւալ, իսկ գործով ապակառուցողական դիրքորոշում են որդեգրել:
Այս առնչությամբ կուզենայի ընդգծել քաղաքական կոալիցիայում միավորված կուսակցությունների դիրքորոշումները: Այսպես, ս.թ. փետրվարի 17-ին կոալիցիայում միավորված Հայաստանի Հանրապետական, ՙԲարգավաճ Հայաստան՚ եւ ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունների միջեւ ստորագրվեց Հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված էր. ՙԱվելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի` դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում՚: Գաղտնիք չէ, որ այս Հայտարարությամբ կոալիցիայի կուսակցությունները զգալիորեն ուժեղացրին նախագահ Ս. Սարգսյանի դիրքերը Դ. Մեդվեդեւի, Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի` Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ գագաթաժողովի նախաշեմին, որը տեղի ունեցավ մարտի 5-ին` Սոչիում: Եվ իշխանության կուսակցությունների քաղաքական կամքի այս համատեղ դրսեւորումը ճիշտ ժամանակին արվեց, որովհետեւ Սոչիի գագաթաժողովում քննարկվում էր ՙՂարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների՚ վերջին տարբերակը: Հենց այս փաստաթղթի մասին էր հիշատակումը ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների դովիլյան Հայտարարությունում. ՙՄարտի 5-ին Սոչիում քննարկված Հիմնական սկզբունքների վերջին տարբերակն արդարացի եւ հավասարակշռված հիմք է դնում համընդգրկուն խաղաղ կարգավորման պատրաստման համար՚: Հանուն արդարության պետք է նշել, որ ՀՀ առաջին նախագահն իր ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքներում հանդես էր գալիս որպես կայացած պետական գործիչ, որի գործողությունները, ըստ էության, ամրացնում էին ՀՀ գործող նախագահի եւ արտգործնախարարի դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում: Այսպես, 2011թ. ապրիլի 8-ին ելույթ ունենալով ՀԱԿ-ի հանրահավաքում` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. ՙՄենք մտադիր չենք շտապեցնել իրադարձությունները, մենք կգործենք օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում... խուսափելով սոցիալական խռովություններից եւ ցնցումներից երկրում: Մենք դա անում ենք ամենեւին էլ ոչ նրա համար, որ մերժում ենք հեղափոխական մեթոդների օրինականությունը, այլ բացառապես խուսափելու համար Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգից... Ես չեմ կասկածում, որ Ադրբեջանը վայրկյան իսկ կդանդաղի եւ կօգտվի Հայաստանում ցանկացած լուրջ անկարգությունից՚: Ի դեպ, նման գնահատական տալով ՀՀ առաջին նախագահի դիրքորոշմանը` ՙԱզգային Միաբանություն կուսակցությունն՚ ամենեւին չի հրաժարվում Հայաստանի քաղաքական կյանքի այլ հարցերում առաջին նախագահի եւ նրա ղեկավարած ՀԱԿ գործողությունների մասին ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումներից:
Կարեւոր է փաստել, որ վերջին ամիսների ընթացքում քաղաքական այլ ուժերի ղեկավարները նույնպես որեւէ գործողություն չեն ձեռնարկել, որոնք կարող էին թուլացնել հայկական կողմի դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում: Եվ հանկարծ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ ողջ հայության առջեւ ծառացած գլխավոր հարցի շուրջ նկատվող համախմբման, համազգային միասնության համար պայմանների ստեղծման դրական միտումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պահպանման միասնական ճակատի ստեղծման այս` թվում է թե բարենպաստ ֆոնին կատարվում է մի ինչ-որ անսպասելի բան: ՙ7 օր՚ (www.7or.am) էլեկտրոնային պարբերականի կայքում հետաքրքրություն շարժող ՙՄեդվեդեւը կհեռանա` իր հետ տանելով նաեւ Սարգսյանին՚ (7or.am/archives/59410) եւ ՙ2 վախը=1 մահ՚ (7or.am/archives/date/2011/05/28) վերնագրերով երկու հոդված է հրապարակվում, որոնք, ըստ իս, ակնհայտորեն անընդունելի բնույթ ունեն: Անսպասելիորեն հայտնված այս հոդվածները, կարելի է չկասկածել, երկու նպատակների համար օգտագործողներ կլինեն: Առաջին` անվանարկել ՀՀ հարգելի երկրորդ նախագահին` Ռոբերտ Քոչարյանին, երկրորդ` Կազանի գագաթաժողովի նախօրյակին ծայրահեղ տհաճ քաղաքական ֆոն ստեղծել հայկական պատվիրակության համար:
Սույն պարբերականը` ՙ7 օրը՚, հանդես է գալիս եւ Հայաստանի ընթերցող լսարանի կողմից ընկալվում է որպես ԶԼՄ, որն ամբողջովին պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին: Եվ որքան մեծ էր այս ՙստեղծագործությունների՚ կարդացողների, էլ չենք խոսում` քաղաքական գործիչների զարմանքը, երբ ՙՄեդվեդեւը կհեռանա` իր հետ տանելով նաեւ Սարգսյանին՚ հոդվածում կարդացին. ՙԵրկուսն էլ (ՌԴ եւ ՀՀ նախագահներ Դ. Մեդվեդեւը եւ Ս. Սարգսյանը-Ա.Գ.) կտրված են իրենց հասարակություններից ու փորձում են հանրային դրական ընկալման պակասը լրացնել ու իրենց իշխանության ամրապնդումը փնտրել երկրից դուրս` վերածվելով կոմպլեքսավորված ու պետության շահերի հաշվին աթոռը պահել ձգտող անհատների՚: Հետո` ավելի հետաքրքիր է: Ըստ իս` Ռ. Քոչարյանի վատը կամեցողների օգտին խաղալով` այս հրապարակման հեղինակը շարունակում է. ՙՄեդվեդեւին ու Սարգսյանին վստահված ժամանակահատվածում երկուսն էլ չարդարացրեցին իրենց եւ ձախողվեցին եւ, հետեւաբար, պետք է հեռանան, ու դա իրենք էլ շատ լավ հասկանում են, բայց ի տարբերություն Մեդվեդեւի` Սարգսյանը դիմադրում է, սակայն նկատենք` ապարդյուն՚: Հեղինակն ակամա, միջնորդավորված ձեւով Ռ. Քոչարյանին, որի անվան հետ շատերը կապում ՙ7 օր՚ էլեկտրոնային թերթը, դրեց մի մարդու վիճակում, որը բացարձակապես բան չի հասկանում աշխարհաքաղաքական հարցերում: Ավելին, նրան ներկայացրին որպես քաղաքական գործչի, որը խիստ մակերեսային պատկերացումներ ունի կամ, ավելի ճիշտ` բոլորովին չի հասկանում արդի Ռուսաստանի քաղաքական իրողությունները: Այլապես, ՀՀ երկրորդ նախագահի կողմից անհետեւանք չէր թողնվի ՙ7 օրվա՚ կայքում զետեղված հետեւյալ անընդունելի հատվածը. ՙԱյսպես. Սերժ Սարգսյանը, չունենալով հանրային լեգիտիմության նվազագույն պաշար,  նախաձեռնեց ՙֆուտբոլային՚ դիվանագիտություն, որի շրջանակներում կողմ արտահայտվեց ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի օժանդակությանը: Համանման ձեւով իրեն պահեց նաեւ Մեդվեդեւն իրենց ՙՂարաբաղի՚` Մերձդնեստրի հարցում` կողմ արտահայտվելով Մերձդնեստր-Մոլդովա հարաբերությունների կարգավորման հարցում Ռումինիայի ակտիվ դերակատարմանը, ինչը ՙֆուտբոլային՚ դիվանագիտության պես մի բան էր եւ ակնհայտորեն հակասում էր ՌԴ շահերին՚: Ընդ որում, բնականաբար, հարց ես տալիս. իսկ ի±նչ կապ ունի այստեղ մերձդնեստրյան կարգավորումը, որի նրբությունների մասին հոդվածագիրը, դատելով նրա գնահատականներից, ընդհանրապես պատկերացում չունի: Հոդվածից, սակայն, երեւում է նաեւ, որ նա շատ հեռու է հայ-թուրքական հարաբերությունների (որոնք նոր որակ ձեռք բերեցին հատկապես 2008 թ. օգոստոսյան վրաց-հարավօսական հնգօրյա պատերազմից հետո) կարգավորման հարցերում եղբայրական Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նաեւ ռուսական դիվանագիտության համար այս բարդ ժամանակաշրջանում թուրքական ղեկավարության որդեգրած դիրքորոշումը հասկանալուց:
Մենք չենք կասկածում, որ ՀՀ երկրորդ նախագահը չի կռահում այս ամենը: Այսինքն` նրա անվան հետ կապվող էլեկտրոնային ԶԼՄ-ում նման, մեղմ ասած, վիճելի հրապարակումը խիստ անբարենպաստ ծառայություն է մատուցել իրեն: Մյուս կողմից` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գագաթաժողովի նախօրեին հայկական ղեկավարությունը ոչ միանշանակ դրության մեջ է հայտնվել: Չէ± որ, ըստ էության, ՀՀ երկրորդ նախագահի թիկունքի հետեւում (չեմ ուզում կասկածել դրանում) ՙ7 օր՚-ի հեղինակը, կրկնում եմ, որը ներկայանում է քոչարյանամետ, իրեն իրավունք է վերապահում անհիմն գնահատականներ տալ Ռուսաստանի նախագահի գործունեությանը: Այս երեւույթին կարելի էր եւ ուշադրություն չդարձնել, եթե չլիներ մի էական հանգամանք: Հայ քաղաքական հանրության համար սովորական է դարձել, երբ Ռ. Քոչարյանի գրասենյակը մշտապես օպերատիվորեն արձագանքում է ցանկացած հրապարակման, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի անդամների անունները: Ընդ որում` դա արվում է խիստ հետեւողականորեն եւ առանձնակի նրբանկատությամբ, ընդհուպ մինչեւ լրագրողների դեմ դատական հայցեր ներկայացնելը: Իսկ խնդրո առարկա հարցում Ռ. Քոչարյանի գրասենյակը, չգիտես ինչու, քար լռություն է պահպանում, նման Ազգերի լիգայի լռությանն այն ժամանակ, երբ լիգայի անդամ պետությունը` Չեխոսլովակիան, կուլ տրվեց իր հզոր հարեւանի` Գերմանիայի կողմից: Ո±րն է նման պասիվ վերաբերմունքի գաղտնիքը: Արդյոք ա±յն, որ Ռ. Քոչարյանի թիմի գաղափարախոսներին մեծ բավականություն են պատճառել այդ հոդվածներում տեղ գտած առանձին դրվագներ: Մի±թե նրանք կուլ են գնացել են այն բանին, որ դրանց հեղինակը քրտնաջանորեն փորձում է հայ ընթերցողին պարտադրել իրականությունց հեռու իր տեսլականը ՌԴ նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւի եւ ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի քաղաքական տանդեմի մասին: Ի դեպ, հոդվածագրի գնահատականները ոչ միայն սխալ են, այլ նաեւ վնասակար: Ընդ որում` նա ծավալվում է այն աստիճան, որ գրում է. ՙ...ՀՀ երկու նախորդ (Լ. Տեր-Պետրոսյան, Ռ. Քոչարյան - Ա. Գ.) եւ մեկ այժմյան (Ս. Սարգսյան - Ա.Գ.) նախագահների հարաբերությունները ՌԴ երկու հիմնական քաղաքական ֆիգուրներ Պուտինի ու Մեդվեդեւի հետ հետեւյալ տեսքն ունեն. առկա է Սարգսյան-Մեդվեդեւ եւ Քոչարյան-Պուտին տանդեմը, իսկ Տեր-Պետրոսյանը բավարարվում է Մեդվեդեւին ՙտեսնելով՚ եւ իր ՙտեսած՚ Մեդվեդեւի հայաստանյան գործընկերոջ իշխանության կայունության երաշխիքի դերը կատարելով... Պուտին-Մեդվեդեւ լարված հարաբերությունների հանգուցալուծումն ու ՌԴ ապագա նախագահի ով լինելն իր արձագանքն է գտնելու նաեւ Հայաստանում՚: Ընթերցողին տանելով իր խճճված մտքերի ու անտրամաբանական գնահատականների լաբիրինթոսով` հեղինակը վերջապես նրան բերում-հասցնում է այն գլխավոր գաղափարին, որն ավետումն է այն բանի, թե Ռոբերտ Քոչարյանը մեր հասարակությանն է մատուցվում ոչ այլ կերպ, քան իմ կողմից խորապես հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ տանդեմում: Առաջնորդ, որը մեզանում ընկալվում է որպես հայ ժողովրդի մեծ բարեկամ: Այնուհետեւ հոդվածների հեղինակն իր անսանձ երեւակայության պոռթկման մեջ խոսելով Պուտին-Քոչարյան տանդեմի գոյության մասին` կանխատեսում է նրանց հետագա գործողությունները, որոնց համաձայն` այն իր ճանապարհին կսրբի-կտանի Մեդվեդեւ-Սարգսյան տանդեմը: Պարզ է, որ այս դեպքում մենք ականատեսն ենք պարզունակ շահարկման, որը, հոդվածները մտահղացողների կարծիքով, բարի նպատակ է հետապնդում` Ռ. Քոչարյանին հավասար մակարդակի վրա դնել համաշխարհային քաղաքականության ճանաչված առաջնորդների, արդի Ռուսաստանի ընդունելի, հարգարժան եւ ազգընտիր ղեկավարների` ՌԴ նախագահի եւ կառավարության նախագահի կողքին: Հայաստանի արդի քաղաքական կյանքում, առավել եւս` հայ-ռուսական միջպետական հարաբերություններում հարգելի Ռոբերտ Սեդրակովիչի դերի ու տեղի նման տնաբույս եւ մտացածին մեկնաբանությունը վհատությունից ու բացասական հույզերից բացի` այլ բան առաջացնել չի կարող: Հատկանշական է, որ այս հոդվածը հրապարակվել է Ռ. Քոչարյանի եւ Վ. Պուտինի, իբր, կայացած հանդիպման մասին տեղեկության հայտնվելու նախօրեին: Տպավորություն է ստեղծվում, թե այդ հրապարակմամբ թեեւ խնդիր է դրվել գովազդել Ռ. Քոչարյանին, սակայն դա վերածվել է նրա վարկաբեկմանը: Հատկանշական է նաեւ այն, որ, կարդալով այդ նյութը, տպավորություն է ստեղծվում, թե Ռ. Քոչարյանը տեղյակ է դրա ՙ7 օր՚-ում հայտնվելու մասին: Այդ հոդվածների մտահղացումը հիմնվում էր այն բանի վրա, ինչը հայտնի է բոլորին. Հայաստանի քաղաքական յուրաքանչյուր գործչի, նույնիսկ մոլի ռուսատյացի, սեզոնային, պատեհապաշտ ու կոնյունկտուրային ռուսասերի համար մեծ պատիվ է հիշատակվել Վլադիմիր Պուտինի անվան կողքին, որը Հայաստանում ընկալվում է որպես համաշխարհային մասշտաբի ճանաչված առաջնորդ: Հավանաբար, այս գայթակղությունն այնքան մեծ էր, որ հրապարակման հեղինակը եւ նրա հուշարարները գլխի չընկան, թե դրա տակ այնուհետեւ ինչ անհեթեթություն են ասել: Այնպես եմ ուզում այդ մոլորյալներին պարզապես ասել. քթներդ մի խոթեք Ռուսաստանի համընդհանուր ճանաչում ունեցող երկու ղեկավարների` Դմիտրի Մեդվեդեւի եւ Վլադիմիր Պուտինի փոխհարաբերությունների, նրանց քաղաքական տանդեմի մեջ: Բայց... ակնկալելով ՙՄեդվեդեւը կհեռանա` իր հետ տանելով նաեւ Սարգսյանին՚ հոդվածի` միայն իրենց հայտնի շահավետ բնույթը` շուտափույթ այն հայերենից թարգմանեցին ռուսերեն եւ մայիսի 26-ին զետեղեցին կայքում (<http://7or/am/ru/ archives/59698>): Հավանաբար, ոմանց ծայրահեղորեն պետք էր դրա բովանդակությունը հասցնել նաեւ ռուս ընթերցողին, ոչ թե ընդհանրապես, այլ Ռ. Քոչարյանի միանգամայն հայտնի որոշակի լոբբիստներին: Բացի այդ, հրապարակման հեղինակները կարծում էին, թե հայկական էլեկտրոնային լրատվամիջոցում Քոչարյան-Պուտին տանդեմի գոյության մասին հիշատակումն անգամ կբարձրացնի Ռ. Քոչարյանի ժողովրդականությունը ՙՍիստեմա՚ ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կորպորացիա) հոլդինգի բաժնետերերի աչքում, որտեղ նա այժմ աշխատում է:
Անվերապահորեն հավատալով իրենց մտահղացման արդյունավետությանը` մայիսի 28-ին ՙ7 օր՚ կայքում զետեղվեց ՙ2 վախը=1 մահ՚ հոդվածը: Այստեղ կրկին հայտնվում է բացահայտ սուտ, միանգամայն անտեղի կրկին հիշատակվում է հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անունը. ՙ...Բանն այն է, որ արդեն երեք տարի է` սերժականները քարոզում են, թե Սերժը երկրորդ ՙսռոկ՚ նախագահ կմնա, քանի որ Ռուսաստանում Մեդվեդեւը եւս շարունակելու է մնալ նախագահի պաշտոնում: Սարգսյան-Մեդվեդեւ տանդեմը ներկայացվում էր սիամական երկվորյակների նմանությամբ: Նույն այդ քարոզչության շրջանակներում նշվում էր, որ Պուտինը պարտվելու է ներիշխանական պայքարում Մեդվեդեւին, եւ, հետեւաբար, Քոչարյանն էլ շանս չունի վերադարձի, քանի որ չի վերադառնա (ՌԴ նախագահի պաշտոնին-Ա.Գ.) նաեւ ՌԴ այսօրվա վարչապետը՚:
Ես չէի արձագանքի ՀՀ գործող նախագահի կողմնակիցներին վերագրվող այս ստին, դա նրա աշխատակազմի եւ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության գործն է, սակայն իմ պարտքն եմ համարում պարզաբանում մտցնել, քանզի բացառիկ կարեւոր նշանակություն եմ տալիս իմ երկրի` Հայաստանի Հանրապետության հանդեպ Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի վերաբերմունքին: Ինչո±ւ է, ուրեմն, հերթական անգամ օգտագործվում այդքան բացահայտ սուտը: Հավանաբար, այն բանից հետո, երբ առաջին հոդվածի հրապարակմանը չհաջորդեց հերքում կամ խիստ պատասխան չհնչեց Ռ. Քոչարյանի կողմից, ՀՀ երկրորդ նախագահի PR-ով զբաղվողները գտան, որ իմաստ ունի ծավալել դրանում շարադրված ֆանտաստիկան, գունազարդել այդ մտացածին տեղեկատվությունը նոր մանրամասներով: Միանգամայն իրավացի հարց է ծագում. մի±թե որեւէ մեկը կարծում է, թե Քոչարյան-Պուտին տանդեմի գոյության մասին սուտը տարածելով` այդ ապատեղեկատվությամբ բարի գործ է անում ՀՀ երկրորդ նախագահի համար: Մի±թե այդ մարդիկ այնքան միամիտ են, որ կարծում են` Ռուսաստանի վարչապետ Վ. Պուտինի անվան կողքին Ռ. Քոչարյանի անվան հաճախակի հիշատակմամբ, ընդ որում` ոչ այլ կերպ, քան տանդեմի ձեւաչափով` դա համեմելով Ռուսաստանի գործող նախագահի գործունեության ճղճիմ գնահատականներով, կարող են բարձրացնել հարգելի Ռոբերտ Սեդրակովիչի վարկանիշը: Տարակուսանք է առաջացնում մեկ այլ հանգամանք եւս: Կարդալով այս հոդվածները` զարմանում ես դրանց հեղինակների անհեռատեսությամբ, որոնց թվում է, թե նման ձեւով հասնում են իրենց առջեւ դրված նպատակին, այն է` ինչպես հայ, այնպես էլ ռուս ընթերցողի մեջ ձեւավորում են կարծիք այն մասին, թե Քոչարյանը Հայաստանում քաղաքական միակ գործիչն է, որը պայքարում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համար եւ վայելում է Մոսկվայի լիակատար վստահությունը: Սրանով էլ հենց պայմանավորված է այն, որ երկրորդ հոդվածում նույնպես անհիմն ու առանց պատճառի Ռ. Քոչարյանի անվան հետ կրկին հիշատակվում է Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անունը: Սա հիշեցնում է Վիկտոր Ստեպանի Չեռնոմիրդինի (թող բարի լինի նրա հիշատակը) հայտնի ասացվածքը, որն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ` պատմելով, թե ինչպես էր պատրաստվում դրամական բարեփոխումը 1993 թվականին. ՙՈւզում էինք ավելի լավ լիներ, բայց ստացվեց` ինչպես միշտ՚: Այդպես էլ վերոհիշյալ հրապարակումների պարագայում չի կարելի բացառել, որ դրանց հեղինակներն ուզում էին գովազդել ՀՀ երկրորդ նախագահին, բայց իրականում ստացվեց քաղաքական անթաքույց շահարկում, որը հարգարժան Ռոբերտ Սեդրակովիչին անհարմար ու ծիծաղելի դրության մեջ գցեց: Մի±թե նրա որոշ զինակիցներ այնքան են զրկված իրականության զգացողությունից, որ, թերեւս, Քոչարյանի լավը կամենալով` այդքան ուժգին վնասում են նրան…
ՙԱզգային Միաբանություն կուսակցությունն՚ իր հիմնադրման օրվանից` 1997 թվականից, ծրագրային բոլոր փաստաթղթերում առանձնապես ընդգծել է հավատարմությունը հայ-ռուսական ռազմավարական դաշինքին, միասնական տնտեսական տարածքի եւ միասնական արժույթի ստեղծմանը, Հայաստանի մուտքին այդ տնտեսական եւ ռազմաքաղաքական միավորման մեջ: Հայաստանի ճակատագրի համար այդքան հիմնարար հարցում մեր` նման դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է, այսպես կոչված, արեւմտականների հարձակումներին: Սակայն դա ամենեւին չի սասանել կուսակցության ղեկավարների համոզմունքը Ռուսաստանի բացառիկ դերի հանդեպ` մեր ժողովրդի, Հայոց պետականության անվտանգության համար: Ահա թե ինչու մենք չէինք կարող չարձագանքել, երբ Հայաստանի համար այսքան պատասխանատու ժամանակաշրջանում քաղաքական առանձին գործիչների հսկողության ներքո գտնվող որոշ ԶԼՄ-ներ կանգնում են ՌԴ նախագահի եւ վարչապետի բարի անուններն օգտագործելու վտանգավոր ճանապարհին` իրենց նեղ, միեւնույն ժամանակ` Հայաստանի Հանրապետության համար վնասաբեր նպատակներին հասնելու համար: Ընդ որում, եթե Դ. Մեդվեդեւին վերագրվում է այն ՙմեղքը՚, թե ՙնա չի արդարացրել իրեն եւ ձախողվել է՚, եւ, ՙհետեւաբար, պետք է հեռանա՚, ապա Վ. Պուտինի ՙվարկաբեկման՚ ձեւն էլ ավելի նրբագեղ է: Ահա թե ինչ անընդունելի տեսք ունի այն. ՙԻնչ մնում է Մեդվեդեւի հայաստանյան բախտակից Սարգսյանին, ապա նա էլ ստիպված կլինի բավարարվել իր նախագահության մեկ ժամկետով, քանի որ Պուտինի պարագայում այլ աշխարհաքաղաքական վեկտոր է աշխատելու մեր տարածաշրջանում ու վերջ կդրվի տարատեսակ ՙնախաձեռնողականություններին՚, ինչը զգալիորեն վտանգել էր ՀՀ եւ ՌԴ պետական շահերը՚: Ի±նչ նկատի ունեն նրանք, երբ ասում են, թե ՙայլ աշխարհաքաղաքական վեկտոր է աշխատելու մեր տարածաշրջանում՚: Մի±թե որոշ վայ-քաղաքական գործիչներ ուզում են, որ ՀՀ նախագահի պաշտոնանկությամբ, ինչի մասին տեղեկացնում են, չեղյալ հայտարարվի մեր խորհրդարանի կողմից ապրիլի 11-ին վավերացված թիվ 5 Արձանագրությունը Հայաստանի տարածքում 49 տարով ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետը երկարացնելու մասին, որը ստորագրվել է Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանությունների նախարարների կողմից 2010 թ. օգոստոսի 20-ին` ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական առաջին այցի ընթացքում: Մի±թե ՀՀ երկրորդ նախագահը չի տեսնում, որ իր անվան հետ կապվող ՙ7 օր՚ էլեկտրոնային թերթն իր կեցվածքով, փաստորեն, այդ փաստաթղթում դավադրություն է նկատում: Ինչո±ւ հոդվածագիրը եւ նրա հուշարարները համառորեն չեն ուզում հասկանալ, որ թիվ 5 Արձանագրության վավերացմամբ, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ մեկտեղ, ըստ էության, կանխորոշված է մեր երկրի արտաքին քաղաքական զարգացման վեկտորը: Կամ, գուցե, նրանց դուր չի± եկել Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը ՀՀ կատարած պետական այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, երբ ասաց, որ Արձանագրությունն ուղղված է խաղաղության եւ անվտանգության պահպանմանն ընդհանրապես ողջ Անդրկովկասում:
Իր պատմության արդի փուլում Հայաստանը գտնվում է չափազանց կարեւոր, ճակատագրական որոշումների կայացման նախաշեմին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Դա մեծ պատասխանատվություն է դնում Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի վրա` իրենց գործողությունների առումով: Գործողություններ, որոնք կբացառեն նաեւ այնպիսի հրապարակումների ի հայտ գալը, որոնց հեղինակները խեղաթյուրված են գնահատում ՌԴ նախագահի եւ վարչապետի գործունեությունը, ընդ որում` դիտարկվող դեպքում դա անում են, որքան էլ ցավալի է, հանուն Ռ. Քոչարյանի գովազդի: Ուզում ենք հուսալ, որ ՀՀ երկրորդ նախագահը հասկանում է, որ դա վնասում է հենց իրեն:
Բացարձակապես անընդունելի է նաեւ այն, որ վերոհիշյալ հրապարակումներում խեղաթյուրված է Դ. Մեդվեդեւ-Վ. Պուտին քաղաքական տանդեմի էությունը, մանավանդ որ` դա արված է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթաժողովի նախօրեին: Գագաթաժողով, որտեղ մեր հույսերը կապում ենք բացառապես Դ. Մեդվեդեւի հետ: Ընդ որում` կարեւոր է հասկանալ, որ այստեղ խոսքն ամենեւին էլ մամուլում գրաքննություն մտցնելու մասին չէ: Խոսքն այն մասին է, որ հարկավոր է առանձնապես զգոն լինել այն ԶԼՄ-ների հրապարակումների հանդեպ, որոնք զուգորդվում են ՀՀ իշխանությունների ու նաեւ ՀՀ երկրորդ նախագահի հետ, որը, ուզում ենք հավատալ, նույնպես ռուս-հայկական ռազմավարական գործընկերության կողմնակիցն է: Հաշվի առնելով Ռ. Քոչարյանի ենթադրյալ հենց նման արտաքին քաղաքական կողմնորոշումները` ՙԱզգային Միաբանություն կուսակցության՚ ղեկավարությունն անպատասխան է թողնում տարատեսակ որակումների եւ բացահայտ ստերի տիրաժավորումը մեր հասցեին, ինչը ՙ7 օր՚-ի լրատվական քաղաքականությունում մշտապես առկա է: Թեեւ ՙՄեդվեդեւը կհեռանա` իր հետ տանելով նաեւ Սարգսյանին՚ եւ ՙ2 վախը=1 մահ՚ անընդունելի հոդվածների հրապարակումից հետո այս թերթի ցանկացած հարձակում այսուհետ կընկալվի որպես ՙԱզգային Միաբանություն կուսակցության՚ ղեկավարության ինքնատիպ գովազդ:
Միեւնույն ժամանակ, հարկ է խոստովանել, որ, այո, իրականում երկյուղներ կան, ինչի մասին հիշատակվում է այդ հոդվածներում: Դա կապված է այն բանի հետ, որ ժամանակի ընթացքում չի բացառվում, որ Հայաստանը մղվի եվրատլանտյան տարածք, դեպի ՆԱՏՕ-ի գիրկը: Եվ նման միտումը, որի սաղմերն արդեն կյանքի նշաններ են ցույց տալիս, ավելի նշանակալի կլինի, եթե սկզբունքային գնահատականներ չտրվեն զանազան տեսակի ԶԼՄ-ների հերյուրանքներին ու խարդավանքներին, որոնք խեղաթյուրում են Ռուսաստանի արդի արտաքին քաղաքականության էությունը:
Այս ոչ մեծ վերլուծությունը կուզենայի ավարտել լավատեսական նոտայով: Այսօր կարելի է վստահաբար պնդել, որ ՌԴ նախագահի եւ վարչապետի հայտարարած նպատակների ու դրանց հասնելու մեթոդների միասնության մեջ հստակ նշված է Ռուսաստանի` Հայաստանի բարեկամ պետության հզորության հետագա ամրապնդման գրավականը, պետություն, որը վստահաբար գրավում է ուժի միջազգային ամենաազդեցիկ եւ ամենահեղինակավոր կենտրոններից մեկի դիրքերը: Ուստի մեզ` հայերիս, ինչպես երբեւէ լուսավորում է Հյուսիսային հեռանկարը:

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՙԱզգային Միաբանություն կուսակցության՚ նախագահ, ՙՀյուսիսային հեռանկար՚
հասարակական կազմակերպության վարչության նախագահ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ- Սույն նյութը արտահայտում է բացառապես Արտաշես Գեղամյանի տեսակետը: ՙԻրավունք՚-ը կարող է չկիսել նրա գնահատականների զգալի մասը ու հատկապես այլ լրատվամիջոցներին նրա կողմից տրված որակումները:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր