ՄԽՐՃՎՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԻ ՄԵՋ

25.02.2011, Իրավունք

Մեծ Մերձավոր Արեւելքը ցնցած վերջին իրադարձությունները լուրջ խորհրդածությունների տեղիք են տալիս Հարավկովկասյան տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում ու Ադրբեջանում` Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետեւանքով, իրավիճակի ապակայունացման հնարավորության շուրջ, երկրներ, որոնք արդեն 17 տարի գտնվում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում: Ապակայունացումը դրանցից յուրաքանչյուրում, ակնհայտ է, հղի է ռազմական գործողությունների սադրումով, որը, իր հերթին, ունի լայնածավալ պատերազմի վերածվելու բոլոր նախադրյալները: Միեւնույն ժամանակ, պատմության մեջ մեկ անգամ չէ, որ անգամ ապստամբությունների եւ հեղափոխությունների թվում է թե ամենախառնակ ժամանակներում այս կամ այն ժողովուրդները, արտաքին ռազմական սպառնալիքի առկայության պարագայում, հրաժարվել են ներքին հակամարտություններ սանձազերծելուց եւ համախմբվել են թշնամուն հակազդելու համար:
Ընդ որում` ներքին անկայունություն եւ հարեւան պետությունների հետ չլուծված հակամարտություններ ունեցող պետությունների ղեկավարները կանգնել են երկընտրանքի առջեւ: Վերջիններիս ընտրությունը մեծ չի եղել. նրանք կարող են իշխանությունը հանձնել երկրում գործող արմատական ընդդիմությանը, ինչը, սակայն, ագրեսիվ տրամադրված հարեւաններին անխուսափելիորեն կգայթակղի` օգտվել իշխանության հանձնմամբ պայմանավորված անորոշության այդ շրջանից: Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունը ենթադրում է նաեւ երկրի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի փոփոխություն, ինչը կարող է ռազմական գործողությունների պատճառ դառնալ: Հնարավոր է նաեւ մեկ այլ սցենարի իրականացում. երկրում իրադրության ապակայունացման պարագայում իշխանությունները կարող են հրադադարի գծում նախաձեռնել ռազմական գործողություններ: Մեր տարածաշրջանի պայմաններում` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ: Սա բացառել չի կարելի, քանի որ ադրբեջանական կողմը վերջին տարվա ընթացքում շաբաթական միջինը մոտ 150-200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, ինչը 2010թ. հայկական կողմի համար 15 մարդու կյանք արժեցավ: Միանգամայն որոշակիորեն կարելի է պնդել, որ այս պայմաններում Հայաստանի Հանրապետության իրավիճակի ապակայունացմանն ուղղված արմատական ընդդիմության ցանկացած գործողություն հայ հասարակության զգալի մասի կողմից ընկալվելու է ոչ այլ կերպ, քան դավաճանություն ազգային շահերին: Երկրում ներքաղաքական իրադրության կարգավորման հնարավոր ուղիներից մեկը կարող է դառնալ արմատական ընդդիմության գործողությունների ուժային կասեցումը: Ընդ որում` հարկ է հստակ գիտակցել, որ, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀ քաղաքացիների զանգվածային բողոքի ելույթները` բնակչության զգալի մասի սոցիալական վիճակի վատթարացման պատճառով, անկանխատեսելի հետեւանքներ կունենան:
Մինչ պարզաբանելը, թե Հայաստանի Հանրապետության պայմաններում որքանո՞վ է իրական սոցիալական պայթյունի հնարավորությունը, նշենք, որ մեր երկրի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրվածների կողմից վաղուց արդեն արեւմտյան քաղտեխնոլոգների փորձարկած մոդելները կիրառելիս` միանգամայն հնարավոր է, որ հանրահավաքներն ու երթերը վերաճեն լայն զանգվածների ապստամբության, հեղափոխության, որը վերջնարդյունքում կարող է հանգեցնել գործող ռեժիմի անկմանը: Հայաստանում իրավիճակի զարգացման նման սցենարները հաշվի առնելով` դիտարկենք, թե ինչպիսին կարող է լինել մեր երկրի ներքին գործընթացների վրա, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի, Վրաստանի ազդեցությունը: Փորձենք նաեւ հասկանալ. Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները կսահմանափակվե՞ն արդյոք այն երկրներով, որոնցում արդեն տեղի է ունեցել իշխանափոխություն կամ էլ շարունակվում են քաղաքացիների զանգվածային ելույթները: Որքանո՞վ է իրական այդ գործընթացների փոխադրվելը մեր տարածաշրջան: Պակաս կարեւոր չէ նաեւ պարզել, թե ներկայումս որքանո՞վ է արդիական Մեծ Մերձավոր Արեւելքի ժողովրդավարայնացման ծրագիրը, որն առաջ էր քաշել դեռ Ջորջ Բուշ-Կրտսերի հանրապետական վարչակազմը: Այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կարող են լույս սփռել առաջիկայում Հայաստանի իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների վրա:


Եվ այսպես, հիշենք, որ դեռ 2005 թ. հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, ելույթ ունենալով Կահիրեի Ամերիկյան համալսարանում, ուղղակի ասել էր. «Մենք փոխում ենք քաղաքական գիծը... Մենք պաշտպանում ենք բոլոր ժողովուրդների դեմոկրատական նպատակադրումները: Եկել է ժամանակը դեն նետելու դեմոկրատիայի ծանր աշխատանքը կանգնեցնող բոլոր արդարացումները»: Այնուհետեւ, 2009 թ. հունիսի 4-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Կահիրեի համալսարանում, հայտարարեց. «Մենք հանդիպում ենք ԱՄՆ-ի եւ աշխարհով մեկ ապրող մահմեդականների միջեւ զգալի լարվածության շրջանում, լարվածություն, որն արմատներով գնում է դեպի պատմական այն գործընթացները, որոնք ընդամենը աննշան չափով են առնչվում Ամերիկայի հետ... Ես եկել եմ այստեղ` Կահիրե, որպեսզի փորձեմ նոր էջ բացել Միացյալ Նահանգների եւ աշխարհով մեկ ապրող մահմեդականների փոխհարաբերություններում...»: Իր ելույթում Օբաման կանգ է առել 5 հիմնախնդրի վրա: Նա, մասնավորապես, նշել է. «Չորրորդ հարցը, որը ես կուզենայի շոշափել, ժողովրդավարությունն է... Ես հաստատ հավատում եմ, որ բոլոր մարդիկ ահավոր ձեւով նույն բանն են ուզում. իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն եւ հնարավորություն` ազդելու այն բանի վրա, թե ինչպես են իրեն կառավարում, օրենքի գերակայության վստահություն եւ բոլորի համար օրենքի հավասար կիրառում, որպեսզի իշխանությունը լինի թափանցիկ ու չզբաղվի գողությամբ, եւ կարելի լինի կենսակերպն ընտրել սեփական հայեցողությամբ: Դրանք միայն ամերիկյան գաղափարներ չեն, դրանք մարդու իրավունքներն են, եւ դրա համար էլ մենք կպահպանենք դրանց օրակարգը: Բայց ակնհայտ է մի բան. երկարաժամկետ հեռանկարում կառավարությունները, որոնք պաշտպանում են այդ իրավունքները, վերջին հաշվով, ավելի կայուն են, հաջողակ եւ հուսալի: Այս իդեալները ճնշելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվում»: Նկատենք, որ Եգիպտոսում հեղափոխությունը տեղի էր ունենում հենց այդ կարգախոսներով, եւ այն ընկալվում, գուցե ավելի շատ ԶԼՄ-ների կողմից մատուցվում է որպես ժողովրդական հեղափոխություն, որը ոչ երկիմաստորեն պաշտպանեց ԱՄՆ-ի ղեկավարությունը: Ինչո՞ւ եմ այս մասին որոշ վերապահումներով գրում, որովհետեւ դեռ 1952 թ. զինվորական հեղաշրջման արդյունքում, որը տապալեց Ֆարուհ թագավորի միապետությունը (դրանում առանցքային դեր խաղաց Գամալ Աբդել Նասերը), Եգիպտոսի նախագահ դարձավ գեներալ Նագիբը, իսկ գնդապետ Նասերը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը: Սակայն շուտով երկու առաջնորդների ճանապարհները բաժանվեցին, եւ 1954 թ. նոյեմբերի 17-ին զինվորական նոր հեղաշրջման արդյունքում Նագիբը պաշտոնանկ արվեց, ու Եգիպտոսի նախագահ դարձավ Նասերը: Նրա վախճանվելուց հետո, դարձյալ զինվորականների աջակցությամբ, երկիրը սկսեց ղեկավարել Անվար Սադաթը, որին 1981թ. սպանեցին: Նրան էլ կրկին փոխարինեց զինվորականների դրածոն` Հոսնի Մուբարաքը: Եվ հիմա, արդեն նրա հրաժարականից հետո, թե ո՞վ է լինելու Եգիպտոսի հաջորդ նախագահը` շատ բանով կորոշեն զինվորականները: Իրողություն, որը, կարծում եմ, ոչ ոքի կասկածը չի հարուցում: Այսպիսով, Եգիպտոսում հեղափոխության ժողովրդականության մասին պետք է խոսել այն չափով, որքանով որ միասնական են Եգիպտոսի ժողովուրդն ու բանակը:
Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ծավալվող վերջին իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ է նախապես պարզել ընթացիկ պահի մի քանի առանձնահատկություն: Այդ նպատակով պետք է գտնել մի շարք հարցերի պատասխաններ:
Առաջին. ինչպե՞ս կարելի է բնութագրել սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում, կարելի՞ է այն ճգնաժամային համարել:
Երկրորդ. որքանո՞վ են կոալիցիոն կառավարություն ձեւավորած եւ նախագահական գալիք ընտրություններում գործող նախագահի թեկնածության պաշտպանության մասին օրերս հայտարարած քաղաքական ուժերն ի վիճակի հաղթահարելու ճգնաժամային լուրջ երեւույթները, որոնք շարունակվում են մեր երկրի տնտեսության մեջ: Արդյոք նրանք արդարացնո՞ւմ են ժողովրդի լայն զանգվածների ակնկալիքները, եւ արդյոք բնակչությունն իր կյանքի բարելավման հույսերը կապո՞ւմ է իշխանությունների հետ:
Երրորդ. որքանո՞վ են Հայաստանի ընդդիմադիր ուժերը, մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որն անհապաղ պահանջում է իշխանափոխություն, արտահայտում հասարակ մարդկանց ակնկալիքները, բնակչության ո՞ր մասն է կյանքում նրանց հետ դրական փոփոխությունների հույսեր կապում:
Չորրորդ. ինչպիսի՞ն է ՀՀ-ում անկառավարելիության եւ քաոսի վիճակ գլորվելու հավանականությունը:
Հինգերորդ. որքա՞ն է մեծ Հայաստանի Հանրապետության պետական արտաքին պարտքի արտաքին ֆինանսատնտեսական կառավարում մտցնելու անխուսափելիության վտանգը:
Վեցերորդ. կա՞ն արդյոք հասարակության հակաճգնաժամային ինքնակազմակերպման նախադրյալներ կոալիցիոն կառավարության ղեկավարությամբ: Ի վիճակի՞ է արմատական ընդդիմությունը գլխավորելու հասարակության ինքնակազմակերպման գործընթացը:
Առաջին հարցին պատասխանելիս` հարկ է հատուկ ուշադրություն դարձնել մի շարք գործոնների վրա, որոնք առավել պերճախոս են բնութագրում ՀՀ-ում ստեղծված սոցիալական դրությունը: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն` նվազագույն պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքը 2010 թ. IV եռամսյակում միջին ընթացիկ գներով 122,6%-ով թանկ է 2009 թ. համապատասխան ցուցանիշի համեմատ: Եվ դա` այն պայմաններում, երբ մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 2009 թ. համեմատ կազմել է 106,7%, իսկ սպառողական գների ինդեքսը` 108,2%: («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թ. հունվար-դեկտեմբերին», էջ 208-2010, էջ 7): Այսինքն` անցած տարի տեղի է ունեցել մեր քաղաքացիների կենսամակարդակի էական անկում: Ընդ որում` խիստ թանկացել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու ապրանքները, այն է` տավարի միսը թանկացել է 128,3%-ով, կարագը` 113,3%-ով, շաքարավազը` 119,8%-ով, բենզինը` 120,5%-ով, դիզելային վառելիքը` 121,6%-ով: Գների աճի միտումը շարունակվում է նաեւ 2011 թ.: Բավական է ասել, որ 2011 թ. հունվարին սպառողական գների ինդեքսն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 110,6%, ընդ որում` հացամթերքի գների աճը կազմել է 113,6%, մսամթերքինը` 117,6%, կաթնամթերքինը` 121,3%, հավկիթինը` 136,4%, բուսական եւ կենդանական յուղինը` 110,8%-ով, կարտոֆիլինը եւ բանջարեղենինը` 129%, մրգերինը` 138,9% (ԱՎԾ, «ՀՀ սպառողական գների ինդեքսը 2011 թ. հունվարին», էջ 6):
Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում այն, որ երկրի գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչներ, հավանաբար, անհասկացողության կամ, որ ավելի վատ է` եթե կուրորեն հետեւում են դրսի հուշարարների (որոնք շռայլորեն ֆինանսավորվում են միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ խրամատավորվել են զանազան տեսակի նախարարական գրասենյակներում) հուշումներին, իրենց գործողություններով հարվածում են հարյուր հազարավոր մեր համերկրացիների գրպանին: Խոսքը, մասնավորապես, 2010թ. մայիսի 18-ին ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի մասին է, որն ուժի մեջ է մտել 2011 թ. հունվարի 1-ին: Այստեղ վերապահում անենք, նշելով, որ խոսքը ոչ թե այս օրենքի անպիտանության, այլ նրա սոցիալական հետեւանքների մասին է: Ժամանակի առումով խիստ չմտածված (կամ, որ ավելի վատ է, եթե ժամանակը հատուկ է ընտրված) շուրջ 450 հազար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության մասին այս օրենքի ընդունման հետեւանքով մեր բնակչությունը ստիպված եղավ կլոր գումար վճարել: Այն ավելի քան երկու անգամ գերազանցում է ընտանեկան նպաստների եւ միաժամանակյա դրամական օգնության վճարների համար բյուջեի հատկացումների չափը, որը 2011 թ. պետբյուջեի համապատասխան` կազմելու է մոտ 39,5 մլրդ դրամ: Ընդ որում` ավտոապահովագրության միջինացված գումարը գերազանցում է ամսական նվազագույն պարենային զամբյուղի գինը: Այս նորամուծությունների արդյունքում հարյուր հազարավոր ավտոմեքենատերեր ծայրահեղ բացասաբար վերաբերվեցին ՀՀ կառավարության այս ժամանակավրեպ նախաձեռնությանը, որին, առանց դրա հետեւանքները հաշվի առնելու, հավանություն տվեց Ազգային ժողովը: Մեղմ ասած` առանց հիացմունքի ընդունվեցին նաեւ օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն` փոխվեց այն կարգը, որով կարգավորվում էին մաքսային ծառայությունների գործողությունները Վրաստանից Հայաստան ներկրվող արտասահմանյան ավտոմեքենաները մաքսազերծելիս: Օրենքի այդ լրացումները մեր համերկրացիների հանդեպ ակնհայտ խտրական բնույթ էին կրում: Եվ այստեղ ՀՀ կառավարությունը դարձյալ ցույց տվեց, որ բացարձակապես կտրված է իրական կյանքից, մի քանի տասնյակ հազարավոր համերկրացիների հոգսերից: Համաձայն ՀՀ Մաքսային օրենսգրքի փոփոխությունների, որն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա փետրվարի 5-ին, նրանց պարտավորեցվում է 15-օրյա ժամկետում վճարել անարդարացիորեն բարձր մաքսավճարներ` Վրաստանից ներկրվող ավտոմեքենաների համար: Կարեւոր է փաստել, որ այդ մաքսավճարների գումարը Հայաստանում զգալիորեն բարձր է, քան հարեւան երկրում: Այս նորարարության արդյունքը վարորդների չդադարող բողոքի ակցիաներն են, նրանց չափազանց բացասական վերաբերմունքն իշխանությունների հանդեպ:Իշխանությունների` ժողովրդին դուր գալու գործին չծառայեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի որոշումը փողոցային առեւտրի վերացման մասին, որը բացասաբար անդրադարձավ մի քանի հազար մարդկանց (ինչպես առեւտրականների, այնպես էլ նրանց ընտանիքների անդամների) կենսական շահերի վրա: Այստեղ մենք դարձանք այնպիսի երեւույթի վկաները, երբ, ընդհանուր առմամբ ճիշտ դրված հարցի պարագայում, տեղի ունեցավ մինչեւ վերջ չմտածված եւ իշխանությունների կողմից ժամանակին ոչ համահունչ կատարված ակցիա: Վերոնշյալին հարկ է ավելացնել ազգաբնակչության կենսականորեն կարեւոր հիմնախնդիրներին ՀՀ կառավարության այն մոտեցումները, որոնք ամենեւին համարժեք չեն հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին:
Այս ամենը նպաստում է Հայաստանում սոցիալական սուր ճգնաժամի խորացման նախադրյալների ստեղծմանը, ինչը կարող է վերաճել սոցիալական ընդվզման: Որպեսզի ընթերցողի մոտ թյուր տպավորություն չստեղծվի, թե կառավարության աշխատանքի գնահատականը կողմնակալ է ու տեղին չի հիշատակված` բերեմ որոշ հիմնավորումներ:
Այսպես, այն պայմաններում, երբ 2010 թ. արդյունքներով ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կազմել է մինչճգնաժամային 2008-ի ՀՆԱ-ի ծավալի ընդամենը 78,73%-ը, երբ ներմուծման ծավալը հանրապետությունում անցած տարի ավելի քան 3,7 անգամ գերազանցել է Հայաստանից արտահանման ծավալը, իսկ արտաքին առեւտրային հաշվեկշիռն աճել է 166,6 մլն դոլարով, եւ գործազրկության մակարդակն էլ կազմել է 27,5%, ՀՀ էկոնոմիկայի նախարարը փետրվարի 12-ին մամուլի ասուլիս է հրավիրում, որի ընթացքում հայտարարում է նախարարության 2011 թ. հիմնական առաջնահերթությունների մասին: Պարզվում է, որ, երբ ավելի քան 520 հազար կենսաթոշակառուների կենսաթոշակների հիմնական չափի միջին ամսական մակարդակը կազմում է 28,1 հազ. դրամ, իսկ ընտանեկան նպաստների չափը` նվազագույն սպառողական զամբյուղի 58,6%-ը, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ՀՀ շրջափակման պայմաններում ցորենի` 65, շաքարի` 75, կարագի` 66, բուսայուղի` 57, բենզինի եւ դիզելային վառելիքի 100%-ը ներմուծվում է Հայաստան, մեր էկոնոմիկայի նախարարության համար կարեւորագույն գերակայություն են հետեւյալ հարցերը.1. սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման քաղաքականության ճշտումը, 2. Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվել («Duing Business») վարկանիշային դասակարգման սանդղակում դիրքի էական բարելավումը», 3. արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձեւավորումն ու մեկնարկը, 4. որակի ազգային ենթակառուցվածքների բարեփոխումների մեկնարկելը: Աստծուն փառք տանք, որ էկոնոմիկայի նախարարը եւ ընդհանրապես` կառավարությունը Սերժ Սարգսյանի նախագահության գոնե չորրորդ տարվա սկզբին այս տարվա գերակայություն հայտարարեցին բիզնեսի վարման բարենպաստ պայմանների ստեղծման գծով Հայաստանի Հանրապետության դիրքերի բարձրացումը: Այն էլ, Համաշխարհային բանկի վերոնշյալ նախագծի շրջանակում: Նրանք նույնիսկ իրենց նեղություն չեն տվել ուշադիր կարդալ Սերժ Սարգսյանի 2008 թ. նախագահական ընտրությունների «Նախընտրական ծրագիրը», որում սեւով սպիտակի վրա գրված է. «Մենք կդառնանք մրցակցային միջավայրում գործարարության եւ ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր… Պետական ծառայությունները կդառնան որակյալ եւ մրցունակ»: Չէ՞ որ «Duing Business» նախագծի` բիզնեսի վարման վարկանիշի հիմքում դրված 9 ցուցիչներն ուղղակի բխում են ՀՀ նախագահի «Նախընտրական ծրագրից», ինչը, ցավոք, կրկնենք, մեր կառավարությունն իր համար բացահայտել է միայն այժմ` նրա նախագահությունից երեք տարի հետո:
Էկոնոմիկայի նախարարի շուրթերից առնվազն տարօրինակ են հնչում այն մտքերը, երբ գերակայությունների թվում հայտարարվում է «արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձեւավորման եւ մեկնարկի» մասին: Այստեղ տեղին է հարցնել, թե ո՞վ է վերջին երեք տարիներին անցկացրել ազգային դրամական միավորի արհեստականորեն բարձրացված փոխարժեքը պահելու քաղաքականությունը, ո՞վ է 2008 թ. եւ մինչեւ 2009 թ. մարտը ԿԲ միջազգային արտարժութային պահուստներից երկրի ֆինանսական շուկա կատարել մոտ 700 մլն դոլարի արժութային ինտերվենցիաներ (որոնք արվել են «ՆԱՍԴԱԿ - ՕԷՄԷՔՍ Հայաստան» արժութային բորսայում): Ընդ որում` այս չմտածված ու երկրի միջազգային արժութային պահուստների համար ավերիչ քաղաքականությունը կշարունակվեր հետագայում եւս, եթե, վերջապես, ԿԲ ղեկավարությունն ու Հայաստանի կառավարության ֆինանսատնտեսական հատվածը չգիտակցեին նման քաղաքականության անօգտակարությունը եւ պետության ֆինանսական համակարգի համար դրա վտանգավոր հետեւանքները:
Այստեղ վերջին դեր չեն խաղացել նաեւ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների կողմից երկրի դրամական իշխանություններին ուղղված նախազգուշացումները: Միայն դրանից հետո Կենտրոնական բանկը որոշում ընդունեց ազգային դրամական միավորի լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու մասին: Նշենք, որ վերջնարդյունքում ազգային դրամական միավորը, այնուամենայնիվ, արժեզրկվեց 22%-ով:
Վերջին 10 տարիներին վարվող, այսպես կոչված, «թանկ» փողերի քաղաքականությունը եւ որպես դրա քաղաքականության հետեւանք` վարկավորման բարձր տոկոսադրույքների սահմանումը հանգեցրեցին արտահանողների եւ, ընդհանրապես, հանրապետության տնտեսության իրական հատվածում ներդրումների համար չափազանց անբարենպաստ պայմանների ձեւավորմանը: Արդյունքում` արտահանման կողմնորոշում ունեցող շատ արտադրություններ Կենտրոնական բանկի (որն այն տարիներին ղեկավարում էին ներկայիս վարչապետն ու ֆինանսների նախարարը) նման խիստ չարդարացված դրամավարկային քաղաքականության պատճառով փակվեցին: Իսկ անցած տարվա արտահանման ծավալների աճի զգալի տեմպը, ավա՜ղ, բացարձակապես կախված չէր կառավարության ֆինանսատնտեսական հատվածի եւ Կենտրոնական բանկի գործունեությունից: Այն պայմանավորված էր պղնձի, գունավոր այլ մետաղների շուկայական գների ավելի քան եռակի բարձրացմամբ, որոնց խտանյութերը կազմում են Հայաստանից արտահանման առյուծի բաժինը:
Պակաս տխուր տպավորություն չթողեց նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի ասուլիսը, որը կայացել էր մի փոքր ավելի վաղ` հունվարի 24-ին: Խոսելով ընթացիկ տարում ֆինանսների նախարարության համար գերակա համարվող խնդիրների մասին` նա հայտարարեց հետեւյալ գերակայությունները. բյուջետային ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացում, երեք գերատեսչություններում բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) ստեղծում, արտաքին պարտքի գրանցման եւ հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում, մի շարք ապրանքների համար շրջանառության ծավալների հաշվառման համակարգի կանոնակարգում: ՀՀ-ի ֆինանսատնտեսական ոլորտում առկա տագնապահարույց վիճակից դուրս գալու նման դեղատոմսեր առաջարկելուց հետո ակնհայտ դարձավ, որ ֆինանսների նախարարին ամենեւին չի հետաքրքրում վարվող քաղաքականության այն ահավոր անգրագիտությունը, որի հետեւանքով ՀՀ պետական արտաքին պարտքը, որը 2008 թ. դրությամբ կազմում էր ՀՆԱ-ի 13%-ը, հասել է 3 մլրդ 795 մլն դոլարի` կազմելով անցած տարվա ՀՆԱ-ի 44,4%-ը: Ավելին, նրան չի հետաքրքրում այն, որ պետական արտաքին պարտքի զգալի աճի պայմաններում դեռ չի հաղթահարվել ՀՆԱ-ի ծավալների ավելի քան 21 %-ոց անկումը` մինչճգնաժամային 2008 թ. համեմատ: Լրջորեն մտահոգում է նաեւ այն, որ ՀՆԱ-ի հանդեպ գանձվող հարկերի հարաբերակցությունը 2010 թ. կազմել է 16,9-17%: Սակայն զարմանալի է, որ նախարարը հակված է այս հանգամանքը բացատրել նրանով, որ 2010 թ. պլանավորված ՀՆԱ-ի 1,2 % աճի փոխարեն` այն կազմել է 2,6%: Նրա այս ապշեցուցիչ խոստովանությունը իրավամբ շատ «արժեքավոր» է: Նախարարի տրամաբանությամբ ստացվում է, որ թեեւ գրանցվել է ՀՆԱ-ի չպլանավորված հավելաճ, բայց այդ աճը, չգիտես ինչու, լրիվ չափով չպետք է հարկվեր: Ընդ որում` նա գլուխ էր գովում, որ 2010 թ. հարկային մուտքերը նախատեսվածից 21 մլրդ դրամով ավելին են եղել: Ըստ էության, նման բան հայտարարելով` ֆինանսների նախարարը ցույց էր տալիս, որ չի տիրապետում խնդրո առարկա թեմային: Չէ՞ որ 2010 թ. ՀՀ պետբյուջեի համաձայն` ՀՆԱ-ի նախատեսված 1,2%-անոց աճի պայմաններում ենթադրվում էր ապահովել 50 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր, ասել է թե` ՀՆԱ-ի 2,6%-ոց աճի պարագայում պետք էր սպասել ոչ պակաս, քան 108 մլրդ դրամի հարկային մուտքեր (եթե հաշվի առնենք, որ հարկային վարչարարությունը մնում է նախկին մակարդակին), այլ ոչ թե 70 մլրդ դրամ, ինչպես որ տեղի է ունեցել: Այսպիսով, պետք է փաստել, որ 21 մլրդ-ի չափով լրացուցիչ հարկային ոչ մի մուտք էլ չի եղել, ինչով պարծենում էր ֆինանսների նախարարը, այլ պակաս են հավաքվել 38 մլրդ դրամ ծավալի հարկային մուտքեր: Ահա այսպիսին է ֆինանսների նախարարի պրոֆեսիոնալ այն դիմանկարը, որն ուրվագծվում է հայտարարություններից:
Կարծում եմ` կարիք չկա ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական հատվածի եւ ԿԲ ղեկավարության աշխատանքային առօրյայի այլ «գոհարներ» էլ ներկայացնել: Ի դեպ, այս գերատեսչությունն անցած տարի նույնպես հաջողացրեց կրճատել միջազգային արժութային պահուստները: Ասվածից, առանց տատանվելու, կարելի է արձանագրել առաջադրված հարցերից առաջինի պատասխանը, այն է` բոլոր հիմքերը կան համարելու, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական դրությունը ճգնաժամային է:
Երկրորդ հարցին պատասխանելու համար, թե ի վիճակի՞ են արդյոք 2008 թ. ապրիլին կոալիցիոն կառավարություն ստեղծած եւ ս.թ. փետրվարի 17-ին 2013 թ. նախագահական ընտրություններում` հանձին գործող նախագահի, միասնական թեկնածուին աջակցելու մասին հայտարարած քաղաքական ուժերը հաղթահարել ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի ճգնաժամային երեւույթները, մի քանի դիտարկում անենք: Անվիճելի փաստ է, որ գործող կոալիցիոն կառավարությունը վայելում է Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, այսինքն` կառավարության օրենսդրական ցանկացած նախաձեռնություն, որն առնչվում է տնտեսությանն ու սոցիալական ոլորտին, մշտապես ստացել է խորհրդարանի աջակցությունը: Նման ռեժիմով աշխատելու պայմաններում կառավարությունը որեւէ խոչընդոտ չի ունեցել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերն իրականացնելու համար: Թե ի՞նչ արդյունքների է հասել գործադիրը երեք տարի անց, վերը ներկայացրինք. աչքի է զարնում հետընթացը կամ, լավագույն դեպքում, լճացումը հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Դրական կարելի է գնահատել, երեւի թե, իրերի դրությունը պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ էներգետիկայի ոլորտներում: Փառք ու պատիվ նրանց:
Ընդհանրացնելով վերոգրյալը` նկատի ունենալով ֆինանսատնտեսական ոլորտի նախարարների վերջերս տված մամուլի ասուլիսները, ինչպես նաեւ գնահատելով ԿԲ-ի հաստատած դրամավարկային քաղաքականության ծրագիրը ս.թ. առաջին եռամսյակի համար, անվարան կարելի է պնդել, որ դրանք լավատեսություն չեն ներշնչում: Ավելին, այժմ արդեն իրավունք ունենք կանխատեսելու, որ մոտ ապագայում չի կարելի սպասել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում տանող շոշափելի որեւէ տեղաշարժ: Այսպիսով, այս դեպքում եւս հարկադրված ենք փաստել, որ ՀՀ կառավարությունն ու ԿԲ-ն, եթե շարունակվող սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման վճռական եւ գործուն միջոցներ չձեռնարկեն,ապա ոչ մի կերպ ի վիճակի չեն լինի շահելու բնակչության լայն շերտերի վստահությունը: Ավելին, շատերը, ովքեր այժմ պաշտպանում են կոալիցիոն քաղաքական ուժերին, կհիասթափվեն նրանցից, եւ չի կարելի բացառել, որ կանցնեն արմատական ընդդիմության կողմնակիցների ճամբար կամ ճամպրուկները կհավաքեն, կամ էլ, ինչն ավելի վտանգավոր է, կպարփակվեն իրենց մեջ ու ապատիայի եւ հուսահատության մեջ կընկնեն: Պարզ է, որ այդ դեպքում նրանք արդեն չեն լինի Հայրենիքի ու Լեռնային Ղարաբաղի լավագույն պաշտպանները:
Անցնենք հարցերից երրորդին` գալիք իրադարձություններում ընդդիմության եւ, մասնավորապես, ՀԱԿ-ի դերի ու տեղի մասին: Ստեղծված բարդ եւ ոչ միանշանակ իրավիճակում, ուզեն դա Հայաստանի իշխանությունները, թե ոչ, երկրի քաղաքական կյանքում առաջին պլան է մղվում ՀԱԿ-ը, որն անհապաղ իշխանափոխություն է պահանջում` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Բնակչության լայն շերտերի սոցիալական վիճակի վատթարացման հետ կապված, ՀԱԿ-ին ենթակա մամուլի կողմից լարվածության թեժացման պայմաններում, երբ բնակչությանը ներշնչվում է գործող իշխանությունների պարագայում անելանելիության, զարգացման հեռանկարների բացակայության միտքը, անկասկած է, որ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների թիվն աճելու է: Ընդ որում, բնականաբար, կմեծանան արմատական ընդդիմության` դժգոհ ընտրազանգվածի մեծամասնությանը գլխավորելու եւ հետագայում ժողովրդի լայնածավալ ելույթներ նախաձեռնելու հնարավորությունները: Չի կարելի անտեսել նաեւ այն իրողությունը, որ բացի ՀԱԿ առաջնորդի ամբոխավարական հռետորականությունից, նրանք հետեւողական աշխատանք են տանում քաղաքական այն բոլոր ուժերին ու նրանց առաջնորդներին սեւացնելու ուղղությամբ, որոնք չեն աջակցում ՀԱԿ-ին, բացահայտ խոսում են այն լուրջ վտանգի մասին, որն սպառնում է Հայոց պետականության հիմքերին, եթե նրանք գան իշխանության: Ընդ որում` պաշտոնական քարոզչությունը հավուր պատշաճի չի հակադարձում ՀԱԿ-ի աղանդավորական այս գործունեությանը, ի պատասխան նրան ենթակա ԶԼՄ-ների անպատկառ հարձակումների` սահմանափակվում է ոչ համարժեք, այսպես կոչվող, պոլիտկոռեկտ հոդվածներով, որոնք կրում են քաղաքական-լուսավորչական, դաստիարակչական բնույթ: Այստեղ խոսքը «ինքդ ես հիմար» ոճով բանավեճի մասին չէ, այլ այն մասին, որպեսզի բացահայտվի արմատական ընդդիմության քարոզչության վտանգավոր էությունը, որը խարխլում է պետության հիմքերը: Իսկ որ Հայաստանին լուրջ փորձություններ են սպասվում, ապա դա պայմանավորված է նրանով, որ մեր երկիրը գտնվում է մի կողմից` մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, մյուս կողմից` ԱՄՆ-ի, Եվրամիության ու Թուրքիայի խաչվող շահերի էպիկենտրոնում: Ընդ որում` չափազանց կարեւոր կդառնա Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Իրանի Իսլամական Հանրապետության գործոնը, որի համար ամենեւին էլ միեւնույնը չէ, թե ինչպիսին կլինի մեր երկրի զարգացման աշխարհաքաղաքական վեկտորը: Այստեղ ոչ մի կերպ չի կարելի թերագնահատել Վրաստանի դերը, որի տարածքով է անցնում Հայաստան եկող բեռների 70%-ը, եւ անտեսել մեր կախվածությունը ներմուծումից: Այսպիսով, արդեն ակնհայտ է, որ ՀՀ կառավարության անարդյունավետությունը եւ այս ֆոնին` ՀԱԿ-ի կառուցողական առանձին գործողությունները («100 քայլի» ծրագիրը, այլընտրանքային կենսաթոշակային բարեփոխման մշակումները, առողջապահության ոլորտի բարեփոխումները եւ այլն), Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը լոբբիի ենթարկող ուժի միջազգային առանձին կենտրոնների պատրաստակամության հետ, ՀՀ բնակչության սոցիալ-տնտեսական դրության վատթարացման համատեքստում, նրան առաջ են մղում` գործող իշխանությունների իրական քաղաքական այլընտրանքի դերում: Թե որքանով կործանարար կլինեն, Աստված մի արասցե, ՀԱԿ իշխանության գալու հետեւանքները, ընդ որում` ոչ միայն ՀՀ-ի, այլ նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, առանձին խոսակցության թեմա է:
Ամփոփելով Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարներն առաջին երեք հարցերի շրջանակում` կարելի է պատասխանել նաեւ չորրորդին, այն է` ինչպիսի՞ն է ՀՀ-ում անկառավարելիության եւ քաոսի վիճակ գլորվելու հավանականությունը:
Ցավոք, այդ հարցի հաստատական պատասխանի բացատրություններն ավելին են, քան հակառակ պատասխանի դեպքում: Այո, մեծ է հավանականությունը, որ եթե ՀՀ նախագահը եւ կառավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեն, ապա իրավիճակը երկրում կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դրա հավանականությունը կաճի Հայաստանի իշխանությունների վրա ուժի միջազգային կենտրոնների կողմից ճնշում գործադրելու դեպքում: Ավա~ղ, նրանք բոլոր հիմքերն ունեն ` բարձր մակարդակով կշտամբելու Հայաստանի իշխանություններին այն բանի համար, որ երկրում հասարակության ժողովրդայնացման բարեփոխումների պատշաճ մակարդակ չկա, խախտվում են մարդու իրավունքները, չկա կոռուպցիայի դեմ պատշաճ պայքար, իսկ վարվողն էլ համակարգային բնույթ չունի (միջազգային տարբեր կազմակերպություններն իրենց հաշվետվություններում տարեցտարի ամրագրում են, որ, օրինակ, ՀՀ տնտեսության ավելի քան 40%-ը գտնվում է ստվերում, այլապես հարկեր, ի դեպ, ՀՆԱ հարաբերակցությունն այդքան խայտառակ ցածր` 17%-ի մակարդակի չէր լինի): Եվ, ի դեպ, ուժի միջազգային կենտրոնների այդ ճնշումը պարարտ հող կգտնի ոչ միայն արմատականների ճամբարում, այլեւ կառավարական որոշակի շրջանակներում, որոնցում շատերը դաստիարակվել են կոսմոպոլիտիզմի եւ գլոբալիզմի «լավագույն» ավանդույթներով: Հայաստանը, էլ չենք ասում հայ գյուղացու, քաղաքային արհեստավորի, երբեմնի հզոր գիտատեխնիկական մտավորականության կենսափիլիսոփայությունը, հոգեբանական կերպարը նրանք ընդհանրապես չեն ճանաչում: Եվ սա չափազանցություն չէ: Եթե ճանաչեին, ապա ցավելով իրենց ժողովրդի ու Հայրենիքի համար` նրանք վաղուց արդեն գիտակցած կլինեին իրենց մեղքի մեծ բաժինը ՀՀ-ում ստեղծված նման իրադրության համար, այլ ոչ թե պորտաբուծություն կանեին` չարաշահելով ՀՀ նախագահի բացառիկ հանդուրժողականությունը` գործադիր իշխանության ներկայացուցիչների անբարեխիղճ աշխատանքը գնահատելիս: Հանդուրժողականություն, որը միշտ չէ, որ հասկանալի է եւ ճիշտ է գնահատվում հանրապետության բնակչության կողմից: Հանդուրժողականություն, որը ստեղծված իրավիճակում կարող է խիստ անցանկալի հետեւանքներ ունենալ ինչպես նախագահի, այնպես էլ նրան պաշտպանող կուսակցությունների համար, էլ չենք խոսում ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար չափազանց վտանգավոր հետեւանքների մասին:
Ինչ վերաբերում է հինգերորդ հարցի պատասխանին` ՀՀ պետական արտաքին պարտքի արտաքին ֆինանսատնտեսական կառավարում մտցնելու անխուսափելիության վտանգի առկայությունը, ապա այս դեպքում եւս ստիպված ենք փաստել նման վտանգի առկայությունը: Բավական է նայել ՀՀ արտաքին պետական պարտքի աճի դինամիկային 2008-2010 թթ., այնուհետեւ այն համադրել ինչպես ՀՆԱ-ի դինամիկայի ու այն գերակայությունների, որոնք որոշել են կառավարության ֆինանսատնտեսական հատվածի նախարարությունները, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության հետ: Կարծում եմ` այս դեպքում եւս պետք է խոստովանել, որ նման վտանգ կա, եւ, ցավոք, թվում է, որեւէ այլ եզրահանգում անել հնարավոր չէ: Ընդ որում` ավելորդ չէ անդրադառնալ վերջին տարիներում առկա իրողություններին: Այսպես, ՀՆԱ-ի շարժընթացում նկատվող հերթական անկման, արտաքին պետական պարտքի ավելացման, ինֆլյացիայի զգալի աճի եւ սոցիալ-տնտեսական ոլորտի բացասական մյուս դրսեւորումների, ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված յուրաքանչյուր նոր վարկային տրանշի, ժողովրդական դժգոհության յուրաքանչյուր պոռթկման հետ ավելի հաճախակի են դառնում միջազգային ֆինանսական կառույցների տարբեր տրամաչափի չինովնիկների այցելությունները Հայաստան: Վերջիններս «քրտնաջան» աշխատում են կառավարության ֆինանսատնտեսական հատվածի եւ ԿԲ-ի ծառայողների հետ, ապա մշտապես հանդիպում վարչապետի հետ, հետո մամուլի ասուլիսներ հրավիրում եւ հանրապետության բնակչության հետ կիսում իրենց ուրախությունն առ այն, որ կառավարության ու ԿԲ-ի հակաճգնաժամային ծրագիրը եթե ոչ աշխարհում, ապա, հաստատ, զարգացող երկրներում ամենալավն է: Ըստ այդմ` չեն մոռանում ընդգծել, որ Հայաստանի փորձը պետք է տարածել (իրենց հաշիվ չտալով, որ մեր երկիրն առանց այդ էլ լիքը չկամեցողներ ունի): Միջազգային ֆինանսական կառույցների չինովնիկների մամուլի ասուլիսները լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներում, ընդ որում` լսելով այդ գովաբանությունները` ցանկացած զգոն մարդու մեջ ակամա հարց է ծագում. իսկ քաղաքական ի՞նչ նպատակներ, այո, ես չսխալվեցի, քաղաքական ի՞նչ նպատակներ են հետապնդում այդ էմիսարները... Այդ մասին կխոսենք վերջին` վեցերորդ հարցին պատասխանելուց հետո, այն է` կա՞ն արդյոք հասարակության հակաճգնաժամային ինքնակազմակերպման նախադրյալներ կոալիցիոն կառավարության ղեկավարությամբ, կամ էլ` ի վիճակի՞ է արմատական ընդդիմությունը գլխավորելու հասարակության ինքնակազմակերպման գործընթացը:
Նախ, որ արմատական ընդդիմության պարագայում հասարակության ինքնակազմակերպման սցենարը հնարավոր չի թվում այն պարզ պատճառով, որ ՀԱԿ-ը, հանձին իր առաջնորդի, սկզբից եւեթ աղանդավորական դիրքորոշում է որդեգրել: Ճամարտակելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին` նրանք չեն հանդուրժում այլախոհությունը, ցանկացած այլ կարծիք, այլ մտածելակերպ, որը տարբերվում է իրենց սեփականից: Ընդ որում` օգտագործելով իր վերահսկողությամբ գործող ԶԼՄ-ները` ՀԱԿ-ը եռանդով, աջուձախ անվանարկում է ամեն ինչ ու բոլորին, ով չի կիսում իրենց հայացքները: Հայտարարելով մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք ՀՀ-ում հազվադեպ երեւույթ չեն, նրանք միեւնույն ժամանակ իրենց ընդդիմախոսներին զրկում են ՀԱԿ-ի կարծիքից տարբերվող կարծիք արտահայտելու իրավունքից: Իրենց ողջ գործունեությամբ նրանք փորձում են ապացուցել, որ ՀՀ-ում կան միայն հանցավոր իշխանությունները եւ ՀԱԿ-ը: ՀԱԿ-ականները միեւնույն ժամանակ չեն թաքցնում իրենց մոտեցումը, որի համաձայն` Հայաստանի քաղաքական դաշտում գոյության իրավունք տրված է միայն քաղաքական երկու ուժի` կուսակցություններին, որոնք կոալիցիոն կառավարություն են ձեւավորել (նրանց պատկերացմամբ` սեւ, մութ ուժեր), եւ արմատականներին` հանձին ՀԱԿ-ի (որն իրեն մեսիական լուսավոր ուժ է ներկայացնում, որի կոչումը հայ ժողովրդի ազատագրումն է ատելի վարչախմբից): Նման մարտավարությունը խորապես մտածված է եւ հետապնդում է միանգամայն որոշակի նպատակ. բնակչության մեջ կեղծ պատկերացում ձեւավորել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է այն բանից, թե ժողովուրդն ում կտա նախապատվությունը` «մո՞ւթ», թե՞ «լուսավոր» ուժերին: Այս հարցում կարճատեսություն են ցուցաբերում նաեւ իշխանությունները, որոնք բավականաչափ ինքնաքննադատ չլինելով` իրենց իներտ վերաբերմունքով ջուր են լցնում ՀԱԿ-ի ջրաղացին: Ավելին, նրանք խորապես չեն վերլուծում կոալիցիոն կառավարության գործունեության արդյունքներն անցած երեք տարում: Կարծում եմ` իշխանություններն իրենց շքեղություն են թույլ տալիս (որը ժամանակի ընթացքում կարող է փորձանքի վերածվել)` թերագնահատելով եւ ընդհանրապես անտեսելով պրոֆեսիոնալ կադրերի այն հսկայական շերտը, որը, ճիշտն ասենք` 2007 թ. մայիսին Ազգային ժողովի ամենեւին էլ ոչ փայլուն ընտրությունների արդյունքներով, փաստացի դուրս մնաց պետության կառավարմանը մասնակցելուց: Թե ՀՀ-ի համար բացասական ի՞նչ հետեւանքներ ունեցան այդ ընտրությունները, կարծում եմ, հավելյալ մեկնաբանությունների կարիք չունի:
Այն հարցերը, որոնց պատասխանները վերը տվեցինք, ամենեւին էլ պատահականորեն չեն ընտրվել: Իրենց ամբողջության մեջ դրանք Հայաստանում ստեղծված իրավիճակի օբյեկտիվ վերլուծության եւ անկանխակալ գնահատման անհրաժեշտ բաղադրիչներն են: Դրանք զգալիորեն կօգնեն պատասխանելու խիստ արդիական հետեւյալ հարցին. մխրճվո՞ւմ է արդյոք Հայաստանը կառավարելի քաոսի մեջ: Քանի որ արծարծված բոլոր հարցերը կառավարվող քաոսի տեխնոլոգիայի տարրեր են, որոնք վաղուց մշակված են վերլուծական համապատասխան կենտրոնների կողմից` որպես պետության սուբյեկտության վերացման զենք:
Ավա՜ղ, Հայոց պետության սուբյեկտության վերացումը թուրք-ադրբեջանական քաղաքական ընտրանու եւ Հարավկովկասյան տարածաշրջանում այդ երկրների շահերը լոբբինգի ենթարկող ուժի միջազգային կենտրոնների բաղձալի երազանքն է: Նրանց ծավալապաշտական նկրտումների ճանապարհին պետք է հզոր պատվար կանգնեցվի` ի դեմս համախմբված հայ ժողովրդի, իսկ ազգի համախմբման գործընթացը ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի անմիջական պարտականությունն է: Այս ազնիվ գործում նրան օժանդակություն ցուցաբերելը Հայաստանի այն բոլոր քաղաքացիների ուղղակի պարտականությունն է, ում համար թանկ են Հայաստանի Հանրապետության բարձրագույն շահերը: Փառք Աստծո, որ այս հարցում մենք մենակ չենք, մեզ հետ է ռազմավարական հուսալի դաշնակիցը` Ռուսաստանի Դաշնությունը: Սա հռետորականություն չէ, այլ զարգացումների կանխատեսում: Անտեսել այս իրողությունները նույնն է` չխոչընդոտել Հայաստանի Հանրապետությունը կառավարելի քաոսի վիճակի մեջ մխրճվելու վտանգից:

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր