«ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ Է»

22.10.2004

«Իրավունքին» (թիվ 81,2004) տված հարցազրույցում «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ և ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության ղԵկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ մասնավորապես նկատել էր, թե ՀՀ-ում անհրաժեշտ է «ժողովրդավարական չափանիշերին համապատասխանող ընտրություններ անցկացնել: Նոր խորհրդարանն էլ կձևավորի թե՛ ԱԺ ղեկավարություն, թե՛ կառավարություն, որոնց վրա արդեն խարանի նման դաջված չի լինի ոչ լեգիտիմության դրոշմը: Դրանից հետո, բնականաբար, միջազգային ատյաններում այլ վերաբերմունք կդրսևորվի ՀՀ իշխանությունների հանդեպ: Եվ այնպիսի հարցեր, ինչպիսիք են Վերին Լարսի խնդիրը կամ տարածաշրջանային շահավետ ու հեռանկարային ծրագրերը, անշուշտ, կվերանայվեն»: Ինչո՞վ է պայմանավորված պրն Գեղամյանի այդ եզրահանգումը:

- Ժողովրդավարական և ո՛չ մի երկիր մեկուսացված չի կարող լինել, այն էլ այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է,- իր միտքը շարունակում է պրն Գեղամյանը: -Մի կողմից մեր հարևանը Իրանն է, որի նախագահը հայտարարել է քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտության մասին, մյուսից էլ Թուրքիան է, որն իր վարչապետի, երբեմն էլ նախագահի շուրթերով հասկացնում է Արևմուտքին. այ, տեսեք, հա, եթե հանկարծ ձախողվի Եվրամիություն ընդունվելու խնդիրը, ապա Թուրքիայում կուժեղանան ռազմատենչ իսլամական ծայրահեղականները, որոնք աշխարհում կառաջացնեն լրջագույն խնդիրներ: Ինչին և ոչ մի բան չի կարող հակադրել Թուրքիայի ներկայիս քաղաքացիական իշխանությունը:

- Դրանով ի՞նչ է ուզում ասել Թուրքիան:

- Տողատակով, կարծեք, հասկացնում է, թե Եվրամիությունը կամ ԱՄՆ-ը փոթորկալից այս տարածաշրջանում այլևս չեն ունենա հուսալի այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է:

- Այդ իրողությունն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա:

- Բնականաբար, Հայաստանը, լինելով քրիստոնեական հնագույն քաղաքակրթության երկիր, ինչպես կարող է կամուրջ հանդիսանալ քաղաքակրթությունների երկխոսության միջև, այնպես էլ կարող է կռվախնձոր դառնալ հենց այդ նույն քաղաքակրթությունների սահմանագծում: Ահա թե ինչու եմ համոզված ասում, թե ժողովրդավարության հաստատման պայմաններում ՀՀ-ն ուժեղ կլինի ներքին համախմբվածությամբ ու պաշտպանված կլինի քաղաքակիրթ Եվրոպայի, ժողովրդավարության ջատագով ԱՄՆ-ի և անշեղորեն ժողովրդավարության կուրսն ընտրած ՌԴ կողմից: Սա է մեր ապագան:

 

- Արդյոք չե՞նք ուշանում Ձեր նշած ժողովրդավարության հաստատման առումով: Տարբեր երկրներ, կարծեք, միմյանց ձայնակցելով մեզ ագրեսոր են համարում, հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Նման դիրքորոշումները, ըստ էության, իմի բերեց ու, կարծեք, ամբողջացրեց Թերի Դևիսի զեկույցը, որքան էլ, որ պնդեն, թե այն զուրկ է իրավական հիմքից:

- Ձեր դիտարկումն առավել խորությամբ է ընկալվում, երբ հնարավորություն է լինում շփվել և «եփվել»  համաեվրոպական քաղաքականություն մշակող «կաթսաներից» գոնե երկուսում: Նկատի ունեմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) և ԵԽ ԽՎ-ն: Ես անդամակցում եմ երկուսին էլ: Մասնավորապես, հոկտեմբերի 4-8-ը Ստրասբուրգում կայացած նիստերի ընթացքում ականատեսն էի, թե ինչպիսի նախանձելի հովանավորչություն է ստանում Թուրքիան ԵԽ անդամ երկրների կողմից, ինչպիսի նպաստավոր հարցերով էին դիմում Թայիբ Ռեջեփ Էրդոհանին ԵՄ անդամ երկրների պատվիրակները: Դրանից հետո ակամա մտածում էի, որ մեր արտաքին քաղաքականության ոլորտի ձախողումները տվել ու շարունակում են տալ իրենց դառը՝ ոչ հայանպաստ պտուղները: Իսկ որ ձախողումներն անակնկալ չպետք է լինեին, դա էլ է ակնհայտ:

- Ինչպե՞ս կհիմնավորեք Ձեր այս միտքը:

- Արտաքին քաղաքականությունը, ինչպես ասում են այդ բնագավառի դասականները, ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Երբ երկրի ներսում իշխանությունները բարենպաստ հող են ստեղծում պառակտման համար, երբ քաղաքական էլիտան իր ողջ «մտավոր»  կարողությունը սևեռում է ոչ թե քաղաքակրթական հնարավոր զարգացումների, աշխարհաքաղաքական հնարավոր մարտահրավերների առաջն առնելու, այլ համասեռության, ռեկետի, թմրամոլության և այլ արատների շուրջ բանավեճեր կազմակերպելուն, ապա թե՛ ներքին, թե՛ արտաքին բնագավառներում հնարավոր չէ ակնկալել լուրջ առաջընթաց, որը Հայաստանը դուրս կբերեր զարգացման մայրուղի: Սա, թերևս, որպես տագնապի ղողանջ պետք է հնչի բոլորիս համար, որովհետև երբ խորտակվում է պետականության նավը, արդեն նշանակություն չունի՝ դու հրամանատարական կամրջակին ես կանգնած, թե նավախցում: Դա առավել ևս պետք է գիտակցեն իշխանության ներսում այսօր աշխատող հատուկենտ պրոֆեսիոնալ և ազնիվ այն ֆունկցիոներները, ովքեր, իրենց գործը պատշաճ կատարելով հանդերձ, միևնույն է, չեն կարողանում ներազդել, որ նավարկողներն իրենց կուրսը փոխեն, որպեսզի փոթորկի ժամանակ նավը ոչ թե ժայռերին բախվի ու կործանվի, այլ հանգրվանի ավելի խաղաղ ծոցում:

- Դուք շատ մռալ գույներով ուրվագծեցիք մեր վաղվա օրը, մեր ապագան և՛ տարածքային կորստի առումով, և՛ պետականության:

- Տարածքների հարց ես չշոշափեցի: Իմ ասածն ընդամենը ճշգրիտ պատասխանն էր Ձ"ր չարագուշակ այն հարցադրումների, որոնք, ցավոք, այսօր կան և գերիշխող են դարձել քաղաքական ցանկացած քննարկման ժամանակ: Երբեք ու երբեք չեմ պնդի, թե վիճակն անհուսալի է. պարզապես, աստիճանաբար ավելի է մեծանում այն իշխանավորների մեղքը, ովքեր իրենց գլուխները ջայլամի նման թաքցրել են ավազի մեջ և չեն ուզում իրականությունը տեսնել այնպիսին, ինչպիսին որ է: Մեր մռայլ իրականությունը տեսանելի է դարձել անգամ եվրոպական մայրաքաղաքներում: Իրապես եկել է սթափվելու պահը, արմատական փոփոխություններ կատարելու ժամանակը:

- Եվ ո՞վ պ"տք է լինի «արմատական փոփոխություններ» նախաձեռնողը:

- Հիմնականում, անշուշտ, այն մարդիկ, ովքեր երկիրը հասցրել են այս վիճակին:

- Այն է՝ գործող նախագա՞հը:

- Բնականաբար, պրն Քոչարյանը՝ իրեն սատարող քաղաքական ուժերի հետ:

- Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը:

- Այս պարագայում ընդդիմությունը պետք է դրսևորի այնպիսի վարքագիծ, որը հնարավոր դարձնի առանց կորուստների անցնել այն ժանապարհը, ինչի մասին արդեն ասել եմ՝ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների կազմակերպում և անցկացում: Իսկ այդ ամենի ապահովման եզակի երաշխիքը ժողովրդին կոնսոլիդացիայի, միաբանության տանելն է: Հենց սա պետք է լինի ընդդիմության ողջ գործունեության մեխը: Բոլորիս համար արդեն իսկ պետք է ակնհայտ դառնա այն իրողությունը, որ ներկայիս իշխանությունը սպառել է իրեն և Հայաստանի Հանրապետությունում, ինչպես կասեր Հովհ. Քաջազնունին, այլևս անելիք չունի: Եթե այս ամենը մենք մեր նախաձեռնությամբ չանենք, ապա, համոզված կարող եմ ասել, որ տարածաշրջանում տնտեսական, ինչու չէ, նաև աշխարհաքաղաքական լրջագույն խնդիրներ ունեցող երկրները (լինեն թե՛ մեր ռազմավարական դաշնակիցները, թե՛ մեր լավ բարեկամները) իրենք կպարտադրեն այդ հասունացած լուծումները: Հարավային Կովկասը ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Եվրամիության անդամ երկրների համար նոր գլխացավանքի աղբյուր չի դառնա, նրանք դա չեն հանդուրժի: Ուրիշ բան է, որ այդ պարտադրանքը կլինի շատ ավելի ցավագին, քան եթե նշածս հարցերն այսօր չիրականացնեն ՀՀ իշխանությունները՝ լայնախոհություն չդրսևորելով:

- Ձեր նշած պարտադրանքներն արդյո՞ք ազատագրված տարածքները վերադարձնելու ձևով չեն ի հայտ գալու:

- Հոկտեմբերի 11-ին Երևանում բավական հետաքրքիր հանդիպում ունեցա Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի հետ: Երբ անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, շոշափվեց Ալանդական արխիպելագի հարցի կարգավորման տարբերակը: Ասեմ, որ այդ կղզիները բնակեցված են հիմնականում շվեդներով, բայց պատկանում են Ֆինլանդիային: Նման պատկանելիությամբ հանդերձ՝ ունեն որոշակի ինքնուրույնություն: Այսինքն՝ այն, ինչի մասին ասվում էր Քի Վեսթում Ադրբեջանի և Ղարաբաղի դեպքում՝ «ընդհանուր պետության»  ստեղծման պարագայում: Այդ մոդելի համաձայն՝ Ղարաբաղը պետք է ունենար իր սահմանադրությունը, իսկ Ադրբեջանի օրենքները պետք է գործեին միայն ու միայն այն պարագայում, եթե չհակասեին Ղարաբաղի սահմանադրությանը: Ինչևէ, այդ հանդիպման ընթացքում Նորվեգիայի նախարարին հիշեցրի մի պարզ ճշմարտություն. շվեդները և ֆինները պատկանում են նույն քաղաքակրթությանը, չունեն դավանաբանական և մշակութային այն լրջագույն խնդիրներն ու առանձնահատկությունները, որոնք առկա են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի դեպքում: Ուստի, Ալանդական արխիպելագի հարցի կարգավորման օրինակը այստեղ կիրառելի չէ. հարցի խաղաղ կարգավորումը հրամայական է դարձնում ԼՂ միջազգային ճանաչումը որպես պետական առանձին կազմավորում: Հիշատակածս զարգացումները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ Հայաստանը Վրաստանի ու Ադրբեջանի հետ կորդեգրեն այն բոլոր սկզբունքներն ու օրենքները, որոնք դրված են Եվրամիությանը անդամակցել ցանկացող բոլոր երկրների առջև, եթե, իհարկե, ուզում ենք եվրաինտեգրվել: Կամ էլ եթե Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, բնականաբար, ԼՂՀ-ի հետ համատեղ հայտարարեն իրենց պատրաստակամության մասին՝ անդամագրվելու Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի պրեզիդենտների հռչակած միասնական տնտեսական գոտի ստեղծելու գաղափարին: Վերը նշված տարբերակներին, կարծում ենք, այլընտրանք չկա, մնացյալը ճամարտակություններ են և, պատկերավոր ասած, հիշեցնում են «երեք սոսիների մեջ մոլորված»  հերոսին:

- Այժմ անդրադառնանք ազատագրված տարածքների վերադարձի խնդրին:

- Կներեք, բայց դա առանձին խոսակցության նյութ է: Սիրով պատրաստ եմ այդ հարցի շուրջ «Իրավունքի»  էջերում հրապարակել իմ տեսակետներն ու մոտեցումները:

- Դա առաջիկայում, այժմ, խնդրում եմ, թեկուզև կարճ, անդրադառնաք այդ հարցին:

- Մեր իշխանություններն որքան էլ փորձեն շրջանցել այդ խնդիրը ճամարտակություններ անելով, չի հաջողվի: Հարցը դրված է և, այդ առումով, թերևս, տագնապի շեփոր պետք է հնչեցնել ու ասել՝ բավական է սեփական ժողովրդի հետ պահմտոցի խաղալ: Պետք է անկեղծորեն խոսել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի մասին, որից հետո մտածել, թե ազգովի ինչպես դուրս գանք այդ վիճակի հաղթահարման ճանապարհ: Եթե այդ ուղին իշխանափոխություն է պահանջում, ապա իրենք պետք է նախաձեռնեն իրական իշխանափոխություն և ո՛չ թե իշխանությունը հանձնեն հերթական յուրայինին: Ժողովրդի ընտրյալը միայն վստահության քվեի մեծ պաշար կունենա և Հայաստանի շահերը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կկարողանա ըստ արժանվույն պաշտպանել և դրանց լուծումները փնտրել միջազգային ատյաններում: Իսկ քանի որ քաղաքական միամտություն կլինի հույսներս դնել այս ոչ լեգիտիմ իշխանությունների ողջախոհության, Հայրենիքի շահը անձնականից վեր դասելու պատրաստակամության վրա, ապա ընդդիմությունը կրկին ու կրկին պարտավոր է իր առաջնային խնդիրը համարել ժողովրդի կոնսոլիդացիան, միաբանությունը, որն էլ հնարավոր կդարձնի դիմակայել մեզ արդեն իսկ պարտադրված մարտահրավերները:

Զրույցը՝ ՓԻՐՈՒԶԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր