Հայերը` Բաքվում. անվստահության և վախի սառույցը հալչում է

30.06.2014, Armnewstv.am

Արտաշես Գեղամյանը պատմել է ադրբեջանցի և թուրք պատգամավորների հետ իր շփումների մասին

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը խոսել է ծայրահեղականության և քսենոֆոբիայի մասին: Հայ պատգամավորը առաջարկել է ուսումնասիրել այն երկրների փորձը, որտեղ նման խնդիրներ գոյություն չունեն:

 «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին, որտեղ հայերը չեն ենթարկվում ծայրահեղականների ճնշումներին: Այդ երկրների թվում են իսլամադավան պետություններ` Իրանը, Լիբանանը, Սիրիան, Հորդանանը, Եգիպտոսը: Շնորհակալ եմ այստեղ գտնվող ամերիկացի պատվիրակներին, Միացյալ նահանգներում բնակվող ավելի քան մեկ միլիոն հայերը որևէ ճնշման չեն ենթարկվում: Շնորհակալ եմ նաև Ռուսաստանին, որտեղ հայերը անգամ բարձր պաշտոններ են ստանձնում: Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի մասին: Այս երկրների օրինակները արժանի են լուրջ հետազոտման»,-հայտարարել է Արտաշես Գեղամյանը:

 Արտաշես Գեղամյանը խոսել է նաև ատելության սերմանումը կանխելու հնարավորության մասին, պատմել վեհաժողովի ընթացքում թուրք և ադրբեջանցի պատվիրակների հետ իր շփումներից:  

«Այսօր հայ և թուրք պատգամավորները կողք կողքի նստած են և լարվածություն չկա, ընդմիջումներին մենք վիճում ենք ադրբեջանցի պատգամավորների հետ, բայց թշնամություն չի զգացվում: Սա հալեցնում է անվստահության և վախի սառույցը: Մենք պետք է վերլուծենք այս հանգամանքը և հանդես գանք խորհրդատվական նախաձեռնությամբ: Սա կլինի ամենալավ պատասխանը քսենոֆոբիային և ծայրահեղականությանը»,-հայտարարել է Արտաշես Գեղամյանը:

 Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կավարտվի հուլիսի երկուսին:

 


Արտաշես Գեղամյանի «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ԱՆՇՐՋԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ» գրքի շնորհանդեսը (Armnews,11.02.2014թ.)

 

 

Կարդալ ավելին...

 Սառը ցնցուղ Գեղամյանից. հայտարարությունը շփոթեցրել է ադրբեջանցիներին

 29.06.2014, Armnews.tv

 ԵԱՀԿ նիստի երկրորդ օրը Արտաշես Գեղամյանը պատասխանել է Իլհամ Ալիևի ելույթին:

Բաքվում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի երկրորդ օրը հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը պատասխանել է Իլհամ Ալիևի` նախօրեի ելույթին: Գեղամյանը խոսել է պատմությունը աղավաղելու և կեղծելու Ալիևի փորձերի մասին: 

 Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը Գեղամյանի հայտարարությունից ցնցվել է ու հայտարարել, որ Ադրբեջանի երիտասարդությունը երբեք չի ների գործող իշխանությանը, քանի որ այն թույլ է տվել ստեղծել հայկական պետություն ադրբեջանական պատմական հողերի` Երևանի հիման վրա: Ըստ ադրբեջանցի պաշտոնիայի՝ Ղարաբաղի իշխանությունը ոչ թե ժողովրդավարական է, այլ ահաբեկչական: Ի պատասխան Արտաշես Գեղամյանը բարձրացրել է Խոջալուի հարցը, ներկայացրել փաստեր: 

Թե ինչ եղավ հետո, ու ինչպես իշխանությունն անցավ Հեյդար Ալիևին, ոչ ոքի համար գաղտնիք չէ: 57 երկրների պատգամավորների մոտ պատմական փաստի մասին հայտարարությունը շփոթեցրել է ադրբեջանցիներին, որոնք անմիջապես ընդհատել են Գեղամյանի ելույթը: Բայց ադրբեջանցիների համար տհաճ հարցեր են սկսել բարձրացնել եվրոպացի պատգամավորները: Նրանք մեկը մյուսի հետևից խոսել են Ադրբեջանում տիրող բռնությունների մասին, թվարկել քաղբանտարկյալների անուններ, կոչ արել ազատ արձակել նրանց: Ֆրանսիայի սենատի անդամ Ալան Ներին էլ բարձրացրել է ադրբեջանական սև ցուցակների հարցը ու դատապարտել Բաքվին, որը թույլ չի տվել իր գործընկերոջը այցելել Բաքու վեհաժողովին մասնակցելու համար, քանի որ նա եղել է Լեռնային Ղարաբաղում:

 


Հայաստանի և Ռուսաստանի պատգամավորներն անցկացրել են բարեկամության ակումբի առաջին նիստը (29.01.2014, ArmnewsTV)

 

 

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր