Արտաշես Գեղամյանը ոչ հերքում ոչ հաստատում է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու հնարավորությունը

26.01.2012, 1in.am

Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ըստ էության, ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց մամուլում շրջանառվող լուրը, թե ինքը առաջիկա խորհրդարանական ընտրություններում տեղ է զբաղեցնելու ՀՀԿ համամասնական ցուցակում:

«Առաջին անգամ Ձեզնից եմ այս մասին լսում: «Երկիր» թերթ, ցավոք, չեմ կարդում: Եթե նման տեղեկություններ «Երկիրն» է տարածում, ճիշտ կլինի մանրամասներն իրենցից ճշտել: Այդ թերթն արդեն տնօրինում է ոչ միայն ՀՅԴ, այլ նաև ՀՀԿ ընտրական ցուցակները: Այդ նվաճման առիթով շնորհավորում եմ նրանց»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ «Ազգային միաբանություն» կուսակցությունը շատ խանդավառված է գալիք ընտրությունների կապակցությամբ:

Նշենք՝ «Երկիրն» իր այսօրվա համարում գրել է, որ իր տեղեկություններով՝ ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց տեղերն արդեն ունեն ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը և ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը: «Ըստ մեր աղբյուրների՝ դժվար է Վազգեն Մանուկյանի հարցը: Շշուկներ կան, որ ՀՀԿ ղեկավարությունը փոշմանել է նրան խորհրդարան բերելու մտադրությունից: Փակված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ընդգրկելու հարցը»,- գրում է «Երկիրը»:

http://1in.am/arm/armenia_politics_56412.html