Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ ՀՀԿ-ում հակասություններ կան

24.07.2014, Ժողովուրդ

Օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հայաստանի շահերին դեմ է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Պատգամավորը շեշտել է, որ դա կարող է առաջացնել «արտաքին քաղաքական խնդիրներ»: Մինչդեռ տակավին վերջերս ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ` Արտաշես Գեղամյանը, հայտարարեց, որ Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ համար ցանկալի է: «Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Գեղամյանի հետ` պարզելու, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում հակասական տեսակետներ հնչում:

-Պարոն Գեղամյան, Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հայաստանի շահերին դեմ է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, սակայն Դուք մշտապես այլ տեսակետ եք արտահայտել: Խնդիրն ինչո՞ւմ է:

-Ցանկացած քաղաքական գործիչ իրավասու է ունենալ իր սեփական կարծիքը, եթե հարգարժան պարոն Զաքարյանը նման տեսակետ է հայտնել, կնշանակի՝ ինքը տիրապետում է այնպիսի փաստերի եւ նյութերի, որոնք իրեն ստիպում են նման եզրակացություն անել: Ես տիրապետում եմ այլ բնույթի ինֆորմացիայի, որը ճիշտ հակառակն է: Խնդիրը չի գնում Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու մասին: Խնդիրը գնում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ինքնիշխան, անկախ պետություն դառնա ԵՏՄ անդամ: Ու եթե Ադրբեջանն իրոք անկեղծ է եւ ուզում է հարցը կարգավորվի, նա էլ կարող է անդամակցել այդ նույն տնտեսական միությանը: Բայց, բնականաբար, այդ պարագայում սահմանները կբացվեն, օրենքները ունիֆիկացիայի կենթարկվեն եւ դա էլ լավ հիմք կստեղծի վերջնականապես այդ հարցը կարգավորելու` առանց արյունահեղության:

-Դուք Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ խոսել եք Բաքվում, հանդես եք եկել հայտարարությամբ: Ձեր հայտարարությունը համաձայնեցրե՞լ էիք Սերժ Սարգսյանի հետ:

-Ես ասացի, որ դա իմ անձնական կարծիքն է ու Ձեզ մոտ այդ հարցը չպետք է ծագեր: Ես հայտնել եմ իմ տեսակետը, իմ կարծիքը: Իսկ ինչ վերաբերում է նախագահի տեսակետին եւ այն Բաքվում հնչեցնելուն, այո, ես հայտարարել եմ, որ հանրապետության նախագահը գտնում է, որ ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմքում կարող են դրվել Մինսկի խմբի համանախագահող երկրների պրեզիդենտների 5 հայտարարություններում արծարծված 3 սկզբունքները… դա պետք է լինի: Դա է` տարածքների անձեռնմխելիություն եւ ամբողջականություն, ուժի բացառում եւ խաղաղ կարգավորում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Ահա սա է, որ ես իմ ելույթներում քանիցս ասել եմ: Ես նշել եմ, որ սա մեր երկրի նախագահի հրապարակավ հայտնած հայտարարություններն են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ