ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ 2010Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ.

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՆԳՆԱԾ ԿԴԻՄԱՆԱՆՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԵՂԵՂԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ

01.08.2010

Ամառային այս տապին մակրոտնտեսական վերլուծություն կատարելը բնավ էլ ամենահաճելի զբաղմունքներից չէ: Սակայն դրա անհրաժեշտությունը ծագեց, երբ ս.թ. օգոստոսի 2-ին և 5-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) ու Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակեցին 2010թ. առաջին կիսամյակում հանրապետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական վիճակը բնութագրող տեղեկագրերը: Երկրի տնտեսությունում ստեղծված իրավիճակի վերլուծությունը դարձավ էլ ավելի արդիական, քանի որ հանրապետության գործադիր և ֆինանսական իշխանություններն այդ հրապարակումներից հետո, լուրջ մեկնաբանություններ անելու փոխարեն, հանդես եկան ելույթներով, ուր ՀՆԱ-ի 6,7% աճի կապակցությամբ հիացական գնահատականներ հնչեցրին, թե` «Մենք արձանագրում ենք, որ, իսկապես, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական համակարգում: Դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է, որը լավատեսություն է մեզ հաղորդում…»  (մեջբերում` հուլիսի 24-ին հայաստանյան հինգ հեռուստաընկերություններին ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հարցազրույցից):

Իհարկե, կարելի էր այս և նույն բովանդակությամբ մյուս գնահատականներին, որոնց պակասը վերջերս չի զգացվում, վերաբերվել ցանկալին որպես իրականություն ներկայացնելու ձգտում, սակայն առկա զարգացումները, որոնք կարող են ազդեցություն թողնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, հրամայաբար պահանջում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դրությանը մոտենալ ազգային անվտանգության ապահովության տեսանկյունից: Եվ սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջերս` հուլիսի 22-ին, Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց իր խորհրդակցական եզրակացությունը, թե 2008-ին Սերբիայից Կոսովոյի անկախացման միակողմանի ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքին: Դրան հաջորդեցին ուժի միջազգային կենտրոնների` ԱՄՆ-ի և Եվրամիության հայտարարություններն առ այն, որ ընդունված բանաձևը բնավ չի կարելի նախադեպ ճանաչել չկարգավորված այլ հակամարտությունների համար: Անշուշտ, դա չէր կարող անհետևանք մնալ ադրբեջանական իշխանությունների համար, որոնք ավելի ու ավելի բացահայտ են հայտարարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իրենց վճռականության մասին:

Հաշվի առնելով այս ամենը` անհրաժեշտ ենք համարում, որպեսզի երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական յուրաքանչյուր ուժ իր սրբազան պարտքը համարի մեր հանրապետության տնտեսությունում, ֆինանսական, սոցիալական ոլորտներում առկա այն բոլոր խնդիրների վերհանումը, որոնց լուծումների ձգձգումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ապահովման վրա: Ըստ որում, կարևոր է, որ ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի վերլուծումը դիտարկվի դրա շարժընթացի մեջ` անհրաժեշտ պարզաբանումներ տալով վերջին երկուսուկես տարում երկրի տնտեսական, ֆինանսատնտեսական և սոցիալական ոլորտների վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների փոփոխությունների կապակցությամբ:

 

Եվ այսպես, վերհիշենք, որ 2009թ. ՀՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2008թ. համեմատ համադրելի գներով (դոլարային արտահայտությամբ), համաձայն ԱՎԾ-ի, արձանագրել է ՀՆԱ-ի անկում 27%-ով (Համաշխարհային բանկի գնահատմամբ` անկումը կազմել էր 32%): Նշենք նաև, որ 2010թ. հունվար-հունիս ամիսներին ՀՆԱ-ի անկումը (համադրելի գներով) նախաճգնաժամային` 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 10,2%: Այդ նույն ընթացքում արձանագրվել է համախառն արտաքին պարտքի (ՀԱՊ) զգալի աճ: Այսպես, եթե 2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀԱՊ-ը կազմել էր 3 մլրդ 446 մլն դոլար, զուտ արտաքին պարտքը` 1 մլրդ 611,99 մլն դոլար, ապա 2009թ. ավարտին ՀԱՊ-ը հասել է 5 մլրդ 23,79 մլն դոլարի (2008թ. նկատմամբ ՀԱՊ-ի աճը կազմել է 1 մլրդ 577,79 մլն դոլար), իսկ զուտ արտաքին պարտքը` 2 մլրդ 499,51 մլն դոլարի (2008թ. նկատմամբ աճը` 887,52 մլն դոլար): Ասվածից հետևում է, որ 2009թ., 2008թ. համեմատությամբ, արձանագրվել է 3 մլրդ 215,668 մլն դոլարի ՀՆԱ-ի անկում, ընդ որում` տեղի է ունեցել 1 մլրդ 577,79 մլն դոլարի ՀԱՊ-ի և 887,52 մլն դոլարի զուտ արտաքին պարտքի աճ: Այս խիստ տագնապահարույց միտումը, այն է` ՀՆԱ-ի նշանակալի անկման պարագայում ՀԱՊ-ի և զուտ արտաքին պարտքի էական աճի արձանագրումը, շարունակվել է նաև 2010թ.: Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ գրանցվել է ՀՆԱ-ի 833 մլն 589,6 հազար դոլարի անկում, ընդ որում` 2008թ. հուլիսի 1-ից 2010թ. մարտի 31-ը Հայաստանի արտաքին պետական պարտքը 1 մլրդ 550,279 մլն դոլարից հասել է մինչև 2 մլրդ 980,926 մլն դոլարի կամ ավելացել է 1 մլրդ 430,647 մլն դոլարով: Հարկ է նշել, որ ս.թ. երկրորդ եռամսյակում արտաքին պետական պարտքը նույնպես աճել է: Եվ այս թվերն արձանագրվել են այն պայմաններում, երբ շարունակվել են արտերկրից Հայաստան հոսող մեծածավալ տրանսֆերտները: Այսպես, 2009թ. ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարած փոխանցումների զուտ ներհոսը կազմել էր 929 մլն 235 հազար դոլար, որից 804 մլն 487 հազարը կամ 86,57%-ը` Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ ս.թ. հունվար-հունիսին տրանսֆերտների զուտ ներհոսը կազմել է 389 մլն 949 հազար դոլար (նշենք, որ 2009թ. նույն ժամանակաշրջանում արձանագրվել էր 365 մլն 670 հազար դոլարի զուտ ներհոս), ըստ որում` 336 մլն 665 հազար դոլարը կամ դրա 86,3%-ը` ՌԴ-ից: Ինքնին հասկանալի է, որ արտերկրից ստացվող այս տրանսֆերտներն անմիջական դրական ազդեցություն են թողնում ոչ միայն սպառողական պահանջարկի բարձրացման և վերջնական արդյունքում ՀՆԱ-ի աճի վրա, այլև մեծավ մասամբ դրականորեն են անդրադառնում ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդի մեղմման և  ազգային արժույթի փոխարժեքի արժևորման վրա: Հարկ է նշել, որ այս դրական գործոնը ոչ մի աղերս չունի կառավարութան կողմից գովազդվող հակաճգնաժամային ծրագրի իրականացման հետ: Իսկ եթե ունի էլ, ապա կարող է մեկնաբանվել ոչ այլ կերպ, քան որպես կառավարության անարդյունավետ հակաճգնաժամային գործունեության հետևանքով, ինչն էլ ավելի է վատթարացնում ժողովրդի սոցիալական վիճակը, հանգեցնում երկրից աշխատուժի արտահոսքի աճի, որն էլ, իր հերթին, հանգեցնում է նրան, որ որոշ ժամանակ անց նոր արտագաղթածները ֆինանսական օգնություն են ուղարկում Հայաստանում մնացած իրենց հարազատներին, իսկ դա էլ ավելացնում է  տրանսֆերտների ծավալը:

Տնտեսությունում ընթացող անբարենպաստ զարգացումների մասին է վկայում նաև ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս հրապարակված վերլուծությունը: Այդ փաստաթղթի համաձայն, 2009 թվականին տնտեսական գործունեության արդյունքում մեկ միլիոն դրամ և ավելի ապառքի աճ ունեցող հարկատուների թիվը 2008թ. համեմատությամբ 580-ից հասել է 926-ի կամ ավելացել գրեթե 60%-ով: Սա լուրջ մտորումների հիմք է տալիս: Առավել ևս, որ թե՛ նախորդ տարի, թե՛ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է մեկ մտահոգիչ երևույթ ևս: Այսպես, 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի օգտին Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հայցերով, քրեական գործերով և այլ կատարողական վարույթներով գրանցվել է չվերականգնված մնացորդ գումարների ծավալների զգալի աճ, որը կազմել է 9 մլրդ 840,264 մլն դրամ, մինչդեռ բռնագանձված գումարը եղել է ընդամենը 1 մլրդ 230,421 մլն դրամ կամ բռնագանձման ենթակա գումարի ընդամենը 11,1%-ը: Էլ ավելի տագնապալի են 2010թ. հունվար-հունիս ամիսների նույն ցուցանիշները: Այսպես, ՀՀ պետական բյուջեի օգտին բոլոր կատարողական վարույթներով չվերականգնված մնացորդ գումարը կազմել է 13 մլրդ 987,896 մլն դրամ, մինչդեռ բռնագանձվածը` ընդամենը 639 մլն 825,5 հազար դրամ կամ բռնագանձման ենթակա գումարի ընդամենը 4,4%-ը: Այս ոլորտում իրավիճակի վատթարացման չափն ավելի ցայտուն ներկայացնելու համար նշենք, որ 2008թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ պետական բյուջեում չվերականգնված մնացորդ գումարը կազմել էր 12 մլրդ 315 մլն դրամ: Տնտեսվարողների նկարագրված իրավիճակը մեծապես պայմանավորված է երկրի տնտեսության նորմալ աշխատանքին նպաստելու կոչված ներկա հարկային օրենսդրության անկատարությամբ, ինչպես նաև հարկային մարմինների գործունեության անարդյունավետությամբ: Խոսքն ամենևին չի վերաբերում տնտեսվարող օբյեկտներում օրենքով չնախատեսված հաճախակի ստուգումների անցկացմանը, այլ բիզնեսի համար օրենսդրական այնպիսի դաշտի ձևավորմանը, ձեռներեցների և հարկային մարմինների միջև այնպիսի համագործակցության ստեղծման անհրաժեշտությանը, երբ վերջիններիս գործունեությունը կգնահատվի ոչ թե տարեցտարի աճող տույժ-տուգանքների ծավալով, այլև իրենց կողմից սպասարկվող տնտեսվարող սուբյեկտների շահավետ բիզնեսը զարգացնելու համար օրինական իրավական դաշտ ստեղծելու միջոցով: Էլ չասած այն մասին, որ տնտեսությունում նման իրավիճակի առկայությունը խոսում է նաև որոշակի կոռուպցիոն դրսևորումների մասին, երբ հարկատուների հետ աշխատելիս վերջիններիս համար պայմաններ և սողանցքներ են ստեղծվում նաև մեծ ծավալի պարտքեր կուտակելու և ապա, հետագայում էլ, նույնիսկ դատավճիռների առկայության պայմաններում, ՀՀ պետական բյուջեին չվճարած հարկերը վերականգնելուց խուսափելու համար: Այս պարագայում ուղղակի տարակուսում ես` տեսնելով, թե ինչպես են իրար հերթ չտալով վարդագույն մեկնաբանություններով ու գնահատականներով հանդես գալիս կառավարության ֆինանսատնտեսական ոլորտի ու ԿԲ-ի պատասխանատուները` անդրադառնալով ս.թ. առաջին կիսամյակում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակին: Հատկապես ուշադրություն է գրավում, թե նրանք ինչպիսի առանձնահատուկ ոգևորությամբ են նշում, որ այդ շրջանում նշանակալիորեն գերազանցվել են պետական բյուջեի պլանավորված հարկային մուտքերը: Ընդ որում` ներկայացվում է որպես հարկային մարմինների կատարած դրական աշխատանքի արդյունք:

Բնականաբար, հարց է ծագում. իսկ որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք կարող են բացահայտել երկրի տնտեսության լուրջ տագնապ հարուցող ներկայիս դրության պատճառները: Այդ նպատակով պարզենք, թե ի վերջո ինչով է պայմանավորված հարկերի հավաքագրման արձանագրված աճը, և արդյոք այդ փաստը համարժեք է դրա շուրջ բարձրացված տեղեկատվական աղմուկին: Այսպես, 2010թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 20,8%: Համեմատության համար նշենք, որ 2009թ. նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը եղել է 19,6%: Իրոք, այս տարվա առաջին կիսամյակում այդ առումով գրանցված է 1,2% աճի տեմպ: Ի դեպ, ընդգծենք, որ այդ արձանագրված ցուցանիշը հավասար է 2008թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշին: Սա արժե դրական գնահատել: Սակայն հարկ է նաև նշել, որ ս.թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն աճել է արտաքին առևտրաշրջանառության ծավալը, որը գրանցել է 129,8% աճի տեմպ, այդ թվում` արտահանման աճի տեմպը կազմել է 155,9%, ներմուծմանը` 124,4%: ՀՆԱ-ի համեմատ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը ս.թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 62,5%, մինչդեռ 2009 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 51,7% էր, իսկ 2008թ.` ավելի քան 56%: Հայտնի է, որ արտաքին առևտրաշրջանառության մեջ ներգրավված կազմակերպությունների հարկումն իրականացվում է ՀՀ սահմանին և շատ ավելի պակաս խնդրահարույց է ու վերահսկելի: Դրան ավելացնենք և այն, որ ՀՆԱ-ի աճի տեմպի նկատմամբ գրանցվել էր արտաքին առևտրաշրջանառության առաջանցիկ զգալի աճի տեմպ: Սա` մի կողմից: Մյուս կողմից` նշենք, որ ՀՆԱ-ի ծավալում հարկային մուտքերի տեսակարար կշիռն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախաճգնաժամային տարվա համապատասխան ցուցանիշի մակարդակին էր: Թվում էր, թե ՀՆԱ-ում հարկային եկամուտների տեսակարար կշռի անփոփոխ մնալը, այսինքն` հարկային եկամուտների տեսակարար կշռի աճի բացակայությունը պետք է որ առանձնահատուկ հրճվանքի հիմք չտար կառավարությանը: Ինչպես և ոգևորության առիթ չպետք է դառնար արտահանման 155,9% աճը, քանի որ այդ ցուցանիշը խամրում է, երբ պարզում ես, թե որոնք են եղել դրա բաղադրիչները: Այսպես, ս.թ. առաջին կիսամյակում գրանցված 442,8 մլն դոլարի արտահանման ծավալը գերազանցում է նախորդ տարվա նույն այդ ցուցանիշը 161,5 մլն դոլարով: Այս տարվա նշված ժամանակահատվածում հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է 69,3 մլն դոլարով, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն աճել է 24,04 մլն դոլարով, ոչ թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը` 62,8 մլն դոլարով: Այսպիսով` արտահանման ծավալների աճն ամենևին էլ պայմանավորված չէ ՀՀ տնտեսության առողջացումը վկայող միտումներով, այլ հետևանք է վերջին շրջանում գունավոր ու սև մետաղների` համաշխարհային շուկայում գրանցված պահանջարկի և վաճառքի գների աճով: Այնինչ, հարկ է նկատի առնել մեկ այլ երևույթ: Նույնիսկ ճգնաժամային 2009թ., երբ արձանագրվել էր արտաքին առևտրաշրջանառության ծավալի շեշտակի անկում, մեր երկրից առանձին ապրանքատեսակների արտահանումը գերազանցել էր ընթացիկ  տարվա առաջին կիսամյակի համապատասխան ցուցանիշը, մասնավորապես, սարքերի և սարքավորումների, արդյունաբերական տարբեր ապրանքների, մանածագործական իրերի, արվեստի ստեղծագործությունների առումով:

Հանրապետության ֆինանսատնտեսական ոլորտում ձևավորված  իրողությունները բացասաբար են անդրադարձել հանրապետության միջազգային ներդրումային դիրքերի (International investment position, ՄՆԴ) վրա: Հիշեցնենք, որ ՄՆԴ-ն որոշում է երկրի հաշվետու շրջանում ֆինանսական ակտիվների ու պարտավորությունների ընդհանուր ծավալն ու կառուցվածքը ոչ ռեզիդենտների դիմաց: Ընդ որում, կախված այն բանից` դրական թե բացասական է զուտ ՄՆԴ-ն, երկիրը համարվում է կամ լիակատար վարկատու, կամ լիակատար վարկառու: Այսպես, եթե 2008թ. ավարտին ՀՀ ՄՆԴ-ը բացասական էր և կազմել էր մինուս 3 մլրդ 470,08 մլն դոլար, ապա անցյալ տարեվերջի դրությամբ այն նույնպես բացասական էր և կազմել էր մինուս 4 մլրդ 76,95 մլն դոլար: Այստեղ նկատենք, որ 2009թ. ՀՀ-ում արված ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր 840,7 մլն դոլար, և 2008թ. նույն ցուցանիշի համեմատ արձանագրվել էր 291,7 մլն դոլարի կրճատում: Եվ սա` այն դեպքում, երբ 2009թ. ՀՀ-ից ներդրումներն արտերկիր կազմելով 171,6 մլն դոլար` 99,1 մլն դոլարով գերազանցել էին 2008թ. նույն այդ ցուցանիշը: Նման աճը կայացել է այն պայմաններում, երբ անցյալ տարի Հայաստանի արտաքին պետական պարտքը 2008թ. նկատմամբ աճել է 1 մլրդ 389,571 մլն դոլարով (կամ 188,1%-ով), իսկ ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումների հոսքերը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգի գծով) 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել են 2 մլրդ 470,8 մլն դոլար, որը 2008թ. նույն ցուցանիշը գերազանցել էր 27,9%-ով: Ընդ որում` ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել էր 840,7 մլն դոլար (անկումը` 25,8%), իսկ այլևայլ ներդրումներինը` 1 մլրդ 623,4 մլն դոլար (ավելի քան կրկնակի աճ): Բացասական առումով հարկ է նշել, որ ընդհանուր ներդրումների զգալի աճի պայմաններում արձանագրվել է ուղղակի ներդրումների զգալի անկում: Միևնույն ժամանակաշրջանում դրամավարկային կարգավորման մարմիններին ուղղված ներդրումները 2008-ի համեմատությամբ աճել էին 20,1 անգամ, իսկ պետական կառավարման մարմիններին ուղղված վարկերը` 6,6 անգամ:

Բերված փաստերն արդյունք են ՀՀ կառավարության կողմից իրականացվող բացարձակապես չարդարացված ու ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության: Քաղաքականություն, որի հետևանքով գալիք սերունդներին բաժին է ընկնելու տարեցտարի աճող արտաքին պարտքի բեռի մարումը:

Մինչ հարկադրաբար արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն իրենց ծանր աշխատանքով վաստակած գումարներն արտարժույթի տեսքով ուղարկում են հարազատներին, որպեսզի նրանք կարողանան գոյատևել Հայաստանում, այդ նույն ժամանակ ՀՀ քաղաքացի հանդիսացող իրավաբանական անձանց կողմից ավելի խոշոր ֆինանսական կապիտալ է դուրս բերվում մեր երկրից, և դրա ծավալը 2009թ., ինչպես նշել էինք, կազմել է 171,6 մլն դոլար:

Վերը շարադրվածը հիմք է տալիս պնդելու, որ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումները եղել են անարդյունավետ, ավելին` խիստ բացասաբար են անդրադարձել տնտեսվարող սուբյեկտների ֆինանսատնտեսական գործունեության վրա, վատթարացրել են ՀՀ ՄՆԴ-ն, վտանգավոր եզրին են հասցրել երկրի պետական արտաքին պարտքի ծավալները, ձևավորել են երկրից կապիտալի արտահոսքի համար նպաստավոր, իսկ արտահանման համար` ոչ բարենպաստ պայմաններ: Ի հաստատումն վերջին եզրակացության, նշենք, որ ս.թ. առաջին կիսամյակում արտահանման ծավալը կազմել է 442 մլն 836,6 հազար դոլար, որը 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 15%-ով:

Այս հարցերն, ամբողջությամբ վերցված, բացասաբար են անդրադարձել աշխատանքի շուկայի վրա: Այսպես, եթե 2008թ. հունվար-հունիս ամիսներին գործազրկության մակարդակը կազմել էր 6,3%, ապա անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հասավ 6,7%-ի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում` 7,1%-ի, այսինքն` գրանցվել է 10 հազարով ավելի գործազուրկ, քան երկու տարի առաջ:

Ի մի բերելով ասվածը` բնական հարց է ծագում. կա՞ արդյոք մեր երկրի տնտեսությունում թեկուզ մեկ ոլորտ, ուր, այնուամենայնիվ, նշմարվել է զարգացում: Այո, կա, և դա որոշակիորեն բանկային համակարգն է: Թվում է` այս հանգամանքը պետք է որ գոհունակության զգացում հարուցեր: Ավա՜ղ, երբ խորանում ես այն գործոնների մեջ, թե ինչ գնով է ձեռք բերվել այդ զարգացումը, ավելի ես մտահոգվում: Այսպես, եթե ՀՀ 22 առևտրային բանկերի փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամը 2008թ. դեկտեմբեր 31-ի դրությամբ կազմել է 152 մլրդ 490,167 մլն դրամ, ապա անցյալ տարվա արդյունքը եղել է 188 մլրդ 640,44 մլն դրամ, աճը` 23,7%: Դրա հետ մեկտեղ, դրանց հաշվեկշռային ընդհանուր կապիտալը ճգնաժամային 2009թ. արձանագրել է 42 մլրդ 793,214 մլն դրամի համալրում կամ 11,8%-ի աճ, առևտրային բանկերում զուտ տոկոսային եկամուտների գծով 2009թ. նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2 մլրդ 137,9 մլն դրամի հավելաճ: Ավելին, այդ միտումը շարունակվել է նաև այս տարի. մասնավորապես, հունիսի 30-ի դրությամբ առևտրային բանկերի լրացված կանոնադրական հիմնադրամը կազմել է 195 մլրդ 212 մլն դրամ` գերազանցելով նախորդ տարվա դեկտեմբերի վերջի ցուցանիշը 6 մլրդ 571,16 մլն դրամով, իսկ հաշվեկշռային ընդհանուր կապիտալը ս.թ. առաջին կիսամյակում կազմել է 278 մլրդ 430 մլն դրամ` ապահովելով 214,9 մլն դրամի աճ: Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ եթե 2008թ. առևտրային բանկերի զուտ շահույթը կազմել էր 26 մլրդ 868,321 մլն դրամ, նախորդ տարի` 8 մլրդ 408,391 մլն դրամ, ապա ս.թ. առաջին կիսամյակում դրանց զուտ շահույթը եղել է 11 մլրդ 988,8 մլն դրամ:

Այս վիճակագրական տվյալները հիմք են տալիս հետևյալ եզրահանգման: ՀՀ քաղաքական ղեկավարության հավասարակշռված ու հաշվենկատ արտաքին քաղաքականության արդյունքում, միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշի բարձրացման շնորհիվ 2009թ. ընթացքում հնարավոր եղավ ֆինանսական միջազգային կազմակերպություններից և ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ից մեր հանրապետությունը ճարակած ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով ներգրավել արտարժութային մեծածավալ վարկեր, որոնք, ըստ էության, հիմնականում ծառայեցին ոչ թե տնտեսվարող սուբյեկտների հոգսերը հոգալուն, այլ նպաստել են ՀՀ բանկային համակարգի հարստացմանը: Եվ դա հնարավոր դարձավ նաև շնորհիվ այն բանի, որ ՀՀ առևտրային բանկերը սահմանեցին սղաճն ավելի քան երկու անգամ գերազանցող վարկային տոկոսադրույքներ: Բարձր տոկոսադրույքներից մեծավ մասամբ օգտվեցին միայն խոշոր ներկրողները, որոնք, հանրապետության ներքին շուկայում զբաղեցնելով մենաշնորհային դիրքեր` ստացան կրկնակի շահույթ: Նախ, ԿԲ-ի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության հետևանքով, որն ուղղված էր ազգային արժույթի տնտեսագիտորեն չհիմնավորված բարձր փոխարժեքի պաշտպանությանը, ներկրողներին հնարավորություն ընձեռվեց իրական փոխարժեքից էժան գնել մեծ քանակի արտարժույթ: Ապահովելով ազգային արժույթի բարձր փոխարժեքը` ՀՀ ԿԲ-ն ապարդյուն փորձեր է անում խուսափել ներմուծվող ապրանքների գնաճից: Մյուս կողմից` գործելով մրցակցության բացակայության պայմաններում` ներմուծողները սահմանեցին ներմուծվող ապրանքների կամայական բարձր գներ: Նման քաղաքականության պատճառով մեր երկրի ներքին շուկայում արձանագրվել է սպառողական գների ինդեքսի զգալի աճ: Այսպես, սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 107,3%, այդ թվում` ոչ պարենային ապրանքներինը` 113,4%, ծառայություններինը` 108,5%, իսկ արդյունաբերական ապրանքների գնաճը կազմել է 132,6%: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ս.թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսի համեմատ գրանցվել է 14,9% գնաճ: 2010թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է կանաչ լոբու 54,6%, կանաչ պղպեղի 43%, լոլիկի 40%, վարունգի 31,1%, գլուխ սոխի 22,1%, սմբուկի 18,8%, սխտորի 11,4%, կաղամբի 20,7%, կարտոֆիլի 27,9%, գազարի 51,9%, ճակնդեղի 64,3% գնաճ: Ս.թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի` 25,7%, մսամթերքի ապրանքախմբում` 17,4% գնաճ: Վերը բերված բոլոր ցուցանիշների համադրումը փաստում է այն իրողությունը, որ, ընդհանուր առմամբ, վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր ժողովրդի սոցիալական վիճակը շոշափելիորեն ծանրացել է:

Ցավոք, ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական ոլորտի ղեկավարները երկրում ստեղծված խիստ տագնապահարույց վիճակի համակողմանի վերլուծության, մարդկանց սոցիալական վիճակը մեղմելուն ուղղված գործնական միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն հանդես են գալիս ծիծաղ և միաժամանակ զայրույթ հարուցող կարգախոսներով, թե հանրապետությունում ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարված է: Դրա հետ մեկտեղ, որպես սեփական աշխատանքի դրական արդյունք հրամցնում են նորանոր արտաքին պետական պարտքեր կուտակելու իրենց ունակությունները, հետն էլ անվերջ կրկնում են, թե առայսօր կուտակած պետական արտաքին պարտքերը ռիսկային չեն և կառավարելի են: Անիրազեկությունը հասել է այն աստիճանի, որ երբ մեր երկրի արտաքին պետական պարտքի ծավալն ընդհուպ մոտեցել է ՀՆԱ-ի 40%-ին, շարունակում են պնդել, թե այդտեղ ոչ մի վտանգ չկա: Ավելին, օրինակ են բերում ԱՄՆ-ը, որի արտաքին պետական պարտքը գերազանցում է այդ երկրի ՀՆԱ-ն, մատնացույց են անում արևմտաեվրոպական զարգացած երկրները, որոնց մի մասում արտաքին պետական պարտքը ՀՆԱ-ի 50%-ից բարձր է: Մեր գործադիրի իշխանության ղեկավարները, չգիտես ինչու, մոռանում են, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը համաշխարհային պահուստային արտարժույթների` դոլարի և եվրոյի էմիտենտներ` թողարկողներ են: Հանգամանք, որն այդ երկրներին դրամավարկային քաղաքականություն իրականացնելիս բացառիկ հնարավորություններ է ընձեռում` տալով լրացուցիչ առավելություններ: Այս խնդրին, սակայն, հանգամանորեն անդրադառնալը մեր այսօրվա վերլուծության նյութը չէ: Եվ երկրորդ հանգամանքը: Մի՞թե մեր տնտեսագետ-ֆինանսիստ ղեկավարները չգիտեն, որ, մասնավորապես, Եվրամիության անդամ երկրներից շատերում հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմում է այդ երկրների ՀՆԱ-ի 35-45%-ը, ի տարբերություն մեր երկրում ս.թ. առաջին կիսամյակում գրանցված 20,8%-ի: Օրինակ, Ֆրանսիայի պետական բյուջեով անցնում է ՀՆԱ-ի 54%-ը, Շվեդիայում և Դանիայում` շուրջ 50%-ը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (Organization for Economic Co-operation and Development-OECD) անդամ երկրներում հարկային բեռը կազմում է միջինը ՀՆԱ-ի 36%-ը:

Վերստին անդրադառնալով մեր իրողություններին` նշենք, որ ՀՀ կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությունը միտվել է առևտրային բանկերի և խոշոր ներմուծողների գերշահույթների ապահովմանը: Հիշարժան է մեկ դիտարկում ևս: Վերջին շրջանում մեր ազգաբնակչության ու գործարարների կողմից նկատվում է վստահության շեշտակի անկում ազգային արժույթի` դրամի նկատմամբ: Այդ պատճառով ավանդների և գործարքների ընդհանուր ծավալում մեծանում է իրավաբանական և ֆիզիկական անձանց արտարժութային ավանդների ու ռեզիդենտների արտարժույթով իրականացվող գործարքների տեսակարար կշիռը: Մասնավորապես, եթե դրամային ավանդների տեսակարար կշիռը 2008թ. սեպտեմբերին ընդհանուր ավանդներում կազմել է 57,91%, ապա 2009թ. սեպտեմբերին` 27,45%, 2010թ. հունիսին` 26,32%: Այդ նույն ժամանակ ավելացել է նաև արտարժույթով ՀՀ առևտրային բանկերի միջոցով ռեզիդենտներին տրվող վարկերի տեսակարար կշիռը: Եթե 2008թ. ռեզիդենտներին արտարժույթով տրվող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմել է 38,2%, ապա 2009թ.` 51,1%, իսկ 2010թ. հունիսի 30-ի դրությամբ` 53,6%: Այստեղ հարկ է նաև նշել, որ 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԿԲ-ի արտաքին պարտքը կազմել է 500 մլն 756 հազար դոլար` գերազանցելով 2008թ. ԿԲ-ի գրանցված արտաքին պարտքի ծավալն ավելի քան 2,8 անգամ, ըստ որում, 2010թ. առաջին եռամսյակում նրա արտաքին պարտքը 2009թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 17,4%-ով: Այս պարագայում ՀՀ միջազգային արտարժութային պահուստները ս.թ. հունիսի վերջին, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ, կրճատվել են 223 մլն 700 հազար դոլարով:

ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական և ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը, ինչպես վերը նշվեց, հանգեցրել է ժողովրդի սոցիալական վիճակի ծանրացման: Դա, իր հերթին, բացասաբար է անդրադարձել երկրի միգրացիոն իրավիճակի վրա: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տեղեկատվության համաձայն` 2010թ. հունվար-հունիս ամիսներին, 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ուղևորաշրջանառության համախառն ծավալն ավելացել է 186,4 հազար ուղևորով: Ուղևորափոխադրումների հաշվեկշիռը (ժամանումների և մեկնումների տարբերությունը) ս.թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է մինուս 43,9 հազար ուղևոր, որը 12,2 հազարով կամ 38,5%-ով ավելի է 2009թ. առաջին կիսամյակում արձանագրված համապատասխան ցուցանիշից:

Չնայած վերջին շրջանում ՀՀ ոստիկանության կատարած նկատելի դրական աշխատանքին` ուղղված համակարգի գործունեությունն ավելի նպատակասլաց դարձնելուն, բացասական միտումներ են գրանցվել նաև իրավախախտումների ոլորտում, ինչը մեծապես պայմանավորված է ազգաբնակչության սոցիալական վիճակի ծանրացումով: Այսպես, ս.թ. հունվար-հունիս ամիսներին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակի աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 15,2% , այդ թվում` մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների աճը կազմել է 24,4%, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների աճը` 29,5%:

Այս բոլոր մտահոգիչ երևույթներին անդրադառնալիս` ակամա հարց է ծագում. ստեղծված իրավիճակին ինչպե՞ս է արձագանքում ՀՀ կառավարությունը: Ամենամեղմ գնահատմամբ` խիստ անհամարժեք: Այսպես, ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, ինչպես նշվեց, հուլիսի 24-ին մեր երկրի հինգ հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով 2010թ. հունվար-հունիսին արձանագրված ՀՆԱ-ի 6,7% աճին, գոհունակությամբ հայտարարեց. «Եթե համեմատենք 2009թ. անկման հետ, ապա սա է այն հենքը, որ մենք արձանագրում ենք, թե իսկապես, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական համակարգում: Դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է…»:

Փորձենք վերլուծել, թե ինչ է նշանակում վարչապետի այս գնահատականը: Նախ, ասենք, որ ճգնաժամից դուրս գալու մեկնարկային, ելակետային չափորոշիչ պետք է ընտրել ոչ թե ճգնաժամի բարձրակետում գրանցված ՀՆԱ-ի ամենացածր նիշը, այլ ճգնաժամին նախորդած տարվա, այն է` 2008թ. ՀՆԱ-ի մակարդակը, որի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, ինչպես նշեցինք, տեղի է ունեցել 10,2%-ի անկում: Հիշեցնենք նաև, որ ս.թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է ՀՆԱ-ի 250 մլն 655,2 հազար դոլարի հավելաճ: Թվում է` ինչ վատ է որ, սակայն ուշադիր դիտարկման պարագայում, ստացվում է, որ 2009թ. ընթացքում ճգնաժամը հաղթահարելու նպատակով մեր հայրենի կառավարությունը 1,88 անգամ ավելացրել է ՀՀ արտաքին պետական պարտքը` վերցնելով 1 մլրդ 389,957 մլն դոլարի պարտք, և դրանից հետո անթաքույց մեծ ոգևորություն է դրսևորում առ այն, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՆԱ-ի հավելաճը, կրկնեմ, կազմել է 250 մլն 655,2 հազար դոլար: Ավելին, չի էլ թաքցվում, որ «դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է…»:

Մեր գործադիր իշխանության ղեկավարները հաճախակի հանդես են գալիս պետական պաշտոնյաների մասնագիտական գիտելիքները բարձրացնելու անհրաժեշտության մասին միանգամայն արդարացի կոչերով: Հուշենք նրանց, որ «մակրոէկոնոմիկա»  ասվածը լուրջ գիտություն է, որի զինանոցում կան որոշակի գործիքներ: Դրանցից մեկը տնտեսագիտական բազմապատկիչն է: Մակրոէկոնոմիկայի օրենքների համաձայն` շուկայական տնտեսության պայմաններում, եթե իրականացվում է ներդրումային ճիշտ քաղաքականություն, ապա տնտեսության մեջ ներդրված յուրաքանչյուր դոլարը որոշակի ժամանակ անց պետք է երաշխավորի ներդրվածից առնվազն ոչ պակաս ՀՆԱ-ի հավելաճ: Ըստ որում` ներդրման արդյունքի ստացման թե՛ ժամկետները և թե՛ քանակը դրամական արտահայտությամբ պայմանավորված են մտածված ու գրագետ ներդրումներ կատարելու ունակությամբ. բնականաբար, դրանք, ի սկզբանե, ճշգրիտ հաշվարկվող ցուցանիշներ են: Ուստի, վարչապետի վերը բերված միտքը կարող է միայն տարակուսանք և վրդովմունք հարուցել: Ի՞նչ աստիճանի անպատասխանատու մոտեցում պետք է դրսևորվեր կառավարության կողմից (պետական արտաքին պարտքի գրեթե կրկնակի ավելացման պայմաններում), որպեսզի դա հանգեցներ պարտք վերցված ֆինանսական միջոցների նման անարդյունավետ և ոչ հիմնավորված ծախսման: Թվում էր` կուտակելով շուրջ 1 մլրդ 390 մլն դոլար հավելյալ պետական արտաքին պարտք` մեր կառավարության ակնկալիքները այս և մյուս տարվա ՀՆԱ-ի հավելաճից պետք է որ տարեկան առումով լինեին 1 մլրդ 400 մլն դոլարից ոչ պակաս, այլ ոչ թե առաջին կիսամյակում գրանցվեր ընդամենը 250 մլն դոլար, և դա էլ գնահատվեր որպես «սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ»: Նման պարագայում կառավարությունը տնտեսական զարգացման կանխատեսումների, այն էլ կարճաժամկետ` վեցամսյա ժամանակաշրջանի հաշվով, չպետք է մի քանի անգամի հասնող սխալ ակնկալիքներ ունենար: Հարկ է նաև նշել, որ այս տարվա առաջին կիսամյակի ՀՆԱ-ի հավելաճի ավելի քան 62%-ը նույնպես պայմանավորված է համաշխարհային շուկայում վերջին շրջանում արձանագրված գունավոր մետաղների պահանջարկի և գների բարձրացմամբ, որն էլ խթանել է մեր երկրի հանքահումքային արդյունաբերության աճի բարձր տեմպ, ինչն էլ, իր հերթին, մեծապես նպաստել է 250 մլն 655,2 հազար դոլարի ՀՆԱ-ի հավելաճի գոյացմանը, որի մանրամասները շարադրեցինք վերը` ՀՀ արտահանման ծավալների աճի բուն պատճառների մեկնաբանության մեջ:

Սույն վերլուծությունը, կարծում ենք, թերի կլիներ, եթե չանդրադառնայինք ՀՀ առևտրային բանկերի առանձին գործառույթներին: Այսպես, եթե նախաճգնաժամային 2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ առևտրային բանկերի տոկոսային եկամուտները կազմել էին 94 մլրդ 478,973 մլն դրամ, իսկ անցյալ ճգնաժամային տարում դրանք աճել էին 20 մլրդ 245,5 մլն դրամով, ապա ս.թ. հունիսի 30-ի դրությամբ տոկոսային եկամուտները կազմել են 64 մլրդ 395 մլն դրամ` էականորեն գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը:

Առավել ուշագրավ է առևտրային բանկերի ոչ տոկոսային, շեշտում ենք, ոչ տոկոսային ծախսերի դինամիկան: Այսպես, եթե 2008թ. ոչ տոկոսային ծախսերը կազմել էին 54 մլրդ 903,276 մլն դրամ, անցյալ տարի` 59 մլրդ 612,9 մլն դրամ, ապա այս տարվա առաջին կիսամյակում դրանք կազմել են 32 մլրդ 347 մլն դրամ, ընդ որում` դարձյալ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը: Մինչդեռ նրանց կողմից հարկային մուծումների դինամիկայում նման բարձր աճի տեմպ չի արձանագրվել:

Այսպես, համեմատության համար նշենք, որ 2010թ. առաջին կիսամյակում հանրապետության առողջապահության ոլորտում կատարված ծախսերը կազմել են ընդամենը 21 մլրդ 152,2 մլն դրամ, «հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն»  ոլորտինը` ընդամենը 28 մլրդ 110,8 մլն դրամ, «հանգիստ, մշակույթ և կրոն»  համակարգում ծախսվել է միայն 7 մլրդ 327,6 մլն դրամ, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտներում` 19 մլրդ 399,3 մլն դրամ: Եվ վերջապես, առևտրային բանկերի այս տարվա առաջին կիսամյակի ոչ տոկոսային ծախսերը կազմել են մեր երկրի պաշտպանության ոլորտի ծախսերի 50,8%-ը: Այսինքն` մի քանի տասնյակ հազար ծառայող ունեցող բանկային համակարգի սեփական ծախսերը գերազանցել են ՀՀ պետական բյուջեով նախատեսված ողջ ազգաբնակչության կարիքները հոգալու համար տրամադրվող գումարները: Սոցիալական պետություն հռչակված երկրի համար այս իրողությունը ոչ միայն տարակուսելի, այլև խիստ վտանգավոր և լրացուցիչ հիմք է հանդիսանում վերստին հաստատելու այն պնդումը, թե ՀՀ կառավարության բոլոր հակաճգնաժամային գործողությունները նպատակամղված են եղել ՀՀ առևտրային բանկերի կողմից ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում խոշոր շահույթներ ստանալու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ընդ որում` ԿԲ-ի արտաքին պարտքերի ավելացման և նրա միջազգային համախառն արժութային պահուստի պակասեցման հաշվին: Այսպես, եթե 2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԿԲ-ի արտաքին պարտքը կազմել է 176,029 մլն դոլար, 2009թ.` 500,756 մլն դոլար, ապա այս տարի այդ պարտքը շարունակում է աճել` մարտի 31-ի դրությամբ կազմելով 519,874 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ, ս.թ. հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ, 223,7 մլն դոլարով կրճատվել են ԿԲ-ի համախառն միջազգային պահուստները:

Չնայած ՀՀ կառավարության և ԿԲ-ի ջանքերին` հարստացնել առևտրային բանկերը, ինչը նույնն է, թե` օտարներին (ՀՀ 22 առևտրային բանկերից 14-ում ոչ ռեզիդենտների մասնակցությունը կանոնադրական կապիտալում 50%-ից, իսկ 13-ում` 95%-ից ավելի է), մեր երկրի բանկային համակարգը շարունակում է խղճուկ մնալ: Բավական է նշել, որ 2009թ. առևտրային բանկերի վարկային ներդրումները կազմել են 806 մլրդ 198 մլն 512 հազար դրամ կամ այդ տարվա ՀՆԱ-ի ընդամենը 72%-ը: Համեմատության համար նկատենք, որ OECD-ի անդամ երկրներում լիազորագրված ոչ ամենախոշոր բանկերի վարկային ներդրումների պորտֆելները գերազանցում են իրենց երկրների ՀՆԱ-ն, իսկ խոշոր բանկերի ներդրումային ծավալը լիազորագրման երկրի ՀՆԱ-ն գերազանցում է մի քանի անգամ:

* * *

Այս վերլուծությունը կատարելիս մշտապես միտքս էր գալիս ՀՀՇ-ի 16-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի արտասանած ճառի այն հատվածը, որտեղ նա պնդում էր. «Առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»: Ակամա մտածում ես. գուցե սա ՀԱԿ-ի առաջնորդի կողմից ՀՀ կառավարության և ԿԲ-ի վարած արատավոր քաղաքականության յուրովի արդարացո՞ւմն է: Չէ՞ որ նման քաղաքականությունը բխում է հենց նրա հետապնդած նպատակներից, այն է` ժողովրդական լայն զանգվածների սոցիալական վիճակի վատթարացում, արտագաղթի աճ, հուսալքություն` երկրում դրական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ: Այս ամենը, ի վերջո, կարող է երկիրը հասցնել մի վիճակի, որը հղի է սոցիալական պայթյունով:

Բարդ ժամանակներ ենք ապրում, և սպասելի է ամեն ինչ էլ…

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2010թ. հունվար-հուլիսի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այդ հրապարակմանը համաձայն ս.թ. առաջին յոթ ամիսներին նախաճգնաժամային` 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ դոլարային արտահայտությամբ արձանագրվել է ՀՆԱ-ի անկում 26,55%-ով:

Արտաշես Գեղամյան, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ