ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ, ԱՅԴ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՇԱՀԵՐԸ

01.07.2010

Կանադական Մոսքոկ առողջարանային քաղաքում 2010թ. հունիսի 26-ին կայացած G-8 գագաթաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան հայտարարությամբ: Չլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երեք նախագահների հայտարարությունում հայոց պետության համար անցանկալի ներքին և արտաքին քաղաքական հետևանքներով հղի խիստ տագնապալի գնահատականները և եզրահանգումները, գուցեև չանդրադառնայինք այս թեմային: Մանավանդ, որ այդ հայտարարության տեքստը գրեթե կրկնում է նույնատիպ այն փաստաթղթի բովանդակությունը, որն ընդունվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների կողմից 2009թ. հուլիսի 10- ին Աքվիլայում (Իտալիա): Սակայն ներկայիս իրողություններն այնպիսին են, որ պետությունները, անգամ գերտերությունները, ի վիճակի չեն ինքնուրույն լուծել տարիներ շարունակ ձգձգվող հակամարտությունները իրենց հարևանների հետ, նույնիսկ եթե ակտիվում ունեն սեփական ուժերի կողմից մարտադաշտում տարած ռազմական հաղթանակներ: Պահանջվում է այդ հաղթանակների լեգիտիմացում, որն ի զորու են անել միայն մեծ տերությունները միջազգային իրավունքին համապատասխան, որն, իր հերթին, իրավունք է տալիս հայկական կողմին պնդել. Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը և ճանաչումը որևէ կերպ չեն հակասում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:

Ղարաբաղյան հակամարտությունը ներկա պահին գտնվում է լուծման երկրորդ փուլում: Առաջին փուլը պատերազմն էր, որտեղ հաղթանակը հայկական կողմինն էր: Ներկա փուլը պակաս նշանակալի չէ, քանի որ մենք այսօր փորձում ենք հասնել հաղթանակի լեգիտիմացման և դրա արդյունքների իրավաբանական ամրագրման: 16 տարի շարունակվող բանակցային գործընթացը, հավանաբար, առայժմ հեռու է ավարտված լինելուց, սակայն, այնուամենայնիվ, երեք մեծ տերությունների առաջնորդների` Կանադայում արված հայտարարությունն առանձնանում է այդ երկարատև գործընթացում, ուստի և հարկավոր է ավելի հանգամանալի անդրադառնալ դրան:

Ուզում եմ սկսել նրանից, որ Հայաստանի համար տագնապալի այս ժամանակներում անհրաժեշտ է դադարեցնել անիմաստ զրույցները հանրապետության արտգործնախարարին անվստահություն հայտնելու թեմայով, տեղի-անտեղի, օրումեջ կազմակերպվող, աչք ու ականջ ցավեցրած մամուլի ասուլիսները: Եվ բավ է զբաղվել միջկուսակցական գզվռտոցով` իրական ընդդիմադիր լինելը ցույց տալու նպատակով: Էլ չեմ խոսում առանձին իշխանավորների մասին, որոնք հովանավորում են քաղաքական զանազան շրջմոլիկների և կուսակցություններ փոխած շառլատանների, օգնում նրանց, որոնք իրենց դասալիք ազգականների հանդեպ ընդունելի դատավճռի և աշխատանքի տեղավորվելու դիմաց փորձում են զրպարտել իրենց թայֆայից դուրս, այժմ ՀՀ Նախագահին աջակցող քաղաքական գործիչներին… Հայաստանի քաղաքական դասը պարտավոր է համախմբել իր ինտելեկտուալ և կազմակերպական ողջ ներուժը` դիմակայելու մեր պետականության համար վտանգավոր մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մարտահրավերներ ու սպառնալիքներ, որոնցով, ավա՜ղ, ներծծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ընդունած հայտարարությունը:

***

Փորձենք պարզել, թե որոնք են այդ մարտահրավերներն ու սպառնալիքները: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունում (Կրեմլի մամլո ծառայության պաշտոնական թարգմանության համաձայն) կարգավորման միջոցառումների շարքում ամրագրված է. «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ; Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը կապահովի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքները; Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը; Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի որոշում` նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով; բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք; անվտանգության միջազգային երաշխիքներ, ներառյալ խաղաղարար գործողությունը»:

Անկանխակալ վերլուծենք, թե ինչ հետևանքներ կունենա հակամարտող կողմերի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փուլերի իրագործումը այն դեպքում, եթե դրանք իրականացվեն ադրբեջանական կողմի և Հայաստանի որոշ ներքաղաքական ուժերի (մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսի» ) պատկերացմամբ:

***

Ի՞նչ կհետևի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձին:

Հարկադրաբար տեղահանվածներն ու փախստականները, օգտվելով հայտարարությունում իրենց վերապահված իրավունքներից, հայերի հանդեպ ատելությամբ լցված, ինչը մեր օրերում նույնպես խիստ հրահրվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, կվերադառնան նախկին բնակավայրեր: Ընդ որում, ցավոք, նրանք այնքան խոր ատելությամբ են համակված, որ նույնիսկ ադրբեջանական օմբուդսմենն է իր ազգի հերոսների շարքին դասել աներկբա մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին: Նա հրավիրված էր ՆԱՏՕ-ի հովանու ներքո Բուդապեշտում անցկացվող «Գործընկերություն հանուն խաղաղության»  ծրագրի շրջանակներում գումարված միջոցառմանը: Սպանել էր դավադրաբար, գիշերը, երբ մեր սպան քնած էր:

Կասկած չի հարուցում այն, որ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները վերադարձնելը ենթադրում է խաղաղարար ուժերի տեղակայում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի ողջ պարագծով Ադրբեջանի տարածքում: Իսկ եթե սահմանին ադրբեջանական զինված ուժեր հայտնվեն, այդ ժամանակ արյունալի սադրանքները (ռազմական գործողությունների հետագա սաստկացմամբ) և, վերջնարդյունքում, ադրբեջանցիների կողմից լայնածավալ պատերազմը անխուսափելի կլինեն: Իզուր չէ, որ Իլհամ Ալիևը, վերջերս ելույթ ունենալով երկրի զինվորական լսարաններից մեկի առջև, գլուխ էր գովում, թե վերջին տարիներին (իր նախագահության տարիներին. Ա.Գ.) Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է 13 անգամ և ներկայումս կազմում է 2 մլրդ 150 մլն դոլար` մի փոքր պակաս ՀՀ պետական բյուջեից: Հարցն այն չէ, որ անշուշտ, Արցախի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը ջախջախիչ հակահարված կտա, այլ այն, որ երկու կողմից էլ անպայման շատ արյուն կթափվի: Իրադարձությունների նման զարգացումը, ցավոք, անխուսափելի կլինի, և օրինակների համար էլ հեռու գնալ պետք չէ: Ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում անգամ այսօր, անվտանգության գոտու առկայության պարագայում, որը չգիտես ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն «օկուպացված»  տարածքներ են անվանում, մի օր իսկ չի անցնում առանց այն բանի, որ ադրբեջանական կողմը չխախտի հրադադարը և չգնդակոծի Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Էլ չենք խոսում այն մասին, որ այն նույն օրը, երբ ՌԴ նախագահ Դ.Ա.Մեդվեդևի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումը, ադրբեջանական կողմը գիշերը սահմանին իրականացրեց հերթական դիվերսիան, որի հետևանքով զոհվեցին Հայաստանի հինգ զինծառայող: Արյունահեղությունը սադրող ափշերոնյան քաղաքական գործիչները այս անգամ էլ ջրից չոր դուրս եկան: Ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, ո՛չ Եվրախորհրդարանը, ո՛չ ԵԽԽՎ-ն այդպես էլ կատարվածի մեղավորներին ուղղված բացահայտ ու հասցեական մեղադրանք չհնչեցրին: Սա, անշուշտ, համապատասխան հետք է թողնում Հայաստանի և Լեռնայի Ղարաբաղի քաղաքացիների գիտակցության մեջ և ձևավորում որոշակի վերաբերմունք հայտարարության մեջ խոստացված «անվտանգության միջազգային երաշխիքների»  վերաբերյալ: Որպես թեմայի զարգացում նշենք, որ իրենց նախկին բնակավայրերում ադրբեջանական ընտանիքների հաստատվելուց հետո Ադրբեջանը, ոչ առանց Թուրքիայի համառ խորհուրդների, վկայակոչելով իր Սահմանադրությունը, կբարձրացնի ադրբեջանական տարածքները հայտարարությունով վերապահված խաղաղարար ուժերի ներկայությունից ազատելու հարցը, բնականաբար, այս պահանջի իրականացման համար նախապես համապատասխան տեղեկատվական ապահովում պատրաստելով: Մինչ այդ, արդեն ադրբեջանա-թուրքական վերլուծաբանների հաշվարկներով կգործի NABUCCO գազատարը, իսկ այդ նախագծում ներգրավված ուժի միջազգային կենտրոնները, պետք է ենթադրել, «ըմբռնումով»  կվերաբերվեն իրենց ադրբեջանցի գործընկերների պահանջին ու հաստատ կդրդեն խաղաղարարներին ավարտել իրենց առաքելությունը: Ընդ որում, վերջնարդյունքի վրա չի անդրադառնա նաև այն, թե ինչ երկրներ են գործի դրված խաղաղարար ուժերում: Նույնիսկ այն դեպքում, եթե ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մի ինչ-որ հատվածում ռուսական խաղաղարար ուժեր գործի դրված լինեն, դա ևս ոչինչ չի փոխի: Գուցե միայն հավելյալ խնդիրներ ստեղծվեն, բայց, կրկնում եմ, դրանք ևս չեն խափանի ադրբեջանա-թուրքական կողմի մտադրությունը: Եվ որքան շատ դժվարություններ լինեն ռուս խաղաղարների դուրս գալու հետ կապված, այնքան ավելի կշիկանան հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում: Խաղաղարների հեռանալուն պես ադրբեջանական կողմը, կարելի է չկասկածել, սահմանին երկու- երեք արյունալի դիվերսիա կկազմակերպի: Հենց այդ ժամանակ էլ կհիշեն, որ 2010թ. հունիսի 8-ին Ադրբեջանի Միլի մեջլիսը հաստատել է նոր ռազմական դոկտրինը, որի համապատասխան եղբայրական Թուրքիան այդ ընթացքում արդեն շոշափելի ռազմական ներկայություն կունենա Նախիջևանում: Եթե ասվածին ավելացնենք Իրանի չափազանց բացասական, ուղղակի ասենք`  թշնամական վերաբերմունքն իր սահմանին որևէ խաղաղարար ուժի տեղակայման հնարավորությանը (իսկ մենք գիտենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակն անվտանգության գոտում Իրանի հետ սահմանի մեկ հարյուր կիլոմետր չէ, որ վերահսկում է), ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչի կարող է հանգեցնել դա: Այսպես, ստեղծված պայմաններում, եթե մեր ղեկավարությունը համաձայնի Իրանի հետ սահմանին խաղաղարարներ տեղակայելուն, կարելի է չկասկածել, որ մեր մերձավոր հարևանը դրանում իր հանդեպ Հայաստանի կողմից թշնամանքի դրսևորում կտեսնի: Ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը, առնվազն, կանջատի Իրան-Հայաստան գազատարը, ինչպես նաև կփակի սահմանը մեր երկրի հետ: Եվ, Աստված մի արասցե, որ դա ժամանակի առումով համընկնի «ճակատագրական»  պատահականության հետ, երբ մեզ անհայտ մութ ուժերը պայթեցնեն Վրաստանի տարածքում գտնվող կամուրջը, որով Հայաստան է գալիս հիմնական բեռնահոսքը (ինչպես դա տեղի ունեցավ 2008թ. օգոստոսին, վրաց-հարավօսական պատերազմի ավարտից մեկ-երկու շաբաթ անց): Կամ, չի կարելի բացառել այն, որ Վրաստանում կգտնվեն ուժեր, որոնք շարքից կհանեն գազատարը, որով իրականացվում է Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը: Ադրբեջանն անպայման կօգտվի այդ հնարավոր հանգամանքներից, որոնց հետևանքով մեր հանրապետությունը կհայտնվի միանգամյան ծանր դրության մեջ: Մնացածը տեխնիկայի գործ է: Կհետևի հերթական սադրանքը սահմանին, որը հետագայում կվերաճի Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ ռազմական ընդհարման: Եվ սա միանգամայն իրատեսական է թվում, քանի որ, հայտարարության համաձայն, ենթադրվում է «միջանկյալ կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին, որն անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ է ապահովելու», և որը միջազգայնորեն ճանաչված ոչ մի իրավական կարգավիճակ չունի: Դժվար է պատկերացնել, թե անվտանգության այդ ի՞նչ երաշխիքներ են, որոնք ամրագրված չեն միջազգային այն մարմնի կողմից, որի որոշումները հակամարտող կողմերի համար հրամայական բնույթ կունենային: Հո չե՞ն մեղադրի Ադրբեջանին այն բանի համար, որ զորքեր է մտցնում Լեռնային Ղարաբաղ, որի` Ադրբեջանին պատկանելությունը չի վիճարկվում հայտարարությունում:

Մեկ ամիս էլ չէր անցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների վերոնշյալ հայտարարության ընդունումից, երբ Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի (TURKSAM) տնօրեն Սինան Օհանը ս.թ. հուլիսի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարեց. «ԱՄՆ-ը և Եվրոպան ի վիճակի չեն ճնշում գործադրել Հայաստանի վրա: Միակ երկիրը, որ դեռ կարող է ճնշում բանեցնել Հայաստանի վրա, Ռուսաստանն է: Իհարկե, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ջանում է ինչ-որ կերպ օգնել կողմերին համաձայնության բերելու հարցում, բայց չմոռանանք, որ Ռուսաստանը ինքն էլ համատարր չէ, այնտեղ տարբեր ուժեր կան` գումարած նաև ուժեղ հայկական լոբբին: Այս ամենն այնքան բարդ է, որ ասել, թե Մոսկվան կկարողանա ստիպել Երևանին հրաժարվել նախկին դիրքորոշումից, նույնպես դժվար է: Չկա ռուս- թուրքական հարաբերությունների այնպիսի օրակարգ, որում մենք չբարձրացնեինք ղարաբաղյան հարցը, բայց Անկարան նույնպես ամենազոր չէ: Ուստի, ամեն ինչ կախված կլինի Ադրբեջանի դիրքորոշումից: Բոլորս ենք հիշում, թե ինչպես ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարողացան համոզել Սադամ Հուսեյնին հեռանալ Քուվեյթից, անգամ «Փոթորիկ անապատում»  ռազմական գործողությունն իրականացվեց, բայց նման ջանք Ղարաբաղի հարցում մենք չենք տեսնում: Ուստի, եթե մեծ տերությունները չեն կարողանում ստիպել Հայաստանին հեռանալ օկուպացված տարածքներից, ապա Ադրբեջանն այլ ելք չունի, բացի այդ գործն ինքնուրույն անելը: Իհարկե, պատերազմը լավագույն ելքը չէ դրությունից, բայց Հայաստանն Ադրբեջանին այլ ընտրություն չի թողնում»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` ադրբեջանական ղեկավարներին ռազմաշունչ հռետորականությունից ռազմական գործողությունների անցնելու ուղերձ, ինչը թուրքական վերլուծաբանը համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջոցը:

Կասկած չի հարուցում նաև այն, որ ադրբեջանական իշխանությունների համար լրացուցիչ նյարդայնության առիթ հանդիսացավ Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության Միջազգային դատարանի (ԱՄԴ) (International Court of Justice) ս.թ. հուլիսի 22-ին ընդունած խորհրդակցական եզրակացությունը: ԱՄԴ նախագահ Խիսասի Օվադան (Ճապոնիա) դատարանի բաց նիստում ընթերցել է խարհրդակցական եզրակացությունը, որում ասվում է, որ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Չնայած այն բանին, որ, ի տարբերություն ՄԱԿ-ի Արդարադատության Միջազգային դատարանի որոշումների, խորհրդակցական եզրակացությունը պարտադիր ուժ չունի, այն, ակնհայտ է, որ լուրջ քաղաքական հետևանքների կբերի ոչ միայն Բալկաններում, այլև, հատկապես, Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ քաղաքական օրակարգում շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերը: Հատկանշական է և այն, որ նույն օրը` հուլիսի 22-ին, Եվրամիությունը (ԵՄ միջազգային քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի շուրթերով) ողջունեց Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության Միջազգային դատարանի խորհրդակցական եզրակացությունը:

***

Ասվածից ակնհայտ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով նրա ապագա վերջնական իրավական կարգավիճակի առաջնահերթ սահմանման` հակամարտության կարգավորման մյուս փուլերի իրականացման ցանկացած քայլ մեր տարածաշրջանն անխուսափելիորեն կներքաշի լայնածավալ պատերազմի խորխորատը:

Այսպիսին են այսօրվա իրողությունները: Միևնույն ժամանակ, չէի ուզենա խոհերս ավարտել տխուր երանգով: Ուզում եմ հավատալ, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան միասնական են գլխավոր հարցում. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ ավարտ ունենա և, ամենագլխավորը. ազնիվ, անանց սկզբունքների հիման վրա: Այն է` պատմական արդարության վերականգնում, օբյեկտիվ իրականության հետ հաշտվելու անհրաժեշտության գիտակցում, որը բռնությամբ հնարավոր չէ փոփոխության ենթարկել: Իսկ սա արդեն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի համար պայքարի երկրորդ` միջազգային ճանաչման փուլը սարերի ետևում լինել չի կարող, մանավանդ, որ միջազգային իրավունքի հեղինակավոր ինստիտուտները մեկը մյուսի հետևից մեզ համար շահավետ, միևնույն ժամանակ օբյեկտիվ նախադեպեր են ստեղծում:

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն` այլընտրանք չունի, համենայնդեպս, այդ են պահանջում համաշխարհային հանրության գլոբալ շահերը:

Արտաշես Գեղամյան, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ