«ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԻ ԵՂԵԼ»


17.05.2012, Իրավունք


Շարունակում ենք ներկայացնել կարծիքներն այն մասին, թե արդյոք կոալիցիա անհրաժե՞շտ է, թե՞ ոչ նորընտիր Ազգային ժողովում:
ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. «ՀՀ-ի համար ներկայումս թիվ մեկ խնդիրը, ըստ իս, դա ազգի միաբանության ապահովումն է: Դրանից հետո, այո, անհրաժեշտ է, որ լինի կոալիցիա: Սակայն առանձին քաղաքական ուժեր, ոչ թե այդ գիտակցումով են ցանկանում կոալիցիա կազմել, այլ այն, որ այս կամ այն նախարարական պորտֆելին տիրեն: Եվ եթե նման կերպ են ցանկանում կոալիցիա ստեղծել, անշուշտ, դա պահանջված չէ: ՀՀԿ-ն ինչպես ամբողջ ընտրապայքարում, այնպես էլ հիմա իրեն դրսեւորում է խիստ պետականամետ ուժերի դիրքերից, եւ պետականամետ ուժերը 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու են գործող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ պարագայում Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թշնամաբար տրամադրված բոլոր ուժերը կհասկանան, որ ՀՀ-ի քաղաքական ընտրանին միաձույլ եւ համախմբված է գերագույն գլխավոր հրամանատարի շուրջը, եւ արդեն զերծ կմնան Հայաստանը ներսից «նարնջագույններով» եւ «հինգերորդ շարասյուներով» քայքայելուց»:
Ո՞ւմ հետ եք կոալիցիա տեսնում հարցին ի պատասխան պարոն Գեղամյանը նկատեց. «Այդ հարցը ճիշտ կլինի ուղղեք ՀՀԿ-ի ղեկավարությանը, քանի որ իրենք են լիարժեք տիրապետում այն տեղեկատվություններին, որն իմանալով միայն կկարողանաս ճիշտ պատասխանել այդ հարցին: Բացի այդ` իմ կողմից շատ անհամեստ կլինի, որ տվյալ պարագայում, բանակցային գործընթացներում ինչ-որ տեսակետ հայտնեմ: Կարեւորն այն է, որ ռազմավարական խնդիրները ճիշտ ներկայացվի հանրությանը եւ հանրությունը հասկանա, որ կոալիցիա կազմելը ՀՀԿ-ի համար երբեւէ ինքնանպատակ չի եղել, եւ կուսակցությունը հանդես գալով բացարձակ հաղթողի դիրքերից, էլի կարեւորում է ոչ թե սեփական իշխանավարության շարունակությունը, այլ ազգի կոնսոլիդացիայի խնդիրը, քանզի դա է պահանջված Հայաստանի պետականության պահպանման համար»: