«ՈՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ԱՄԵՆԱՇԱՏՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.04.2012, Իրավունք

ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսեց նախընտրական տրամադրություններից ասելով.

-Ընտրացուցակները հրապարակվելուց հետո, մի փոքր խառնաշփոթ բարձրացավ, որը պարզապես առաջին ալիքն էր, իսկ հիմա այն հանդարտվում է եւ մտնում ենք նախընտրական մրցակցության փուլ: Երբեմն անհասկանալի են անհանգստության այնպիսի դրսեւորումները, որոնք արտահայտում են որոշ ուժեր կապված ապագա ընտրությունների ազատ եւ արդար լինելու հետ, որովհետեւ շատ անգամ տպավորություն է ստեղծվում, որ ով պատրաստվում է կեղծել ընտրությունները կամ խախտում կատարել կամ արդեն իսկ կատարում է, այդ ուժերի ներկայացուցիչները ամենաբարձրն են գոռում արդար եւ ազատ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Կարծում եմ, որ ՀՀ նախագահը, իշխանությունները, ՀՀԿ-ն եւ նրա հետ դաշինքում ներգրավված ուժերը ամենաշահագրգռվածն են, որպեսզի ընտրությունները անցնեն ազատ ու առանց պրովոկացիայի: Սա պարզ տրամաբանություն է, որովհետեւ ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ցուցակը լինելու է հաղթող եւ ակնհայտ է, որ հաղթելով ստանձնելու է պատասխանատվություն մոտակա հինգ տարիների համար, հետեւաբար ամենաշատն է ցանկանում, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար:

ՀՀԿ-ի ցուցակը այսօրվա դրությամբ ամենաազգայինն ու ամենաժողովրդավարականն է, իսկ ժողովրդավարական ուժերը կանեն ամեն հնարավորը, որ ընտրություններն անցնեն առանց խախտումների: Միաժամանակ այսօր դեռ ընտրապայքարը չսկսված, ապագա երեւակայական խախտումների մասին բարձր գոռացողներին խորհուրդ ենք տալիս. եթե ունեք կոնկրետ նկատառումներ` ներկայացրեք դրանք, սակայն ինքներդ առաջինը մի խախտեք օրենքը:

 

ՈՉ ՈՔ ԻՐԵՆ ՍՐԲԻ ՏԵՂ ԹՈՂ ՉԴՆԻ



-  Իսկ ի՞նչ ձեւով են խախտում օրենքը եւ ովքեր:

- Մեր համոզմամբ, մարտի 30-ի ՀԱԿ-ի հանրահավաքը ակնհայտորեն նախընտրական է, որը իմ համոզմամբ ակնհայտ խախտում է նրանց կողմից: Քանի որ, ինչպես գիտեք, նախընտրական քարոզչության շրջանը սկսվում է ապրիլի 8-ից: Նույն ԲՀԿ-ի կողմից ինչ-որ բաներ են բաժանվում, որի մասին մամուլը խոսում է, որը եւս իր մեջ կրում է ակնհայտ նախընտրական բնույթ: Եվ այն ուժերը, ովքեր խոսում են ընտրություններում ընտրախախտումների մասին, պետք է առաջին հերթին հետեւեն, որ իրենք թույլ չտան նախընտրական խախտումներ եւ բոլորը կոռեկտ լինեն ընտրական օրենսգրքի նկատմամբ: Առհասարակ կուսակցությունները պետք է մրցեն իրենց գաղափարներով, գործիչների ունակություններով, կատարած գործերով, ծրագրերով, այլ ոչ թե փորձեն ավելորդ լարվածություն առաջացնել նախընտրական արշավի շեմին եւ, իմ ասածի էությունն այն է, որ չեղած տեղը պետք չէ սրել իրավիճակը եւ ձեւ տալ կամ իրենց սրբի տեղ դնել, որ իբրեւ ցանկանում են ամեն բան անել, որ կեղծիքներ չլինեն, բայց ինչ որ անհայտ ուժեր պատրաստվում են կեղծել դրանք: Լավ կլինի, որ բոլորը հետեւեն իրենց գործողություններին, թույլ չտան պրովոկացիաներ, որը, սովորաբար, կատարում է ՀԱԿ-ը կամ ընտրակաշառքներ չբաժանվեն:

- Պարոն Բաբուխանյան, Դուք հավատո՞ւմ եք ազատ, արդար ընտրություններին:

- Ի՞նչ է նշանակում հավատում եք: Մենք հավատում ենք Աստծուն, հավատում ենք մեր սեփական ուժերին, հայ հասարակությանը, մեր երկրի ապագային, իսկ ընտրությունները` լինելու են ազատ ու արդար:

- Ձեր կարծիքով, արդյոք ՀՀԿ-ի կողմից խախտում չէ՞ այն, որ ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենում մարդկանց հետ ու անդամատոմսեր է բաժանում:

- Անընդհատ փնովել սեփական երկիրը, ընտրական համակարգը, քաղաքական ուժերին, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է եւ լավ կլինի, որ փնովելու սովորությունը դնենք մի կողմ եւ հայտնաբերենք կոնկրետ փաստ: Ինչ վերաբերվում է ՀՀ վարչապետի հանդիպումներին տարբեր մարդկանց հետ, ապա ի՞նչ եք կարծում պարոն Սարգսյանը պետք է գործից հետո գնա տուն, դուռը փակի եւ այլեւս ոչինչ չանի՞: Այնինչ նա առանց իր պաշտոնական դիրքը չարաշահելու աշխատանքից դուրս զբաղվում է իր կուսակցական պարտականություններով: Ի դեպ, բազմաթիվ պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ` տարբեր կուսակցություններից, հանդիպումներ են ունենում իրենց կուսակիցների հետ, որը այլ կուսակցությունների դեպքում շատ նորմալ է ընկալվում: Հետեւաբար ես ՀՀ վարչապետի նման քայլը եւս նախընտրական քարոզ չեմ համարում:


ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԼԻԳԱՅՈՒՄ»


- Արդյոք հայ-թուրքական հարաբերություններում, ֆուտբոլային դիվանագիտությունը չե՞ք համարում ձախողված:

- Ես դեռեւս 2008 թվականից սկսած ասել եմ, որ հայ-թուրքական փոխհարաբերություններում ՀՀ նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը բերեց նրան, որ, պատկերավոր ասած, Հայաստանը դուրս եկավ բարձրագույն լիգա միջազգային հարաբերություններում եւ այսօր Հայաստանը կարողանում է հավասարը հավասարի նման խոսել աշխարհի հիմնական խաղացողների հետ: Ես կարծում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտությունը բերեց նրան, որ Հայաստանի խնդիրները դարձան համաշխարհային օրակարգի մաս: Այն բերեց է°լ ավելի հետաքրքիր արդյունքներ, որ Թուրքիայում սկսեց զարգանալ մի տենդենց, որ կարող է ժամանակի ընթացքում բերել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս թեման եղել է իմ գիտական աշխատանքի հիմքում: Կարող եմ նաեւ խոսել գիտական հիմնավորումներով, թվերով ու ասել, որ եթե մենք այս հարցը թուրքական մամուլում նայում ենք 2008 թվականից առաջ եւ հետո, ապա Հայաստանի նկատմամբ անդրադարձները աճել են տասնյակ անգամներ: Նույնը կարելի է ասել նաեւ աշխարհի մամուլի մասին, երբ 2008 թվականից առաջ Հայաստանին հիշում էին դեպքից դեպք, ապրիլի 24-ին կամ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ, սակայն այսօր հայկական թեման դարձել է աշխարհի մամուլի գլխավոր թեմաներից մեկը, որը բերում է ճանաչվածություն, աշխարհը սկսում է հաշվի նստել հայի հետ:  Եվ կարող եմ վստահ ասել, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ամենահաջողված ծրագրերից է հենց հայ-թուրքական փոխհարաբերություններում նախաձեռնողական քաղաքականության իրականացումը, որի արդյունքներից մեկը Ֆրանսիայի օրինակն է, Միացյալ Նահանգները այսօր քննարկում է Թուրքիայում քրիստոնյաների ունեցվածքի վերադարձի, այնտեղ փոքրամասնությունների իրավունքների հարցերը եւ այլն:

ՊԵՏՔ Է ՃՇՏԵՆ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ



- Ինչպե՞ս եք գնահատում այն, որ 14 ընտրատարածքներում իշխանության` այսինքն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մեծամասնականով ներկայացուցիչները, իրար դեմ պետք է մրցեն:

- Որեւէ սարսափելի բան չկա այստեղ, պարզապես ես ավելի շատ ուզում եմ հասկանալ այն խաղի կանոնները, որոնք նախապատրաստվում են իրականացնել քարոզչության մեջ եւ այդ առումով, իհարկե, կան հարցեր: Ես չեմ հասկանում, որ ԲՀԿ նախընտրական ցուցակի 9-րդ համար Հմայակ Հովհաննիսյանը եւ 2-րդ համար Վարդան Օսկանյանը մեղադրում են իշխանություններին ասելով, որ կառավարությունը ունի բազում սխալներ: Նույն ցուցակի 3-րդ եւ 8-րդ համարները, ԲՀԿ-ի կողմից կառավարության անդամներ են: Ստացվում է հակատրամաբանական մի իրավիճակ, որ իշխանական կուսակցությունը սկսում է քննադատել ինքն իրեն ասելով, որ իրենց մասնակցությամբ կառավարությունը վատն էր, նախորդ ընտրությունները, որոնց արդյունքում ԲՀԿ-ն դարձավ իշխող կոալիցիայի անդամ` կեղծված էին եւ այլն: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է ճշգրտում մտցնի իր նախընտրական մարտավարության մեջ եւ հասկանալի չէ նաեւ այն, որ ԲՀԿ-ի մամուլի պատասխանատուն ասում է, որ նրանք պատասխանատվություն չեն կրում ցուցակում տեղ զբաղեցրած 2-րդ եւ 9-րդ համարների համար:

- Արդյոք կարելի՞ է ասել, որ նախընտրական ցուցակը վկայում է տվյալ կուսակցության ժողովրդավարական լինելը կամ չլինելը:

- Եթե նայեք ընտրությունների մասնակից ուժերի ցուցակներին, ապա կտեսնեք, որ ՀՀԿ-ինը ամենաժողովրդավարականն է: Իսկ ՀԱԿ-ի անդամ 18 կուսակցություններից միայն 8-ը մտան ցուցակ, մնացածը կամ հրաժարվեցին կամ դուրս մնացին: Միայն այն փաստը, որ այդ 18 կուսակցությունները հայտարարեցին, որ մենք չենք կարող ընտրացուցակ կազմել եւ այն կլուծի միանձնյա Լեւոն Տեր-Պետրոսյանը, արդեն նշանակում է, որ հենց իրենց ներսում չկա ժողովրդավարություն, այլ տոտալիտարիզմ է: Ինչպե՞ս կարող է այդ մեկ հոգին ասել, որ նա ժողովրդավար է: Խոսելով ՀԱԿ-ի մասին պետք է նաեւ ասեմ, որ նախորդ ընտրություններում այն դրսեւորվեց որպես ֆաշիստական կուսակցություն, քանի որ ԼՏՊ-ն ասում էր` «Ով իմ հետ չի, նա տականք է», իսկ դա արդեն ֆաշիզմի կլասիկ դրսեւորում է, ինչպե՞ս կարող են իրենք լինել ժողովրդավարական, դա պարզապես ծիծաղելի է: Լեւոն Տեր-Պետրոսյանը այս երկրում ընտրակեղծիքների կնքահայրն է, իսկ Գագիկ Ջհանգիրյանը` կնքամայրը, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել:

- Ապագա ընտրություններում ՀՀԿ-ն պատրաստվում է 50 տոկոսից ավել ձայն հավաքել, արդյոք դրանով նրանք հող են նախապատրաստում գալիք խորհրդարանում միանձնյա պատասխանատվություն ստանձնելու համար:

- Ես չեմ կարող ասել ապագայում կոալիցիաներ կձեւավորվեն, թե ոչ, դա պարզ կլինի այն ժամանակ, երբ արդյունքները դրված կլինեն սեղանի վրա, բայց այն, որ կուսակցությունը ցանկանում է վերցնել 50 տոկոս եւ ավել, դա բնական ցանկություն է եւ նման ցանկություն հայտնել է նաեւ ԲՀԿ-ն «50+1» հայտնի արտահայտությամբ, իսկ վերջերս նման ցանկություն հայտնեց նույնիսկ ՀՅԴ-ն: ՀՀԿ-ի պարագայում դա ամենատրամաբանական ցանկությունն է, որովհետեւ եթե վերցնենք նախորդ ընտրությունները ՀՀԿ-ն 34 տոկոս հավաքեց եւ եթե դրան գումարեք այն կուսակցություններին, որոնք մասնակցում են ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով (միայն Ազգային միաբանությունը նախորդ ընտրություններում հավաքեց 50 հազար ձայն, այսինքն` մոտ 4 տոկոս), ստացվում է, որ նույնիսկ մեխանիկական գումարմամբ կարող ենք խոսել 40 տոկոսից ավել` մինչեւ հիսուն տոկոս ձայների մասին:

- ՍԻՄ-ի ներդրումը ինչքան է լինելու, եթե ՍԻՄ կուսակցությունը միայնակ մասնակցեր ընտրություններին, քանի՞ տոկոս ձայն կհավաքեր:

- Եթե միայնակ մասնակցեր կհավաքեր մոտ 5 տոկոս ձայն եւ սա նաեւ տարբեր փորձագետների եւ սոցիոլոգների կարծիքն է, որոնք հնչել են հիմնավորված ձեւով: Դա մենք կարող ենք հիմնավորել այն հանրահավաքներով, որոնք կազմակերպել ենք նախորդ ամռանը շրջաններում, որտեղ շատ ավելի շատ մարդիկ են եղել, քան ՀԱԿ-ի հանրահավաքին Երեւանում:



ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԲՈՐՇՉ



- Իսկ ովքե՞ր կարող են մտնել ապագա կոալիցիայի մեջ:

- Դա կախված է նախընտրական ընթացքից, քանի որ այս շրջանում բոլոր կուսակցությունները պետք է անցկացնեն բավականին ընկալելի նախընտրական քարոզչություն: Վերջին շրջանում նկատվում է նաեւ այն, որ ոմանք գաղափարախոսությունները դնում են մի կողմ եւ լուծում ինչ-ինչ տակտիկական խնդիրներ: Օրինակ, եթե վերլուծենք ՀԱԿ-ի ցուցակում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերում հայտնված մարդկանց հակադիր գաղափարախոսությունները, կնկատենք եւ այն, որ չորրորդ գաղափարախոսությունը կապ ունի առաջինի հետ, բայց ոչ մի կապ չունի 2-րդի կամ 3-րդի հետ: Այսինքն` այդ գաղափարական բորշչը սկսվեց ՀԱԿ-ից: Կարծես գաղափարական հակադրությունները, կուսակցությունները սկսում են դնել մի կողմ, որոշում են տակտիկական հարցեր լուծել: Այս տեսակետից, եթե ՀՅԴ-ն գործի հիմնվելով իր գաղափարախոսության վրա, չպետք է միավորվի այն ընդդիմությանը, որը որ ունի նարնջագույն նպատակներ: Իսկ եթե գաղափարախոսությունը դնում են մի կողմ եւ ինչ-ինչ շահեր հետապնդում, ապա ամեն բան հնարավոր է: Իսկ ՀՀՇ-ն միշտ աչքի է ընկել իր պրովոկացիաներով եւ շարունակում է այդպես գործել մինչ օրս: Նրանց վերջին պրովոկացիան մարտի մեկն էր, որի համար Լ. Տեր-Պետրոսյանը պետք է նստեր բանտ, բայց նրա ամերիկյան եւ եվրոպական հովանավորները փրկեցին նրան:

- Հնարավոր համարո՞ւմ եք այն, որ մարտի մեկ էլի կլինի:

- Եթե մենք զգոն չլինենք, ապա ՀՀՇ-ական ուժերը կփորձեն կրկնել մարտի մեկ եւ այլ բնույթի պրովոկացիաներ, որպեսզի վնասեն ՀՀ կայունությունը:

- Իսկ ո՞ր կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում:

- ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու նրանց ցուցակներում ընդգրկված կուսակցությունները հաստատ, իսկ մնացածը` պետք է շատ աշխատեն:

- ՀԱԿ-ի մասին ինչ կասեք, կասկածո՞ւմ եք, որ կմտնի խորհրդարան:

- Այո կասկածում եմ, որովհետեւ չեմ կարծում, որ մեր ժողովուրդը մոռացել է, թե ինչ է մեր ազգի գլխին բերել ԼՏՊ-ն կամ Ջհանգիրյանը...

- Տարիներ առաջ ՀՀ նախագահը եւ Արտաշես Գեղամյանը միմյանց սուր քննադատում էին, իսկ այժմ որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ պետք է մոռանալ այդ ամենը եւ քաղաքականության մեջ պատահում են նման բաներ, Դուք ի՞նչ կասեք այս մասին:
- Իմ կարծիքով, ով այսօր նման էժանագին կերպով խոսում է Արտաշես Գեղամյանի մասին (լուրջ մարդիկ նման արտահայտություններ չեն անում), այդ մարդիկ թող գաղափարական վեճի բռնվեն նրա հետ կամ այդ նույն մարդիկ, մեր երկրի համար թող անեին այն ինչ արել է Գեղամյանը` կառուցելով Երեւանի մի ողջ թաղամաս կամ անեին դրա մեկ տոկոսը: Նման բաներ խոսողներին, ովքեր պատերի տակ պարապությունից լեզու են թրջում կամ երկիրն են դավաճանում հավաքեք ու տեսեք քարը քարին դրե՞լ են, թե՞ ոչ, որ փորձում են այսօր նրա անունը շահարկել: Հնարավոր է, որ երկու քաղաքական գործիչներ ժամանակին ունեցել են ինչ-որ անհամաձայնություններ, իսկ հիմա ուրախ չե՞ք, որ ամեն բան հարթվել է եւ անցել-գնացել ու նրանք ձեռք ձեռքի են տվել եւ ցանկանում են միասին աշխատել, կարծում եմ նորմալ քաղաքացին միայն պետք է այդ փաստի համար ուրախ լինի:
- Այսինքն` Դուք առաջարկում եք, որ դա մոռանա՞նք:
- Ում այդ հին պատմությունը կրկնելը հաճույք է պատճառում, կարող է այն հիշել օրը մի քանի անգամ, եթե դրանից որոշ մարդկանց ինքնազգացողությունը կլավանա կամ կինքնաբավարարվեն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ