ՀԱՋՈՂՎԵՑ ՇԱՏ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

20-22.12.2011, Իրավունք

Ավարտվում է 2011 թվականը: Ինչպիսի՞ն էր այն արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական առումներով: Այսօր կներկայացնենք քաղաքական գործիչների կարծիքը միայն առաջին հարցի` արտաքին քաղաքականության բնագավառում ձեռքբերումների եւ բացթողումների վերաբերյալ:

 

« ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՏ ԵՎ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՇՈՇԱՓԵԼԻ ԿԼԻՆԵԻՆ, ԵԹԵ …»

Մեր խնդրանքով վերոնշյալ հարցերի վերաբերյալ կարծիք հայտնեց «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ.

– Արտաքին քաղաքականության բնագավառում, անտարակույս, 2011 թվականը նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաարգասաբերը եւ հագեցածն է եղել, չափազանցրած չէի լինի, եթե ասեի` պատմական իրադարձություններով: Հպանցիկ միայն անդրադառնանք կարեւորագույն այն գործառույթներին, որոնք տեղի ունեցան 2011 թվականին արտաքին քաղաքականության ոլորտում:

Նախեւառաջ, ես կնշեի` հայոց նորագույն պատմության մեջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն: Ինչո՞ւ եմ առավել քան կարեւորում պետական այցը: Որովհետեւ պետական այցերն իրականացվում են, երբ պետությունների փոխհարաբերություններն արդեն իսկ որակական ամենաբարձր մակարդակ են ձեռք բերել: Կավելացնեի նաեւ Ս. Սարգսյանի պաշտոնական այցերը Ֆրանսիա, Վրաստան, նրա եւ Նիկոլա Սարկոզիի միջեւ կայացած բանակցությունները, «Արեւելյան գործընկերության» շրջանակում ՀՀ նախագահի հանդիպումները Եվրամիության առաջատար եւ ղեկավար պաշտոնյաների հետ, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի պաշտոնական այցը Երեւան եւ այդ ֆոնին` Երեւանում նրա ժամանակային առումով գրեթե 2–3 անգամ ավելի շատ գտնվելը, քան հարեւան հանրապետություններում: Եվ, որն առավել կարեւոր է, Երեւանում Նիկոլա Սարկոզիի արտասանած ճառերի ու ելույթների բովանդակային իմաստը, որոնց նշանակությունն արդեն իսկ կարելի է աննախադեպ համարել, որովհետեւ այդ ամենը գտավ իր զարգացումները: Ես նկատի ունեմ, մասնավորապես, Սարկոզիի այն հայտարարությունը, ըստ որի` Ֆրանսիայի Սենատը շատ հավանական է, որ  կվավերացնի օրինագիծ, ուր քրեորեն կպատժվեն այն բոլոր անձինք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: Այդ հայտարարությունն այն աստիճանի հավաստի էր, որ դրան հաջորդեց Սենատի համապատասխան կոմիտեի` գրեթե ճնշող մեծամասնությամբ ընդունված որոշումը: Եվ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Սենատի կողմից այդ հարցի վավերացման հնարավորությունը այնքան է զայրացրել ո խուճապ առաջացրել Թուրքիայում, որ վարչապետ Էրդողանը հարկադրված էր, ասես թե, անհուսալի մի ճիչով հանդես գալ` նամակ հղելով Նիկոլա Սարկոզիին, ուր սպառնում էր, որ Թուրքիայի դեսպանը Փարիզից հետ կկանչվի: Սա աննախադեպ իրողություն է այն տեսակետից, որ Թուրքիան եւ Ֆրանսիան, ինչպես գիտենք, դաշնակից երկրներ են եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորագույն պետություններից: Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետությունը տարիներ առաջ ոմանց կողմից ընկալվում էր որպես միջազգային հարաբերությունների օբյեկտ, որի շուրջ կարող են զանազան մանիպուլյացիաներ անել, ապա հիմա նա միջազգային հարաբերություններում (այն էլ` մեծ կշիռ ունեցող պետությունների միջեւ առկա հարաբերություններում) ընկալվում եւ ընդունվում է որպես միջազգային հարաբերությունների լիիրավ ու կարեւորագույն գործոն, սուբյեկտ: Այսինքն` համահավասար, եւ որի խոսքը արդեն իսկ այն աստիճանի կշիռ ունի, եւ որի նշանակությունն այն աստիճանի է կարեւորվում, որ անգամ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները նման մակարդակի վրա են փորձում Հայաստանին վերաբերող հարցերը որոշել եւ պարզել:

 

Այստեղ երբեք ու երբեք չի կարելի շրջանցել այն, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս` դեկտեմբերի 13-ին բանաձեւ ընդունեց, ըստ որի` կոչ է անում Թուրքիային հարգել քրիստոնյաների ազատ դավանություն իրականացնելու իրավունքը, ինչպես նաև Թուրքիայում գտնվող քրիստոնեական եկեղեցական թե՛ կառույցները, թե՛ դրանց պատկանող գույքը պահանջվում է վերադարձնել հայերին, հույներին, ասորիներին եւ քրիստոնյա այլ համայնքներին:

– Նկատի ունեք թիվ 306 բանա՞ձեւը:

- Միանգամայն իրավացի եք, եւ սա աննախադեպ որոշում էր: Աննախադեպ էր նաեւ այն առումով, որ դա տեղի ունեցավ ևս մեկ կարևոր իրադարձությունից հետո, երբ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը դժվարին, սակայն արդյունավետ բանակցություններ էր վարել Վրաստանի Ուղղափառ եկեղեցու Ծայրագույն Պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հարկ է նշել, որ դրանից  օրեր անց Վրաստանի իշխանություններն ընդունեցին որոշում, ըստ որի Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը որոշակիորեն բարձրացվում է: Ճիշտ է, դրան նախորդած որոշումը շատ ավելի արդարացի էր եւ բարենպաստ Հայ Առաքելական եկեղեցու համար, սակայն դրա դեմ մեծ շարժում սկսվեց Վրաստանում, որի արդյունքում, վրացիների տեսակետից, մեղմվեց նախօրեին ընդունված որոշումը: Դրա հետ հարկ է նշել, որ առաջընթաց քայլն ամեն դեպքում, անշուշտ, ակներեւ եղավ:

Արտաքին քաղաքական ասպարեզում նվաճումների շարքին պետք է դասել նաեւ այն, որ ՀՀ Նախագահի կողմից ղեկավարվող ՀՀԿ-ն կարողացավ կարեւորագույն երկու հարց լուծել: Առաջինն այն էր, որ Հանրապետական կուսակցության պատվիրակությունը մասնակցեց ՌԴ իշխող քաղաքական ուժի` «Եդինայա Ռոսիայի» հերթական համագումարին որպես քույր կուսակցություն, որպես դաշնակից երկրի դաշնակից կուսակցություն: Դրան զուգահեռ վերջերս ամրագրվեց Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) դիտորդի կարգավիճակով Հանրապետական կուսակցության անդամագրվելու փաստը: Դիտորդի կարգավիճակով, որովհետեւ միայն Եվրամիության անդամ երկրների կուսակցությունները կարող են հավակնել ԵԺԿ-ի լիիրավ անդամ լինելուն: Իսկ դիտորդի կարգավիճակն էլ քիչ երկրների կուսակցությունների է տրվում: Սա կարեւորում եմ այն պարզ պատճառով, որ արդեն իսկ ՀՀԿ-ն Հայաստանում եզակի կուսակցություն է, որը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ «Եդինայա Ռոսիայի», թե՛ ԵԺԿ-ի հետ, այսինքն` հնարավորություն կունենա քաղաքական մակարդակով, իշխող կուսակցությունների մակարդակով ոչ միայն կամրջել այդ երկրների միջև կապերը, այլև փորձել ծառայեցնել դրանք ի նպաստ մեր երկրի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծմանը: Նաև` «Եդինայա Ռոսիայի» և ԵԺԿ-ի հետ համատեղ նպաստել զուտ մեր տարածաշրջանի խնդիրները լուծելուն:

Ինչպես վերեւում նշեցի, կարեւորում եմ նաեւ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Վրաստան: Կարեւորում եմ այն պարզ պատճառով, որ այդ այցին նախորդել էին լրատվամիջոցների կողմից զանազան հարցադրումներով, ըստ որում, կոշտ հարցադրումներով հրապարակումներ` պայմանավորված Հայաստանի Տավուշի մարզում սողանքի հետեւանքների վերացման հետ, երբ Վրաստանի նախագահն անարդարացիորեն քննադատել էր մեզ սողանքի հետևանքների վերացման գործում, իբր, դանդաղկոտություն դրսևորելու համար: Անարդարացիորեն, որովհետեւ եթե կար անգամ իսկ փոքր հույս, որ կարող են հողի շերտի տակ կենդանի մարդիկ լինել, խոշոր տեխնիկայի կիրառումը սողանքի հետևանքների վերացման համար` հանցավոր կլիներ: Լրատվական փոխհրաձգությունն ամբողջովին փարատվեց այն բանից հետո, երբ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հրապարակավ հայտնեց, որ երկու պետությունների ու քաղաքական ղեկավարների միջեւ հաստատված են բարեկամական հարաբերություններ...

Արտաքին քաղաքական ասպարեզում մեր ունեցած ձեռքբերումների թվում պարտադիր պետք է նշել շարունակվող հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, որոնք չստվերվեցին ու չխամրեցին տհաճ որեւէ գործառույթով...

Եվ, իհարկե, անհրաժեշտ է առանձնահատուկ հիշատակել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում ոչ միայն վերահաստատվեցին մեր երկրներին հատուկ բարեկամական հարաբերությունները, այլև կրկին արձանագրվեց կարևորագույն մի պայմանավորվածություն: Այն է` Լիբանանը` ի դեմս նախագահ Միշել Սուլեյմանի, այսուհետ էլ «Արաբական երկրների Լիգա» կազմակերպությունում ամեն կերպ խոչընդոտելու է այնպիսի բանաձևերի ընդունմանը, որոնցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը թուրք-ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել որպես իսլամի և քրիստոնեության միջև ընթացող հակամարտություն: Ավելին` Լիբանանի նախագահի այցի շրջանակում վերահաստատվեց Հայաստան – արաբական երկրների միջև դարավոր բարեկամության շարունակականությունը:

Վերոնշյալը ի մի բերելով` կարող ենք ասել, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ անգամ իսկ գերտերությունների ղեկավարները երբեմն-երբեմն իրար հակասող մտքեր են հայտնում (եւ ոչ միայն հայտնում, այլեւ գործողություններ են կատարում), ՀՀ քաղաքական իշխանություններին հաջողվեց շատ հստակ ձեւակերպել մեր երկրի արտաքին քաղաքական ընտրությունը եւ ուղղվածությունը: Իսկ ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու դոմինանտը, ավելի ճիշտ` երաշխավորը, ըստ իս, այն է, որ Հայաստանի Հանրապետության ձայնն ավելի լսելի եւ հնչեղ է, քանզի նա անդամակցում է Հավաքական Անվտանգության Պայմանագիր կազմակերպությանը եւ ռազմաքաղաքական ամենասերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Պետություն, որը համաշխարհային քաղաքականության մեջ օրեցօր ամրապնդում է իր դիրքերը և հանդես է գալիս որպես հզոր գերտերություն, գերտերություն, որը համոզված է իր ներուժի, ինչպես նաև ընտրած արտաքին քաղաքականության ճշմարտացիության ու դրա հեռանկարային լինելու մեջ: Գերտերություն, որն արդեն իսկ հայտարարել է իր արտաքին քաղաքական զարգացումների հիմնական վեկտորը, որն ամփոփված է նոյեմբերի 18-ին Կրեմլում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի նախագահների ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին Հռչակագրում, եւ որի տակ դրված են նախագահներ Մեդվեդեւի, Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի ստորագրությունները:

Ինչ խոսք, արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները շատ եւ շատ ավելի շոշափելի կլինեին, եթե մեր ներքաղաքական զարգացումները լինեին ավելի դինամիկ, ինչի համար, կարծում եմ, ՀՀ-ն ունի համապատասխան ներուժ:

Դասագրքերում արտաքին քաղաքականությունը որակվում է որպես ներքին քաղաքականության շարունակություն. Հայաստանի օրինակը, սակայն, ցույց է տալիս, որ երկիրը կարող է արտաքին քաղաքականության մեջ շատ ավելի մեծ խնդիրների լուծում արձանագրել, քան ներքին քաղաքականությունում: Մեզ մոտ, ցավոք, որոշ հարցերում` հատկապես պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետ, հաջողություններ չենք արձանագրել...

Պատրաստեց`

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ